Հունիսի երկրորդ կեսին համավարակից զատ ապատեղեկատվությունների և մանիպուլյացիաների առիթ դարձան ԲՀԿ-ի շուրջ զարգացումները, Երևանի հրդեհը։ Ֆեյսբուքյան կեղծ էջի խայծը նորից կուլ տվեցին լրատվամիջոցները։
ԲՀԿ-ական գրություններ․ ով է հաստատում և ով է հերքում
Հունիսի 15-ին Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկության տեսանյութը։ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի մոտ, ինչպես երևում էին կադրերից, կային նրա քաղաքական թիմի 4 անդամի ձեռագրով գրված խոստում-պարտավորագրերը՝ 2017 թվի ԱԺ ընտրություններին ձայներ ապահովելու, ինչպես նաև այլ խոստումների բովանդակությամբ և ստորագրություններով։
❌ Նաիրա Զոհրաբյանը հերքեց իրեն վերագրվողը․ «Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղակատվություն է և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային»:
❌ Սերգեյ Բագրատյանը ալարելու խնդիր չուներ։ Ֆեյսբուքյան գրառմամբ (որը հեռացված է), «պատասխանատու հայտարարեց»՝ «այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Առաջիկայում դիմելու եմ դատարան..»։ Ապա հետգրությամբ ավելացրեց, որ դա անելու է հենց հաջորդ օրը։
Սակայն գրառումից 17 օր անց նման հայց առկա չէ դատական տեղեկատվական datalex.am համակարգում։ Փոխարենը առկա է Բագրատյանի դեմ կայացված 2009 թվի դատավճիռը` չարամտորեն հարկեր վճարելուց խուսափելու մասով։
✅ ԲՀԿ թիմով ընտրված, իսկ այժմ որպես անկախ պատգամավոր հանդես եկող Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան էջում հաստատեց իրեն վերագրվողը։
✅ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը նույնպես հաստատեց իր գրության իրական լինելը lragir.am-ի հետ զրույցում:
Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ նիստին նրա չմասնակցելու իրենց ունեցած տեղեկության մասին գրեց Armlur.am-ը։ Սակայն, տեղեկությունը չստացված կանխատեսում դուրս եկավ։ ԲՀԿ առաջնորդը հունիսի 16-ին դահլիճում էր, ելույթ ունեցավ, պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Սակայն, սա ապատեղեկատվության միակ օրինակը չէ այս թեմայով։
Media.am-ը հունիսին գրել է ԲՀԿ առաջնորդի շուրջ զարգացումերի միջազգային մամուլի տեղական ապակողմնորոշող անդրադարձերի մասին։
ԲՀԿ-ական ցույցերն ու մարզիկներ
ԲՀԿ առաջնորդի շուրջ զարգացումներին խառնվեց մարզաշխարհը և որոշ մարզիկներ արդյունքում դարձան ապատեղեկատվությունների և մեդիա մանիպուլյացիայի թիրախ։ Այս գործում հատկապես ակտիվ էր hraparak.am-ը։
Հունիսի 17-ին էմոցիաների վրա խաղացող տեքստ հրապարակվեց՝ «Քյարամի եղբայր Ռոմանը․․․» վերնագրով։ Դրանում հեղինակը զուտ ազգային պատկանելության հիման վրա կապել էր Գագիկ Ծառուկյանին աջակցելու եկած ըմբշամարտիկ, բազմակի չեմպիոն Ռոման Ամոյանին 2016-ի ապրիլյան քառօրյայում գլխատված Քյարամ Սլոյանի հետ։
Նույն կայքը հաջորդ օրը՝ հունիսի 18-ին Ամոյանի հետ զուգահեռելու համար հիշեց սեռափոխված մարզիկ Մել Դալուզյանին։ Կայքը պնդեց, թե Հայաստանում սեռական կողմնորոշման վրա հիմնված խտրականություն կա։ Նյութում հատուկ ընդգծված է Դալուզյանի սեռափոխումը, իսկ ոստիկանի պահանջի Ամոյանի չենթարկվելու մասը շրջանցված է։
Այնուհետ, հունիսի 19-ին կայքը գործող մարզիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն և Ծառուկյանի համար ցույցի դուրս չեկած Արթուր Ալեքսանյանի մասին օդում կախված լուրեր շրջանառեց։
Իբրև իշխանությունը խոստացել է նրա անվամբ մարզադպրոց բացել, իսկ 2021-ին Ալեքսանյանին առաջադրել Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Այս ամենը կայքը ներկայացրեց իբրև քաղաքական գործարք՝ Ծառուկյանից նրան «պոկելու» համար։
Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը նույն օրը հերքեց լուրը և լրատվամիջոցին կոչ արել «չշահարկել Արթուր Ալեքսանյանի անունը ձեր էժան փիարի համար»։
Երևանի հրդեհը․ ինչ դավադիր նպատակների համար էր
Հունիսի 26-ի երեկոյան խոշորամասշտաբ հրդեհ բռնկվեց Երևանի Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում։ Այրվեց մոտ 21 հա տարածք։ Մինչ տարածվում էր հրդեհը ու շրջանառվում դրա կադրերը, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրեց․ «ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր»։
Վերջին ամիսների կորոնավիրուսի մասին դավադրության տեսություններ և ապատեղեկատվություններ տարածող Երևանի ավագանու նախկին անդամները այս իրավիճակում էլ դավադրություններ որոնեցին ու գտան։
Մասնավորապես, Մարինա Խաչատրյան գրեց՝ «Ժողովուրդ, թանգարանը հրդեհում են, որ վերացնե՞ն …. ո՞նց գնանք, օգնենք ….. ես պատրաստ եմ ….»։ Իսկ նրա գաղափարակից Սոնա Աղեկյանը դեպքի վայրում էր։
Ուղիղ եթերում աշխատող մի քանի լրագրողական խմբերի հետ զրույցի ժամանակ ենթադրության մակարդակով հայտարարեց, թե տարածքները հատուկ են այրում, որ Չեխիայի մեծահարուստները բիզնես կենտրոններ կառուցեն (տեսանյութում՝ 1:39:42 րոպեից)։
Կեղծ էջի բովանդակությունը տարածվել էր լրատվականներում
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մայիսի վերջին հիմնադրել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը։ Ֆեյսբուքում նույնանուն երկու էջ է գործում՝ իրական և կեղծ։
Կեղծ էջով կիսում են ինչպես իրական էջի բովանդակությունը, այնպես էլ թրոլինգի են ենթարկում ու տարածում ապատեղեկատվություն։ Վերջին օրինակը նախաձեռնության անդամների հունիսի 27-ի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հանդիպելուց հետո տարածվեց։
Առաջինը կեղծ էջը գրեց, թե Արման Բաբաջանյանը «հանդիպման ընթացքում առաջարկել է արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում»:
Այս բովանդակությունը տարածեցին լրատվականները, այդ թվում Արման Բաբաջանյանի հիմնադրած 1in.am կայքը, որը ավելի ուշ հեռացրեց նյութը։ Այս մասին տեղեկություն ստանում ենք կեղծ էջում տեղադրված հղումից։
Իրական էջից հաղորդագրությունը տարածվել է մի քանի ժամ անց։ Հաջորդ օրը էջը նաև տեղեկացրեց նույնանուն կեղծ էջի գոյության մասին։
Ուշագրավ է, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակը նույնպես կեղծ էջի խայծը կուլ էր տվել։ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պահանջել էր «չխեղաթյուրել հանդիպման ընթացքում ծավալված քննարկման բովանդակությունը և սուտ հրապարակման համար հրապարակավ ներողություն խնդրել»: Նա ավելի ուշ գրառումը հեռացրել է։
Այս ապատեղեկատվությունը տարբեր շեշտադրումնեով տարածել են newspress.am-ը, iravunk.com-ը, politik.am-ը և այլն։
Հերքման պահանջներ
Հունիսի երկրորդ կեսին հերքման պահանջներ ներկայացրեցին ինչպես լրատվականին, այնպես էլ վարչապետին ու նրա մամուլի խոսնակին։
? Հունիսի 20-ին իր անձնական էջում «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը գրեց, որ 1in.am-ի նախորդ օրը տարածած «սուտ լուրերի կապակցությամբ» իր երկու կուսակիցների հետ պատրաստվում են հայցեր ներկայացնել դատարան՝ «զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատասխանատվության միջոց կիրառելու պահանջներով»։
1in.am-ը գրել էր, որ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցակիցնների՝ Արմեն Եղիազարյանի և Տարոն Սիմոնյանի հետ, հանդիպել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջինիս առանձնատանը»: ԼՀԿ ղեկավարի՝ լուրը հերքելելուց հետո լրատվականը հավելել է, որ չնայած լուրը հերքվել է, բայց «լուրը ստույգ է ու համապատասխանում է իրականությանը»։ Ուշագրավ է, որ կայքը օգտագործել է Մարուքյան-Սարգսյան հանդիպման հին լուսանկար։
? ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, նրա որդիներ՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի դեմ հայցադիմում են ներկայացրել: Նրանք պահանջում են վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել:
Հերքումներ
❌ Իրավապաշտման Զարուհի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հերքեց analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի տարածած լուրը։ Նա ասաց, որ իր ամուսինը երբեք չի եղել որևէ պատկերասրահի հիմնադիր։
❌ ՊԵԿ-ը հերքեց Հայաստանից Մոսկվա iPhone արտահանելու լուրը։
❌ Արցախի ՊԲ-ն հերքեց հայկական կողմից ադրբեջանական գյուղի ուղղությամբ կրակ բացելու տեղեկությունը։
❌ Նախագահի աշխատակազմից տեղեկացրեցին, որ պետական բյուջեից իրենց որևէ լրացուցիչ գումար չի հատկացվել:
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: