2021.04.28,

Ստուգված է

Դպրոցների աշխատակիցների դեմ քրեական գործը կապված չէ ընտրությունների հետ

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը երեկ՝ ապրիլի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատակիցներին կանչում են ոստիկանության բաժիններ և «մինչև գիշերվա 24:00 և նույնիսկ ավելի ուշ մարդկանց պահում են ինչ-որ շինծու գործով»:

Նրա խոսքով՝ «այս ամենը ոչ այլ ինչ է, քան «նախընտրական բացատրական աշխատանքներ» կրթական համակարգում աշխատող քաղաքացիների հետ»:

Իբրև խոսքերրի ապացույց՝ Բաղդասարյանը հրապարակել էր փաստաթուղթ՝ կից գրառմամբ՝ «քաղաքապետարանին հանձնարարվում է ոստիկանության կողմից ապահովել գրության մեջ նշված մարդկանց վերաբերվող փաստաթղթերը, իսկ նշված մարդկանց բանավոր կանչում են, 10-յակներով տեղավորում են (լցնում են) մի սենյակում ու այդպես նվաստացնելով՝ իբր թե քննություն են իրականացնում»:

Ֆեյսբուքյան այս գրառումն արրտատպել էին news.am-ը, 168.am-ը, 24news.am-ը, lurer.com-ը, tert.am-ը, hraparak.am-ն ու այլ լրատվակայքեր։ 

Բաղդասարյանի հրապարակած փաստաթուղթը թվագրված է 2021 թվականի փետրվարի 17-ին, այսինքն ոստիկանություն ներկայանալու հրավերն արվել է մոտ 2 ամիս առաջ, երբ արտահերթ ընտրությունների անցկացման մասին որևէ որոշում դեռ չկար։ Պնդումը, թե այս ամենը նախընտրական բացատրական աշխատանք է, փաստազուրկ է։

Գրությունն ուղարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին՝ Կենտրոն վարչական շրջանի բաժնի պետի կողմից։ Դրանից հասկանում ենք, որ ոստիկանությունը նյութերի նախապատրաստման նպատակով խնդրել է քաղաքապետարանից տրամադրել նախադպրոցական, դպրոցական, արվեստի և կրթական այլ հաստատությունների՝ 2015-2020 թթ աշխատանքային հիմունքներով աշխատող անձանց պայմանագրերի պատճենները, նշված ժամանակում նրանց հաճախելիությունն ու բացակայություննները։

ՀՀ ոստիկանությունից media.am-ին հայտնեցին, որ գրությունը փետրվարի17-ին ուղարկվել է քաղաքապետարան՝ տեղեկություններ ստուգելու նպատակով, որի արդյունքում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն։

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ ասաց, որ ոստիկանությունում նախապատրաստվող քրեական գործերի շրջանակում իրենք ստացել են գրություն՝ խնդրանքով ապահովել քաղաքապետարանի ենթակայության տակ աշխատող անձանց ներկայությունը ոստիկանություն։ 

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել Երևանի՝ թվով 5 դպրոցների տնօրենների կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ՝ 179 և 314 հոդվածների հատկանիշներով։ 

ՔՕ 179 հոդվածը սահմանում է յուրացումը կամ վատնումը, ՔՕ 314 հոդվածը սահմանում է պաշտոնեական կեղծիքը։

Հարուցված գործի շրջանակում գրավոր հարցում է ուղարկվել Երևան քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Համբարյանին՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող փաստաթղթեր և տվյալներ տրամադրելու, ինչպես նաև նշված դպրոցների թվով 48 աշխատակիցների ներկայությունը ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում ապահովելու վերաբերյալ։ Նախաքննությունը կատարվում է քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *