2021.05.07,

Ստուգված է

Ապրիլի 15-31-ի կեղծ ու հերքված լուրերը․ թեստ

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Ապրիլի վերջին տարածվող կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը վերաբերում էին ինչպես անըդհատ շահարկման առիթ դարձող թեմաներին՝ Covid-19 դեմ պատվաստումներին, այնպես էլ ավելի քիչ սենսացիաներ ծնող գյուղատնտեսության ոլորտին։

? Մինչև կարդալը փորձեք գուշակել սուտ լուրերը՝ անցնելով մեր կարճ թեստը։

 

Կատակը դարձավ լրատվություն

Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Նույն օրը Armcomedy հումորային հաղորդաշարի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, թե «Արմավիրում ծնված փոքրիկին անվանեցին Ջոբայդեն»։ 

Չնայած սա հումոր էր և ոչ թե իրականություն, որոշ կայքեր արտատպեցին տեքստը (1, 2, 3)՝ առանց հստակ նշելու, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Որոշ դեպքերում կայքերը նույնիսկ չէին նշում, որ աղբյուրը Armcomedy-ին է։

Գրիգորյան եղբայրները պատվաստումների և Covid-19-ի մասին չճշտված կամ սխալ տեղեկություն էին տարածում 

Ապրիլի երկրորդ կեսին եղբայրներ Գրիգոր և Գևորգ Գրիգորյանները հարցազրույցներ էին տալիս պատվաստումների և Covid-19-ի մասին։ Գրիգոր Գրիգորյանը ՍԱՊԾ նախկին տնօրենն է, նրա կրտսեր եղբայրը՝ բժիշկ է, քաղաքական նախաձեռնությունների անդամ։

Գրիգոր Գևորգյանը հայտարարեց, որ համավարակի մասին դեռ շատ քիչ տեղեկություն ունենք և բոլոր կանխարգելման և բուժման միջոցները առայժմ «փորձնական են» և չեն ապացուցել իրենց «անվիճելի առավելությունը» միմյանց հանդեմ։

Անհասկանալի է, թե ինչ է նշանակում «փորձնական» միջոց։ Եթե խոսքը առանց ապացուցված արդյունավետության և անվտանգության միջոցների մասին է, ապա Գրիգորյանի պնդումը սխալ է։   

✅ Կորոնավիրուսի կանխարգելման միջոցը պատվաստումն է։ Պատվաստումները անցնում են մի քանի փուլից բաղկացած փորձարկումներ, այնուհետև հաստատվում երկրների կամ միջազգային կազմակերպությունների պատկան մարմինների կողմից և միայն դրանից հետո սկսում կիրառվել բնակչության շրջանում։ Այսինքն՝ փորձարկումներն հաջողությամբ անցած և ԱՆ հաստատված պատվաստանյութերը չի կարելի կոչել «փորձնական» միջոց։ 

Գրիգորյանը հայտարարում էր, որ կողմ է պատվաստումներին, բայց միայն նրանց, որոնց «ազդեցությունը ուսումնասիրված է»։ Ըստ նրա՝ քանի որ պատվաստումները ամբողջովին չէն կանխարգելում վարակները, ուրեմն դրանց ազդեցությունը դեռ ուսումնասիրված չէ։ Այս տեղեկությունը մանիպուլյատիվ է։ 

❌ Պատվաստումների նպատակը ոչ թե վարակները իսպառ բացառելն է, այլ ծանր դեպքերը՝ հոսպիտալացումը, մահը թույլ չտալը։ Պատվաստված մարդը կարող է որոշ հազվադեպ դեպքերում վարակվել, սակայն նա հիվանդությունը կտանի թեթև կամ անախտանիշ։ Կիրառումից առաջ պատվաստումների ազդեցությունը ուսումնասիրվում է․ կիրառման թույլտվություն ստանալու համար պետք ապացուցված լինի, որ պատվաստանյութը անվտանգ և արդյունավետ է։  

ՍԱՊԾ նախկին տնօրենի եղբայրը՝ Գևորգ Գրիգորյանը նույնպես կողմ էր պատվաստանյութերին, որոնք ըստ նրա «չեն կարող լինել քննարկման առարկա»։ Սակայն Գրիգորյանը նախկինում առանց բավարար հիմնավորման քննադատում էր մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը։ Գրիգորյանը նաև նորից դեմ արտահայտվեց դիմակներին՝ կասկածի տակ դնելով համավարակի դեմ պայքարում դրանց արդյունավետությունը։ ԱՀԿ-ն և այլ հեղինակավոր կառույցներ խորհուրդ են տալիս կրել դիմակ՝ վարակի տարածումը դանդաղեցնելու նպատակով։ 

Գրիգորյանները անկախ փորձագետներ չեն։ Նրանցից Գրիգորը կառավարությանը անվանում է «իշխանությունը բռնազավթած խմբավորում», իսկ Գևորգը՝ «քաղաքական իմպոտենտ»։ Գևորգ Գրիգորյանը Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Նրա ստեղծած Medmedia.am կայքը անցած տարի հայտնվեց միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում՝ ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհ ստանալու և առողջապահության մասին չստուգված կամ կեղծ տեղեկություն տարածելու պատճառով։ 

Պատգամավորը առանց ստուգելու տարածեց լրատվամիջոցի մանիպուլյացիան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին․ «Էկոնոմիկանի նախարարը լուրջ դեմքով ասում է, որ պետք է այնպես անել, որ գյուղում ապրող մարդիկ գյուղատնտեսությամբ չզբաղվեն»։

Պատգամավորը հրապարակել էր News.am կայքի տեսանյութի սքրինշոթը, որը վերնագրված էր «Փորձում ենք այնպես անել, որ գյուղում ապրող մարդիկ գյուղատնտեսությամբ չզբաղվեն. Քերոբյան»։

News.am-ը, սակայն, կոնտեքստից կտրել էր նախարարի խոսքը։ Տեսանյութում Քերոբյանը ասել էր․ «[…] մենք շատ մեծ ջանք ենք ներդնում նաև գյուղերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր ստեղծելուն, որպեսզի մարդիկ դատապարտված չլինեն միայն գյուղատնտեսությամբ զբաղվել, ունենան այլ գործերով զբաղվելու հնարավորություններ»։ 

Պատգամավոր Եղիազարյանը չէր ստուգել տեղեկությունը տարածելուց առաջ։ Նա տարածել էր միայն News.am-ի մանիպուլյատիվ վերնագրով պատկերը՝ առանց տեսանյութի, որտեղ հնչում էր նախարարի ուղիղ խոսքը։ 

Ռուսական պետական ալիքը քարոզչական ֆիլմ թողարկեց Հայաստանի մասին

Ռուսական պետական Russia Today ալիքը ֆիլմ թողարկեց Հայաստանում կատարված վերջին իրադարձությունների և Նիկոլ Փաշինյանի մասին։ Շուրջ մեկ ժամանոց ֆիլմում հնչում էին բազմաթիվ մանիպույլատիվ կամ կեղծ պնդումներ։ 

Russia Today-ը գլխավորում է լրագրող Մարգարիտա Սիմոնյանը։ Ալիքը հաճախ է մեղադրվում Ռուսաստանի կառավարության օգտին քարոզչություն իրականեցնելու մեջ։

Հայաստանի մասին ֆիլմի հերոսները կրկնում էին Ջորջ Սորոսի մասին հայտնի դավադրության տեսությունը և պնդում, թե Թավշյա հեղափոխությունը կազմակերպել էին արևմտյան ուժերը։ 

Ֆիլմի զգալի հատվածը նվիրված էր ոչ թե Հայաստանի, այս Ռուսաստանի ներքին քաղաքականությանը․ հեղինակները քննադատում էին ռուս ընդդիմադիրներին և զգուշացնում․ եթե Ռուսաստանում իշխանության գա ընդդիմությունը, ապա երկիրը Հայաստանի պես խնդիրներ կունենա։ 

Media.am-ը մանրամասն անդրադարձել է ֆիլմում հնչող սխալ պնդումներին։ 

Կրթօջախների աշխատողներին ոստիկանություն կանչելը կապված չէր ընտրությունների հետ

Ապրիլի վերջին լուրեր տարածվեցին, թե կրթօջախների աշխատակիցներին կանչում են ոստիկանության բաժիններ և ժամերով հարցաքննում՝ «նախընտրական բացատրական աշխատանքներ» վարում։ Լուրը տարածողը Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։ Տեղեկությունը առանց ստուգելու արտատպեցին news.am-ը, 168.am-ը, 24news.am-ը, lurer.com-ը, tert.am-ը, hraparak.am-ն ու այլ լրատվականներ, դրա մասին ռեպորտաժ պատրաստեց 5-րդ ալիքը։

Բաղդասարյանը հրապարակել էր իր խոսքերը իբր ապացուցող փաստաթույղ։ Սակայն փաստաթուղթը ուսումնասրելիս պարզ էր դանում, որ այն թվագրված է 2021 թվականի փետրվարի 17-ին։ Այսինքն՝ փաստաթուղթը ստեղծվել է ավելի քան երկու ամիս առաջ, երբ ընտրությունների անցկացման մասին որոշում չկար։

Ոստիկանությունից media.am-ին հայտնեցին, որ նշված գրությունը փետրվարի17-ին ուղարկվել է քաղաքապետարան՝ տեղեկություններ ստուգելու նպատակով, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործը վերաբերվում է Երևանի հինգ դպրոցների ղեկավարների կողմից չարաշահումներ կատարելուն։

Հերքումներ և պարզաբանումներ

? Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը Hraparak.am կայքից պահանջեց հերքել տեղեկությունն այն մասին, թե նա հրահանգներ է տվել և հովանավորել Սիսիանի նախկին ոստիկանապետին։ Բաբայանը խոսքով՝ նա իրավասություն չունի հրահանգ տալու ոստիկանության ներկայացուցչին։

? Երևանի քաղաքապետարանից պարզաբանեցին Panorama.am կայքի տարածած տեղեկությունն այն մասին, թե «Քաղաքային իշխանությունները առանց կրապատման են թողել Երևանի ծառերը»։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրեց, որ կրապատում են երիտասարդ պտղատու ծառերը՝ միջատներից պաշտպանելու համար։ Իսկ քաղաքի դեկորատիվ ծառերը կրապատելը պրակտիկ նշանակություն չունի։ «Այսօր զարգացած քաղաքների կանաչապատման մեջ կրապատում չի կիրառվում։ Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, դեկորատիվ ծառերը կրապատելն օրենքով է արգելված», –  հայտնեց Կարապետյանը։

? Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հերքեց տարածվող լուրերն այն մասին, թե իբր իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Թորոսյանը այս տեղեկությունը «հորինված կեղծիք» որակեց։

? «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատության» եթերում հերքեց վարչապետ Փաշինյանի խոսքերն այն մասին, թե Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան ասել է «հողերը արդեն պետք է տաս»։ Զուրաբյանը նշեց, որ այս հայտարարությունը «բացարձակ սուտ» է։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *