Նոյեմբերի երկրորդ կեսին պատերազմի զարգացումների շուրջ շարունակում էին շրջանառել կեղծ լուրեր։ Հակասական տեղեկություններ տարածվեցին Սոթքի հանքավայր ադրբեջանցիների մուտք գործելու մասին։ ԱԳՆ-ից հերքեցին վարչապետին՝ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց։ Սա գերատեսչությունների խոսնակների համար հերքման միակ առիթը չէր։
Շուշիի հանձնման հարցը խաղաղ բանակցություններում չի եղել, փոխարենրը խոսք է եղել ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին
Նոյեմբրի 16-ին Ազգային ժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմը կանխարգելելու մասին հայտարարություն արեց, որը րոպեներ անց հերքեց ԱԳՆ խոսնակը։
Փաշինյանը մասնավորապես ասաց․ «Վերջին 2,5 տարվա ընթացքում իմ ունեցած շփումները, քննարկումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթարդրեր հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից և տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից» (տեսանյութում 49։12 րոպեից):
Րոպեներ անց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ «խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»:
Նույն օրը, ի պատասխան մեկ այլ պատգամավորի ճշգրտող հարցի, վարչապետը մեկնաբանեց, որ չընդունված փաթեթներում միշտ եղել է փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձի հարց՝ առնվազն Շուշի (տեսանյութում 1։33։20 րոպեից)։
Պաշտոնյաները մեղադրում են միմյանց, խոսնակները՝ հերքում
Հրադադարի հայտարարությունից հետո սկսվեցին խոսակցությունները պարտության պատճառների, կադրային և ռազմավարական վատ քաղաքականության մասին։ Հրապարակային այս հայտարարություններին հաջորդում էին մամուլի խոսնակների հերքումները։
? Նոյեմբերի 16-ին Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պնդումը։ Վերջինս նույն օրը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր. «Այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։ Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»։
Ստեփանյանը մի քանի կետով ուղղեց Քոչարյանին։ Նա ուղղեց տերմինաբանական սխալը, ոչ թե «ռազմաօդային ուժեր», այլ ՝ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչություն։ Տեղեկացրեց, որ վարչության ղեկավարին նշանակում է ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարը, այլ՝ վարչապետի միջնորդությամբ՝ Հայաստանի նախագահը։
Ինչ վերաբերում է ներկա ղեկավար գնդապետ Գագիկ Ասլանյանին, Ստեփանյանը գրեց․ «Նա առաջին կարգի և գործող օդաչու է, թռիչքներ է իրականացնում չորս, այդ թվում նաև ՍՈՒ 30-ՍՄ տեսակի ինքնաթիռներով, ունի ավելի քան 1500 թռիչքաժամ և իրավամբ համարվում է իր ոլորտի բարձրագույն պրոֆեսիոնալ»։
? ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 19-ի ասուլիսի ժամանակ աղմկոտ բարձրաձայնումներ արեց, նաև հայտարարեց՝ վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել։
Վերջին միտքը փաստերով հերքեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա գրառման մեջ տեղադրեց վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունները։ Դրանցում հաստատվում էր, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները սեպտեմբերի 27-ին և սեպտեմբերի 29-ին ունեցել են հեռախոսազրույց։
Թալեաթ փաշայի նամակի հեղինակը պատմաբան Հայկ Կոնջորյանն է
Նոյեմբերի 19-ին սոցցանցերում և սունկ կայքերում տարածվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի նամակն ուղղված հայ ժողովդրին։ Դրանում մանրամասն վերլուծվում էր հայի կերպարը՝ այն հակադրելով թուրքի հետ։ Սակայն, պարզ որոնումից պարզվեց, որ հայերի բնավորության սրտացավ վերլուծությունը ոչ թե Թալեաթ փաշայինն է, այլ՝ ապագա պատգամավորինը։
Այն գրել է պատմաբան Հայկ Կոնջորյանը Ցեղասպանության 100-ամյակի տարելիցից առաջ՝ 2015-ի ապրիլի 20-ին։ Նամակը հրապարակվել է lragir.am-ում։ Նյութի վերջում նշված է դրա բնույթը՝ «ֆուտուրիստական»: Փաշան այս դեպքում պատմական-գեղարվեստական կերպար է՝ հայ ժողովրդի թույլ տված սխաները և բնավորության թույլ կողմերը վերլուծելու համար։ Նյութի սկզբում հստակ երևում է հեղինակի անունը և մասնագիտությունը։
Իրանի տարածքում հայ զինվորներ չէին գտնվում
Իրականությանը չէր համապատասխանում սոցցանցերում տարածվող լուրը, թե Իրանում են գտնվում 82 հայ զինծառայող։ Տարածվող տեքստում կոչ էր արվում Մարտունիում, Ջաբրայիլում, Վայքում ծառայող անհայտ կորած զինվորների ծնողներին մոտենալ Հայաստանում Իրանի դեսպանատուն՝ իրենց զավակների մասին տեղեկություն ստանալու նպատակով։ Լուրը չեն հաստատել Հայաստանի Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունները։
Սև ժապավենները հանելու հրաման, կոչ կամ հորդոր չի եղել
Նոյեմբերի 24-ին hraparak.am-ը գրեց, թե Երևանի քաղաքապետը «տգեղ որոշում է կայացրել»։ Ըստ իրենց տեղեկության՝ Հայկ Մարությանը Երևանի վարչական շրջանների ղեկավարներին «հրահանգել է պատերազմում զոհվածների անուններով փակցվող սև ժապավեններ այլևս չփակցնել, իսկ որոնք որ արդեն փակցված են, ժամանակից շուտ գնում-հանում են»։
Hraparak.am-ն առանց որևէ վիճակագրության հղում տալու պնդել էր, թե «Երևանում են ապրում Հայաստանի բնակիչների կեսից ավելին», ու եզրակացրել՝ այստեղ զոհվածների քանակն ավելի մեծ է, քան մարզերի մյուս քաղաքներինը։ Հետևաբար՝ «այստեղ էլ պետք է հանդիպեին այդ ժապավենները, մինչդեռ դրանք փակցված են ծայրամասային մի քանի երկրորդական փողոցներում»։
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը media.am-ի հետ հեռախոսազրույցում հերքեց այս լուրը։ Կարապետյանը տեղեկացրեց, որ սգո ժապավենների կիրառումը նորմատիվ իրավական ակտերով չի կարգավորվում։ Դրանք չեն տեղադրվում և չեն հանվում որևէ կարգադրությամբ։ Նաև հավելեց՝ «չկա որևէ արգելք, հորդոր կամ հանձնարարություն սև ժապավենների հետ կապված»։
Արցախցի մանկահասակ երեխան չէր կորել
Նոյեմբերի կեսին սոցցանցերում տարածվում էր մանկահասակ երեխայի մասնակցությամբ տեսանյութ՝ նրա և ընտանիքի մասին տարբեր սցենարներով։ Ընտանիքը կորցրած երեխայի խնամքի համար անգամ դրամահավաք էր կազմակերպվել։ Սակայն, ավելի ուշ պարզվեց, որ տեսանյութը նոր չէ, երեխան ընտանիքի հետ է։
Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը նոյեմբերի 16-ին տեղեկացրեց, որ երեխան մեկ ամիս առաջ է Արցախից եկել Գորիս։ «Տեսանյութը նկարվել է դեռևս սեպտեմբերին (մայրիկի հավաստվամամբ), իսկ իրենք վաղուց Գորիսում են և էստեղ մենք ապահովում ենք անհրաժեշտ սննդով», – գրել էր նա։
Տեսանյութը նկարահանելու մանրամասների մասին տեսաուղարձով պատմեց կադրում երևացող զինվորականը։
Սոթքի հանքավայր ադրբեջանցիների մտնելու մասին պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկությունները չէին համընկնում
Նոյեմբերի 26-ին տեսանյութեր հայտնվեցին ցանցում, այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողները կոտրել են մեկ օր առաջ փակված Հայաստան-Քարվաճառ ճանապարհը փակող դարպասները և հասել են Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի մատույցներ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ թիվ հնչեցրեց՝ «80 ազերի զինվորական»։
Վարչապետի մամուլի խոսնակն ու Պաշտպանության նախարարությունը հերքեցին լուրը, թե ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքի տարածք։ Մինչդեռ Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը հաստատեց հակառակը։ Որոշ լրատվամիջոցներ կապվեցին հանքի աշխատակիցների հետ։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ խնդիրը դարպասի տեղադրման վայրի հետ է կապված, «որը հիմա եռակողմ քննարկման փուլում է»։ Նաև տեղեկացրեց, որ հանքի բուն տարածք ադրբեջանցիները չեն մտել։
Արդյուքնում հաստատվեց, որ Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին:
Շուշիի «դժբախտ, դժգույն» քաղաք լինելու միտքը կոնտեքստից կտրված էր շրջանառվում
Վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովում նոյեմբերի 16-ին խոսեց Շուշիի մասին։ Մի շարք օգտատերեր խոսքը կտրեցին համատեքստից՝ ներկայացնելով թե վարչապետն ասել էր «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր։ Մեզ պե՞տք էր Շուշին»։ Իրականում Փաշինյանի միտքը այն չէր, որ Շուշին մեզ պետք չէր։ Խոսքը քաղաքի խնամքի և արված ներդրումների մասին էր։
«Շուշին ծախել են. ո՞վ է ծախել: Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր։ Մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում:
Ասում են՝ ինչու Արցախի նախագահն իր երդմնակալությունը Շուշիում արել: Պատկերացրեք, ամբողջ էլիտան 30 տարի համարել է, որ Շուշին ԼՂ քաղաք է, և Արցախի նախագահն այնտեղ իրավունք չունի միջոցառում անելու: Այդտեղ է հանձնվել Շուշին», – ասել էր Նիկոլ Փաշինյան:
Շարմազանովի ադրբեջանական անձնագիրը կեղծ է
Կեղծ և հին էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ Ադրբեջանի անձնագիր ունենալու լուրը։ Լուսանկարն առաջին անգամ շրջանառվել է 2018-ին։ Շարմազանովի նկարը տեղադրվել էր Վիքիպեդիայից վերցված ադրբեջանական անձնագրի օրինակի վրա։
Հերքումներ
❌ Նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հերքեց տարածվող լուրերը, թե ընտանիքի հետ պատրաստվում է լքել Հայաստանը։
❌ Գրող Սյունե Սևադան հերքեց analitik.am-ի հրապարակումը, թե ինքը ամեն կերպ փորձում է դառնալ Էկոնոմիկայի նախրարության մամուլի խոսնակ։
❌ ԱԺ փոխխոսնակներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը հերքել են նոր առանձնատներ գնելու լուրերը։
❌ Իրականությանը չէր համապատասխանում Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի 300 հա վարելահողը Ադրբեջանի վերահսկողության տակ մնալու տեղեկությունը։ Դրանք Քուբաթլուին պատկանող հողերն են, որ օգտագործել էին Սյունիքի բնակիչները։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: