2021.06.16,

Ստուգված է

Սխալ տեղեկություն. պատերազմից հետո Փաշինյանը նմանակ է օգտագործում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Վճիռ՝ սխալ տեղեկություն

«Իզվեստիա» թերթի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան ալիքում գրել էր, թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «պաթոլոգիկ վախկոտ է», և պատերազմից հետո սկսել է նմանակ օգտագործել։ Գաբրիելյանովը որպես ապացույց հրապարակել էր տեսանյութ, որում երևում էր արտաքնապես Փաշինյանին նման տղամարդ։

Այս տեղեկությունը կեղծ է։ Տարածվող տեսանյութը Քաղաքացիական պայմանագրի նախընտրական քարոզարշավի նկարահանման հրապարակից էր։ Տղամարդը նմանակել էր Փաշինյանին՝ այդ տեսանյութի պատրաստման համար միայն։ Գաբրիելյանովի հայտարարությունը, թե Փաշինյանն օգտագործել է նմանակ` հոլովակը նկարահանելու համար, ճիշտ է, սակայն նրա պնդումը, թե սա ապացույց է, որ Փաշինյանն օգտագործում է նմանակ` պատերազմի ավարտից հետո, սխալ է:

Հունիսի 8-ին Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամյան ալիքում տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով․

«․․․ինձ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ վախկոտ է ու պատերազմի սկսվելուց հետո սկսել է նմանակի օգտագործել: Ստիպված եղանք մարդ մտցնել Փաշինյանի շրջապատ: Ահա նայեք»։

Այս լուրը լայնորեն տարածվեց տարբեր լրատվակայքերում՝ lurer.comarmday.am hayeli.amyelaket.am, blog.7or.am և սոցիալական ցանցերում։ Հրապարակված տեսանյութում տեսնում ենք տարբեր մարդկանց, որոնց թվում նաև Նիկոլ Փաշինյանին արտաքնապես նման տղամարդու։

Այս տեսանյութում երևացող կոստյումով տղամարդը Արթուր Հակոբյանն է։ Media.am-ի հետ զրույցում նա ևս հաստատեց դա։ Արթուր Հակոբյանին հաճախ են նմանեցնում Նիկոլ Փաշինյանին։ Տարածվող տեսանյութում նա մարմնավորում է հենց Փաշինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հոլովակի պատրաստման ժամանակ։

Նրա խոսքով՝ տեսանյութն արվել է Հայֆիլմ կինոստուդիայում։

Արթուր Հակոբյանը՝ ՔՊ նախըտրական տեսանյութի նկարահանման օրը

Արթուր Հակոբյանը նշեց նաև, որ ո՛չ դերասան է, ո՛չ ՔՊ անդամ, պարզապես Նիկոլ Փաշինյանին արտաքնապես նման է, այդ պատճառով էլ ստացել է նրան մարմնավորելու առաջարկ։ Նրա խոսքով՝ սա միակ դեպքն է, երբ մարմնավորել է վարչապետի պաշտոնակատարին։

Այսպիսով, Արամ Գաբրիելյանովի հրապարակած տեսանյութը չի ապացուցում, թե Փաշինյանը պատերազմից հետո նմանակ է օգտագործում։ Դա ընդամենը դրվագ էր Քաղաքացիական պայմանագրի նախընտրական հոլովակի նկարահանումից։ Արթուր Հակոբյանը միայն մեկ անգամ է նմանակել Նիկոլ Փաշինյանին։ Պատերազմից հետո Փաշինյանի կողմից նմանակի օգտագործման որևէ ապացույց չկա։

Օֆելյա Սիմոնյան

Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *