2020.09.15,

Ստուգված է

Ռուսական Sputnik-ի լսարանը Հարավային Կովկասում

DFRLab հետազոտական կենտրոնը ուսումնասիրել է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ռուսական պետական Sputnik գործակալության լսարանը և այն համեմատել տեղի անկախ լրատվամիջոցների հետ։ Այս հետազոտությունը մի քանի հետաքրքիր փաստեր է պարզել։ Օրինակ, որ Sputnik Արմենիայի այցելուների 99%-ը Ռուսաստանից են, իսկ ադրբեջանական Oxy.az-ի թրաֆիկի 20% գալիս է Հայաստանից։

Media.am-ը ներկայացնում է հետազոտության սեղմ տարբերակը։

Տեղական լրատվամիջոցները ավելի մեծ լսարան ունեն, քան Sputnik-ը

Հարավկովկասյան երեք հանրապետություններում DFRLab-ը ուսումնասիրել է Sputnik-ի կայքերի թրաֆիկը, սոցիալական ցանցերում Sputnik-ի բովանդակության տարածումը և լսարանի արձագանքը (audience engagement): Այս տվյալները DFRLab-ը համեմատել է տեղական երեք չեզոք լրատվամիջոցների՝ հայկական CivilNet-ի, ադրբեջանական Oxy.az-ի և վրացական Netgazeti-ի տվյալների հետ։

Ուսումնասիրության ամիսների ընթացքում (մայիս-հուլիս 2020) տեղական լրատվամիջոցներ այցելել էին 25.5 միլիոն անգամ, իսկ Sputnik-ի կայքեր՝ 19 միլիոն անգամ։ Սակայն հայաստանյան Sputnik-ի թրաֆիկը զգալիորեն ավելի մեծ էր, քան CivilNet-ինը։ Վրաստանում Sputnik-ի թրաֆիկը տեղական լրատվամիջոցին զիջում էր, իսկ Ադրբեջանում՝ մի փոքր գերազանցում։

սպուտնիկ ցանց

Թե՛ տեղական լրատվականները, թե՛ Sputnik-ը սոցիալական ցանցերից նախապատվությունը տալիս են Ֆեյսբուքին։ CivilNet-ի և Netgazeti-ի թրաֆիկի կեսից ավելին գալիս է Ֆեյսբուքից, մինչդեռ Oxy.az-ի այցելությունների միայն 6%-ն է Ֆեյսբուքից։ Sputnik-ի դեպքում միայն վրացական կայքի այցելությունների զգալի մասն (41.67%) էր գալիս սոցցանցից, իսկ հայկական և ադրբեջանական կայքեր Ֆեյսբուքից անցնում էին միայն օգտատերերի 3.72%-ը և 9.40%-ը համապատասխանաբար։

Այցելությունների աշխարհագրությունը

Հարավային Կովկասի երեք Sputnik-ների այցելությունների 60%-ը գալիս է Ռուսաստանից, իսկ Sputnik Արմենիայի դեպքում այցելուների ճնշող մեծամասնությունը՝ 99%-ն է Ռուսաստանից։

Հետաքրքիր է նաև, որ ադրբեջանական Oxy.az-ի այցելությունների 20%-ը մայիս-հուլիս ամիսներին Հայաստանից էր։ Իսկ Ադրբեջանի ու Վրաստանի օգտատերերը հարևան երկրների լրատվամիջոցներ հիմնականում չեն այցելել։

սպուտնիկ սոցիալական ցանց

Սոցիալական տարածման ցանցերը

DFRLab-ը նաև ուսումնասիրել է Հարավային Կովկասի Sputnik-ների սոցիալական տարածման ցանցը Ֆեյսբուքում և Թվիթերում։ Սոցիալական տարածման ցանցը «ֆեյսբուքյան խմբերի, ֆեյսբուքյան էջերի և թվիթերյան հաշիվների հետևորդների հանրագումարն է, որոնք նշված ժամանակահատվածում գոնե մեկ կտոր բովանդակություն են տարածել ուսումնասիրվող հարթակից»: Այս ցուցիչը թույլ է տալիս հասկանալ լրատվամիջոցի ընդհանուր լսարանի ծավալը սոցիալական ցանցերում։

2019-2020 թթ․ Հարավային Կովկասի երեք Sputnik-ների սոցցանցերում ընդհանուր լսարանի ծավալը 25 միլիոն էր։ Տեղական լրատվամիջոցները, սակայն, ավելի պոպուլյար են՝ նրանց լսարանների հանրագումարը 40 միլիոն էր։

Ֆեյսբուքում այս թիվը 18 միլիոն էր Sputnik-ների դեպքում և գրեթե երկու անգամ ավել՝ 35 միլիոն տեղական լրատվամիջոցների դեպքում։

Թվիթերում պատկերը այլ է․ Sputnik-ի սոցիալական տարածման ցանցը 8 միլիոն է, իսկ տեղական լրատվամիջոցների՝ մոտ 5 միլիոն։

Լսարանի արձագանքը Sputnik-ի բովանդակությանը

DFRLab-ը չափել է այն արձագանքը, որը թողել են օգտատերերը Sputnik-ի Ֆեյսբուքի և Թվիթերի սոցիալական տարածման ցանցերում։ Ֆեյսբուքի դեպքում սա նշանակում է, որ կենտրոնը չափել է Sputnik-ի նյութերին թողած մեկնաբանությունները, կիսումները, լայքերը և ռեակցիաները (ջղայն, զարմացած և այլ «հավանումներ»)։ Թվիթերում չափվել են պատասխանները, ռեթվիթները և հավանումները։

Այս դեպքում նույնպես տեղական լրատվամիջոցները Sputnik-ից պոպուլյար էին։ Ուսումնասիրման ժամանակահատվածում տեղական կայքերին արձագանքել են 5.5 միլիոն անգամ, իսկ Sputnik-ին՝ 1 միլիոն անգամ։

վիճակագրություն սպուտնիկ

Ամենաշատ արձագանքները ստացել էր Sputnik Georgia-ն՝ շուրջ 455,000։ Տեղական լրատվականներից էլ վրացական Netgazeti-ն էր ստացել ամենաշատ արձագանքները՝ 2.1 միլիոն։

Տեղական լրատվականների մեջ ամենաքիչ արձագանքը ստացել էր CivilNet-ը՝ շուրջ 546,000:

սպուտնիկ Հայաստան Վրաստան Ադրբեջան

Ինչո՞ւ է կարևոր ուսումնասիրել Sputnik-ի տարածումը

DFRLab-ը նշում է, որ տարբեր տարիներին Sputnik-ը կեղծ տեղեկություն է տարածել, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Օրինակ՝ Sputnik Արմենիան և Sputnik Georgia-ն տարածել են ապատեղեկատվություն այն մասին, թե կորոնավիրուսը կենսաբանական զենք է։ Sputnik-ը նաև օգտագործել է կեղծ հաշիվների ցանց իր բովանդակությունը առավել լայն տարածելու համար՝ խախտելով Ֆեյսբուքի ստանդարտները։

Ավելին՝ ԱՄՆ մեղադրել է Ռուսաստանին նախագահական ընտրություններին միջամտելու համար։ Ըստ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի, Կրեմլը օգտագործել է Sputnik և RT լրատվականները ամերիկացի ընտրողների մոտ այս կամ այն թեկնածուի հանդեպ վերաբերմունք ձևավորելու համար։

Հեղինակներ՝ Գիվի Գիգիտաշվիլի, Էստեբան Պոնցե դե Լեոն
Թարգմանեց Կարինե Ղազարյանը


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *