Հոկտեմբերին համաշխարհային լրատվամիջոցներից շատերի ուշադրությունը սևեռված էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմի վրա։ Հաճախ լրատվականները հաղորդում էին սխալ լուրեր, սակայն Հայաստանի մասին ապատեղեկատվության հիմնական հաղորդողը ադրբեջանական աղբյուրներն էին։
Թուրքիան առանց ապացույցների հայտարարեց, թե Մինսկի խմբի համանախագահները զինում են հայերին
Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ամեն կերպ աջակցում են և զենք են մատակարարում Հայաստանին։
Հայաստանը, ինչպես և Ադրբեջանը, սպառազինություն է գնում Ռուսաստանից։ Սակայն Մինսկի խմբի երեք համանախագահների կողմից Հայաստանին զինելու մասին պնդումները որևէ անկախ լրատվամիջոց կամ աղբյուր չի հաստատում։ Էրդողանը իր հերթին հիմնավորումներ չի ներկայացնում։
Էրդողանի այս հայտարարությունը պատասխան էր Արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ մեղադրանքներին։ Մամուլը հաղորդել է Թուրքայի կողմից Ադրբեջանին տրամադրված F-16 կործանիչների, շուրջ 600 զինծառայողի և վարձկանների մասին։
ԱՄՆ-ն զգուշացրեց Ադրբեջանում ահաբեկչության վտանգի մասին, իսկ տեղական մամուլը հավելեց մոլորեցնող մանրամասներ
Հոկտեմբերի 24-ին Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց Ադրբեջանում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին։
Ադրբեջանական մամուլն այս հայտարարությանը տարածեց իր կողմից հավելումով։ Haqqin.az-ը գրեց․ «ԱՄՆ դեսպանատունը զգուշացնո՛ւմ է․ հայերը ահաբեկչություններ են նախապատրաստում Բաքվում»։ Որևէ ապացույց կայքը չէր բերում, միայն հղում էր տալիս ադրբեջանական հատուկ ծառայություններին։
Այս հրապարակումը մոլորեցնող էր, քանի որ դեսպանատան հայտարարության մեջ որևէ խոսք հայերի մասին չկար։
Հայտնի է, որ պատերազմի սկսելուց շաբաթներ առաջ նախապատրաստվել և իրականացվել է վարձկանների տեղափոխումը Սիրիայից Ադրբեջան։ Վարձկանները հավաքագրվել են Թուրքիայի հովանու ներքո գործող զինյալ խմբերի, ինչպես նաև քաղաքացիական բնակչության շարքերից։ Նրանք Թուրքիայի տարածքով տեղափոխվել են Ադրբեջան։
Հոկտեմբերի 23-ին ահաբեկչության վտանգի մասին զգուշացում արել էր նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը՝ նշելով, որ վիզա ստանալու ծառայություններն այդ երկրում ժամանակավորապես դադարեցվում են։
Թրամփը հայտարարեց, Փաշինյանը հերքեց
Հոկտեմբերի 25-ին Միացյալ Նահանգները, հետևելով Ռուսաստանին և Ֆրանսիային, փորձեցին հակամարտող կողմերի միջև զինադադար հաստատել։ Այս պայմանավորվածությունը, սակայն, նախորդ երկու զինադադարների ճակատագրին արժանացավ՝ այն խախտվեց ուժի մեջ մտնելուց քիչ անց։
Հաջորդ օրը նախագահ Դոնալդ Թրամփը զինադադարի մասին հարցին պատասխանելով ասաց, թե այն պահպանվում է։ Այդ ժամանակ արդեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հայտարարել էին, որ զինադադարը խախտվել է, և Թրամփը, փաստորեն, ստում էր։
Նրա հայտարարությանը Թվիթերում արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ուզում եմ փաստել, որ միջազգային հանրության՝ այս անգամ Միացյալ Նահանգների կողմից միջնորդավորված հրադադարի ռեժիմ հաստատելու ջանքերը ձախողվել են»։ Գրառման մեջ Փաշինյանը նաև նշեց Թրամփի թվիթերյան հաշիվը։
Ռուսաստանի դրոշը ոչ ոք չէր վառել
Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը արձագանքեց այն լուրերին, թե Երևանում ռուսական դրոշ է վառվել։ Խոսքը 2015 թվականին Ռուսաստանի դեսպանատան դիմաց ցույցի մասին է, որը տեղի էր ունեցել ռուս զինվորականի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո։
Մանե Գևորգյանը ներկա էր ցույցին։ Նա հիշեցրեց, որ դրոշը ոչ ոք չէր վառել։
Գևորգյանը գրել էր այս մասին լրագրող Վլադիմիր Սոլովյովին, որն իր Յութուբյան ալիքի եթերում կարդաց Գևորգյանի նամակը։
Meduza-ն սխալմամբ Փաշինյանին վերագրեց պուտինյան ոճի «զրոյացում»
Հոկտեմբերի 5-ին ռուսական Meduza կայքը անդրադարձավ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարմանը։ «Что случилось?» փոդքասթի հերթական թողարկման մեջ լրագրող Վլադիսլավ Գորինը և «Коммерсант» հրատարակչության արտաքին քաղաքականության բաժնի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը սխալ հայտարարություններ արեցին։
❌ Կիրիլ Կրիվոշեևն ասաց (10:35-10:45), որ Գագիկ Ծառուկյանի դեմ բացված գործը այդպես էլ տեղից չշարժվեց, քանի որ վրա հասավ կորոնավիրուսը, և Ծառուկյանը բանտ չնստեց։ Ծառուկյանը կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին, և փոդքասթի լույս տեսնելու ժամանակ գտնվում էր անազատության մեջ։
❌Վլադիսլավ Գորինն իր հերթին հայտարարեց (11:00-11:10), որ Նիկոլ Փաշինյանը անց է կացրել «обнуление»՝ զրոյացում։ Այսպես Ռուսաստանում անվանում են այս ամռանը ընդունված սահմանադրական փոփոխությունները, որոնք «զրոյացնում» են Պուտինի կառավարման ժամկետները և թույլ տալիս նրան ևս երկու անգամ նախագահ ընտրվել։ Որևէ նման գործընթաց Հայաստանում տեղի չի ունեցել՝ ոչ Սահմանադրական հանրաքվե է եղել, ոչ էլ որևէ կերպ փոխվել է վերընտրման թույլատրելի ժամկետների քանակը։
Չնայած բազմաթիվ ապացույցների, Ադրբեջանը և Թուրքիան չեն ընդունում սիրիացի վարձկաններին պատերազմում ներգրավելու մասին մեղադրանքը
Վերջին ամսվա ընթացքում միանգամից երեք երկիր՝ Հայաստանը, Ֆրանսիան և Ռուսաստանը հայտարարեցին, որ Սիրիայից զինված վարձկանները տեղափոխվել են Հարավային Կովկաս։
Միջազգային մամուլը նույնպես անդրադարձավ թեմային, իսկ վարձկանների կողմից սոցցանցերում հրապարակված լուսանկարները և տեսանյութերը օգնեցին ապացուցել, որ շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը․ պատերազմի սկսելուց օրեր առաջ Թուրքիան իր կողմից հովանավորվող սիրիական զինված խմբերից սկսել է վարձկաններ տեղափոխել Ադրբեջան։
Անկարան և Բաքուն կտրականապես հերքում են այս մեղադրանքը։ Հերքումների հետ մեկտեղ հայտնվում են նորանոր ապացույցներ․ օրինակ, նոյեմբերի 1-ին Հայաստանը հրապարակեց արդեն երկրորդ գերեվարված սիրիացի վարձկանի հարցաքննությունից մի հատված։
Վարձկանների մասին Ադրբեջանը պատասխանում է հայելային մեղադրանքներով
Ի պատասխան սիրիացի վարձկանների մասին լուրերին՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, թե հենց Հաայաստանն է օտարերկրյա վարձկանների և Քրդական բանվորական կուսակցության «ահաբեկիչների» ներգրավում:
Այս մեղադրանքներն անհիմն են։ Որպես օտարերկրյա վարձկան Հաջիևը օրինակ է բերում Վարդկես անունով լիբանանահայ տղամարդու, որը հայրենադարձվել է այս ամռանը և պատերազմի ժամանակ կամավոր է գրանցվել։
Քրդական բանվորական կուսակցության զինյալների մասին մեղադրանքը հաճախ է հնչում թուրքական և ադրբեջանական աղբյուրներում։
This is an official proclamation of #armenian member of parliament, Rustam Bakoyan, who clearly “is proud” of #terrorist involvement along with armenian armed forces in fight against #Azerbaijan. You can see Yazidis, #PKK terrorists in the picture. #KarabakhisAzerbaijan https://t.co/zPsXQVjpG1
— Ahmad Gurbanli (@Ax_Med) October 21, 2020
Երբեմն որպես ապացույց բերվում է Հայաստանի եզդիների համայնքի զինվորների լուսանկարները։ Եզդիները Հայաստանում ազգային փոքրամասնություն են և ՀՀ քաղաքացիներ։ Որևէ հիմք չկա ենթադրելու, թե հայաստանցի եզդիներին ռազմաճակատ է ուղարկել Քրդական բանվորական կուսակցությունը։
Հոկտեմբերի սկզբին Հայաստանի կողմից կասետային ռումբ օգտագործելու մասին պնդումները չապացուցվեցին
Հիքմեթ Հաջիևը հաճախ է անում նմանատիպ հայելային մեղադրանքներ։
Օրինակ, հոկտեմբերի 5-ին Amnesty International-ը հաստատեց, որ Ադրբեջանը արգելված կասետային ռումբեր է օգտագործել Ստեփանակերտի խաղաղ բնակչությունը ռմբակոծելու համար։ Խոսքը իսրայելական M095 DPICM կասետային զինատեսակի մասին էր։
Մի քանի օր անց Հաջիևը հրապարակեց նույն M095 DPICM ռումբերի նկար՝ պնդելով, թե հայերը դրանցով հարվածել են նավթամուղին։ Ռազմական փորձագետ Ռոբ Լին նկատեց, որ կասետային ռումբերը չէին կարող իրարից այնքան մոտ ընկնել, ինչպես պատկերված էր Հաջիևի լուսանկարներում։
Մի քանի շաբաթ անց՝ հոկտեմբերի 29-ին, Amnesty International-ը հաստատեց, որ Հայաստանը ևս օգտագործել է կասետային ռումբ նախօրեին տեղի ունեցած Բարդա քաղաքի ռմբակոծման ժամանակ։ Օգտագործվել էր ռուսական 9M55 Smerch ռումբը։
France24-ը սխալ մեջբերեց Փաշինյանին
France24 հեռուստաընկերության լրագրող Գուլիվեր Գրագը եթերում ասաց, թե Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցիներին «ահաբեկիչ» է անվանել։
Գրեգը հայտնեց, թե Փաշինյանը, խոսելով ահաբեկիչների մասին, «նկատի ունի ադրբեջանցիներին»։ Սակայն լրագրողի ասածը ոչ թե վարչապետի խոսքի ուղիղ մեջբերում էր, այլ մեկնաբանություն։
Հավանական է, որ լրագրողը սխալ էր հասկացել Փաշինյանի ասածը․ վարչապետը բազմիցս խոսել է տարածաշրջանում հայտնված ահաբեկիչների մասին։ Սակայն նրա հայտարարությունները վերաբերել են ոչ թե ադրբեջանցի ժողովրդին, այլև Թուրքիայի կողմից Հարավային Կովկաս բերված սիրիացի վարձկաններին։
«Дождь»-ը շփոթեց Ստեփանակերտի և Թարթառի կադրերը
Հոկտեմբերի 5-ին ռուսական «Дождь» հեռուստաընկերությունը հաղորդեց ադրբեջանական Թարթառ քաղաքի ռմբակոծության մասին, սակայն սխալմամբ ցուցադրեց Ստեփանակերտի ռմբակոծության կադրերը։ Լրատվականը ներողություն խնդրեց սխալի համար։
Սխալի մասին գրեց ռուսական պետական «Սպուտնիկ» գործակալության հայաստանյան մասնաճյուղը։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: