2020.10.06,

Ստուգված է

Սիրիայից վարձկանները՝ Ադրբեջանի Հորադիզ ռազմաբազայում

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հայ-ադրբեջանական լարվածությունը լայնամասշտաբ պատերազմի վերածվեց, և տեղի ու միջազգային լրատվամիջոցները սկսեցին հաղորդել Ադրբեջան տեղափոխված՝ Թուրքիայի կողմից օժանդակություն ստացող սիրիացի վարձկանների մասին։ Մինչ հիմա հրապարակումների մեծ մասը հիմնված էր աղբյուրների և հենց վարձկանների հաղորդած տվյալների վրա։ Բայց հոկտեմբերի 3-ին համացանցում հայտնվեց մի տեսահոլովակ, որում մի խումբ տղամարդիկ արաբերեն էին խոսում և լսում Թուրքիայի կողմից օժանդակություն ստացող Սուլթան Մուրադ դիվիզիայի երգերը։ Տեսահոլովակը տեղայնացվեց Ադրբեջանի Հորադիզ ռազմաբազայում։

Վարձկանները տեղափոխվում են Գազիանթեփից Բաքու

Հյուսիսային Սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկանների մասին առաջին հաղորդումները հայտնվեցին դեռ հուլիսին՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ժամանակ։ Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը հերքեցին տեղեկությունը։ Սեպտեմբերին լուրերը ավելի հաճախակի դարձան, և իրավիճակի սրացմանը զուգահեռ ենթադրյալ վարձկանների ավելի շատ լուսանկարներ և տեսահոլովակներ հայտնվեցին։

Սեպտեմբերի 22-ին լրագրող Լինդսի Սնելը հրապարակեց մի լուսանկար, որտեղ ցուցադրվում էին Ադրբեջան տեղափոխվող ենթադրյալ վարձկանները։ Օրեր անց լրագրող Յուրի վան դեր Վեյդեն Թվիթերում գրեց, որ ռազմական A400M օդանավը սեպտեմբերի 22-ին թռել է թուրքական Գազիանթեփից (Սիրիայի սահմանի մոտ)  Անկարա։ A400M օդանավի ինտերիերը նման է Սնելի հրապարակած լուսանկարի ինտերիերին։

Ռուսական «Նովայա Գազետան» վերակառուցել է վարձկանների ճանապարհը Սիրիայից Ադրբեջան՝ հիմնվելով տեղի աղբյուրի խոսքերի վրա։ Թերթը գրում է, որ նրանք սկզբից տեղափոխվել են թուրքական սահմանամերձ Քիլիս քաղաք, որտեղ փոխել են համազգեստը։ Այնուհետև, նրանց տարել են Գազիանթեփի օդանավակայան, որտեղից էլ նրանք Ստամբուլով Բաքու են մեկնել։ Թռիչքը կատարվել է Վրաստանի օդային տարածքով (հոկտեմբերի 3-ին սակայն Վրաստանը արգելեց ռազմական բեռի տեղափոխումը իր տարածքով)։

Շուտով համացանցում հայտնվեցին բազմաթիվ այլ լուսանկարներ, որոնք պատկերում են Ադրբեջանում գտնվող վարձկաններին։ Այդ լուսանկարի մարդիկ հագնում են Ադրբեջանի Սահմանային ծառայության համազգեստից։ Այս փաստը նշում է Վաշինգտոնում բնակվող վերլուծաբան Էմիլ Սանամյանը (այստեղ and այստեղ) և Բաքվում բնակվող լրագրող Խադիջա Իսմայիլովան (այնուամենայնիվ, Իսմայիլովան ընդգծում է, որ դրանք կարող են սովորական ադրբեջանական զինվորներ լինել)։

Լուսանկարների համազգեստը նման է Սահմանային ծառայություն զորքերի համազգեստին։ Ավելին՝ բաճկոնի թևի սև նշանը տեսանելի է թե՛ վարձկանների, թե՛ Սահմանային ծառայության համազգեստի վրա։

Վարձկանները նկարահանվել են ադրբեջանական ռազմաբազայում

Մեկ այլ տեսահոլովակում նկարահանվել են արաբերեն խոսող տղամարդիկ, որոնք լսում են Սուլթան Մուրադ դիվիզիայի երգը։

Տեսահոլովակը շուտով տեղայնացվեց Հորադիզում՝ շփման գծից ոչ հեռու գտնվող քաղաքում, որտեղ կա ադրբեջանական ռազմաբազա։ Տեղայնացումը արվել է հայկական Razminfo կայքի և գերմանացի լրագրող Յուլիան Ռոպկեի կողմից։

Երրորդ կողմ հանդիսացող երկրները նույնպես հայտնում են Ադրբեջանում կռվող վարձկանների մասին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասաց, որ Ֆրանսիան հավաստի տեղեկություն ունի այն մասին, որ ջիհադիստ խմբավորումները տեղափոխվում են Թուրքիայի Գազիանթեփից Արցախի մարտի դաշտ։ Ավելին՝ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացրեց չճանապարհորդել Ադրբեջան՝ COVID-19-ի և ահաբեկչության վտանգի պատճառով։

Աղբյուրների մեծ մասը հաստատում են, որ Ադրբեջան են տեղափոխվել Սուլթան Մուրադ դիվիզիայի զինյալները

Թեման լուսաբանող աղբյուրների մեծ մասը հաղորդում է, որ վարձկաններին հավաքագրում է Սուլթան Մուրադ դիվիզիան։ 16-րդ դարի Օսմանյան Սուլթան Մուրադ II-ի անունով կոչվող դիվիզիան Սիրիայի թուրքմենական բրիգադների մաս է։ Այն նաև մտնում է այսպես կոչված Սիրիայի ազգային բանակի կազմ, որը տարբեր զինված խմբավորումների միություն է։ Այն ռազմական օժանդակություն է ստանում Թուրքիայի կողմից։

Ոչ բոլոր վարձկաններն են մասնագիտացված զինվորականներ

Վարձկանները հավաքագրվել են զինյալ խմբերի կողմից և ներառում են երկար տարիների մարտիկների։ Սակայն պետք է նշել, որ Սիրիայից Ադրբեջան փոխադրված ոչ բոլոր վարձկաններն են մասնագիտացված մարտիկներ։ Շատերը սովորական քաղաքացիներ են, որոնք հավաքագրվել են աղքատությունից դրդված․ տարիների պատերազմը ավերել է Սիրիայի տնտեսությունը։ Օրինակ՝  The Guardian-ը խոսել է մի դերձակի հետ, որ Հալեպից տեղահանվել է Ազազ, և իր խոսքով, չի կարողանում ապրուստի գումար աշխատել իր արհեստով։ Ստիպված գրանցվել է որպես վարձկան։

Վարձկանների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկությունը տարբեր է՝ 1,000-ից 2,500 USD, ինչը զգալիորեն ավելի շատ է, քան այն, ինչ նրանք կարող էին աշխատել Սիրիայում։ Ռուսական «Նովայա գազետան» գրում է, որ Թուրքիան վարձկաններին խոստանում է ոչ միայն բարձր աշխատավարձ, այլև քաղաքացիություն նրանց ու ընտանիքի անդամների համար և 30,000 USD միանգամյա վճար մարտիկի մահվան դեպքում։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *