2021.04.17,

Ստուգված է

Սահմանային միջադեպերի մասին կամ լավը, կամ` ոչինչ

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Վերջին երկու ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպեր են գրանցվել, որոնք չեն ներառվել ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ խաղաղապահ զորախմբի պաշտոնական հաղորդագրություններում։ 

Դավիթ Բեկ-Շուռնուխ և Ստեփանակերտ․ երկու միջադեպ՝ մեկ օրում

Ապրիլի 6-ին, օրինակ, Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական համարանիշով մեքենայի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել էր ArmDaily.am-ը։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատել էր լուրը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել Կապան գնալիս՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհահատվածում։ 

ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրություններում, որտեղ ամփոփվում է հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ մարտավարական իրավիճակը և Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում տիրող իրավիճակը, այս մասին խոսք չի եղել։ Հետաքրքիր է, որ այդ օրվան (ապրիլի 6) վերաբերող հաղորդագրությունը պարզապես չկա, մինչդեռ նախորդող և հաջորդող օրերի հաղորդագրությունները հրապարակվել են։

Նույն օրը ռուսական Wargonzo-ն հաղորդեց, որ 4 ադրբեջանցի զինծառայողներ շրջանցել են Շուշիի մոտ գտնվող խաղաղապահների հենակետը և դուրս եկել դեպի Ստեփանակերտ տանող մայրուղի՝ տանկով հուշարձանի մոտակայք։ Հրապարակվեց ցուցանակի լուսանկարը, որի վրա զինծառայողները գրառումներ էին արել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին՝ ապրիլի 6-ի տեղեկագրում այս միջադեպի մասին որևէ խոսք չկար։

Կարմիր շուկա, մարտի 25

Մարտի 25-ին միջադեպ էր եղել Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին։ Խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոմեքենաներից քարեր էին նետել հայկական մեքենաների ուղղությամբ։ Այս լուրը հաստատել էր Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին՝ մարտի 25-ի տեղեկագրում այս միջադեպի մասին ոչինչ նշված չէ։ Ավելին՝ ըստ դրա խաղաղապահ զորախումբը ապահովել է քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։

Ստեփանակերտ-Գորիս, մարտի 28

Մեկ այլ միջադեպ էր գրանցվել մարտի 28-ին. զոհված զինծառայողների մարմինները Ստեփանակերտից Գորիսի դիահերձարան տեղափոխող մեքենայի ուղղությամբ ադրբեջանցիները քարեր էին նետել, կոտրել ապակին։ 

Այս միջադեպը ՌԴ խաղաղապահների ամփոփիչ տեղեկագրերում ևս չէր հայտնվել։ Հաջորդ օրվա (մարտի 29) տեղեկագրում ևս խոսվում էր հրադադարի պահպանման և քաղաքացիների անվտանգ տեղաշարժի մասին։

Սարուշեն, ապրիլի 11

Ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մասին news.am-ին հայտնել էր Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 7-ին։ Լուրը հաստատել էր Հունան Թադևոսյանը։ Սարուշենի բնակիչ Վիտալի Սարուխանյանը, որի տրակտորը վնասվել էր կրակոցներից, մանրամասնել էր՝ «Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, 9:40-ի սահմանում, էդ ժամանակ մենք դաշտում աշխատում էինք, վարուցանքով էինք զբաղվում ու սկսել են կրակել Ադրբեջանի վերահսկողությանտակ անցած կողքի գյուղից: Սկզբում կրակում էին ավտոմատից, բայց որ հեռավորությունը շատ էր, օգուտ չէր տալիս սկսեցին կրակել գնդացիրից: Տրակտորի ապակին է ջարդել, արդեն վերանորոգել եմ»։

Խաղաղապահ զորախմբի տեղեկագրում այս միջադեպի մասին ևս խոսք չի եղել։ 

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթում նշված է, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *