2020.09.27,

Ստուգված է

Հին լուսանկարներ՝ հայ-ադրբեջանական հակամարտության լուրերի նոր տեքստերի հետ

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Սեպտեմբերի 27-ին վաղ առավոտից հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով մարտական գործողություններ սկսվեցին։ Արցախում և Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ռազմական դրություն և պարետային ժամ է գործում Ադրբեջանում։

Սահմանային գործողությունները լուսաբանելիս հայաստանյան լրատվամիջոցները այս ընթացքում, ռազմական դրությամբ պայմանավորված, կարող են տրամադրել միայն պաշտոնական տեղեկատվություն։ 

Սակայն պաշտոնական կամ ստուգված տեղեկություն հրապարակելու ժամանակ էլ հայաստանյան մեդիա դաշտում պատկերների օգտագործման խնդիրն իրեն զգացնել է տալիս։ 

Ռազմական  գործողությունների առաջին օրը եղան դեպքեր, երբ պաշտոնական տեղեկատվություն հաղորդող հոդվածում օգտագործվեցին հին, Հայաստանի ու Արցախի հետ կապ չունեցող լուսանկերներ։ Media.am-ն առանձնացրել է մի քանի նման օրինակներ։

ArmLur.am-ի խմբագրմամբ Առաքել Մովսիսյանը հայտնվեց նկարում 

Armlur-ը ներկայացրել է ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի մեկնաբանությունը հայ-ադրբեջանական ընթացող պատերազմական վիճակի մասին։ 

Մովսիսյանը տեղեկացրել է, որ 100 հոգի «հավաքել ու սպասում է ՊՆ-ի հրամանին»։ Ուշագրավ է կայքի օգտագործած գլխավոր լուսանկարը․ այն խմբագրված է ու ներկայացված է կոլաժի ձևով։ Զենքը ձեռքին ու զինվորական արտահագուստով (կամոֆլյաժով) Առաքել Մովսիսյանը պատկերում արհեստականորեն է հայտնվել։ Նկարի հետադարձ որոնումը ցույց է տալիս, որ նկարը, որի ֆոնին  ավելացրել են Առաքել Մովսիսյանի պատկերը, արվել է 2016-ի ապրիլյան գործողությունների ժամանակ։ Նկարի վրա նշված է հեղինակը՝ hetq.am, Արմեն Երամիշյան։

Առաքել Մովսիսյան կոլաժ

Զոհված զինվորականի թաղման նկարը 2016-ից է

Razminfo-ն գրեց, որ ըստ ադրբեջանական «Մեյդան» լրատվականի համակարգողի,  ադրբեջանական կողմում փոխգնդապետ է զոհվել։ Զոհվածի լուսանկարն այժմ կայքում հոդվածի հետ հրապարակված կա, բայց google cache-ում պահպանված տարբերակը ցույց է տալիս, որ նախնական տարբերակում այն չի եղել։

Մի քանի լրատվական կայքեր՝ Armtimes.com, 7or.am, 168.am, hayeli.am և այլն, այս լուրը վերատպեցին մինչև Razminfo-ում լուսանկարի հայտնվելը։ 

Որպես հոդվածն ուղեկցող լուսանկար կայքերն օգտագործեցին ադրբեջանցի զինվորականի թաղման լուսանկար։ Նկարի հետադարձ որոնումից պարզ է դառնում, որ այն նոր չէ։ Լուսանկարը ցանցում է 2016 թվականից։ 

Խոցված ԱԹՍ-ի նկարը նոր չէր

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ։ Լուրը հրապարակած որոշ կայքեր լուսանկար չտեղադրեցին, որոշները օգտագործեցին խոսնակի լուսանկարը։ Մի մասն էլ՝ 24news.am, 7or.am և այլն, լուրը հրապարակեցի 2020 թվականի հուլիսի 18-ին Արցախի տարածքում խոցված ԱԹՍ-ի նկարով։ 

հին ԱԹՍ

Հին լուսանկար հրապարակեց նաև azatutyun.am, սակայն, ի տարբերություն գործընկերների կիրառեց լավագույն փորձը և նշում թողեց՝ «արխիվային լուսանկար»։

ԱԹՍ-ի մեկ այլ հին լուսանկար էլ օգտագործեց armenpress.am-ը։

Ադրբեջանական խոցված ուղղաթիռի կադրերը Հայաստանից չէին

Ադրբեջանական խոցված ուղղառիթի պաշտոնական լուրի համար նույնպես օգտագործվեցին հին կադրեր։ 7or.am-ի հրապարակած լուսանկարը 2013-ին Ռուսաստանում վթարված ուղղաթիռից կադր էր։ Այն այս տարիների ընթացքում տարբեր առիթներով, տարբեր երկրներում օգտագործվել է։

Իսկ Hraparak.am-ը տեղադրեց խոցված ուղղաթիռից երկու կադր՝ նշելով, թե այն համացանցում է հայտվնել։ Կայքը արդեն հեռացրել է նյութը, սակայն հասանելի է դրա ախիվացված տարբերակը։ Նույն լուրը նույն կառուցվածքով հայտնվեց hayeli.am-ում։ Այն հրապարակել են նաև ֆեյսբուքյան օգտատերեր։ 

հին նկար ուղղաթիռ

Իրականում, այս կադրերը Հայաստանի հետ կապ չունեն։ Խոցված ուղղաթիռի տեսանյութը Սիրիայից է, հրապարակվել է 2020-ի փետրվարին։

Մարտական գործողությունների հետ կապ չունեցող լուսանկարներ հրապարակվել էին նաև նախորդ բախումների ժամանակ։ Հուլիսյան իրադարձությունների ժամանակ media․am-ը գրեց, որ Հանրային ռադիոն տեղադրել էր հին լուսանկար։ Այն ստուգել էր ադրբեջանական կողմը։ Ապա Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյահլին այս փաստը որպես ապացույց էր ներկայացնում, թե հայկական կողմը ստում է 13 ադրբեջանական ԱԹՍ խոցելու մասին։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *