2020.06.14,

Ստուգված է

Կորոնամիֆեր․ հունիսի 5 – 12

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Media.am-ը ներկայացնում է համավարակի մասին անցած յոթ օրվա ընթացքում տարածված ապատեղեկատվությունները և դավադրության տեսությունները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ապակողմնորոշող հայտարարությունից հետո ուժաղացավ դիմակների օգտագործման հակաքարոզչությունը։ Այն տեղավորվեց քաղաքական համատեքստում, իսկ իշխանությանը շարունակեցին ենթադրության մակարդակով մեղադրել համավարակի օրերին գումար աշխատելու համար։

Ենթադրությունների վրա հիմնված մեղադրանք

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հունիսի 7-ին հայհոյախառն գրառում կատարեց Ֆեյսբուքում։ Նա մեղադրեց իշխանություններին «մարդկանց մահի վրա փող աշխատելու» «դավաճանության» համար։

Ռուսական КВН նախագծի մասնակից Գրիգորյանն այս գրառմամբ հակադարձել էր իշխանությունների պնդումներին, թե հիվանդանոցներում այլևս տեղ չկա։ Պնդել էր, որ Երևանում «ահագին» հիվանդանոցներ դատարկ են, դրանց ռեանիմացիոն բաժանմունքներում տեղեր կան։ Բայց քանի որ այդ հիվանդանոցները պատկանում են «նախկիններին», չեն համագործակցում դրանց հետ։

Նմանաբովանդակ պնդում էր կատարել բուժաշխատողների չբավարարելու և թեստավորման խնդրի հետ կապված։ Ըստ նրա, նախարարությունը համագործակցում է նախարարի ընկերների լաբորատորիաների հետ։ Ապա եզրահանգել` հակահամաճարակային պայքարը տապալած է, ունենք այսքան մահ, քանի որ «տղեքը փող են աշխատում»։

Այս հրապարակումը վերատպեցին մի շարք կայքեր՝ lurer.com, yerkir.am, 168.am և այլն, առանց որևէ կերպ խմբագրելով հայհոյանքները։ Գրառումը հունիսի 14-ի դրությամբ ստացել է 1100 արձագանք և կիսվել 577 անգամ։

Գրառումից երեք օր անց Գրիգորյանին հյուրընկալեց 168․am-ի “ReView” հաղորդումը։ Վերջինս պարզաբանեց, թե ինչպես ենթադրության հիման վրա նման մեղադրանքներ է հնչեցրել․

«Ես ինֆորմացիաների էի սատնում, էդ ինֆորմացիաները ենթագիտակցությանս մեջ ֆռֆռում էին, ես հասկանում էի, ինչ-որ բան էն չի։ […] Նենց ստացվեց, որ շաբաթ երեկոյան լրիվ հանկարծակի ես մի երկու բան էլ իմացա, մասամբ, որ երրորդ հիվանդանոցն էլ ա դատարկ ու թիվն իմացա ինչքան ա դատարկ։ Իմ հետ հաճախ ա լինում, ես քնեցի, կիրակի օրը արթնացա ու փազլը տեղն ընկավ ամբողջ, ես հասկացա ինչ ա արվել ու ինչի համար ա արվել» (տեսանյութում 3։33 րոպեից)։

Այս հարցին հունիսի 12-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Առողջապահության նախարարը։

Արսեն Թորոսյանն ասաց, որ ամբողջ առողջապահական համակարգը ի սկզբանե ներգրավված է եղել այս պրոցեսում՝ հատուկ սկզբունքերին համապատասխան։

«Այդ սկզբունքները միշտ լինելու են և, այո, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ։ Որովհետև հակահամաճարակային և բուժական սկզբունքն է այդպսին, որովհետև առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի, որ զբաղվում է», – պարզաբանեց նախարարը։

Թեստերը վարակո՞ւմ են, թե՞ բացահայտում

Կորոնավիրուսը ախտորոշող թեստերի վիրուսով վարակելու մասին կեղծ լուրը հայկական լրատվական տիրույթ թափանցեց ռուսալեզու աղբյուրից։

Հունիսի 10-ին հայկական մի շարք կայքեր (armblog.info, ipress.am, yerevanblog.am, yn.am) այսպիս վերնագրով լուր տարածեցինք՝ «Թեստը ոչ թե բացահայտում է հիվանդությունը, այլ վարակում է ձեզ. ողջ ճշմարտությունը կորոնավիրուսի թեստերի մասին»։

Նյութի բովանդակությունը կրկնում էր վերնագիրը և կից ներկայացնում տեսանյութ։ Այն երկու ամիս առաջ՝ ապրիլի 17-ին էր հրապարակվել ռուսալեզու “Chelovek” յություբյան ալիքում։ Ալիքն, ըստ հարթակի գրանցման՝ Գերմանիայում է։

Նյութի բովանդակությանն անդրադարձել է  infocheck.am-ը, այն որակել կեղծ՝ բացատրելով թեստերով վարակվելու տեսության ծագումը։

Կայքին տված մեկնաբանության մեջ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից բացատրել են, որ թեստերով վարակվել հնարավոր չէ։ Նմուշառումները կատարվում են փայտիկներով, որոնք գտնվում են ստերիլ տոպրակներում, բացվում են միայն նմուշառում իրականցնելիս, որից հետո մարդկանց աչքի առաջ կոտրվում են և դեն նետվում։

Սոնա Աղեկյան «վարակակրի» թրոլինգը

Երևանի ավագանու նախկին անդամ, ներկայում ընդդիմադիր ակտիվիստ Սոնա Աղեկյանը հունիսի 8-ին Ֆեյսբուքում հայտարարեց, թե «Երջանկությունը թակեց նաև իմ դուռը. ինձ մոտ հաստատվեց թագավարակը»։

Այս լուրն արագ տարածվեց լրատվականներում՝ medialab.am, lurer.com, iravaban.net, 24news.am, armdaily.am և այլն։ Կայքերից որոշները անգամ հիշեցրեցին Աղեկյանի դիրքորոշումը կորոնավիրուսի մասին, թե այն միֆ է, դիմակներ պետք չէ կրել։

Սակայն, Աղեկյանը գրառման մեկնաբանություններում ավելի ուշ հաստատեց, որ կատակել է։

ԱՀԿ-ի հայտարարության արձագանքները

Լրատվականները և համավարակի մասին դավադրության տեսություններ տարածողները այս շաբաթ ապակողմնորոշման մեկ այլ առիթ էլ ունեցան։ Այս անգամ ապակողմնորոշողը ԱՀԿ-ն էր։

Կառույցը նախ հայտարարեց, թե ասիմպտոմ վարակակիրները հազվադեպ են վիրուսը տարածում։ Մտքի հեղինակը հաջորդ օրն իսկ հայտարարեց (տեսանյութում՝ 3 րոպեից), որ շփոթություն է հազվադեպ փոխանցվելը տարածել ամբողջ աշխարհի վրա, քանի որ ինքը խոսում էր կոնկրետ մի քանի հետազոտությունների և տվյալների մասին։

Հայտարարությունների փոփխությանը չհետևելով` վիրուսի մասին տարբեր դավադրության տեսություններ տարածողները ուժեղացրին դիմակների դեմ հակաքարոզչությունը։

? Երբ արդեն հասանելի էին երկու հայտարարություններն էլ «ՀԱՅՔ» ազգայնական շարժումից, (որին անդամակցում է «Սասնա ծռերի»-ի հետ ՊՊԾ գունդը գրաված Պավլիկ Մանուկյանը), Հրայր Կոստանյան անունով օգտատերը կոչ արեց հանել դիմակները և ազատ շնչել։

Շուրջ 500 հավանում և 200-ից ավել կիսում ունեցող գրառումով Կոստանյանը, ըստ էության, ԱՀԿ-ին անվանեց «Տեղեկատվական ահաբեկչության գլոբալիստ և լիբերալ ֆաշիստ կազմակերպիչներ»։ Ապա դավադրության տեսության համաձյան պնդեց, թե այս «ահաբեկչության շնորհիվ, ամբողջ աշխարհում՝ հատկապես Հայաստանում, բացահայտվեց ամբողջ գործակալական ցանցը»։

? Պատմաբան Արմեն Այվազյանը եզրակացրեց, թե այս հայտարարությամբ «ևս մեկ անգամ հաստատվում է, որ դիմակ ու ձեռնոց կրելու բռնի պարտադրանքը բժշկական-քաղաքական զանգվածային հանցագործություն է, որն ունի բոլորովին այլ նպատակներ»։

ԱՀԿ-ն Այվազյանն անվանեց «կոռումպացված բյուրոկրատներ» ու պնդեց, թե պարզ ճշմարտություններ ներկայացնելով «ընդամենը փորձում են խուսափել դատարանում մեղադրյալի աթոռին հայտնվելու մեծ հավանականությունից»։ Ապա կոչ արեց անհապաղ վերացնել «դիմակների ստորացուցիչ և խելապակաս ռեժիմը»։ Գրառումը կիսվել է 102 անգամ (14․06․2020)

Դիմակի վտանգները

Կորոնավիրուսի մասին տարատեսակ ապատեղեկատվություններ տարածող բժիշկներից Նունե Ներսիսյանը, հղում անելով ԱՀԿ-ի ավելի ուշ պարզաբանված հայտարարությանը, առաջ քաշեց առողջ մարդկանց դիմակ չկրելու իր խորհուրդը։

Ուշագրավ է, որ Ներսիսյանի հետ ասուլիս տվող մյուս երկու բանախոսները դիմակով էին։

Ներսիսյանը խեղել է ԱՀԿ աշխատակցի միքտը.

❌ԱՀԿ աշխատակիցը չի ասել «Ասիմպտոմ դեպքերը վարակակիրներ չեն ամենայն հավանականությամբ», այլ խոսել է նրանց՝ վարակը տարածելու հավանականությունից։

❌ԱՀԿ աշխատակիցը չի հայտարարել «Ասիմպտոմ դեպքերի ժամանակ, նաև առողջներին դիմակ կրելը խորհուրդ չի տրվում»։

Ներսիսյանը, առանց որևէ տվյալ նշելու, ասել է, թե դիմակների պատճառով հանրապետությունում ավելացել են սնկային թոքաբորբերը։ Այս տեսանյութը Yerevan.Today-ի ֆեյսբուքյան էջում հավաքել է 51 հազարից ավել դիտում։

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություններ տարածող մեկ այլ բժիշկ՝ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում դեմ է արտահայտվում դիմակներ կրելուն։ Անտեսելով առողջական ռիսկերը` նա  առաջ է քաշել դեմոգրաֆիական խնդիր․

«Երբ որ մարդու երեսը չես տեսնում, մարդու հետ շփվել չես կարողանում նորմալ, մարդուն չես կարողանում հավանել, մարդու հետ չես կարողանում հաղորդակցվել, բնական ա, որ գալու է մի պահ, երբ որ ամուսնությունների թիվը կքչանա, երբ որ ամուսնությունների թվի նվազման հետևանքով ծնելիությունը կնվազի և այլն, և այլն» (տեսանյությում 4։18 րոպեից)։

Իսկ իր անձնական էջում Գրիգորյանը COVID-19-ը դիտարկել է որպես կենսաբանական զենք ու եզրակացրել, թե սա «երրորդ համաշխարհային պատերզմի սկիզբն է…»։ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին նախկինում խոսել է հաջորդ հերոսը։

Ու նորից խոսեց Կարեն Վարդանյանը

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ոչ միայն իր ֆեյսբուքյան էջում է կիսում ապատեղեկտվություններ կորոնավիրուսի մասին, այլև հարցազրույցների միջոցով տարածում է իր առաջ քաշած դավադրության տեսությունները։

Վարդանյանի կորոնավիրուսի մասին մտքերին media.am-ն անդրադարձել է առանձին նյութով։ Այն նաև տեղ է գտել Հայաստանին առնչվող տարածաշրջանային ապատեղեկատվությունների մեր ամփոփման մեջ։

Անցած շաբաթվա ընթացքում Վարդանյանի դավադրության տեսության հիման վրա նյութ պատրաստեց համապետական սփռում ունեցող Կենտրոն ՀԸ-ն։ Դրանում Վարդանյանը պնդել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը արդյունք չի տվել և տնտեսության կործանման պատճառ դարձել։ Ու «ստեղծվեց պայման, որպեսզի մեծ քանակությամբ բնակչությունը նվազի»։

Այս ամենի հետևում, համաձայն Վարդանյանի հարած դավադրապաշտական տեսության, համաշխարհային ֆարմացեպտիկ ինդուտրիան է կանգնած, որի նպատակը վախի մթնոլորտ ստեղծելուց հետո պատվաստանյութ վաճառելն է։

Համավարակը, Վարդանյանի գնահատմամբ՝ միջազգային կեղծիքը, ոչ միայն ֆինանսական տեսանկյունից է ձեռնտու համաշխարհային և տեղական իշխանություններին։ «Ձեռք ա տալիս էն առումով, որ բնակչությանն ահաբեկելով իրենց թվում ա, թե իրենց իշխանությունն ավելի ամրապնդվում ա», – ասել է նա։

Ուշագրավ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապվող այս հեռուստաընկերությունը թեմային անդրադարձավ հունիսի 5-ի կուսակցության քաղխորհրդի հրատապ նիստից մեկ օր անց։ Ծառուկյանն անվստահություն հայտնեց իշխանությանը և ընդդիմադիր առողջ ուժերի հետ հագործակցելու առաջարկով հանդես եկավ։

Վարդանյանը նույն շաբաթվա ընթացքում՝ հունիսի 6-ին հարցազրույց տվեց նաև news.am-ին (13, 248 դիտում 14․06․2020)։ Նա նորից կրկնեց իր պնդումը, թե Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է դատվի Նյուրնբերգի ընթացակարգով՝ մարդկության դեմ հանցագործության համար։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *