Վճիռ՝ մանիպուլյացիա
Հունիսի 9-ին ֆեյսբուքյան մի շարք էջեր տարածեցին սունկ կայքերի հրապարակած լուրը, թե ադրբեջանական Մինգեչաուրում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով Բաքուն, Սումգայիթը, Գյանջան և մի շարք այլ շրջաններ թաղվել են մթության մեջ, իսկ Ադրբեջանում խուճապ է։ Այս տեղեկությունը հին էր, միջադեպը տեղի էր ունեցել 2018-ի հուլիսին։ Մինգեչաուրի ջէկ-ում հրդեհ էր բռնկվել, որին հետևել էր հոսանքազրկումը։
Տարածվող հին լուրին կցված նկարները ևս հին էին, դրանցից մեկում Խիզիի շրջանի Գիլյազի բնակավայրի զինամթերքի պահեստի այրման տեսարանն էր ՝ արված 2017-ին, որը կապ չուներ մինգեչաուրյան միջադեպի հետ։ Մյուսում պարզապես Մինգեչաուրի ջէկ-ի լուսանկարներ էր՝ ներբեռնված google որոնողական համակարգից։
Երբ և ինչպես տարածվեց լուրը
Մինչեգաուրյան պայթյունի մասին սունկ կայքերը գրել էին դեռևս 2020-ի նոյեմբերին, երբ չէր ավարտվել 44-օրյա պատերազմը։ 2021թ հունիսի 9-ին այս լուրը կրկին սկսեց շրջանառվել։ Այդ մասին գրեց Info24.today-ը, իսկ ֆեյսբուքյան մի քանի էջեր սկսեցին ակտիվ տարածել info24.today-ի և ավելի վաղ՝ 2020-ի նոյեմբերին հրապարակված նույնաբովանդակ լուրը։ Իբրև ապացույց հրապարակվել էր երկու՝ իրար միացված նկար։
Crowdtangle գործիքի միջոցով տեսնում ենք, որ info24.today սունկ կայքի գրեթե բոլոր հրապարակումները ֆեյսբուքյան երեք էջեր են տարածում՝ Կարգին էջ, Խոսում է Հայաստանը և Hay Em Es Hay Es Du։ Այս էջերը ենթադրաբար ստեղծվել են հենց կայքի բովանդակությունը (կոնտենտը) տարածելու համար։
Լուսանկարը կեղծ էր, լուրը՝ հին
Մինգեչաուրը Ադրբեջանի՝ մեծությամբ 4-րդ քաղաքն է, էներգետիկայի և արդյունաբերության կենտրոնը։ Այստեղ է կենտրոնացված Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանը և տարածաշրջանի խոշորագույն ջրամբարը։ «Ինտերֆաքս-Ադրբեջանի» փոխանցմամբ՝ Մինգեչաուրի ջէկը արտադրում է ամբողջ Ադրբեջանի էլեկտրաէներգիայի մոտ 45 տոկոսը:
Info24.today-ը, որպես ինֆորմացիայի սկզբնաղբյուր, նշել էր «Ինտերֆաքս-Ադրբեջանին», որը, սակայն, նման ինֆորմացիա չէր հրապարակել։ Դեպքը, որի մասին գրել էր Info24.today-ը, տեղի է ունեցել դեռևս 2018-ին, երկրի խոշորագույն ջերմաէլեկտրակայանում, որը գտնվում է Մինգեչաուր քաղաքում։ Ադրբեջանի 39 քաղաքներ ու շրջաններ, այդ թվում՝ խոշորագույն բնակավայրերը՝ Բաքուն ու Գյանջան, մնացել էին առանց լույսի, խցանումներ էին առաջացել փողոցներում, մարդիկ մնացել էին մետրոյի գնացքներում, վերելակների մեջ, առանց էլեկտրաէներգիայի դադարեցվել էր ջրամատակարարումը, խափանվել էին նավթարդյունաբերական աշխատանքները:
Հուլիսի 4-ին Իլհամ Ալիևը խորհրդակցություն է հրավիրել՝ պահանջելով «Ազերէներջի» պետական ընկերության (որին պատկանում է նշված ջէկը) ղեկավար Էթիբար Փիրվերդիևից պարզաբանել լայնամասշտաբ հոսանքազրկման պատճառները: Վերջինս էլ ասել է, թե խնդիրը տաք եղանակն է, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անկանխատեսելի պահանջարկի: Սեպտեմբերին արդեն Էթիբար Փիրվերդիևը ազատվեց աշխատանքից։ Այս միջադեպից ի վեր նման խոշոր վթար Մինգեչաուրի ջէկ-ում չի եղել։
Լուսանկարներից մեկը, որը ներկայացվում էր իբրև պայթյունի ապացույց, իրոք արվել է Մինգեչաուրի ջէկ-ում։ Սակայն այս նկարում մենք պայթյուն չենք տեսնում, այն պարզապես google որոնողական համակարգից ներբեռնված նկար է։
Մյուս նկարը, որում կա պայթյունի տեսարան, արվել է 2017 թվականին Ադրբեջանի Խիզիի շրջանի Գիլյազի բնակավայրում N զորամասում գտնվող զինամթերքի պահեստում: Այդ վայրից նույն միջադեպի ժամանակ արվել են նաև տեսանյութեր, որոնց հրապարակման ամսաթիվը համեմատելով կարող ենք ասել, որ կադրերը հին են։
Ստացվում է, որ սունկ կայքերն ու վերջիններիս կիս ֆեյսբուքյան էջերը տարածել են 4-5 տարվա հնության լուր՝ իբրև նոր իրադարձություն՝ օգտագործելով կեղծ լուսանկարներ։
Օֆելյա Սիմոնյան
Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: