2020.06.28,

Ստուգված է

Կորոնամիֆեր․ հունիսի 19 – 26

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Չնայած անցնող շաբաթվա գլխավոր թեման Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներն էին, մամուլում և սոցցանցերում շարունակեցին տարածվել կորոնամիֆեր դիմակների, Փաշինյանի չեղարկված այցի և դիահերձարաններում մահված կեղծ պատճառ նշելու մասին։

«Փչացած հեռախոսը» նորից զանգեց

Հունիսի 20-ին «Կենտրոն» հեռուստաընկերության՝ հանրության շրջանում անցկացվող հարցման ժամանակ քաղաքացիներից մեկը հայտարարեց. «Էն օրը մեր ծանոթներից մեկը մահացել էր, ասում էր՝ արեք գրենք կորոնահիվանդ եք»։

Քաղաքացու խոսքով դեպքը տեղի էր ունեցել Երևանի Հարավարևմտյան (հայտնի է Բանգլադեշ անունով) թաղամասում և մահը կորոնավիրուսի հետ կապ չուներ։ Ավելի մանրամասն տեղեկություն քաղաքացին եթերում չհայտնեց։

❌ Սա առաջին դեպքը չէ, երբ լուրեր են տարածվում, թե այլ պատճառով մահացողի հարազատներին առաջարկել են կորոնավիրուսը նշել որպես մահվան պատճառ։

❌ Բոլոր դեպքերում լուրեր տարածողները չեն կարողացել մանրամասն տեղեկություն հայտնել դեպքի մասին․ աշխատել է «փչացած հեռախոսի» էֆեկտը։

«Կենտրոնի» ռեպորտաժի այս հատվածը տարածվեց Ֆեյսբուքում՝ արդյոք պե՞տք է քաղաքացու հայտարարության հետքերով գնալ, թե «թողնել», որ կեղծ տեղեկություն տարածեն հարցադրումով։

Առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը արձագանքեց քննարկմանը՝ նշելով, որ կպարզեն քաղաքացու ինքնությունը և բացատրություն կվերցնեն։

Ինչու՞ Փաշինյանը չգնաց Մոսկվա

Հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը չեղարկել է իր այցը Մոսկվա։ «Հրապարակ» թերթը գրեց, որ Փաշինյանի այցը չեղարկվել է ռուսական կողմի առաջ քաշած պահանջների պատճառով։

Ըստ թերթի, Ռուսաստանում «կասկածներ են ունեցել՝ կապված նրա վարակման եւ արագ առողջացման հետ»։ Թերթը հղում էր արել իր աղբյուրներին և որևէ այլ ապացույց չէր բերում։

168.am-ը նույնպես անդրադարձավ այցի չեղարկմանը և թվարկեց մի քանի վարկած․ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին համաձայնություն ձեռք չի բերվել, ռուսական կողմը պահանջել է Փաշինյանից թեստ հանձնել, ռուսական կողմն է չեղարկել այլցը։

Այս վարկածներից որևէ մեկի համար թերթը ապացույցներ չբերեց։ Փոխարենը զրուցեց ՌԴ Պաշտպանության նախարարության հետ կապված փորձագետի հետ, որը բողոքեց, թե Հայաստանում ռուսական բիզնեսին ճնշում են, իսկ Փաշինյանը թույլ չի տալիս, որ ռուս մասնագետները այցելեն «Պենտագոնի ֆինանսավորմամբ ՀՀ-ում բիոլաբորատորիաներ»։

Ռուս փորձագետի խոսքը վերաբերվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին, որը հաճախ է դառնում ռուսական քարոզչության թիրախ։ Այս քարոզչական թեզերը բազմիցս հերքվել են։

Ադրբեջանը չի ֆինանասավորել կորոնավիրուսի համավարակը Հայաստանում

Հունիսի 22-ին Livenews.am կայքը հրապարակեց բժիշկներ Մարինա Խաչատրյանի և Ռուբեն Հովհաննիսյանի «Պետական դավաճանություն․ Ադրբեջանը Փաշինյանին վճարո՞ւմ է մահերի համար» վերնագրով հարցազրույցը։

Շուրջ մեկ ժամ տևող զրույցի ժամանակ բժիշկների առաջ քաշած պնդումներից շատերը կեղծ կամ մանիպուլյատիվ էին։

❌Կորոնավիրուսը «ՁԻԱՀ-ի տարրեր» չի պարունակում։ Երկու վիրուսների մեջ գոյություն ունեցող առանջին նմանությունները հիմք չեն ենթադրելու, թե դրանց հարուցած հիվանդությունները նույնատիպ են։

❌Դիմակ կրելը չի վնասում առողջությանը։

❌Ադրբեջանը չի ֆինանասավորել կորոնավիրուսի համավարակը Հայաստանում։

Ադրբեջանի՝ Հայաստանում մահեր «ֆինանսավորելու» մասին պնդումը Մարինա Խաչատրյանը տարածում է վերջին մի քանի օրվա ընթացքում։ Նա ասում է, թե Ադրբեջանը $10 միլիոն է վճարել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և «պատվիրել է հայերի այս մահերը»։

ԱՀԿ-ի անդամ յուրաքանչյուր երկիր տարեկան վճար է մուծում, որի չափսը կախված տվյալ երկրի բնակչության քանակից և տնտեսական վիճակից։ Կազմակերպությանը ամեն տարի գումար է վճարում նաև Հայաստանը։ Ադրբեջանի վերջին վճարումը կազմել է շուրջ $574,000, Հայաստանինը՝ $57,000։

Դիմակ չկրելու հորդորները

Մարինա Խաչատրյանն ու Ռուբեն Հովհաննիսյանը միակ բժիշկները չէին, որ Covid-19 համավարակի մասին կեղծ լուրեր տարածեցին։

Մանիպուլյատիվ պնդումներ արեց նաև ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը, ով վերջերս հայտնվել էր միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում՝ ԱՄՆ ֆինանասավորմամբ կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածող կայք ստեղծելու պատճառով։

Գրիգորյանը ֆեյսբուքյան լայվերի շարք հրապարակեց, որտեղ մեղադրում էր կառավարությանը Հայաստան կորոնավիրուս «բերելու» մեջ:

Մեկ այլ տեսաուղերձում էլ Գրիգորյանը կոչ արեց բացօթյա տարածքում դիմակ չկրել։

Բացօթյա տարածքում, միայնակ քայլելու ժամանակ դիմակ կրելու պարտադրանքը դադարեցնելու անհրաժեշտության մասին Ֆեյսբուքում գրել էր նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Սովորական բժշկական դիմակները, սակայն, ապահով են և չեն վնասում առողջությանը։

❌Դիմակները չեն առաջացնում թթվածնային քաղց։

❌Դիմակները չեն առաջացնում վտանգավոր չափաբաժնով ածխաթթու գազ շնչելու հավանականություն։

Միայն N-95 տեսակի դիմակներն են, որ երկարատև կրելու դեպքում կարող են ածխաթթու գազի մակարդակը արյան մեջ որոշակիորեն բարձրացնել։ Սակայն այս խնդիրը կարող է լուծվել ուղղակի դիմակը հանելով։ Հետևաբար, եթե մարդը չունի դիմակ կրելու որևէ հակացուցում, ապա չկա հիմք ենթադրելու, որ դիմակները կարող են առողջական խնդիրներ առաջացնել։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *