2020.11.19,

Ստուգված է

Նամակը գրել է ոչ թե Թալեաթ փաշան, այլ՝ Հայկ Կոնջորյանը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Նոյեմբերի 19-ին ցանցում տարածվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի նամակը՝ ուղղված հայերին։ Այն, ինչպես պարզվեց պարզ որոնումից, այլ հեղինակ ուներ և գրվել էր 5 տարի առաջ։

Ինչ էր գրված նամակում

Թալեաթ փաշային վերագրվող նամակը սկսվում է հայտնի խոսքով, թե «Մենք ցանկանում էինք թողնել մեկ հայ` այն էլ թանգարանում»։ Շարունակության մեջ ասվում է, որ եթե ապագայում հայերը կարդում են այս նամակը, նշանակում է` «մենք պարտվել ենք»: 

Ապա մանրամասն վերլուծվում է հայի կերպարը՝ այն հակադրելով թուրքի հետ՝ ճարպկության ու դիվանագիտության, սպասելու ու շտապողականության և այլ առումներով։ Նամակն ամփոփվում է «օտար փրկիչների» վրա հայերի հույս դնելու դրվագով, ինչի արդյուքնում՝ «դուք, արդեն ավանդույթ դարձած` հայտնվում եք կոտրած տաշտակի առջև, որը վերջում` մի անգամ էլ կոտրելու են գլխին»։

Հայերի կերպարի սրտացավ վերլուծությունը ոչ թե Թալեաթինն է, այլ ապագա պատգամավորինը

Որոնողական համակարգում, այս նամակի մեկ նախադասությունը որոնելով, հեշտությամբ կարելի է պարզել, որ դրա հեղինակը Թալեաթ փաշան չէ։

Այն գրել է պատմաբան Հայկ Կոնջորյանը Ցեղասպանության 100-ամյակի տարելիցից առաջ՝ ապրիլի 20-ին։ Նամակը հրապարակվել է lragir.am-ում՝ «Նամակ անցյալից. Թալեաթ փաշա» վերնագրով։ Նյութի վերջում նշված է դրա բնույթը՝ «ֆուտուրիստական»:

Փաշան այս դեպքում պատմական-գեղարվեստական կերպար էր՝ հայ ժողովրդի թույլ տված սխաները և բնավորության թույլ կողմերը վերլուծելու համար։ Նյութի սկզբում հստակ երևում է հեղինակի անունը և մասնագիտությունը։

Հայկ Կոնջորյանը 2018-ից «Իմ քայլը» խմբակցության կազմով պատգամավոր է ընտրվել։ Մինչ այդ եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ։ Մի քանի տարի շարունակ նյութեր է հեղինակել Lragir.am կայքում։ Para TV-ում վարել է «Մի խոսքով» շարքը։ 

Չստուգված և սենսացիոն բովանդակությունն այսօր հրապարակել են մի քանի սունկ կայքեր՝ armnews365.ru, mediaroom.am, yerevan-times.com և այլն։ Դրանք տարածել են անհատ օգտատերեր և ֆեյսբուքյան էջեր։ Օրինակ “One Armenia” էջի տարածած նյութը 3 ժամում կիսվել է 200 անգամ։

Սունկ կայքերը նոր չեն հայկական մեդիա դաշտում։ Դրանք կիսալրատվական, կիսաժամանցային հարթակներ են, որտեղ չկա կոնտակտային տվյալ և «Մեր մասին» բաժին։ Դրանց հաճախ մոլորեցնող լուրերի տարածումը ընթերցողների մոտ ստեղծում է թե՛ լրատվական դաշտի, թե՛ ընդհանուր սոցիալական և քաղաքական կյանքի խեղաթյուրված պատկեր:

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *