2021.04.15,

Ստուգված է

Կապտուկը պատվաստման հետևա՞նք էր. դժվա՛ր թե

Վերջին օրերին սոցցանցերում տարածվում է լուսանկար, որում երևացող կապտուկը և այտուցը, ըստ տարածողների, AstraZeneca-ով պաստվաստման հետևանքն էր։ Լուսանկարի հեղինակն անհայտ է։ Դեպքի մասին որևէ լրացուցիչ տեղեկություն հայտնի չէ։ 

Media.am դիմեց երեք մասնագետի՝ համաճարակաբանի, վնասվածքաբանի և մաշկաբանի, հասկանալու, թե արդյո՞ք լուսանկարում երևացող կապտուկը կարող էր պատվաստման հետևանք լինել։  

Ո՞վ էր տարածում լուսանկարը

Ֆեյսբուքի հայկական տիրույթում լուսանկարի առաջին տարածողներից էր կրոնական թեմաներով ակտիվ գրառումներ անող «Վարդան Վարդան» օգտատերը։ Նա այս թեման էլ էր կրոնական կոնտեքստում տեսնում․ նկարին կից նշել էր Առողջապահության նախարարության էջը ու գրել՝ «След астра зенека։ Տականք Մարդասպան Թուրքից Ոչնչով Չտարբերվողներ Աստծո Դատով Էք Դատվելու»։ Գրառումը արդեն հասանելի չէ։

Գրառման մեկնաբանություններում նրան հարցնում էին, թե արդյո՞ք դեպքը Հայաստանում է գրանցվել։ Տեղադրված նկարի հետադարձ որոնումից պարզվում է, որ ոչ։ Որպես AstraZeneca-ով պատվաստման հետևանք նկարը ցանցում տարածվում է այս տարվա ապրիլի 8-ից։

Մի քանի ժամ տարբերությամբ Բուլղարիայում, ապա Նորվեգիայում ապրող երկու օգտատեր տարածել են նույն տեղեկությունը՝ «Մայա Զանկովա, 7 ժամ, ԱստրաԶենեկայի հետևանքը»։ 

Այս գրառումները հասել են լայն լսարանի․ առաջին դեպքում դրանով կիսվել է 77 հազար օգտատեր, երկրորդ դեպքում՝ 58 հազար։ Բայց ոչ բոլորն էին շտապում հավատալ տեղեկությանը․ մեկնաբանություններում պատվաստված օգտատերերը տեղադրում էին իրենց առանց վնասվածքների լուսանկարները։

Չնայած լուսանկարի հեղինակը հայտնի չէ, այն տարածվեց Twitter-ում, Reddit-ում, Facebook-ում և այլն։ Հայ օգտատերերը լուսանկարը տեղադրում էին Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան գրառումների տակ։

Մի քանի բժիշկ media.am-ին ասաց, որ նման վնասված պատվաստումից հնարավոր չէ պատկերացնել

Հասկանալու համար, թե արդյո՞ք նման վնասվածք հնարավոր է ստանալ պատվաստումից՝ մենք խոսեցինք վնասվածքաբանի, մաշկաբանի և համաճարակաբանի հետ։ Բժիշկներին ցույց տվեցինք լուսանկարը․ բոլոր մասնագետները իրարից անկախ media.am-ին հայտնեցին, որ նման վնասված պատվաստումից հնարավոր չէ պատկերացնել։ 

?‍? «Ուիգմոր Քլինիք» բժշկական կետրոնի վնասվածքաբանության բաժնի մասնագետներն ասացին, որ պատվաստումից հետո նման ռեակցիան քիչ հավանական է: «Փոքրիկ ասեղի ծակոցից հետո առավելագույնը կարող է լինել տեղային փոքր տրամագծով այտուց կամ կարմրություն, սակայն նմանատիպ տեղային ռեակցիա անհնար է պատկերացնել: Կարող էր լինել նաև ցանավորում, որը կդրսևորվեր ամբողջ մարմնին, այլ ոչ միայն պացիենտի թևի վրա», – նշեցին բժշկական կենտրոնից: 

«Նկարում ներկայացվածը նման է ներծծվող հեմատոմայի: Ներարկման շրջանում անատոմիորեն չկան խոշոր անոթներ, որոնք հնարավոր կլիներ վնասել, իսկ մանր անոթների վնասման դեպքում նման պատկեր չէր առաջանա: Ամենայն հավանականությամբ սա իրական չէ», – տեղեկացրեցին «Ուիգմոր Քլինիք»-ից։

?‍? Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը նույնպես հավանական չի համարում, որ նման վնասվածքը պատվաստման հետևանք կարող է լինել։ Բժիշկը սա ավելի շատ համարում է հակագովազդ։ Նախ` AstraZeneca-ի արտադրողների կողմից նման կողմնակի ազդեցության մասին չի հայտարարվել։ Բացի այդ, քիչ հավանական է, որ 7 ժամում (ինչպես նշված է լուսանկարում) նման հետևանք զարգանար։

«Դա կարող է անոթային խնդիրների, հարվածի արդյունք լինել, կամ սալջարդ։ Հետպատվաստումայինը ռեակցիաները դրսևորվում են կարմրությամբ և այտուցի ձևով, բայց ոչ կապտուկի տեսքով։ Դրանք ավելի ուշ ժամկետում է են ի հայտ գալիս՝ պատվաստման հաջորդ օրը։ Ավելի շուտ ի հայտ են գալիս ընդհանուր ռեակցիաները՝ գլխացավը կարող է լինել, ջերմություն, մկանացավ», – ասաց մասնագետը։

?‍? Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը ևս քիչ հավանական է համարում, որ սա պատվաստման հետևանք կարող է լինել։ Մաշկաբանի կարծիքով՝ այս լուսանկարը կապված է հակապատվաստումային արշավի հետ։ 

Հովհաննիսյանը նույնիսկ նշեց, թե ինչպես կարելի էր բեմադրել նման լուսանկար․ մաշկը կարելի էր մշակել մեթիլեն կապույտ նյութով և նկարվել։ «Մեր մաշկային բաժնում պառկած որոշ հիվանդների մոտ այս գույնը տեսել եմ, որովհետև իրենց մաշկը մշակում են մեթիլեն կապույտ ներկով։ Կիրառում են, որ ինֆեկցիոն, թարախային պրոցեսներ չլինեն։ Մատչելի, լայն օգտագործման շատ որակյալ միջոց է, բայց կոսմետիկ շատ անհարմար», – ասաց բժիշկ Հովհաննիսյանը։

Մաշկաբանը ավելացրեց․ «Կարող է լինել արյունազեղում՝ ներարկման ժամանակ մեծ անոթ վնասած լինեն։ Մի քիչ քիչ հավանական է, որ պատվաստման ժամանակ լինի, որովհետև պատվաստումը նուրբ ասեղներով են անում։ Ճիշտն ասած չգիտեմ կոնկրետ AstraZeneca-ն ինչ ասեղով են անում»։ 

AstraZeneca-ի պատվաստումը իսկապես փոքր ասեղով են անում․ դիտեք, թե ինչպես էին այս պատվաստանյութը ներարկում Հարավային Կորեայի նախագահին։

Այսպիսով՝ տարածվող լուսանկարի աղբյուրը, դեպքի մանրամասները հայտնի չեն, ինչը արդեն կասկածի տեղիք է տալիս։ Բացի այդ՝ տարբեր մասնագետներ իրարից անկախ Media.am-ին հայտնեցին, որ նման վնասվածքը կարող է լինել ոչ թե պատվաստման, այլ հարվածի, անոթային խնդրի, վնասվածքի կամ բժշկական կոսմետիկ միջամտության արդյունք։ 

Արշալույս Բարսեղյան
Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *