2020.11.06,

Ստուգված է

Տեղեկատվական գրոհ` ռազմագերիների սոցցանցային յուրացված հաշիվներով

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 3-ին տեղեկացրեց` ձեռք են բերվել օբյեկտիվ ապացույցներ, որ Ադրբեջանում ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական մեդիաների օգտահաշիվներին։ Այդ էջերից տարածում են ատելություն, ներքին թշնամանք հրահրող, լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Որպես ապացույց հրապարակվեց հաշիվների օգտագործման ադրբեջանական IP հասցեները։ ՄԻՊ հաղորդագրության մեջ ասվում է, որ պետք է «ցուցաբերել բացառիկ զգուշություն սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս» անգամ այն պարագայում, երբ անձամբ ճանաչում ենք էջի օգտատիրոջը:

Media.am-ը որոշեց գնալ ՄԻՊ-ի հայտարարության հետքերով։ 

Ի՞նչ պարզվեց

Նոյեմբերի 5-ի դրությամբ Ադրբեջանում, ըստ Հայաստանի Քննչական կոմիտենի տվյալների, գտնվում է 21 ռազմագերի հայկական կողմից (ևս 2 անձի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են)։ 

Մեզ հաջողվեց գտնել նրանցից մի քանիսի օգտահաշիվները։ Դրանք ուսումնասիրելուց հետո ՄԻՊ հաղորդագրությանը կարող ենք հավելել հետևյալը․

  • այս հաշիվներով, տարածվում են Ադրբեջանի նախագահ Ալիևի պնդումները՝ գրավված նոր տարածքների մասին,
  • օգտատիրոջ մասնակցությամբ տեսանյութեր են հրապարկում, որում հնչում են ադրբեջանական քարոզչական թեզեր։ 

Դրանց միջոցով տարածվել է նաև ադրբեջանական CBC-ի հեռուստաընկերության ծավալուն զրույցը ռազմագերիներից մի քանիսի հետ։

Ովքե՞ր են CBC Azerbaijan-ի սեփականատերերը 

CBC Azerbaijan հեռուստաընկերությունը բովանդակություն է ստեղծում մի քանի լեզվով, այդ թվում՝ հայերեն։ Այն ներկայացված է որպես Ադրբեջանի առաջին միջազգային հեռուստաալիք: Ու չնայած ասվում է, որ «իրենք ներկայացնում են փաստեր, մարդիկ անում եզրակացություններ», բայց պետական հակահայ քարոզչությունը հեռուստաընկերության եթերում գերազանցում է փաստերին։

Հեռուստաընկերությունը 2013-ին գնել և CBC (Caspian Broadcasting Company) Է անվանել “SOCAR Media Public Union” ՀԿ-ն, որը հիմնադրվել է SOCAR-ի կողմից։ Սա Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է, որի շահույթից օգտվում է նաև Ալիևի ընտանիքը և մտերիմ շրջապատը։ 

Տեղեկատվական գրոհ՝ ռազմագերիների մասնակցությամբ

CBC-ի հարցազրույցում ռազմագերիները կոկիկ հագնված են (հայկական ԶՈՒ համազգեստ), սափրված։ Նրանց համար հարցազրույց վերցնողը ջուր է լցնում։ Հնարավորություն է տալիս հայերեն խոսք ասել։ 

45 րոպե տևողությամբ տեսանյութում, որը 981 հազարից ավել դիտում ունի (նոյեմբերի 6, 18։00-ի դրությամբ) ռազմագերիները պատմում են, որ չնայած իրենց ունեցած կարծրատիպերի՝ Ադրբեջանում իրենց՝ ռազմագերիներին, հարգանքով են վերաբերվում և չեն ստորացնում։ Լրագրողը խնդրում է հատուկ ընդգծել, որ եթե ուրիշներն էլ հանձնվեն, իրենց հետ «գազանի պես» չեն վարվի։ Կամ ուղղակի կարող են զենքերը թողել ու գնալ տուն։

Նրանց տրվում են ներքաղաքական հարցեր՝ Հայաստանի ռուսամետ կամ արևմտամետ լինելու, իշխանությունների մասին։

Տղաներն ասում են՝ միայն խաղաղություն են ուզում։ Դիմում են Հայաստանի վարչապետին, թե մեզ պետք չէ այս կռիվը, պետք է խաղաղություն, իսկ դրա համար պետք է քայլ անել և դադարեցնել այս ամենը։ Շանս չկա հաղթելու։ 

Մեղմ ու թվացյալ անկեղծ զրույցի ավարտին հարցազրուցավարը մեջբերում է Ադրբեջանի նախագահի խոսքը, որ պատերազմը կդադարի Արցախից հայկական ուժերի դուրս բերման դեպքում։ 

Տեսանյութը ավարտվում է ադրբեջանական զինուժի ԱԹՍ-ների՝ հայկական ուժերի վրա գրոհ կադրերով և ռուսերեն տեքստով, որ գերի ընկած այս տղաները, Ղարբաղում կռվելով հասկացել են՝ իրենց խաբել են, ստիպել են կռվել հողի համար, որն իրենցը չէ։ 

Սրանք նույն գերիներն են, որոնց այս հարցազրույցից օրեր առաջ՝ ադրբեջանցի զինվորականի վերահսկողության տակ, ստիպում էին ռուսերենով ասել «Ղարաբաղը Ադրբեջան է»։ 

Տարածվող բոլոր տեսանյութերում այս արտահայտությունն Ադրբեջանը ստիպում է ասել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայկական կողմի ռազմագերիներին։

Ստուգված բովանդակությունը, վկայություններն ու արձանագրված տվյալներն ապացուցում են, որ գերիների հետ Ադրբեջանում վատ են վերաբերվում

Ադրբեջանցիների՝ հայերի հանդեպ վատ վերաբերմունքի կարծրատիպը իբրև փշրող նյութին հակակշռում են փաստերը։

📌 Հոկտեմբերի 15-ին ադրբեջանական Տելեգրամ ալիքներում հայտնվեց երկու հայ ռազմագերու նվաստացման և սպանության երկու տեսանյութ։ Ավելի ուշ որոշ ալիքներից նյութը հեռացվեց, փոխարենը տարածվեց այս երկրի ՊՆ-ն հայտարարությունը, թե այդ տեսանյութերի հետ իրենք կապ չունեն՝ հայերի բեմադրածն է։ Միջազգային երեք հարթակի  (DFRLab, Bellingcat, BBC) բաց աղբյուրներով հետաքննությունն ապացուցեց հակառակը։ 

📌 Իր և հայկական կողմի ռազմագերիների մասին Ադրբեջանի վերաբերմունքի և խոշտանգումների մասին պատմեց հոկտեմբերի 29-ին հայրենադարձված քաղաքացիական անձը։ Մյուս տարեց քաղաքացին, որի հայրենադարձումը առողջական իրավիճակով պայմանավորված հետաձգվել էր, հաջորդ օրը մահացավ Ադրբեջանում։

2001-2019 թվականի հայրենադարձումների մեր հավաքագրած տվյալները փաստում են, որ այս տարիներին Ադրբեջանի բանտում մահացել է 2 անձ հայկական կողմից։

📌 Դիերի խոշտանգումների, գերիների սպանությունների շատ այլ տեսանյութեր են հայտվում ցանցում։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ՄԻՊ-ը՝ դրանք ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր օգտատերերին են ուղարկվում։

📌 Ռազմագերիների մասնակցությամբ տարածվող այլ տեսանյութերում թուրք-ադրբեջանական քարոզչական թեզերն են լեգիտիմացնում։ Օրինակ, իբրև քուրդ վարձկաններ են կռվում հայկական կողմում, ինչի ապացույց չկա։ 

Ռազմագերիներին քարոզչության համար օգտագործելու ավելի վաղ հայտնի դարձած դեպքերի մասին Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ասել է․ «Ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների նկատմամբ կիրառում են ճնշման միջոցներ՝ մեծ հավանականությամբ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, որպեսզի նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչության թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը խստագույնս անընդունելի է և խախտում է Ժնևյան կոնվենցիաների դրույթները»։

Գերության մեջ գտնվողների անձնական տվյալների պաշտպանության և նրանց չվնասելու նպատակով media.am-ը չի հրապարակել ստուգված բովանդակության անձերը նույնականացնող ապացույցներ, ռազմագերիների մասնակցությամբ լուսանկարներ, տեսանյութեր։ Այս առումով հայցում ենք ընթերցողների ներողամտությունը և ըմբռնումը։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *