2020.10.19,

Ստուգված է

Հոկտեմբերի 1-15․ Արցախյան պատերազմի մասին կեղծ ու հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հայ-ադրբեջանական պատերազմը ոչ միայն Արցախում է, այլև տեղեկատվական տիրույթում։ Media.am-ը առանձնացրել է հոկտեմբերի առաջին կեսին պատերազմի մասին տարածվող կեղծ կամ չճշտված տեղեկությունները։ 

Հայելային պնդումներ

Ադրբեջանի մեղադրանքները Հայաստանի հասցեին հաճախ հայելային են. դրանք կամ կրկնում են ավելի վաղ արված հայկական հայտարարությունները, կամ նույն արարքի մեջ մեղադրում են հայկական կողմին։

? Երբ պարզ դարձավ, որ Ստեփանակերտը հրետակոծվում է արգելված կասետային ռումբերով, Իլհամ Ալիևի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, թե հայերն էլ են դրանք օգտագործում։ Նրա հրապարակած լուսանկարը, սակայն, ռազմական փորձագետներին կասկածելի թվաց։  

? Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին երկու անգամ ռմբակոծելուց հետո ադրբեջանական մամուլը ենթադրեց, որ հայկական կողմն ինքն է խոցել եկեղեցին։ Սակայն օրեր անց նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ նույն օրը երկու անգամ իրականացված ռմբակոծությունը կարող էր սխալմունքի հետևանք լինել։ 

? Ադրբեջանը հայտարարեց, թե Թուրքիան չէր խոցել հայկական Սու-25 ինքնաթիռները՝ դրանք ինքնուրույն էին պայթել՝ լեռներին հարվածելով։ 

Կեղծ հաշիվներ և «ուռճացված» հեշթեգեր

Պատերազմի օրերին սոցցանցերում ակտիվացան պաշտոնյաների և լրատվամիջոցների բազմաթիվ կեղծ հաշիվներ։ Instagram-ում հայտնվեց «Հրապարակ» թերթի կեղծ էջ, Facebook-ում՝ Հանրային հեռուստատեսության։

Media.am-ը հավաքեց նաև ՊՆ նախկին և ներկա խոսնակներ Արծրուն Հովհաննիսյանի և Շուշան Ստեփանյանի, Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի անունից գործող կեղծ էջերը։ 

Սոցցանցերում տեղեկատվական պատերազմը այսքանով չի սահմանափակվում։ Հոկտեմբերի 6-7-ը Twitter-ում նոր թրենդային հեշթեգ հայտնվեց՝ #DontBelieveArmenia։ Media.am-ը ուսումնասիրեց այս թրենդը և դրա մասին տարբեր հետազոտողների կարծիքները։ Պարզվեց, որ այն կիրառող հաշիվներից շատերը նորաստեղծ են, տարածում են նույնանման բովանդակություն։ 

Սակայն չի կարելի պնդել, որ այդ բոլոր հաշիվները ավտոմատացված են․ թե՛ ադրբեջանցի, թե՛ հայ իրական օգտատերերը համակարգված վարք են դրսևորում․ տարածում են նույն գրառումներն ու մեկնաբանությունները կամ կատարում են նույն գործողությունները (հավանում, կիսում)։ 

Սոցցանցերում հայտվել են խմբեր, որոնք համակարգում են նման ակտիվությունը։ Այս երևույթից բողոքեց BBC-ի լրագրող Յոնահ Ֆիշերը։ BBC-ի մեկ այլ լրագրող Գրիգոր Աթանեսյանն էլ գրեց, որ նման ակտիվությունը մեծապես վնասում է հայկական նպատակներին։ 

Ադրբեջանում բողոքի ցույցերի մասին լուրեր չկան

Հայկական մամուլում այս օրերին տարածվեց տեղեկություն այն մասին, թե Ադրբեջանում լայնամասշտաբ ցույցեր են։ 1in.am-ը, հղում տալով infoteka24.ru-ին, գրեց, թե ռազմաճակատում կորուստների իրական մասշտաբը պարզ դառնալուց հետո «Բաքվում հակակառավարական ցույցեր են հասունանում», իսկ այլ քաղաքներում արդեն բազմահազարանոց ցույցեր են։ Նույն լուրը տարածեցին նաև norlur.am-ը, evnnews.com-ը և այլ հայկական կայքեր։  

Նման տեղեկությունը տարածեց նաև երգիչ Սերժ Թանկյանը։ 

Ցույցերից մամուլի հրապարակած լուսանկարը հին էր, համացանցում այն հրապարակվել է դեռևս 2014 թվականին։ Բացի հայկական կայքերից, որևէ միջազգային աղբյուր տեղեկություն չի հրապարակում Ադրբեջանում բողոքի ցույցերի մասին՝ դրանց մասին լուրեր չկան։ 

Ադրբեջանցի անկախ լրագրող Ջավիդ Աղան չհաստատեց նաև Սերժ Թանկյանի տարածած տեղեկությունը։ 

Համացանցում հայերին և ադրբեջանցիներին կոչ է արվում գումար փոխանցել նույն հաշվեհամարին 

Infocheck.am-ը գրեց, որ միևնույն հաշվեհամարին կոչ է արվում դրամական փոխանցումներ կատարել թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի օգտատերերին։ «4890 4947 0987 4051» ռուսական քարտային հաշվին գումար փոխանցել առաջարկում էր «Новости Армении» տելեգրամյան ալիքը՝ տուժածներին օգնելու համար։ Նույն կոչը նույն հաշվեհամարով տարածում էր «Азербайджан | Новости» տելեգրամ ալիքը։ 

Խարդախությունից խուսափելու համար դրամական միջոցները հարկավոր է փոխանցել վստահելի հիմնադրամներին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին և Զինծառայողների ապահովագրության hիմնադրամին։

Ադրբեջանական մամուլը ցուցադրեց հայ կնոջ մասին բեմադրված տեսահոլովակ

Ադրբեջանական մամուլում տարածվեց մի տեսահոլովակ, որում ադրբեջանցի զինվորները բարեհամբյուր խոսակցություն էին վարում Արցախում ապրող Ազնիվ Բաղդասարյանի հետ։ Ավելի ուշ տիկին Բաղդասարյանի մասնակցությամբ մամուլի ասուլիս հրավիրվեց, որտեղ վերջինս խոսեց իր հանդեպ բարի վերաբերմունքի մասին։ 

Շուտով, սակայն, պարզվեց, որ «Ազնիվ Բաղդասարյանը», ամենայն հավանականությամբ, հորինված կերպար է։ Հայաստանի ՊՆ-ն հրապարակեց տեսահոլովակ, որտեղ երևում էր, որ տիկին Բաղդասարյանին մոտեցող զինվորներից մեկը ադրբեջանական Xezer հեռուստաընկերության հաղորդավարն է։ 

Հին լուրեր

? Հոկտեմբերի 15-ին որոշ հայկական կայքեր գրեցին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Լուրը նոր չէր․ 2017 թվականին Էրդողանը ուշաթափվել էր մզկիթում աղոթելու ժամանակ։ 

? Հոկտեմբերի 16-ին Միլան քաղաքի ավագանին ճանաչեց Արցախի անկախությունը։ Նույն օրը Twitter-ում տարածվեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքում հրապարակված լուրը այն մասին, որ ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը։ Լուրը սակայն հին էր՝ այն հրապարակվել էր դեռևս 2016 թվականին։ 

? Ադրբեջանական սոցցանցերում տարածվեց նաև հայերի կողմից իբր Մինգեչաուրը խոցելու տեսահոլովակ։ Հոլովակը 2018 թվականի էր։ 

Հերքումներ 

?Հոկտեմբերի 10-ին Արծրուն Հովհաննիսյանը գրեց, որ ադրբեջանական կողմը հարվածել է Կապան քաղաքին։ Տեղեկությունը տարածվեց մամուլում, սակայն շուտով Հովհաննիսյանը ուղղում հրապարակեց՝ հարվածը հասցվել էր ոչ թե Կապանին, այլ դրա մոտակայքում գտնվող Արծվանիկ գյուղին։ 

? Իրաքում ՀՀ դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջը գրեց, թե «Շուրջ 1000 սիրիացի զինյալներ, որոնք պայքարում են հայերի դեմ Արցախում, ցած են դրել զենքերը, հրաժարվում են կռվել հայերի դեմ»։ Գրառումը տարածվեց սոցցանցերում։ Սակայն ԱԳՆ-ից շուտով հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ «Իրաքում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջի կառավարումը խաթարվել էր»։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *