Վճիռ՝ կեղծ լուր
Ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Մնացականյանը հուլիսի 22-ին գրել էր, որ Սևանից մայրաքաղաք տանող ճանապարհին ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում, նա, ըստ այդմ, եզրակացրել էր, որ Հայաստան դիվերսիոն խումբ է ներթափանցել։
Օգտատիրոջ գրառումը արագորեն տարածվեց սոցիալական ցանցերում և լրատվականներում։ Այն արտատպեց Live24.am սունկ կայքը։ Շատերը, որպես տեղեկատվության աղբյուր, տարածում էին հենց այս կայքի նյութը։
Դիվերսիոն ներթափանցման մասին ակնարկեց նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը, որն ավելի ուշ հեռացրեց գրառումը։
Դիվերսիոն ներթափանցման մասին Լևոն Մնացականյանի ենթադրությունը ավելի ուշ այլոց կողմից վերածվեց պնդման, որպես կայացած փաստ այն տարածել էր ArmNews սունկ կայքը (որը կապ չունի «ArmNews» հեռուստաալիքի հետ)։
Հրապարակվեցին նաև տեսանյութեր, թե ինչպես է ոստիկանությունը կանգնեցնում մեքենաները և ստուգում քաղաքացիներին։
Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին խոսակցությունը հիմնված էր միայն Լևոն Մնացականյանի ենթադրության վրա։ Այդ տեղեկությունը հաստատող փաստ այդպես էլ չհրապարակվեց։
Ուժեղացված հսկողության պատճառն ու արդյունքը
Հուլիսի 22-ին ոստիկանությունը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, հայտնեց արդյունքների մասին․
«Երևանում և մայրաքաղաք մտնող ճանապարհահատվածներում ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 49 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է տարբեր տեսակի հրազեն՝ ընդհանուր 10 հատ, զինամթերք, այդ թվում՝ փամփուշտներ, հայտնաբերվել են նաև մահակներ»։
Ըստ ոստիկանության՝ ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք, հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ մեթամֆետամինի նմանվող։ Հայտնաբերվել է նաև կեղծ համարանիշ։ Բերման ենթարկված անձանցից երկուսը ձերբակալվել է։ Ոստիկանությունից նշել էին նաև, որ նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։
Հուլիսի 21-ից 22-ի օպերատիվ իրավիճակի ամփոփման մեջ ոստիկանությունը նշել է, որ այդ օրերին բացահայտվել է հանցագործության 61 դեպք, որոնցից 9-ը մարմնական վնասվածք պատճառելու, 6-ը՝ զենք-զինամթերքի առգրավման, 3-ը՝ թմրամիջոցի հայտնաբերման, 10-ը՝ անձնական ունեցվածքի գողության և այլն։
ՀՀ պաշտպանության նախարարությունից media.am-ի և factcheck.ge-ին ասացին, որ նախորդող օրերին դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր չեն եղել։
Այսպիսով, տեսնում ենք, որ դիվերսիոն ներթափանցման մասին խոսակցությունները հնարված էին և որևէ կերպ չփաստարկված։
Օֆելյա Սիմոնյան
Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: