2020.06.18,

Ստուգված է

Երբ թարգմանելիս սխալվում ես կամ մանիպուլացնում

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի շուրջ զարզագումները, հարուցվող քրեական գործերը ուղեկցվում են ոչ միայն ակցիաներով, բոյկոտներով, այլև մեդիա պատերազմներով, ֆեյքային գրոհների մեղադրանքներով։

Օրակարգային թիվ մեկ հարց դարձած Ծառուկյանն ու իր քրեական գործերը հետաքրքրեցին նաև միջազգային մամուլին։ Այս անդրադարձերը թարգմանության կամ ամփոփման տեսքով տեղ գտան հայկական լրատվական կայքերում ու հեռուստաընկերություններում։

Դրանցում, բացի մանիպուլյացիաներից ու ապատեղեկատվություններից, նկատվում է աղբյուրների հետ աշխատանքի խնդիր։

Հայկական մեդիայում ներկայացվող միտքը “New York Times”-ինը չէր

Ամերիկյան նշանավոր “The New York Times” պարբերականին հղում տալով` Tert.am-ը նյութը վերնագրեց․ «Հարավային Կովկասի տարածաշրջանում կորոնավիրուսից ամենատուժած երկրում խորհրդարանը թույլ է տվել կալանավորել ընդդիմադիր առաջնորդին․ The New York Times»:

❌ Նման միտք պարբերականի բովանդակության մեջ չկա։

Այն վերնագրված է՝ “Armenian parliament backs arrest of opposition leader for fraud” (Հայաստանի խորհրդարանը աջակցում է խաբեության համար ընդդիմության առաջնորդի ձերբակալությանը)։

Նյութում, ի թիվս Ծառուկյանի շուրջ զարգացումների, նշված է նաև իշխանության հասցեին հնչեցված մեղադրանքը՝ տնտեսությունը և կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելը։

Այստեղ է, որ լուրում տրվում է համատեքստային տեղեկություն․ «3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում կորոնավիրուսով վարակման 17,489 դեպք է գրանցվել և 293 մահ առ երեքշաբթի, և այն ամենաշատ տուժած երկիրն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Նախկինում կանխատեսված 4.9% աճից հետո կառավարությունն այժմ ակնկալում է, որ տնտեսությունն այս տարի կկրճատվի 2%-ով»։

Սակայն, դրանում ոչ մի տեղ չկա վերնագրում տեղ գտած միտքը։ Համատեքստային տեղեկությունը և լուրը իրար միացնելով tert.am-ն է այն ձևակերպել և վերագրել “The New York Times”-ին։

Նույն լուրը, նույն բովանդակությամբ ավելի ուշ հայտնվել է analitik.am կայքում և հաջորդ օրը հասել ArmNews հեռուստաալիք (տեսանյութում` 2:54 րոպեից):

❌ Լուրի հեղինակը ոչ թե ամերիկյան պարբերականն է, այլ ինչպես հղում էր տրված՝ բրիտանական “Reuters” գործակալությունը։

EVN Report-ը չի նշանակում European Report, անգլալեզու բովանդակություն՝ չի նշանակում միջազգային մամուլ

 

Վարչապետի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը հունիսի 16-ին ամփոփել է միջազգային մամուլի անդրադարձը Ծառուկյանի գործի մասին։

Նյութում մի քանի անգամ նկատվում է աղբյուրների հետ աշխատանքի խնդիր․

? Թեև միայն մեկ դեպքում է նշված, որ իրենց մեջբերած հրապարակումը հղում է կատարում “Associated Press”-ին (AP)-ին, սակայն, մեջբերված 7 հրապարակումներից երկուսը (usnews.com, yourvalley.net) կրկնում էին AP գործակալության նույն լուրի բովանդակությունը՝ պատշաճ հղումով։

Մեկ այլ՝ Dailyjournal.net-ի նյութը նույնպես հղում տալով կրկնում է նույն AP լրատվական գործակալության հրապարակումը։ Սրա մասին ոչ մի նշում չկա մամուլի տեսության մեջ։

? Մեջբերված nationalpost.com-ի բովանդակությունը նույնպես սեփական անդրադարձ չէր։ Այն վերը մեջբերված “Reuters” գործակալության լուրի վերատպում էր՝ պատշաճ հղումով։

Դրանում չկա ԲՀԿ-ականներին մեջբերող ձևակերպում, թե «իրենց նկատմամբ քաղաքական տեռոր է իրականացվում»։

? Կայքը թարգմանել է իր ներկայացմամբ “EuropeanReport” հարթակի լուրը, որը  մեկ պարբերություն ներքև դարձել է “EVN Report”.

“EuropeanReport” անունով կայք գոյություն չունի։ Նյութում ակտիվ հղում տրված է “EVN Report” կայքի հրապարակումը։

Բացի սկզբնաղբյուրի ապակողմնորոշող հղումից, armtimes.com-ը ևս մեկ սխալ է թույլ տվել այս դրվագում։

Ի սկզբանե անգլալեզու, ապա նաև հայերեն բովանդակություն ստեղծող “EVN Report”-ը ոչ թե միջազգային, այլ տեղական հարթակ է։

EVN հապավումը բացվում է ոչ թե European, այլ Yerevan։

Հարթակը միավորում է Երևանում, սփյուռքում և դրանից դուրս ապրող լրագրողների, գրողների և վերլուծաբանների։ Այս մասին տեղեկությունը առկա է կայքի «Մեր մասին» բաժնում։

Ուշագրավ է, որ նույն բովանդակությունը նույն սխալներով հայտնվել է 1in.am կայքի «5 րոպե պակաս» լուրերի ամփոփման մեջ (տեսանյությում՝ 8։34 րոպեից)։

Կուսակցության հայտարարությունը մամուլի անդրադարձ չէ

ԲՀԿ առաջնորդի հիմնադրած ու «Մուլտիմեդիա Կենտրոն» ՓԲԸ սեփականություն հանդիսացող «Կենտրոն» հեռուստաընկերությունը հունիսի 17-ին նույնպես ամփոփել է միջազգային մամուլի անդրադարձերը՝ զերծ չմնալով ապակողմնորոշումներից և սխալներից։

? Հեռուստաընկերության միջազգային մամուլից մեջբերված առաջին անդրադարձը ոչ թե լրագրողական տեքստ է, այլ քաղաքական հայտարարություն ռուսական «Ռոդինա» կուսակցությունից։

Հեռուստաընկերությունը օգտվել է գրեթե նույն աղբյուրներից, ինչ վերը մեջբերված քաղաքական հակառակորդին պատկանող armtimes.com կայքը և թույլ տվել աղբյուրների հետ աշխատելու նմանաբովանդակ սխալներ։ Օրինակ․

? Հեռուստաալիքը թեև միայն usnews.com-ի դեպքում է նշել, որ լուրը մեջբերում է “Associated Press”-ին (AP), սակայն, իրենց մեջբերած ևս մեկ նյութում սքրինշոթերից երևում է լուրը հղում է կատարում նույն աղբյուրին։

Ինչպես վերը նշեցինք, yourvalley.net-ի (Daily Independent) մեջբերումը կրկնում է AP գործակալության լուրի բովանդակությունը՝ պատշաճ հղումով։

Մեկ այլ՝ dailyjournal.net-ի նյութը նույնպես հղում տալով կրկնում էր ամերիկյան AP լրատվական գործակալության մեկ այլ հրապարակում։

? Մեջբերված nationalpost.com-ի բովանդակությունը նույնպես սեփական անդրադարձ չէր, այլ վերը մեջբերված “Reuters” գործակալության լուրն էր՝ պատշաճ հղումով։

Ինչպես armtimes.com-ի անդրադարձում, այստեղ ևս մեջբերված է կայքում տեղ չգտած բովանդակություն, համաձայն որի, ԲՀԿ-ականները իբրև ասել են «իրենց նկատմամբ քաղաքական տեռոր է իրականացվում»։

Բերված օրինակները փաստում են, որ միջազգային մամուլի հայկական անդրադարձերը կարդալիս, անհրաժեշտ է բովանդակությունը կրկնակի ստուգել՝ դրանց բովանդակությանը և աղբյուրներին հավատալուց առաջ։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *