2021.05.04,

Ստուգված է

Լուսանկարում իսկապես պատկերված է Ղազանչեցոց տաճարը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Մայիսի 3-ին համացանցում տարածվեց մի լուսանկար, որում երևում էին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում ընթացող շինարարական աշխատանքները։ Եկեղեցու գմբեթը բացակայում էր։ 

«Վերանորոգման» նման աշխատանքները դատապարտող գրառումների հետ մեկտեղ սոցցանցերում լուրեր տարածվեցին, թե նկարում պատկերված եկեղեցին Ղազանչեցոցը չէ։ Այդպես, Հայկ Թոռոյան անունով օգտատերը պնդեց, թե «Շուշի քաղաքում նման եկեղեցի և սար չկա» (տես գրառման մեկնաբանություններում)։ 

Թոռոյանի գրառումով կիսվեցին ավելի քան 100 անգամ։ Ավելի քան 300 օգտատեր հավանել էր գրառումը (մայիսի 4, 16:20 դրությամբ)։ Նրա բերած ապացույցները, սակայն, սխալ են․ նկարում պատկերված է հենց Ղազանչեցոց եկեղեցին, ինչում կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով Google քարտեզներում և այլ բաց աղբյուրներում առկա լուսանկարները։ 

Նույն եկեղեցին՝ տարբեր կողմերից

Իր խոսքերը ապացուցելու համար Հայկ Թոռոյան անունով օգտատերը համեմատել էր տարածվող լուսանկարը Ղազանչեցոցի այլ լուսանկարի հետ։ Սակայն այս համեմատությունը սխալ էր, քանի որ դրանք արված էին տարբեր դիրքերից։ Մի լուսանկարում եկեղեցու արևմտյան ճակատն է, մյուսում՝ արևելյան։ 

Պատկերները՝ «Hayk Toroyan» ֆեյսբուքյան էջից, 360stories.com կայքից

Եթե օգտատերը եկեղեցուն նայեր ճիշտ կողմից, ապա չէր զարմանա, թե ինչու է նոր լուսանկարում երկու աշտարակ երևում։ Աշտարակները տեղում են, դրանք երևում են Ղազանչեցոցի արևելյան ճակատից նայելիս։ 

Պատկերները՝ «Hayk Toroyan» ֆեյսբուքյան էջից, 360stories.com կայքից

Թորոյանի գրառման մեկնաբանություններում Արմինե Մարտիրոսյան անունով օգտատերը հրապարակեց նույն դիրքից լուսանկար՝ գրելով, որ ինքն է նկարել մայիսի 3-ին։ Լուսանկարում երևում է և՛ աշտարակները, և՛ բացակայող գմբեթը։

Այսպիսով՝ «վերանորոգվող» եկեղեցու լուսանկրում իսկապես պատկերված է Ղազանչեցոց տաճարը, բայց ոչ թե դրա գլխավոր՝ արևմտյան ճակատը, այլ «ետևի»՝ արևելյան ճակատը։ 

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը ռմբակոծել էր Ղազանչեցոցը։ Վնասվել էին եկեղեցու գլխավոր գմբեթը և տանիքի հարավային հատվածը։

Պատկերը՝ Զինուժ Մեդիա

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը դատապարտեց Ադրբեջանի սկսած շինարարական աշխատանքները և ընդգծեց, որ «բազմաթիվ են հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման և այդ գործողություններն արդարացնելու նախադեպերը»։ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ Ադրբեջանը դիտավորյալ արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *