Covid 19-ի հետ կապված դեռևս չբացահայտված ու ոչ լիարժեք ուսումնասիրված հարցեր կան։ Սա է պատճառներից մեկը, որ նոր հիվանդության շուրջ բազմաթիվ միֆեր են շրջանառվում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։
Նոր կորոնավիրուսի շուրջ հյուսվող ամենատարածված միֆերի մի մասը կորոնավիրուսից մահերի մասին է։ Պարբերաբար կեղծ ու մանիպուլյատիվ խոսակցություններ են տարածվում մահերի պատճառների, վիճակագրության, հաշվարկման և նմանատիպ այլ թեմաներով։ Փորձել ենք հավաքել կորոնավիրուսից մահերի հետ կապված ամենատարածված միֆերը և հասկանալ՝ որքանով են դրանք հիմնավոր կամ ոչ։
Օգտվել ենք պաշտոնական վիճակագրությունից ու մեդիա հրապարակումներից։ Մասնագիտական կարծիքի համար զրուցել ենք Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղի բժշկական տնօրեն և Աստղիկ բժշկական կենտրոնի անզգայացման, վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Հայկ Անտոնյանի հետ։
Պնդում՝ Կորոնավիրուսից մահերի թիվը չափազանցված է․
Կորոնավիրուսից մահերի շուրջ խոսակցություններից ամենատարածավածները վերաբերում են մահերի թվին, վիճակագրությանը կամ հաշվարկման մեթոդներին։ Մամուլում և սոցիալական կայքերում հաճախ են տարածվում խոսակցություններ, թե կորոնավիրուսից մահերի թիվը չափազանցված է։
Պնդում 1․1․ Մարդկանց գումար են առաջարկում հարազատի մահվան պատճառը «կորոնավիրուս» գրելու և վարակից մահերի թիվը մեծացնելու համար։
Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին երկու ամիսներին ավելի ակտիվ պնդումներ էին արվում այն մասին, թե այս հիվանդությունից մահերի թիվը մեծացնելու համար մարդկանց գումար են առաջարկում՝ հարազատների մահը կորոնավիրուսի հետևանք գրանցելու համար։
Այս խոսակցությունը շրջանառության դրվեց Մասիսի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նունե Ներսիսյանի գրառումից հետո։ Գրառման մեջ Ներսիսյանը նշում էր, թե նամակ է ստացել մի մարդուց, որը հայտնել է, թե իր հարազատներից մեկը մահացել է ինֆարկտից, և երբ դին տարել են դիահերձարան, այնտեղ հարազատներին առաջարկել են 100 000 դրամ, որ ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից:
Որոշ ժամանակ անց այս տեղեկությունը հերքվեց, Նունե Ներսիսյանն էլ, ինչպես պարզվեց, բժիշկ է և առաջին անգամը չէ, որ հայտնվում էր հանրության ուշադրության կենտրոնում։
Թեմային ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ նաև Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով․ «Անհասկանալի այս լուրերի հետևից փորձել ենք գնալ, սակայն գրառումներ կատարողներից որևէ արձագանք չենք ստացել և չենք գտել սկզբնաղբյուրը։ Գրառումների մեծ մասն արվում են հիմնականում ֆեյք էջերից․․․
Այս անհեթեթ լուրերը չեն համապատասխանում իրականությանը և մահը գրանցելու պահից մինչև դին հարազատներին հանձնելու գործընթացը վերահսկվում է նախարարության կողմից։ Անհասկանալի է նաև, թե ո՞րն է պետության շարժառիթը՝ չհիմնավորված մահեր ունենալու և վիճակագրությունն «ուռճացնելու»»։
Տեղեկությունը հերքեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այնուամենայնիվ, նմանատիպ խոսակցությունները չդադարեցին և դեռ շարունակում են պարբերաբար տարածվել։
Խոսակցությունները նորից ակտիվացան մի տեսանյութից հետո, որտեղ քաղաքացին ներկայացնում էր, որ իր պապն ունի այլ հիվանդություն, իրենք հրաժարվել են հետագա բուժումներից, հիվանդը դուրս է գրվել, սակայն էպիկրիզում նշել են մահ՝ Covid-19 հաստատմամբ։
Մահվան պատճառը կորոնավիրուս գրելու թեմային ավելի ուշ իր ելույթներից մեկում անդրադարձավ նաև իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նշելով․ «վերջերս տեղեկություններ եմ ստանում, որ քաղաքացիները, որոնք կորցրել են հարազատներ, զանգեր են ստանում և ինչ-որ առաջարկություններ են լինում, որ հարազատի մահը գրանցվի իբր կորոնավիրուսից մահացած։ Մի քանի այդպիսի դեպքով փորձել եմ ճշտումներ անել, սակայն չի ստացվել։ Ի վերջո, պարզվել է, որ ընդամենը մի զանգ է եղել, կամ չի եղել, և այստեղ ես տեսնում եմ որոշակի հնարավոր միտումներ և սադրանքներ»։
Պատգամավորը կոչ արեց նաև ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը՝ ուշադիր լինել այս հանգամանքներին և փաստերին։ Նա նշեց, որ որոշակի ժամանակ անց որպես պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի պատգամավոր հարցում է անելու նշված կառույցներին, որպեսզի իմանա՝ նման դեպքեր եղել են, թե ոչ և ստուգմամբ ինչ է պարզել։
Օգոստոսի 26-ին գրավոր հարցում էինք ուղարկել Գլխավոր դատախազություն, թե արդյոք ստուգվել են այս ահազանգերը, ի՞նչ ընթացքում են դրանք, ի՞նչ է պարզվել արդյունքում, և կան արդյոք հարուցված գործեր։
Հեռախոսով մեզ հայտնեցին, որ դիմումն ընթացքի մեջ է ու աշխատանք կա անելու։ Դանդաղում է, որովհետև հանրապետության ամբողջ տարածքով պետք է տվյալները ստուգեն և հավաքեն մի տեղ։ Խոստացան «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն և ժամկետներում միջանկյալ գրություն ուղարկել։
Սակայն մինչ այժմ մեր հարցմանը չեն պատասխանել և որևէ գրավոր պատասխան չեն ներկայացրել հետաձգման պատճառների մասին։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են գրավոր հարցմանը պատասխանել 5-օրյա ժամկետում։
Այսպիսով, «կորոնավիրուս» ախտորոշման համար գումար առաջարկելը կորոնավիրուսից մահերի հետ կապված ամենատարածված միֆերից մեկն է ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում։ Ռուսական մեդիադաշտում, օրինակ, նույնպես տեղեկություններ տարածվեցին, թե մահացած ստավրապոլցիների հարազատներին գումար են առաջարկում մահվան պատճառը Covid-19 գրելու համար։ Այս տեղեկությունն Ինստագրամում հերքել էր Ստավրոպոլի ղեկավարը։
Մասնագետի կարծիք։ Աշխարհում կորոնավիրուսի թվերի՝ սխալ և ուռճացված լինելու մասին կասկածներ ունեն նաև մասնագետները, որոնք կարծում են՝ խնդիրը կապ ունի տվյալ երկրի քաղաքականության հետ․ մի երկիր կարող է թաքցնել թվերը, մյուսը, հակառակը՝ բարձրացնել։
Հայկ Անտոնյանը կարծում է, որ էքստրեմալ իրավիճակներում, օրհասական պահերին արհեստական միջամտությունները միայն վնասելու են։
Մեզ հետ զրույցում նա նշեց․ «Ինչքան էլ ունենանք պրոցեսի միստիֆիկացիա կամ ենթադրություններ, որ սա արհեստածին վիրուս է և այլն, դա ոչինչ չի փոխում։ Եթե նույնիսկ վիրուսը արհեստածին է, մեկ է՝ իր դուրս բերած բացասական էֆեկտը վերահսկել անհնարին է։
Այն, ինչ կատարվում է մեր երկրում, բացառապես թափանցիկ է, բաց և պայմանավորված է մի քանի գործոններով, ոչ թե արհեստածին միջոցառումներով։ Սա սպոնտան պրոցես է, որը վերահսկել անհնարին է։ Դրա համար կան մի շարք ֆակտորներ՝ մշակութային, սոցիալական և այլն։ Ամեն խնդրի տակ միկրոբային տարբեր հարաբերական իրավիճակներ են թաքնված։ Խնդիրն ի հայտ գալուց այդ իրավիճակն ուղղակի գլուխ է բարձրացնում։
Մենք պատերազմ, երկրաշարժ տարած երկիր ենք, և, ի տարբերություն այլ ազգերի, մեր բնակչության անտիբակտերիալ թերապիայի ֆոնդը փոփոխված է։ Մենք երբեք առողջապահական համակարգում լուրջ զարգացում ապրելու ժամանակ չենք ունեցել։ Դա մեր ազգային խնդիրն է, և այն ցուցանիշները, որ այս պահին ունենք, մեր ազգային ցուցանիշներն են։ Դա լավ է, թե վատ, առանձին անալիզ է»։
Վիճակագրություն։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2020 թ․ հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է մահացության ընդհանուր 14417 դեպք՝ 4․5 %-ով ավելի շատ մահացություն՝ 2019 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ։ Գրեթե նույնքան է կազմել 2019թ․ և 2018 թ․ առաջին կիսամյակներին մահացության աճը՝ 4․3 %: Կորոնավիրուսից մահերը մարտ-հունիս ամիսներին կազմել են ընդհանուր մահերի 5 տոկոսը։
Պնդում 1․2․ Եթե համեմատում ենք նախորդ տարիների վիճակագրական տվյալների հետ, ապա պարզվում է, որ ատիպիկ թոքաբորբից (այլ հիվանդություններից) անցած տարիներին ավելի շատ մարդ է մահացել, քան կորոնավիրուսից։
Համացանցում պարբերաբար դիտարկումներ են տարածվում, թե այլ հիվանդություններից աշխարհում և Հայաստանում ավելի շատ մարդիկ են մահանում և որ կորոնավիրուսի շուրջ ստեղծված ուշադրությունը չափազանցված է։
Սակայն համեմատությունները լիարժեք չեն, քանի որ հիմնականում բերվում են ավարտուն տարվա տվյալներ, իսկ կորոնավիրուսի մասին ավարտուն տարեկան տվյալներ դեռևս չկան։
Խոսակցություններ են տարածվում, որ ոչ միայն թոքաբորբից ավելի շատ մարդ է մահանում, այլև այդ մահացություններն ուղղակի այս տարի վերագրվել են Covid-19-ին։
Պնդումներ արվեցին նաև, որ գրիպը ավելի մահաբեր է կորոնավիրուսից, և որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր ինֆեկցիա չէ։
Արդյոք գրիպը կորոնավիրուսից ավելի մահաբեր է և կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություն չէ, արդյոք շնչառական օրգանների հիվանդություններից ավելի շատ մարդ է մահանում, ի՞նչ են ցույց տալիս վիճակագրական տվյալները։ Գանք հերթով։
Covid-19-ի մահաբերությունը անհամեմատ բարձր է գրիպի մահաբերությունից
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում ներկայացված է գրիպի և կորոնավիրուսի տարբերությունները։ Ըստ հրապարակման, Covid-19-ի մահաբերությունը բարձր է գրիպի՝ հատկապես սեզոնային գրիպի մահաբերությունից։
Չնայած Covid-19-ի իրական մահաբերությունը լիարժեք հասկանալու համար որոշ ժամանակ կպահանջվի, առկա տվյալները ցույց են տալիս, որ մահաբերության ընդհանուր գործակիցը (գրանցված մահերի թիվը բաժանած գրանցված դեպքերին) կազմում է 3-4 %, սեզոնային գրիպից մահաբերությունը սովորաբար զգալի ցածր է 0․1%-ից։
«Այնուամենայնիվ, մահաբերությունը զգալի չափով որոշվում է բժշկական օգնության հասանելիությամբ և մատուցված ծառայությունների որակով»,- ասվում է հրապարակման մեջ։
Ըստ նոր հաշվարկների, կորոնավիրուսի մահաբերությունը կազմում է վարակվածների թվի 0․3%-1.5%-ը, ինչը 15-214 անգամ բարձր է գրիպի մահաբերությունից (15 անգամ՝ Covid-19-ի մահաբերության նվազագույն ցուցանիշը համեմատած 2009 թ․ նախորդ պանդեմիայի ընթացքում խոզի գրիպի մահաբերության հետ, 214՝ Covid-19-ի մահաբերության ամենաբարձր ցուցանիշը համեմատած սովորական գրիպի մահաբերության հետ)։
Հրապարակման մեջ նշվում է, որ մահացությունը կախված է բնակչության տարիքային կառուցվածքից, կյանքի սպասելի տևողությունից, բնակչության շրջանում հիվանդության բաշխման միատեսակությունից, առողջապահական համակարգի որակից և այլն:
Մեզ հետ զրույցում Հայկ Անտոնյանը Covid-19-ի՝ մյուս վարակներից տարբերության մասին ասաց․ «վարակները սովորաբար ունեն սեզոնային բնույթ։ Իսկ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն այլ է։ Բժիշկների մոտ մեծ վախ ու ահազանգ կա կորոնավիրուսի արագ տարածվածության հակում ունենալու հետ կապված։ Այդ արագ տարածվելիության և մեծ հայտնաբերելիության հետևանքով կունենանք մահճակալային ֆոնդի անբավարար վիճակ, որը բժշկական աշխարհը ձախողման կբերի․ այ դա է ամբողջ խնդիրը»։
2020 թ․ առաջին 5 ամիսներին բոլոր պատճառներից մահացությունների թիվը նվազել է։
Չնայած կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը Հայաստանում գրանցվեց դեռևս փետրվարի 28-ին, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա առաջին 5 ամիսներին բոլոր պատճառներից մահերի ընդհանուր թիվը նախորդ երկու տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է։
Պարետ Տիգրան Ավինյանը մահերի նվազումը կապել էր մեխանիկական վնասվածքների հետևանքով մահերի նվազման հետ․ «մենք ունեցել ենք որոշ ծավալի մահերի նվազում առհասարակ՝ համեմատած նախորդ տարվա, և մասնավորապես դրանք պայմանավորված էին, այսպես ասած, մեխանիկական վնասվածքների հետևանքով մահերին, ավտոտրանսպորտային պատահարների հետևանքով մահերին, որը բնական էր, որովհետև գործում էին սահմանափակումներ, և ընդհանուր առմամբ մահերի նվազում ենք ունեցել»։
Մահացությունների թվին իր ելույթներում մի քանի անգամ անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը։ Սակայն նա թվերի նվազումը ճանապարհատրանսպորտային պատահարների նվազման հետ չկապեց։ Ավելին՝ նշեց, որ այդ պատճառներից մահերի թիվը վիճակագրության վրա էապես չի ազդում․ «մի որոշակի տոկոս կա նաև, որ լոքդաունի շրջանում մեքենաներ, տեղաշարժեր քիչ են եղել, դժբախտ պատահարներ, վթարներ մի քիչ քիչ են եղել։ Դա որոշակի տոկոս է, բայց եկեք այդ տողը ընդհանրապես հանենք, որովհետև այն մեր այս վիճակագրության փիլիսոփայության վրա որևէ ազդեցություն չի ունենում»։
Փաշինյանը ներկայացրեց մյուս այն հիվանդություններից մահացությունների ցուցանշիները, որոնք նույնպես ցածր էին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից։ Բացի մահացության թվերը ներկայացնելուց, Փաշինյանը մի քանի առիթով անդրադարձավ նաև նվազման պատճառներին։ «կա երկու պատճառ․ նախ կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը և այն մարդիկ, ովքեր նախորդ տարի մահացել են բազմաթիվ այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից։ Եվ երկրորդը՝ այս տարի կորոնավիրուսի բերումով շատ ավելի մեծ թվով մարդիկ են ստացել առողջապահական ծառայություններ․ կորոնավիրուսի բերումով շատ մարդիկ հոսպիտալացվել են և բուժվել ոչ միայն կորոնավիրուսից, այլև հարակից հիվանդություններից»,- ասել էր Փաշինյանը։
Վերջինս կորոնավիրուսի վտանգի՝ ուռճացված լինելու մասին խոսակցությունների ևս մեկ պատճառ էր նշել․ «եթե նախկինում 10 մահվան դեպքերի մասին առնչվում էին ուղիղ, ենթադրենք, 1000 մարդ, հիմա այդ 10 մահվան դեպքերի հետ առնչվում է ավելի պակաս մարդ, որովհետև այդ 10 մահը նախկինում ավելի լայն շրջանակից էր, հիմա ավելի փոքր շրջանակից է»։
Կորոնավիրուսից մահացության՝ տարածաշրջանից տարածաշրջան իրարից տարբերվող վիճակագրություն է արձանագրվում ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում։ Կորոնավիրուսի ավելցուկային մահվան գնահատականի մասին Кавказский Узел-ում հրապարակված հոդվածում հեղինակը, բերելով Իտալիայի վիճակագրության օրինակը, նշում է․ «․․․իրավիճակը խիստ տարբերվում էր տարածաշրջանից տարածաշրջան։ Ավելցուկային մահացության կեսից ավելին տեղի է ունեցել Լոմբարդիայում»։
Այս դիտարկումը վերագրելի է նաև Հայաստանին, քանի որ եթե 2020 թ․ ապրիլ-հունիս ամիսներին որոշ մարզերում մահացությունների թիվը չի փոփոխվել կամ նվազել է, ապա որոշ մարզերում այդ թիվն աճել է։ Մահացություններն այդ ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են Երևանում, Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում։ Ամենամեծ աճը գրանցվել է Երևանում, որտեղ 459-ով ավելի մարդ է մահացել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։
Մարզերում այս աճը կարող է կապված լինել կորոնավիրուսի օջախների բռնկման հետ։
Հունիսի 2-ին, երբ Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձանց տվյաների արտահոսք էր եղել, hetq.am-ը վերլուծել էր այդ մարդկանց անձնական տվյալները և պարզել, որ մինչև մայիսի 31-ը կորոնավիրուսից ամենաշատը մահացել են Երևանի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի բնակիչները։
Ընդհանուր առմաբ, 2020 թ․ առաջին հինգ ամիսներին՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, նվազել է հետևյալ պատճառներից մահացության թիվը՝ նորագոյացություններից՝ 92-ով, էնդոկրին համակարգի հիվանդություններից՝ 38-ով , դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից՝ 71-ով, վարակիչ և մակաբուծային հիվանդություններից՝ 8-ով և շնչառական օրգանների հիվանդություններից՝ 381-ով։
Մասնագետի կարծիք։ Հայկ Անտոնյան։ «Նախկիններում մարդիկ չէին մտածում, որ լուրջ խնդիր ունեն, իրենց վիճակը չէին գնահատում։ Բայց հիմա՝ Covid-19-ի դեպքում, որևէ խնդիր ունենալիս ավելի շատ են պոլիկլինիկաներ դիմում, այսինքն՝ բժշկական հիմնարկների դիմելիությունը կտրուկ բարձրացել է։ Եկեք անկեղծ լինենք, մեր ժողովուրդը՝ մեզնից յուրաքանչյուրն էլ պոլիկլինիկա դիմելու կուլտուրա առանձնապես չուներ։ Իսկ հիմա դիմելիությունը շատացել է, այդպիսով նաև որոշակի հիվանդությունների հայտնաբերելիությունն է մեծացել։ Ըստ դիմելիության քանակի մեծացման մահացությունը կարող է իջնել։ Բայց այս՝ էտապային ստատիստիկան վերջնական չէ ու դրանով չի կարելի կողմնորոշվել։ Հիմա դրա համար և՛ վարչապետի դիտարկումներն են էտապային, և՛ մեր կարդացածը։ Աշխարհի ինֆորմացիոն միջոցների տված ինֆորմացիան էլի էտապային է։ Կորոնավիրուսի մասին վերջնական անալիզ պետք է արվի էպիդեմիայի դադարելուց հետո։
Կորոնավիրուսային մահացությունը բարձր է, թե ցածր, դա չէ հարցը։ Քանի որ մեր երկրում ցածր է, նշանակում է մեր տեսակավորման կենտրոնները, հայտնաբերվածությունը լավ վիճակում են, դրա համար հիվանդները հասնում են որևէ հիվանդանոց կամ հսկվում են որևէ մասնագետի կողմից տնային պայմաններում։ Այսպիսի բացառիկ սիտուացիա, երբ մեծ քանակով պացիենտներ հսկվեն պոլիկլինիկայի կողմից տնային բուժման մեջ, լինեն ուշադրության կենտրոնում, նշանակվեն դեղեր, նույնպես չի եղել։ Էպիդեմիան նպաստեց, որ այդ պրոցեսը զարգանա»։
Վիճակագրությունն այլ երկրներում։ Պարզվում է՝ մահացությունների նվազում 2020 թ․ սկզբին ոչ միայն Հայաստանում է գրանցվել։
Кавказский Узел-ում հրապարակված հոդվածում ներկայացվում է մահացությունների վիճակագրության Իտալիայի օրինակը։ Այնտեղ կարդում ենք, որ այս տարվա հունվար, փետրվար և մայիս ամիսներին Իտալիայում մահացությունների թիվը զգալիորեն ցածր է, քան նախորդ տարիներին՝ չնայած, որ 2020 թվականը նահանջ տարի է և չնայած մայիսին գրանցվել է Covid-19-ից 5․5 հազար մահ։ Ընդ որում՝ այդպիսի նվազում գրանցվել է միաժամանակ բոլոր պրովինցիաներում։
Հեղինակը կարծում է՝ դա անհնարին է դարձնում այս շեղման պատահական բնույթի մասին ենթադրությունները, և նշում, որ մահերի թվի նվազումը կարող է մի քանի պատճառ ունենալ․ «2020 թ․ մահացությունը միջինից ցածր է եղել պանդեմիայից առաջ և դեռ պանդեմիան չի ավարտվել, բայց մահացությունը միջինից ցածր է և այժմ։ Դա կարող է մի քանի պատճառ ունենալ՝ բնակչության տարիքային կառուցվածքում տեղաշարժեր, կյանքի սպասելի տևողության աճ՝ համեմատած նախորդ տարիների հետ և անցյալ տարիների ոչ բարենպաստ իրադարձություններ»։
Մեծ Բրիտանիայի վիճակագրական ծառայության հետազոտությունները բացահայտել են, որ մարտին սրտի իշեմիկ հիվանդությունից մահացությունը, որ սովորաբար Մեծ Բրիտանիայում մահացության գլխավոր պատճառներից մեկն է, 26 %-ով ցածր է ամսվա միջին ցուցանիշից։ Մյուս կողմից` Covid-19 ունեցող որոշ մարդիկ իրականում մահացել են ոչ թե Covid-19-ից, այլ ուրիշ պատճառներից։
«Դա կարող է նշանակել, որ Covid-19 սպանել է որոշ մարդկանց, որոնք արդեն մոտ են եղել մահվանը, բայց կարող է նաև նշանակել, որ սրտի հիվանդության որոշ մահեր սխամամբ վերագրվել են Covid-19-ին»,- ասվում է հոդվածում։
Ըստ մեկ այլ հաշվարկի, Իտալիայում մայիսի 6-ից սկսած «ավելցուկային մահացության» թիվը նվազել է Covid-19-ից մահացածների գրանցված թվից։ Դա, ըստ հաշվարկի հեղինակի, պայմանավորված է նրանով, որ մահացածներից որոշները մարտին իրենց կյանքից ընդամենը երկու ամիս են կորցրել և, հետևաբար, մայիսի կեսերին ավելցուկային մահացության թիվն իջել է։
Ըստ հեղինակի, մարդն իրոք կարող է մահանալ իր «սպասելի» մահից ընդամենը երկու ամիս առաջ, և, միևնույն է, կորոնավիրուսը թրիգգեր է հանդիսացել այդ դեպքերում։
Պնդում 2. Կորոնավիրուսից մահերի թիվը նվազեցված է․
Կորոնավիրուսից մահերի թիվը չափազանցված լինելու խոսակցություններին զուգահեռ շրջանառվեց դրան հակառակ մեկ այլ պնդում, թե մահերի թիվը նվազեցված է, և հրապարակվում են ոչ ամբողջական տվյալներ։
Պնդում 2․1․ Մահացության թիվը հաշվարկվում է հայտնաբերված հիվանդների քանակից, իսկ վարակվածների թիվը շատ ավելի մեծ է
Պնդումներ արվեցին, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, քան իրականում հայտնում են պաշտոնական աղբյուրները։
Փորձենք պարզել, թե ո՞ր հիվանդություններն ունեցող մարդիկ են ավելի խոցելի կորոնավիրուսով վարակվելու դեպքում։ Փոփոխվել է արդյոք մյուս հիվանդություններից մահերի վիճակագրությունը կամ արդյոք կորոնավիրուսը «կլանել» է այլ հիվանդություններից մահերը։
Հունիսին ՀՀ-ում մահերի թիվն աճեց։ Եթե 2020 թ․ առաջին 5 ամիսներին նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ մահացությունը նվազել էր՝ մայիսին գրանցելով նվազման ամենամեծ ցուցանիշը, ապա հունիսին թիվն աճել է՝ 2019 թ․ հունիս ամսվա մահացության ցուցանիշը գերազանցելով մոտ 49%-ով։
Ո՞րն է կտրուկ փոփոխության պատճառը։ Սրան կարող է մի քանի բացատրություն ունենալ։ Տարբերակներից մեկն այն է, որ հենց հունիս ամսին աճեց կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը, ինչը բերեց հիվանդանոցային ծանրաբեռնվածության, որն էլ կարող էր այլ հիվանդություններից մահերի աճի պատճառ դառնալ։ Ինչպես նաև մի քանի բժշկական կենտրոններ վերապրոֆիլավորվեցին որպես նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոններ։ Այս բուժհաստատությունները չէին սպասարկում այլ հիվանդություններով մարդկանց։ Նաև դժգոհություններ եղան, որ տարածքում գործող միակ հիվանդանոցի վերապրոֆիավորման հետևանքով տեղի բնակիչներն անգամ ամենաչնչին ամբուլատոր հարցերի դեպքում ստիպված են լինում դիմել այլ՝ ավելի հեռու գտնվող բուժհաստատություններ, ինչն էլ լուրջ ռիսկեր է պարունակում։
Սակայն սա շատ մակերեսային հիմնավորում է, և պատճառներն ունեն համակողմանի հետազոտության կարիք։
Օքսֆորդի համալսարանի ապացուցողական բժկության պրոֆեսոր Կարլ Հենեգանը ասել է, որ բոլոր երկրների հետաքննող լրագրողները պետք է հետևեն այն մահերի քանակի հնարավոր աճին, որոնք ուղղակիորեն կապված չեն Covid-19-ի հետ։
Հենեգենի խոսքով, բրիտանական թարմ և շատ ճշգրիտ տվյալները ցույց են տվել, որ «ավելցուկային մահերի» մեկ երրորդը չի առաջացել Covid-19-ից։
«Բժիշկների շրջանում լուրջ մտահոգություններ կան, որ բավականին շատ մարդիկ մահանում են տանը այլ պատճառներից` հաճախ այն պատճառով, որ ժամանակին չեն դիմել բժկական օգնության»,- ասել է նա։
Հենեգանը լրագրողներին զգուշացրել է որ անհրաժեշտ է չտրվել հիմնականում հիվանդանոցներում և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում մահճակալների քանակի վրա կենտրոնանալու գայթակղությանը։
Կա դիտարկում, որ աշխարհում պաշտոնական թվերը չեն ներառում մարդկանց, որոնք մահացել են Covid-19-ից՝ առանց դրական թեստի հաստատման, մարդկանց, որոնք մահացել են, քանի որ չեն կարողացել կամ չեն ցանկացել բժշկական օգնություն ստանալ պանդեմիայի ժամանակ։ Այստեղ չեն ներառվում մարդիկ, որոնք կարող էին մահանալ ընտանեկան բռնության, ինքնասպանության կամ մեկուսացման այլ հնարավոր սոցիալական հետևանքներով։
Ըստ մեկ այլ ուսումնասիրության տարբեր երկրներում ավելի շատ մարդ է ունեցել կորոնավիրուս, քան գնահատվել է։ Մահերի հաշվարկման անորոշությունները, ըստ այդ ուսումնասիրության, բացատրվում են այսպես․ յուրաքանչյուր երկիր մահերի թիվը հաշվարկում է յուրովի, և դա խնդիր է ի սկզբանե։ Շատ երկրներում մահացության դեպքերի «փաստացի» քանակը գնահատվում է հետևյալ մահերի ավելացման ճանապարհով՝ հաստատված մահերի, երբ Covid-19-ը հայտնվում է մահվան վկայականում Covid-19 թեստի դրական պատասխանի հետ միասին, մահերի, երբ Covid-19-ը նշված է մահվան վկայականում, բայց որտեղ թեստ չի արվել, և ներմուծվել է «լրացուցիչ մահերի» վիճակագրական գնահատական։
Բերելով Նյու Յորքի օրինակը՝ հոդվածում նշվում է․ «Նյու Յորքում մահերի «փաստացի» թիվը 13156 մահերն են, ընդ որում Covid-19-ը մահվան վկայականի մեջ արտացոլվում է Covid-19 թեստի դրական արդյունքի հետ միասին, 5126 մահերը, երբ Covid-19-ը նշված է մահվան վկայականում, բայց այնտեղ, որտեղ թեստեր չեն արվել և 5148 լրացուցիչ մահեր։ Բայց մենք իրականում չգիտենք՝ այդ մարդկանցից ոմանք մահացել են Covid-19-ից, թե՞ Covid-19-ով։ Այդ մահերից շատերը համարվում են «փաստացի», չնայած իրականում բավականին անորոշ են։
Ավելին՝ ավելցուկային մահացությունը հաճախ հաշվարկվում է նախորդ 5 տարիների հետ համեմատության ճանապարհով` բացառությամբ սեզոնային «վատ» գրիպների տարիները, ինչը խնդիր է։ Բացի դա, Covid-19-ը կարող է արագացնել անխուսափելի մահը։
Եվ եթե լոքդաունի հետևանքները թույլ չեն տալիս լուրջ հիվանդություններ՝ ինսուլտ և սրտի նոպաներ ունեցող մարդկանց առողջապահական ծառայությունների հասանելիություն ունենալ, որի արդյունքում մահանում են, վտանգ կա, որ Covid-19-ի հետևանքով «լրացուցիչ մահերի» մեջ դրանց ընդգրկումը հանգեցրել է գնահատականների լուրջ աճի»։
Ո՞ր հիվանդություններն ունեցող մարդիկ են ավելի խոցելի Covid-19-ով վարակվեու դեպքում։ Մասնագետի կարծիք։ Հայկ Անտոնյան։ «Հստակ հետազոտություններ դեռևս չկան, կան ռիսկի ֆակտորներ, ռիսկային հիվանդություններ, որոնք կնպաստեն մահացության բարձրացմանը։ Դա հիմնականում արտերիալ հիպերտենզիան է, սրտային պաթոլոգիան, ճարպակալումը, դիսմետաբոլիկ համախտանիշը, դիաբետը, ստորին վերջույթների վարիկոզները, անոթային պաթոլոգիաները, կրած վիրահատությունները, նախկինում ունեցած խնդիրները, քրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտները, թոքային պաթոլոգիաները։
Այդ պացիենտների մոտ մահացությունը բարձր է։ Ինչու՞։ Որովհետև վիրուսը՝ SARS-CoV-2-ը, բենչմարկ է օրգանիզմի համար, այսինքն՝ օրգանիզմը ենթարկում է փորձաքննության։ Բնականաբար, պոպուլացիայում ոչ մեկն առողջ չի ծնվում։ Մենք ծնվում ենք բազմաթիվ փոքր և միջին որևէ թերությունով։Եվ վարած կյանքի, միջավայրի, տարբեր ֆակտորների ազդեցության հետևանքով վաղ թե ուշ այդ խնդիրներն իրենց ցույց են տալիս, և մարդը զարգացնում է որևէ պաթոլոգիա։ Երբ կորոնավիրուսը մտնում է օրգանիզմ, արագացնում և ի հայտ է բերում այդ պրոցեսները։ Փաստորեն, վիրուսն է հանդիսանում այդ խնդրի սրացման ինդուկտորը։ Ընդունենք, մարդը երբեք չի ունեցել դիաբետ, բայց ունեցել է մետաբոլիկ համախտանիշ, որը համարվում է նախադիաբետիկ վիճակ։ Ու ասում է՝ «իմ շաքարը միշտ նորմալ է եղել»․ չի էլ գիտակցել, որ դիաբետիկ խնդիր ունի։ Բայց կորոնավիրուսի դեպքում նրա մոտ կարող է լինել շաքարի բարձրացում՝ մեկ սթրեսի պատճառով, երկրորդը՝ երբ վիրուսը մտնի արյան մեջ, վնասի ենթաստամոքսային գեղձը, ինչն էլ կբերի վիրուս-ինդուկցված ինսուլինային անբավարարության, ու արյան մեջ կբարձրանա շաքարը։ Դա նշանակում է՝ SARS-CoV-2 ասոցացված դիաբետիկ վիճակ։
Չնայած մեր պայքարին այդպիսի մահացությունները մնում են բարձր»։
Վիճակագրություն։ ՀՀ-ում առաջին 6 ամիսների տվյալներով` 2019 թ․-ի համեմատ, աճել են արյան շրջանառության, մարսողական օրգանների, վարակիչ և մակաբուծային հիվանդություններից մահերի թիվը։
Չնայած մի քանի հիվանդություններից մահերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են, օրինակ՝ շնչառական օրգանների հիվանդություններից (նվազել է 15․7%-ով), նորագոյացություններից (նվազել է 1․6%-ով) , էնդոկրին համակարգի հիվանդություններից (նվազել է 8․5%-ով), դժբախտ պատահարներից, թունավորումներից, վնասվածքներից (նվազել է 17․1%-ով) և այլ հիվանդություններից (նվազել է 3%-ով) մահերի թիվը, սակայն դա չի անդրադարձել ընդհանուր վիճակագրության վրա, և 2020թ․ 6 ամիսներին նախորդ 2 տարվա համեմատ աճել է բոլոր հիվանդություններից մահերի ընդհանուր թիվը։
2020 թ․ հունվար-հունիս ամիսներին 2019 թ․ հունվար հունիս ամիսների հետ համեմատած 8%-ով աճել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահերի քանակը։
Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացությունների թիվը 2020թ. հունվար-մայիս ամիսներին 179-ով ավելին է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, ինչը, սակայն, էական ազդեցություն չի ունեցել մահերի ընդհանուր ցուցանիշի վրա, և 2020 թ․ հունվար-մայիս ամիսներին, ինչպես վերևում նշել ենք, ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քիչ մահ, քան 2018 և 2019 թվականների նույն ժամանակահատվածում։
2020 թ․ արդեն առաջին 6 ամիսների տվյալներով, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահերի թիվը հասել է 7827-ի, ինչը նշանակում է, որ այս պատճառով մահերի թիվը մեկ ամսում աճել է 1428-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 607-ով։ Ստացվում է՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մեկ ամսում (հունիսին) 382-ով ավելի շատ մարդ է մահացել, քան մարտից մինչև օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում Covid-19-ից և Covid-19 հաստատված այլ պատճառով մահերը միասին վերցրած (միասին կազմում է 1047)։
Պնդում 2․2․ Ինչպես են դասակարգումն անում՝ վիրուսի՞ց է մահը, թե՞ այլ հիվանդությունից, եթե չկա դիահերձում։
Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը Հայաստանում գրանցվեց մարտի 26-ին։ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը այդ մասին հայտնել էր ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ «Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը»,-հավելել էր Նիկողոսյանը։ Դեռ այդ ժամանակ գրառման մեկնաբանություններում և համացանցում տարածվեց հարցադրում, թե ինչպե՞ս կարելի է պնդել, որ մարդը մահացել է կորոնավիրուսից, եթե ունեցել է ուղեկցող մի շարք խրոնիկ հիվանդություններ։
Ապրիլի 29-ից արդեն Առողջապահության նախարարությունը սկսեց կորոնավիրուս ունեցող մարդկանց մահերը դասակարգել՝ կորոնավիրուսից մահեր և կորոնավիրուս ունեցող, բայց այլ պատճառներից մահեր։
Մահերի տարանջատումից հետո մեկ այլ խոսակցություն սկսեց ակտիվորեն շրջանառվել՝ ինչպե՞ս է որոշվում՝ մահը կորոնավիրուսից է, թե մեկ այլ հիվանդությունից, եթե մահացածների դիահերձում չի արվում։
ԱՆ մամուլի խոսնակը մի առիթով նշել էր, որ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն է կատարվում, որի արդյունքում բժիշկները որոշում են մահվան պատճառը։ Ըստ նրա՝ սա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում։ Նիկողոսյանը հավելել էր, որ պարզաբանումը հիվանդների մահվան վերաբերյալ ճիշտ չի ընկալվել. «Մենք չենք ասում մահացել է ուղեկցող հիվանդությունից, այլ շեշտում ենք, որ մահը վրա է հասել այլ պատճառով»։
Մասնագետի կարծիք։ Հայկ Անտոնյան։ «Ինչ վերաբերում է Covid-19-ի և ոչ Covid-19-ի տարանջատմանը, կան ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) կողմից հրատարակված ուղեցույցներ, որով մեր բժշկությունն ուղորդվում է։ Առաջին մեծ հարցը շատ հեշտ է, օրինակ՝ մարդը ունի Covid-19 հիվանդություն, բայց, ցավոք սրտի, ենթարկվել է ավտովթարի․ դա դիտարկվում է ոչ Covid-19 մահ։
Մահը որոշվում է հետազոտությունների արդյունքով։ Հիվանդը որևէ կլինիկա գալիս է անամնեզով, պոլիկլինիկայի ուղեգրով։ Շտապօգնության բժիշկն արդեն գնահատել է՝ տվյալ մարդն է, շնչուղիները այս աստիճանի վնասված են կամ, օրինակ, թթվածնի հագեցվածությունն արյան մեջ առանց թթվածնի այսքան է, թթվածնով՝ այսքան։ Ամբողջը սահմանագրվում է՝ ինչ կողմակի հիվանդություններ ունի այդ մարդը ու անպայման թե ինչ տարիքի է, որովհետև տարեցները ավելի խոցելի խմբի մեջ են։ Երբ այդ ամբողջ պրոտոկոլը, ինֆորմացիան գալիս է, մենք սկսում ենք ըստ դրա հետազոտել։
Ընդունենք, մարդն ուներ կովիդ դրական, եղավ հանկարծամահ․ օրինակ՝ սրտային պաթոլոգիա եղավ։ Բնական է, որ կովիդը հանդիսացավ թրիգգեր, որ սրտային պաթոլոգիան խորանա։ Այդ ժամանակ գիտենք հստակ, որ այն կովիդ ասոցացված մահ է, բայց կա և կովիդ բացասական, որ արդեն նշեցի՝ Covid-19-ով մարդն ավտովթարի է ենթարկվում կամ հանկարծամահ է լինում կամ որևէ խնդրով թույնով է վարակվում։ Ընդունենք, օրգանիզմը կարող էր կովիդով ապրել էլի որոշակի ժամանակ, բայց չապրեց, որովհետև վրա հասավ ուրիշ պատճառից մահ։ Դրա համար այն գրանցվում է ոչ կովիդ մահ, իսկ հիվանդանոցներում ավելի հեշտ է դա որակելը։
Մոտեցման մեխանիզմը մոտավորապես սա է»:
ԱՀԿ-ի ցուցումները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված են միջազգային մեթոդոլոգիական ցուցումներ՝ Covid-19-ը որպես մահվան պատճառ հաստատելու և գրանցելու սկզբունքների ու ընթացակարգի վերաբերյալ։ Բացի այդ սկզբունքների և ընթացակարգերի մանրամասն նկարագրությունից, նշվում են նաև այն դեպքերը, երբ մարդը վարակված է Covid 19-ով, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներից։
Ուղեցույցի բաժիններից մեկում ներկայացված է մահվան պատճառների վկայականի պարզեցված ձևը և նախատեսված է մահվան բժշկական վկայականները լրացնող անձանց համար։ Այս բաժնում ոչ Covid-19 մահերի համար հետևյալ ցուցումը կա․
«COVID-19 կորոնավիրուսային վարակով մարդիկ կարող են մահանալ այլ հիվանդություններից կամ դժբախտ պատահարներից։ Այդպիսի դեպքերը չեն համարվում COVID-19-ից մահեր և չպետք է հաշվառվեն որպես այդպիսիք։ Այն դեպքում, եթե կարծում եք, որ COVID-19-ը խորացրել է դժբախտ պահտահարի հետևանքը, կարող եք վկայականի երկրորդ մասում գրել COVID-19։ Խնդրում ենք, չմոռանալ նշել մահվան բնույթը և 1-ին մասում նշել դժբախտ պատահարի կամ արտաքին այլ պատճառի ճշգրիտ տեսակը»։
Մեկ այլ դեպքի համար ևս նմանատիպ ցուցում կա․ «COVID-19-ը ունեցող անձինք կարող են մահանալ այլ պաթոլոգիական վիճակներից, ինչպիսին է միոկարդի ինֆարկտը։ Այդպիսի դեպքերը չեն համարվում COVID-19-ից մահեր և չպետք է համարվեն որպես այդպիսիք»։
Վիճակագրություն։ 2020 թ․ մարտից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է Covid-19-ով վարակված 1047 մարդու մահ, որոնցից 809-ը մահացել է կորոնավիրուսից, 238-ի մահը վրա է հասել այլ պատճառներով։ Մահերը կազմում են վարակվածների ընդհանուր թվի 3 %-ը։ Այլ պատճառով մահերը կազմել են կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց ընդհանուր թվի 22․7 %-ը։ Այսինքն` կորոնավիրուսով վարակված մարդկանց մահերի 22․7 տոկոսը գրանցվել է այլ պատճառներից։
ՀՀ Առողջապահության նախարարության և ampop.am-ի հավաքագրած տվյալներով*, Covid-19-ից մահացածներից 359 կին է, իսկ 450-ը տղամարդ։ Մահացել են 27-40 տարեկան 6, 41-50 տարեկան 31, 51-60 տարեկան 112, 61-70 տարեկան 243, 71-80 տարեկան 201, 81-90 տարեկան 201 և 90-ից բարձր տարիքի 15 մարդ։
Պնդում 3․ Ծխողները ավելի քիչ են մահանում կորոնավիրուսից
Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում ամենատարածված խոսակցություններից մեկն այն էր, թե վիրուսը մեծամասամբ վարակում է չծխողներին և ծխողներն ավելի քիչ են մահանում կորոնավիրուսից։
Այդ խոսակցություններին ի պատասխան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել․ «Անընդհատ ինձ զսպում եմ սրա մասին խոսելուց, որ ինձ կրկին չմեղադրեն անընդհատ «ծխելու» դեմ պայքարի մեջ։ Բայց այլևս չեմ կարող… Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խորը խոցված են։ Խոցված են թե՛ սովորական, թե՛ էլեկտրոնային սիգարետներով և թե՛ նարգիլեով։ Չե՞ք ուզում ծանր հիվանդանալ կորոնավիրուսով կամ մահանալ դրանից։ Թողե՛ք ծխելը հենց հիմա »,- գրել էր Թորոսյանը։
Թորոսյանն այս խոսակցությունների իրական լինելը հերքել էր նաև լրագրողների հետ հանդիպմանը․ «որքան էլ փորձեն ծխելը դրական գործոն ներկայացնել, ուղիղ կապ կա թոքերի և մահացության հետ, իսկ թոքերը, գիտեք, ամենաշատը ինչից են վնասվում: Տղամարդկանց մահացության մեծ թիվը կապված է ծխելու և ոչ լավ սննդի հետ, որը բերում է գիրության: Հենց այդ պատճառով էլ տղամարդիկ երկու անգամ ավելի շատ են մահանում այս վիրուսից»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության who.int կայքում հունիսի 30-ին հրապարակված գիտական համառոտագրում անդրադարձ կա Covid-19-ի պանդեմիայի պայմաններում ծխողների վերաբերյալ կլինիկական արդյունքների մասին՝ արդյոք նրանք հավասարապես զգայուն են վարակի հանդեպ, և արդյոք նիկոտինը որևէ կենսաբանական ազդեցություն ունի SAR-CoV-2 վիրուսի վրա (վիրուսը, որն առաջացնում է Covid-19):
Այս հրապարակումն անդրադառնում է 3 հիմնական հարցերի՝ ծխողների շրջանում SARS-CoV-2-ով վարակվելու ռիսկը, ծխողների՝ COVID- 19-ով հոսպիտալացվելու ռիսկը և ծխողների շրջանում COVID- 19-ով ծանր հիվանդանալու ու մահացության ռիսկը։
Թե որքան է ծխողների՝ SARS-CoV-2-ով վարակվելու ռիսկը, հոդվածում նշվում է, որ ներկա պահին չկա գրախոսված որևէ հետազոտություն, որ կգնահատեր այն։ Ինչ վերաբերում է ծխողների՝ COVID-19-ի պատճառով հոսպիտալացման ռիսկին, 27 դիտորդական հետազոտություններ ցույց են տվել, որ ծխողները կազմում են հոսպիտալացված մեծահասակների 1․4-18․5 %-ը։ Անդրադառնալով ծխողների շրջանում COVID-19-ով ծանր հիվանդանալու և մահացության ռիսկին՝ նշվում է, որ զգալի կապ է հայտնաբերվել պացիենտների՝ ծխելու և COVID-19-ի արդյունքների ծանրության աստիճանի միջև։
Հոդվածի եզրակացությունը հետևյալն է․ այս ակնարկի կազմման ժամանակ ունեցած տվյալները վկայում են, որ ծխելը կապված է COVID-19 ունեցող հոսպիտաացված պացիենտների հիվանդության ծանրության և մահացության աճի հետ։ Թեև սա, ամենայն հավանականությամբ, կապված է հիվանդության ծանրության հետ, ուսումնասիրված գրականության մեջ որևէ ապացույց չի հայտնաբերվել ծխողների՝ COVID-19-ով հոսպիտաացվեու կամ SARS-CoV-2-ով վարակվեու ռիսկի քանակական գնահատականի համար։
Այսպիսով, Covid-19 շարունակում է մնալ ոչ լիարժեք բացահայտված։ Այս հիվանդության շուրջ պարբերաբար շարունակվում են միֆեր ու դավադրության տեսություններ ստեղծվել։ Նոր կորոնավիրուսը մի շարք հարցեր է առաջացնում, որոնցից շատերին հնարավոր չէ հստակ պատասխանել, քանի որ այն դեռ ընթացքի մեջ է, և հետևանքներն էլ վերջնական չեն։ Այս վիրուսի մասին վիճակագրությունը հասկանալու, դրա վրա հիմնված վերջնական փաստեր դուրս բերելու համար համակողմանի ուսումնասիրություն է պետք՝ մի շարք բաղադրիչների ներառմամբ։
Մարգարիտա Ղազարյան
* Սեպտեմբերի 6-ին հոդվածում կատարվել է երկու փոփոխություն։ Ավելացվել է տվյալների հավաքագրման գործում Ampop.am կայքի կատարած աշխատանքի մասին հղումը տեքստով ու համապատասխան ինֆոգրաֆիկում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: