Արցախում՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնված 3 հանքի լիցենզիա 2000-ականների սկզբում Ադրբեջանը վաճառել է բրիտանական մի ընկերության։ Դրա բազմազգ ղեկավար կազմը կապեր ունի Ադրբեջանի վերնախավի հետ, մասնակից է կոռուպցիոն գործարքների և իրենց երկրներում ունի պետական կառավարման փորձ։
2020-ի դեկտեմբերի 23-ին տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը Սերգեյ Դանիելյանի «Մարդավարի զրույց» հաղորդման ընթացում ասաց, որ Ադրբեջանը խորհրդային տարիներին Արցախի տարածքում տեղորոշված պաշարների օգտագործման լիցենզիան վաճառել է անգլիական ընկերություններին (տեսանյութում` 27։10 րոպեից)։
Media.am-ը ստուգեց այս տեղեկությունը․ պարզվեց, որ այն ճիշտ է։ Լիցենզիան գնել է բրիտանական Anglo Asian Mining PLC ընկերությունը, որն Ադրբեջանում շահագործում է մի քանի հանք։ Երևույթն ինքնին արտառոց էր մի քանի կետով․
- Օտարերկրյա ընկերությունը լիցենզիա է գնել կոնֆլիկտային գոտում՝ հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
- Սա ավելի կասկածելի է դառնում լրագրողական հետաքննությունների ֆոնին․ պարզվել է, որ Ադրբեջանի հանքարդյունաբերող մի քանի ընկերություն կապված է իշխող Ալիևների ընտանիքի հետ։
- Զարմանալի է նաև, որ ընկերությունն իր պաշտոնական կայքում մի քանի հեղինակավոր կազմակերպությունների կողմից ավտորիտար որակված Ադրբեջանը ներկայացնում է որպես խիստ ժողովրդավար երկիր։
Այս ամենի հիման վրա media.am-ը որոշեց բաց աղբյուրներով հետաքննել թեման՝ առաջացած հարցերի պատասխանները գտնելու համար։
Ո՞ր տարածքներում ու ի՞նչ է արդյունահանում Anglo Asian Mining-ը
Բրիտանական այս կազմակերպությունը հիմնադրվել է 2004-ին։ Դրա գործունեության միակ երկիրն Ադրբեջանն է։ Դուստր կազմակերպությունը՝ Anglo Asian Operations Limited-ը, գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում։
Կազմակերպության բաժնետերերը և տնօրենները Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Ադրբեջանից են։ Նրանք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, հանքարդյունաբերության ոլորտի մասնագետներ և բիզնեսմեններ, իսկ ընկերության ղեկավարն իրանցի է՝ Ռեզա Վազիրին։
Anglo Asian Mining PLC-ի երկու գրասենյակից մեկը Լոնդոնում է, մյուսը՝ Բաքվում։ Պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այն Ադրբեջանում զբաղվում է ոսկու, պղնձի, արծաթի արդյունահանմամբ։
Ընկերությունն այլ անունով՝ RV Investment Group Services LLC, Ադրբեջան է եկել 1997-ին, սակայն գործերը հաջող ընթացք չեն ունեցել։ 2000-ականներին ընկերությունը վերադարձել է նոր անունով, և այս անգամ գործերն անհամեմատ ավելի հաջող են ընթացել։
Ակնկալվում է, որ ընկերությունը մինչ 2027-ը արդյունահանելու է 400 տոննա ոսկի, 2500 տոննա արծաթ և 1.5 միլիոն տոննա պղինձ:
Բրիտանական ընկերությունն Ադրբեջանում շահագործում է 3 հանք՝ ընդհանուր 1062 քառ կմ մակերեսով։ Պետությունն, ըստ պայմանագրի, ունի իր մասնաբաժինը։
- Գեդաբեկ․ գտնվում է Ադրբեջանի մեծությամբ երկրորդ՝ Գյանջա քաղաքից 55 կմ հեռավորության վրա: Տարածքը ներառում է երկրում գործող առաջին ոսկու հանքը, մի քանի այլ հանքեր և մի շարք հետազոտման թիրախներ:
- Գոշա․ գտնվում է Գեդաբեկից 50 կիլոմետր հյուսիս-արևմուտք։
- Օրդուբադ. հետազոտման փուլում գտնվող ոսկու և պղնձի արդյունահանման տարածքներ Նախիջևանում: Սրա շահագործումը ընկերությունը համարում է իր երկարաժամկետ զարգացման մաս։
Մինչ 2020-ի պատերազմը հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում ընկերությունն ունի 3 պայմանագրային տարածք՝ 900 քառ կմ մակերեսով։ Արդյունաբերողը պլանավորում է հանքերը շահագործել, «երբ քաղաքական իրավիճակը թույլ տա»։
Կայքում առանձին բաժին է նվիրված «օկուպացված» տարածքին, իսկ այնտեղի հանքերը երևում են հրապարակված քարտեզում։ Դրանց անուններով տարածքներ մեզ չհաջողվեց գտնել։ Սակայն, ըստ աշխարհագրական տեղանքի՝ կարող ենք ասել, որ Սոյութլուն Սոթքն է, Գիզիլբուլախը՝ Դրմբոնը, իսկ Վեժնալին Զանգելանում է:
Զանգելանի ոսկու հանքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին։ Սոթքի ոսկու հանքավայրը գտվում է սահմանագծին՝ կիսով չափ Հայաստանի, կիսով չափ Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ըստ հանքարդյունաբերող ընկերության՝ Ադրբեջանը ժողովրդավարական երկիր է
Anglo Asian Mining-ի կայքում առանձին բաժին նվիրված է Ադրբեջանին։ Այն նկարագրվում է որպես «քաղաքականապես կայուն դեմոկրատիա»։ Ըստ հանքարդյունաբերողի՝ այս երկիրն ունի «հաստատված ժողովրդավարական կառավարություն, որը լիովին աջակցում է միջազգային ներդրումային նախաձեռնությունները»: Կայքը հավելում է նաև՝ Ադրբեջանում հասանելի է էժան աշխատուժ:
Կայքում չի նշվում այս գնահատակնների աղբյուրը, բայց միջազգային կազմակերպություններն այլ բան են ասում։ Օրինակ, Freedom House-ը վերջին՝ 2019-ի զեկույցում Ադրբեջանը համարել է ավտորիտար երկիր։
Ովքե՞ր են ընկերության տերերը և կառավարիչները
Anglo Asian Mining PLC-ի բաժնետերերը և ղեկավարները ընկերություններ ունեն օֆշորային գոտիներում։ Նրանք իրենց երկրներում զբաղեցրել են բարձր պաշտոններ, իրար հետ համագործակցում են տարբեր ընկերությունների կազմում։ Մի քանիսի կոռուպցիոն գործարքների մասին գրել են հետաքննող լրագրողները, իսկ որոշ գործարքների հետ կապեր ունեն Ադրբեջանի իշխող ընտանիքը կամ մտերիմ շրջապատը։
Այսպես, ընկերության պաշտոնական կայքում հրապարակված է 5 հիմնական բաժնետիրոջ անուն․ տվյալները թարմացված են 2020-ի դեկտեմբերի 8-ին։
5 բաժնետերերից 4-ը տնօրենների խորհրդի կազմում են, 5-րդը բաժնետեր և տնօրենների խորհրդի անդամ Ջոն Սունունուի որդին է` Մայքլը։
Այլ ընտանեկան, ընկերական ու կոռուպցիոն կապեր․
? Ռեզա Վազիրի․ նա կարող է Ադրբեջանի նախարարին ստիպել ասել այն, ինչ ուզում է
Anglo Asian Mining PLC-ի նախագահ և գործադիր տնօրեն, ամենախոշոր բաժնետեր Ռեզա Վազիրին Ադրբեջանի անկախացումից հետո այս երկրում ակտիվորեն զբաղվում է բիզնեսով։ ԱՄՆ-ում հիմնադրած նրա ընկերությունը՝ RV Investment Group Services LLC- ը, Ադրբեջան է եկել հայր Ալիևի ժամանակ։ 1997-ին կնքված համաձայնագիրը ներառում է պղնձի և ոսկու 9 հանքեր։
Մինչև գործարարի կարիերա սկսելը Վազիրին մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել նախահեղափոխական Իրանի կառավարությունում, մասնավորապես՝ Իրանի Կայսերական դատարանում։
Վազիրին շարքային հաջողակ բիզնեսմեն չէ․ նա կապեր ունի Ադրբեջանում և դրանից դուրս։ Նա նաև ներքաշված է եղել կոռուպցիոն գործարքների մեջ։
? Anglo Asian Mining PLC-ն և Ալիևի դուստրերին պատկանող օֆշորային կազմակերպության մասին 2016-ին հետաքննություն է հրապարակել OCCRP-ն։ Թեև Չովդարի հանքի շահագործման համար նախապես նշվել է Վազիրիի ընկերության անունը, ընկերության փորձագետներն այցելել են դաշտ, բայց հանքն այդպես էլ չեն շահագործել։ Արդյունահանման լիցենզիա ստացել է մի կոնսորցիում, որում առաջատար դեր է ստանձնել Պանամայի օֆշորում գրանցված Londex Resources S.A. Londex-ը։ Այս ընկերությունը պատկանում է Ալիևի դուստրերին՝ Լեյլային և Արզուին։
? 2001-ին Վազիրին օգնել է կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված Unaoil ընկերությանը։ Ադրբեջանի ղեկավարության հետ նրա կապերը բացահայտվել են այս ընկերության էլեկտրոնային նամակագրության արտահոսքից։
Unaoil-ի գործադիրն իր նամակում Վազիրիի մասին ասում է՝ նա ի վիճակի է «ցանկացած պահի» հանդիպում կազմակերպել Ադրբեջանի Արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Վազիրին կարող է ստիպել նախարար Նաթիկին «ասել այն՝ ինչ ուզում ենք»:
2004-ին Unaoil-ը Վազիրիին վճարել Է 400,000 ԱՄՆ դոլար Ադրբեջանում իր օգնության համար:
? Վազիրին «ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի» տնօրենների խորհրդի հիմնադիր և ցմահ համանախագահն է։ Այս կառույցի նպատակն է խորացնել երկու երկրների միջև բիզնես կապերը։ Պալատի անդամներն ԱՄՆ-ում բարձրաստիճան պաշտոններ են ստանձնել։
1995-ին ստեղծված պալատի խորհրդականների պատվավոր խորհրդի անդամ է Ջեյմս Բեյքեր 3-րդը․ նա ԱՄՆ 3 նախագահների վարչակազմում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Նույն պալատի անդամ է ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով օգնական Հենրի Քիսինջերը, անվտանգության գծով ԱՄՆ նախագահների օգնական և կաբինետներում տարբեր պաշտոններ ստանձնած Բրենտ Սքոքրոֆթը։
«ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի» անդամ է նաև Ռեզայի հետ Ադրբեջանում ոսկի արդյունահանող Նյու Հեմփշիրի նախկին կառավարիչ Ջոն Սունունուն և այլք։
? ? Սունունու ընտանիք․ նրանք ժառանգաբար կառավարում են ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում
Anglo Asian Mining PLC-ի երկրորդ խոշոր բաժնետերը 81-ամյա Ջոն Սունունուն է։ Նա իր որդու՝ Մայքլ Սունունունի հետ նույն ընկերության տնօրենների ցանկում են։ Թեև երկուսի անուններն էլ կան կայքում, բայց հստակեցված չէ նրանց ընտանեկան կապը։
Ջոն Սունունուն ունի պետական կառավարման փորձ։ Նա 3 անգամ դարձել է ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի նահանգապետ, ապա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը 1989-ին նրան նշանակել է իր աշխատակազմի ղեկավար։ Պաշտոնաթողությունից հետո նա վարել է CNN-ի Crossfire քաղաքական բանավեճը։
Նյու Հեմփշիրի նահանգապետը 2017-ից Սունունուի որդին է՝ Հանրապետական Քրիս Սունունուն։
? Limelight Industrial Developments
Ընկերության հաջորդ բաժնետերը բրիտանական կազմակերպություն է, որը զբաղվում է արդյունաբերական տարածքների (industrial parks) ստեղծմամբ։ Հիմնադրվել է 2011-ին, գրանցված է աուդիտորական ընկերության շենքում։ Այլ տեղեկություններ ընկերության մասին մեզ չհաջողվեց գտնել։
? Խագանի Բաշիրով․ նրա անունը կապվում է IBA-ից 109 մլն ԱՄՆ դոլարի անհետացման հետ
Anglo Asian Mining PLC-ի խոշոր բաժնետերերից էր Խագանի Բաշիրովը։ Վերջին անգամ նրա անունը հրապարակվել է ընկերության 2014-ի տարեկան հաշվետվության մեջ՝ 11.44 բաժնեմասով։
Ադրբեջանցի բիզնեսմենն ապրում է Լյուքսենբուրգում։ Նրա անունն առկա է Ազատություն ռադիոկայանի Ադրբեջանի ծառայության հետաքննության մեջ։ Դրանով բացահայտվում էր, թե ուր է անհետացել 109 մլն ԱՄՆ դոլարը International Bank of Azerbaijan-ից (IBA)։
Հետաքննության մեջ նա ներկայացվում է որպես լայն կապերով անհատ։ Ու թեև Ադրբեջանի օրենքը երկքաղաքացիություն թույլ չէր տալիս, բայց նա միաժամանակ և՛ Ադրբեջանի, և՛ Ֆրանսիայի քաղաքացի էր։
Նրա խորհրդատվական ընկերության հաճախորդների թվում են Ադրբեջանի պետական կառույցները, այդ թվում՝ SOCAR-ը։ Իսկ IBA-ը նշված է եղել դրա գործընկերների ցանկում։ Բանկը համագործակցում է Anglo Asian Mining-ի հետ։
Ադրբեջանի իշխանությունների հետ կապեր ունեցող անձինք կան ընկերության մենեջերների ցանկում
? Աբդուլջաբար Ահմադով՝ SOCAR-ի աշխատակից
Ահմադովն ընկերության Կառավարության հետ գործերի գծով փոխնախագահն է։ Նա 1988-ից աշխատել է նավթային արդյունաբերության ոլորտում՝ տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել SOCAR-ում։
Սա Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է, որի շահույթից օգտվում են նաև Ալիևի ընտանիքն ու մտերիմ շրջապատը, օրինակ, անվճար ճամփորդում են ընկերությանը պատկանող զբոսանավով։
SOCAR-ին է պատկանում CBC Azerbaijan հեռուստաընկերությունը։ Այն բովանդակություն է ստեղծում մի քանի լեզվով, այդ թվում՝ հայերեն։ Տարածում է պետական հակահայկական քարոզչություն, իսկ պատերազմի օրերին ծավալուն հարցազրույց էր հեռարձակել հայկական կողմի գերիների հետ։
? Ուիլիամ Մորգանն ու նրա օֆշորային կապերը
Anglo Asian Mining PLC-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Ուիլիամ Մորգանի Holance Holdings Limited ընկերությունը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորում։ Այն, ըստ Պանամայի փաստաթղթերի արտահոսքի, կապ ունի այս հանքարդունաբերող ընկերության նույն օֆշորային գոտում գրանցված ընկերության հետ։
Մասնավորապես՝ Մորգանի Holance Holdings Limited-ը Anglo Asian Mining PLC-ի դուստր կազմակերպության՝ Anglo Asian Operations Limited-ի բաժնետերերից է։
Ի՞նչ է ստացվում
Հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 3 հանքի լիցենզիան Ադրբեջանը կարողացել էր վաճառել այս երկրում բիզնես իրականացնող, կուռուպցիոն գործարքների մեջ ներգրավված ղեկավարությամբ և օֆշորային գոտում գրանցված կազմակերպությանը։ Դրա տերերը ադրբեջանցիներ են, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։
2020-ի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հետ է վերցրել 3 հանքերից մեկը, իսկ Քարվաճառ-Գեղարքունիքի սահմանագծին գտնվող հանքը նրանք մուտք գործեցին զինադադարից հետո։
Ուշագրավ է, որ ընկերության զարգացման ծրագրի մեջ ներառված Նախիջևանի հանքերը դեռ չեն շահագործվում։ Հրադադարի եռակողմ հայտարարությամբ սահմանվեց տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, համաձայն որի՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանը կկապվի Նախիջևանին։
Արշալույս Բարսեղյան
* Հոդվածի սկզբնական տարբերակում Դրմբոնի փոխարեն գրված էր Կաշեն, ինչը սխալ է։ Խորհրդային շրջանի աղբյուրներում առկա է Գիզիլբուլախի հայկական՝ Դրմբոն անունը (էջ 238)։ Սակայն, նշենք, որ ո՛չ Դրմբոնի, ո՛չ Կաշենի տեղանքը չի համապատսխանում ընկերության հրապարակած հանքի տեղանքին։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: