Վճիռ. Սխալ տեղեկություն
Հուլիսսի 12-ին GoodInfo սունկ (քլիքբեյթ) էջը սխալ տեղեկություն տարածեց այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրն է ինքնասպան եղել։
Էրդողանի դուստրը ինքնասպան չի եղել
GoodInfo սունկ էջի՝ Էրդողանի դստեր մասին պատմող նյութը սենսացիոն վերնագիր ուներ․ «Ողջ Թпւրքիայում սարսափելի սпւգ է․ Էրդողանի դпւստրը՝ ինքնասպшն է եղել․․տեսանյութ»։
Այս վերնագրով հոդվածը, սակայն, պատմում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կենսագրությունը՝ առանց նրա աղջկա ենթադրյալ ինքնասպանության մասին որևէ բան նշելու։
Նյութում տեղադրված էր նաև տեսանյութ, որի վերնագիրը նույնպես պնդում էր, թե Էրդողանի դուստրը ինքնասպան է եղել։ GoodInfo-ն տեսանյութը վերցրել էր The Great Armenia յութուբյան ալիքից, այն հրապարակվել էր ամիսներ առաջ՝l 2021-ի ապրիլին։
8 րոպեանոց տեսանյութի առաջին մեկ րոպեն պատմում էր ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանի մասին, այնուհետև խոսվում էր Էրդողանի կրտսեր դստեր՝ Սումեյեի՝ կոռուպցիոն սկանդալում ներգրավված լինելու մասին։ Միայն տեսանյութի կեսում (3:52) էր հիշատակվում Սումեյե Էրդողանի ենթադրյալ ինքնասպանությունը։ Այս տեղեկության որևէ աղբյուր չէր նշվում։ Ավելին, վկայակոչելով «տեղի որոշ ընդդիմադիր կայքեր», տեսանյութում պնդում էր արվում, թե ինքնասպանությունը եղել է բեմադրված։
Հուլիսի 20-ի դրությամբ տեսանյութը YouTube-ում դիտվել է գրեթե 164,000 անգամ։
Media.am-ին և factcheck.ge-ին չհաջողվեց գտնել Էրդողանի դստեր «ինքնասպանության» մասին տեղեկություն որևէ արժանահատ աղբյուրից։
Բացի դրանից, Սումեյե Էրդողանի մասնակցությամբ միջոցառումներից լուսանկարները հրապարակվել են սոցցանցերում այս տեսանյութի հրապարակումից ամիսներ անց (հղում 1, հղում 2, հղում 3): Այսպիսով,Goodinfo -ի տարածած տեղեկությունն այն մասին, որ «Էրդողանի դпւստրը՝ ինքնասպшն է եղել», սխալ է:
Կարինե Ղազարյան
Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: