2021.06.20,

Ստուգված է

Կեղծ լուր․ «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Գայանե Պապոյանը ձերբակալվել է

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Վճիռ՝ կեղծ լուր

Հունիսի 19-ին տեղեկություն տարածվեց, թե կաշառք բաժանելու ժամանակ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գայանե Պապոյանը։ Տեղեկությունը կեղծ է․ Գայանե Պապոյանը չի ձերբակալվել, լուրի տարածման ժամանակ վերջինս գրառում արեց, որ գտնվում է Եղեգնաձորում և իրականացնում է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի պաշտպանությունը։ Գայանե Պապոյանը նաև պատգամավորության թեկնածու չէ․ նրա անունն ընդգրկված չէ «Պատիվ ունեմ»-ի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակում։

Ինչպես տարածվեց լուրը

Արտահերթ ընտրություններից մեկ օր առաջ գործող իշխանության համակիրների կողմից շրջանառության դրվեց լուր, թե «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու Գայանե Պապոյանը ձերբակալվել է։ Այդ մասին գրել էր օգտատեր Kirk Krkoryan-ը և ՔՊ անդամ Վազգեն Մանուկյանը (վերջինս հեռացրել է գրառումը)։ Լուրը հետագայում տարածեցին ֆեյսբուքյան մի շարք խմբեր և էջեր, ինչպես նաև լրատվամիջոցներ ու սունկ կայքեր։ Վերջիններս ձերբակալման պատճառ էին նշում Պապոյանի կողմից ընտրակաշառքի բաժանումը։

Երբ տարածվեց լուրը

Գայանե Պապոյանը փաստաբան է և իրականացնում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կողմից երեկ ձերբակալված, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի պաշտպանությունը։ Հունիսի 19-ին Գայանե Պապոյանը ֆեյսբուքում գրել էր, որ ՀՔԾ-ն ապօրինի է ձերբակալել Գոռ Սեդրակյանին և ինքն իրականացնելու է վերջինիս շահերի պաշտպանությունը։ Տեղեկությունը, թե ձերբակալվածը Գայանե Պապոյանն է, սկսեց տարածվել այս գրառումից որոշ ժամանակ անց։

Գայանե Պապոյանը պատգամավորության թեկնածու չէ և չի ձերբակալվել

ԿԸՀ հրապարակած խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցանկում Գայանե Պապոյանը չկա։ Վերջինս հերքեց իր ձերբակալման լուրը տեղեկության տարածումից կարճ ժամանակ անց․

«Սիրելի ընկերներ, հարազատներ, ինձ ոչ ոք չի ձերբակալել, իմ նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։ Խնդրում եմ հանգիստ լինեք։ Համացանցում առկա տեղեկատվուլյունն իբրև ինձ ձերբակալել են չի համապատասխանում իրականությանը»,- գրել էր նա։

Media.am-ին և Factcheck.ge-ի հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից ևս հերքեցին, թե Գայանե Պապոյանը ձերբակալվել է։

Ավելի ուշ, լուրի տարածման սկզբնաղբյուրներից մեկը՝ Kirk Krkoryan օգտատերը, հերքող գրառում էր արել, թե իրեն տեղեկացրել են, որ Պապոյանը իրականում չի ձերբակալվել, սակայն չէր հեռացրել նախորդ՝ ապատեղեկատվություն պարունակող և շարունակաբար տարածվող գրառումը։

Օֆելյա Սիմոյնան

Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *