Արցախյան պատերազմի հետևանքով կնքված եռակողմ հայտարարությամբ Հայաստանի և Արցախի անվտանգության համար անչափ կարևոր Շահումյանի (Քարվաճառի) շրջանը ևս հանձնվեց Ադրբեջանին: Այստեղ են սկիզբ առնում թվով 4 խոշոր գետեր՝ Արփան, Որոտանը, Խաչենն ու Թարթառը․ առաջին երկուսը ջուր են մատակարարում Հայաստանին։
Քարվաճառի և մյուս շրջանների հանձնման հայտարարությունից հետո ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ Ադրբեջանի կողմից կիրականացվեն գետերն աղտոտելու և ջուրը թունավորելու գործողություններ։ Վտանգի մասին բազմիցս խոսել է նաև Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։ Նա գիտական աշխատանք ունի՝ նվիրված այս հիմնահարցին։
«Որոտան և Արփա գետերը սկիզբ են առնում Քարվաճառից, դրանք սնում են Սևանա լիճը, որը ՀՀ ջրային պաշարների 80%-ն է… Երբ Ադրբեջանը խոսում է, որ հայերը Մեծամորի ատոմակայանի թափոնները թաղում են Քարվաճառում, ինչն իհարկե սուտ է, դա նշանակում է, որ վաղը նրանք կգցեն ռադիոակտիվ նյութեր Արփայի և Որոտանի ակունքներ, կթունավորեն Սևանը (հետևաբար ողջ ՀՀ-ն) և կասեն, որ դա մենք չենք արել, դա դուք եք 30 տարի այնտեղ թափոններ թաղել, որոնք էլ պատահակնորեն ընկել են ջրային այդ շնչերակներ մեջ»,- ArmNews-ի հետ զրույցում ասել է Բաբայանը։
Քարվաճառի ջրահավաք ավազանի հնարավոր թունավորման խնդրին հաճախ է անդրադարձել նաև լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ գրառումներով և ռեպորտաժներով։
Ի հակադրություն մտահոգություններին՝ բնապահպան Լևոն Գալստյանը մի քանի հարցազրույցներում խոսեց ջրերի թունավորման փոքր հավանականության մասին։
«Քարվաճառի ավազանը ոչ մի կապ չունի Սևանի ավազանի հետ: Պարզապես, սահմանի մի փոքր տեղում Որոտան գետի ակունքն ընկնում է հին սովետական սահմանից դուրս, գուցե դրա շուրջ է մտավախությունը: Ես կարծում եմ, որ ջրային ավազանի առումով վտանգ չկա, բայց գուցե ես սխալվում եմ»,- medialab.am-ի հարցին ի պատասխան ասել էր նա:
Մենք փորձեցինք հասկանալ՝ որքանո՞վ է հավանական Ադրբեջանի կողմից գետերի թունավորումը, և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ։
Քարվաճառի գետերի ու Սևանա լճի «կապը»
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս են կազմում Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները, քանի որ 1980-ականներից գործում է Արփա-Սևան թունելը: Փաստացի այդ տարածքները Սևանա լճի ավազանի մաս չեն, բայց, միևնույն է, Արփա գետի ջուրը Սևան կարող է տեղափոխվել «Արփա-Սևան» ջրատար թունելի միջոցով։
Կա՞ անհանգստանալու պատճառ
Շրջակա միջավայրի նախարարության Ջրային քաղաքականության վարչության պետի ժ/պ Լիլիթ Աբրահամյանը media.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանն ունի փականային համակարգ թունելի վրա. եթե ջրի որակի փոփոխություն լինի, կարող են կանգնեցնել հոսքը։
«Երբ ջրում հայտնվում են ռադիոակտիվ նյութեր, փոխվում է նաև օդի ռադիացիոն ֆոնը։ Եթե նույնիսկ ջրում ռադիոակտիվ իզոտոպեր չկարողանանք հայտնաբերել, օդում ռադիոակտիվության փոփոխությունը զգալի կլինի, մանավանդ, որ մենք ունենք օդի ախտորոշման կայաններ։ Մենք կկարողանանաք կանխարգելիչ միջոցառումներ ձեռք առնել և թույլ չտալ, որ ջուրը հասնի Սևան»,- վստահեցրեց նա։
Կթունավո՞րի Ադրբեջանը սեփական տարածք հոսող ջրերը
Դեպի Հայաստան հոսող երկու գետերը, որոնց թունավորման ռիսկայնությունը շատերը բարձր են գնահատվում, Հայաստանի ամենամեծ գետի՝ Արաքսի վտակներն են։ Արաքսի ավազանն ընդգրկում է ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի տարածքը։
Սա նշանակում է, որ թունավորելով Արփայի կամ Որոտանի ջրերը՝ Ադրբեջանը կթունավորի նաև սեփական (Նախիջևանի) բնակչությանը։
Միևնույն ժամանակ Հայաստանից դուրս եկող բազմաթիվ գետեր հոսում են դեպի Ադրբեջան։ Ջրային նման քաղաքականությունը կարող է պատասխան քայլ ենթադրել։
Գետերի թունավորման մտավախություն Շրջակա միջավայրի նախարարությունն իսկապես ունեցել է, այդ պատճառով էլ առաջարկություններ է ներկայացրել վարչապետի աշխատակազմ։
«Եթե մենք փակենք թունելի բերանը, թույլ չտալով ջրի մուտքը Սևան, այն շարունակելու է հոսքը դեպի Ադրբեջանի տարածք։ Թունելը չփակելու դեպքում ջուրը ևս կգնա Նախիջևան, պարզապես ոչ ամբողջ թափով»,- նշեց Լիլիթ Աբրահամյանը։
Նախկինում Խորհրդային Միության անդամ երկրների ջրային համակարգերը կառավարվում էին Կրեմլից՝ մշակած կենտրոնաձիգ քաղաքականությամբ։ 1991-1994-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմը զրոյացրեց ջրի կառավարման ցանկացած համագործակցություն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Քուռ-Արաքս գետավազանի երկրների միջև այսօր էլ դեռ համաձայնություն չկա միջսահմանային ջրի կառավարման վերաբերյալ։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: