2020.05.31,

Ստուգված է

Տարածաշրջանի կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը Հայաստանի մասին. մայիս

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Մայիսին հետխորհրդային տարածաշրջանում Հայաստանին առնչվող կեղծ, մանիպուլյատիվ և քարոզչական լուրեր շրջանառվեցին։ Ռուսական մեդիա տիրույթում Փաշինյանների ընտանիքին պիտակավորեցին իբրև կոռուպցիոներ ու շարունակեցին հրապարակումները ամերիկյան բիոլաբորատորիաների մասին։ Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ նոր թափ առան վիրուսի մասին դավադրության տեսությունների ու կեղծ լուրերի շրջանառությունը։

Բիոլաբորատորատորիների «ահասարսուռ» վտանգները

Հետխորհրդային մի քանի երկրներում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ներն շարունակում են անհանգստացնել Կրեմլին։

Մայիսին ռուսական մի քանի կայքեր գրեցին և վերատպեցին հոդվածներ՝ կենսաբանական անվտանգության հուշագրի, ինչպես նաև ապատեղեկատվություններ տարածեցին լաբորատորիաների մասին։

Ռազմաքաղաքաան վերլուծությամբ զբաղվող vpoanalytics.com-ը գրեց բնական կամ արհեստական ​​ծագման համաճարակների և կենսաբանական պատերազմների մասին՝ կարևորելով այս ոլորտում հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցը։ Նյութի ավարտին հեղինակն ընդգծեց․ «Մեր կարծիքով՝ այս ոլորտում առկա խնդիրները և հնարավոր թյուրիմացությունները վերացնելու համար աննպատակահարմար է հետաձգել երկու երկրների միջև կենսաբանական անվտանգությունն ապահովող հուշագրի ստորագրումը»:

2014 թվից Հայաստանում գործող լաբորատորիաներում ռուս մասնագետների մուտքն ապահովելու համար նախորդ տարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե քննարկվում է հուշագրի հարցը։ Սակայն, ինչպես մայիսին տեղակացրեցին Հայաստանի ԱԳՆ-ից՝ այս գործընթացը դանդաղել է՝ համավարակի պատճառով արտակարգ իրավիճակի հայտարարմամբ։ Ավելին, նախարարության մամուլի խոսնակը ընդգծեց, որ փոխըմբռնման հուշագիրը ոչ թե կենսաբանական լաբորատորիաների, առավել ևս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ «անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին»:

Fondsk.ru-ն առաջ քաշեց անհիմն պնդումը, թե մարտի 22-ին բիոլաբորատորիայի 14 աշխատակցի վարակվելուց հետո է, որ Հայաստանում վիրուսը սկսեց ավելի մեծ թափով տարածվել։ Սակայն, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի տվյալերով Հայաստանում COVID-19-ի վրակակիրների թիվը տասնյակներով սկսել է աճել ավելի վաղ՝ մարտի 16-ից սկսած։

Cont.ws, fondsk.ru կայքերում հայտնվեց Verelq.am-ի առանց փաստական հիմնավորման պնդումը, թե Հայաստանի բիոլաբորատորիաներում փորձարկվում է էնտոմոլոգիական զենքի արդյունավետությունը՝ միջատների օգտագործումը վարակիչ հիվանդությունների տարածման համար:

Կենսաբանական զենքի թեզի մեկ այլ տարբերակ հայտնվեց cont.ws-ում։ Կայքը ներկայացրել է անկախ լրագրող ներկայացող Եվգենի Միխաիլովի YouTube-ի ալիքում տեղադրված տեսանյութը, որում վերջինս թարգմանել է ednews.net-ում հրապարակված ադրբեջանական տեսանյութը՝ ռուսերեն թարգմանությամբ։

Նյութում, «անկախ աղբյուրներ»-ի հղում տալով, ասվում է, թե Հայաստանի բիոլաբորատորիաներում մշակում են վիրուսներ, որոնք կարող են ազդել կոնկրետ էթնիկ խմբերի վրա՝ թուրքական, հյուսիսային Կովկասի և Ադրբեջանի։ Ու արվում է ենթադրություն-եզրակացություն, թե հենց այդ տարածքներում են նախապատրաստվում հնարավոր համաճարակաբանական գրոհներ:

Բիոլաբորատորիաներ․ ռուսական քարոզչության հայկական արձագանքը

Բիոլաբորատորիաների մասին այս քարոզչական թեզերը ներթափանցեցին Հայաստան՝ տեղեկատվական քարոզչության և անգամ ակցիայի տեսքով։

Նախ, ապրիլի 28-ին ֆեյսբուքում ստեղծվեց «Ոչ Ամերիկյան Վիրուսածին Լաբորատորիաներին» էջը։ Դրա նպատակների մասին պատմող առաջին հրապարակումն, ըստ էության, ամփոփեց կենտրոնի մասին տարածվող քարոզչական թեզերը։ Հեղինակներն այն անվանում են «Սորոսական քաղաքականությամբ իրականացվող կենսաբանական վիրուսածին լաբորատորիաներ»։ Պնդում, որ Հայաստանի նոր իշխանությունները ֆինանսական շահագրգռություն ունեն լաբորատորիայի գործունեությանից։ Փոխարենը դրանք առողջապահական և դիվանագիտական խնդիրներ են առաջացնում հայ-ռուսական հարաբերություններում։

Սրան հաջորդեց մայիսի 7-ին Կառավարության շենքի դիմաց մի քանի մարդու ակցիան, որը գլխավորող Սևակ Մարտիրոսյանը ասաց, թե վարկած կա, որ այնտեղ կենսաբանական զենք են արտադրում ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի։ Media.am-ն անդրադարձել է ակցիայի մասնակիցներին, նրանց պնդումներին, բիոլաբորատորիաների գործունեության և ռուսական քարոզչությանը։

«Հայոց արծիվներ, միասնական Հայաստան»-ի բաց նամակին անդրադարձավ news-front.info-ն։ Հեղինակները պահանջել են Հայաստանի վարչապետից երկու ամսվա ընթացքում փակել այս լաբորատորիաները, որոնք, ըստ նրանց, վտանգավոր են քաղաքացիների առողջության և հայկական գենետիկ կոդի պահպանման համար։

Գեյթսը, չիպն ու պատվաստանյութը

Կորոնավիրուսի մասին դավադրության տեսությունները Ֆեյսբուքի հայկական տիրույթում են հայտնվել մեծամասամբ ռուսալեզու աղբյուրներից։ Օրինակ, ռուսալեզու նման բովանդակույթուն է պարբերաբար իր էջում տեղադրում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նրա էջը թերթելիս կարող ենք գտել ֆեյսբուքի թողած նշումը, որ բովանդակությունը փաստերը ստուգողները համարել են կեղծ, մասաբ կեղծ։

 

? Վերջինս իր էջում կիսել է ռուս պրոկրեմլինյան ռեժիսոր Նիկիտա Միխալկովի “Россия 24” հեռուստաընկերությամբ հեռարձակվող շարքից այն դրվագը, որտեղ վերջինս պնդել էր, թե Բիլ Գեյթսը պատվաստանյութի միջոցով մարդկանց չիպավորելու է։ Դրա նպատակը մարդկանց կառավարելն ու բնակչության թիվը կրճատելն է։ Այս դավադրության տեսությունը տարածել են հայկական մի քանի կայքեր՝ hayeli.am, analitik.am։

? Կարեն Վարդանյանը շրջանառել է արդեն հերքված լուրը, իբրև «Բիլ Գեյթսը Հնդկաստանում դատվում է 400 հազար երեխայի պատվաստանյութի միջոցով պարալիչ գցելու համար»։ Այս լուրին անդրադարձել է նաև Ռուսաստանի Առաջին ալիքը, իսկ դրա՝ դավադրության տեսություն լինելու մասին ասվել է  “Дождь” առցանց հեռուստաընկերության “Fake News” հաղորդման ընթացքում։

Վարդանյանի հարցազրույցին ու գրառումներին անդրադարձել է media.am-ը։

?Հայկական մի շարք կայքեր տարածել են (style.news.am, armeniasputnik.am) ռուսաստանաբանակ երգիչ Սոսո Պավլիաշվլիի sobesednik.ru-ին տված հարցազրույցը։ Վերջինս կարծիք է հայտնել, թե կորոնավիրուսը ստեղծվել է արհեստական ճանապարհով՝ մարդկանց առանց Աստծո հետ կապի թողնելու համար։ Ստեղծողները, բնականաբար, աշխարհը գաղտնի ղեկավարողներն են, նպատակը` բնակչության կրճատումը։

Փաշինյանների «կոռուպցիոներ» ընտանիքը

Ապրիլի 27-ին ռուսական “Бойлерная” տելեգրամ ալիքը գրեց, որ Կրասնոդարի օդանավակայանում կալանավորվել է մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ՝ հայկական ակցիզով։ Ըստ հրապարակման՝ տրանզիտային օդանավը պատկանում էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Ավելի ուշ ԱԻՆ–ն արձագանքեց՝ հայտարարելով, որ նախարարությունն օդանավ չունի:

Լուրը հայկական կայքերին հասավ երկու օր անց։ Նիկոլ Փաշինյանի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի, այս մաքսանենգության մեջ ներգրավված լինելու մասին նույն օրը՝ առանց փաստական հիմքի գրեց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Արթուր Դանիելյանը։ Այս թեզը ավելի ուշ հաստատելու և զարգացնելու եկավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանն իր «Ստի վերջը» վլոգով։

Հրաչյա Հակոբյանը հերքեց իր մասին շրջանառվող լուրերը՝ որակելով դրանք որպես սուտ, իսկ Աննա Հակոբյանի խոսնակը Մինասյանի հնչեցրած մեղադրանքները «զառանցանք» որակեց։ «Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզեց, որ ծխախոտ արտադրող ու փոխադրող ընկերությունը նախկին պաշտոնյաներինն է։

Անդրադառնալով ծխախոտի մաքսանենգության մեջ իր աներորդու ներգրավված լինելուն՝ վարչապետ Փաշինյանը մայիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, – «Ես տեղյակ եմ, որ Հրաչյան դատական հայց է ներկայացրել և այդ հարցին ոչ թե ես կպատասխանեմ, այլ բոլորս հրապարային կտեսնենք՝ ինչն է ճիշտ, թե ինչն է սխալ»:

Մաքսանենգության մասին այս հրապարակումներին մի քանի շաբաթ անց հաջորդեց երկրորդ խմբաքանակի մասին լուրը։ Մայիսի 18-ին EADaily.com կայքը գրեց, որ Վորոնեժ քաղաքի օդանավակայանում գտել են Հայաստանից մաքսանենգ ծխախոտի ևս մեկ բեռ։ Լուրը հրապարակվելուց մի քանի ժամ անց այն տարածեցին հայկական կայքերը: Երեկոյան արդեն թեմային անդրադարձավ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել  Մինասյանը՝ անելով մի շարք սխալ պնդումներ։ Լուրի տարածման աղբյուրներին և հետագծին անդրադարձել է media.am-ը։

Թեման այսքանով չավարտվեց։ Ծխախոտային խառնաշփոթին մայիսի 20-ին հաջորդեց moscow-post.su-ի «Հայաստանի գլխավոր «լվացքարարուհին» նյութը։ Ըստ հրապարակման, Փաշինյանի ընտանիքը՝ Աննա Հակոբյանի կառավարմամաբ, ձևավորվել է կոռուպցիոն սխեմա, ինչի միջոցով Հակոբյանի հիմնադրած հիմնադրամներից ստացված գումարները գնում են վարչապետի ընտանեկան բյուջե։ Նյութը թարգմանեց hayeli.am-ը, իսկ ռուսերեն տարբերակը տեղադրեց 168.am-ը։ Այս նյութը հայտնվել է նաև ադրբեջանական մի քանի կայքերում՝ disput.az, haqqin.az:

Ինչ լուրեր հայկական մեդիայից հասան Ռուսաստան

Լուրերը միակողմանի չէին, որոշ տեղեկություններ/ կարծիքներ/ վերլուծություններ Հայաստանից էին հասնում ռուսական կայքեր։

? Մայիսի 8-ին “Голос Армении”-ի Սահմանադրական փոփոխությունների մասին վերլուծականը հայտնվեց “Красная Весна” գործակալության կայքում։ Նյութի հեղինակը պնդել էր, թե հանձնաժողովը ստեղծվել է աչք կապելու համար. «Այն նախագծված է տպավորություն թողնելու քաղաքականացված հասարակության վրա, որ Նիկոլը ձգտում է փոփոխել Սերժ Սարգսյանի Սահմանադրությունը»:

Ավելին, հոդվածի հեղինակ Գասպար Ադամյանը նշել է, որ հանձնաժողովի անցած ութ նիստերը մեծ կասկած են հարուցել, որ անդամները՝ առանց Փաշինյանի հրահանգների, չգիտեն ինչ անել:

“Красная Весна” կայքը, առհասարակ, շատ ակտիվ լուսաբանում է Սահմանադրական փոփոխությունների թեման և ՍԴ ճակատագիրը։ Միայն մայիսին կայքը կատարել է մոտ մեկ տասնյակ հրապարակում։

? Նույն թեմայով, այս կայքում է հայտնվել «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախկին ղեկավար և ներկա ընդդիմադիր «Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանի գրառումը։

Հիմնադրամի միջոցները առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելու մեջ մեղադրվող Վարդանյանը գրել է, թե Սահմանադրական դատարանի կազմի մեծամասնությունից «ամեն կերպ շատ արագ ձեռբազատվելուն» Եվրամիության տարբեր կառույցներից «պետք չէ սպասել որևէ կոշտ գնահատական»՝ «քանզի այդ գնահատականից մեր իշխանությունը արդեն իսկ խուսափել է՝ վավերացնելով հայտնի կոնվենցիան, և «ցեղասպանություն»  բառը ԵՄ կառույցների լեքսիկոնից հանելով»։

? Նույն կայքն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի «Ստի վերջը» շարքի մայիսի 15-ի թողարկման մեջ ՍԴ դատավորների մասով հայտարարությունը, թե թատրոն է և արտակարգ դրությունը հանրաքվեն չեղարկելու համար է։ Նաև տեղադրել են ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի գրառումը. «Հանրաքվեն էլ նշանդրեք չի, որ չեղարկեք…Ոնց նշանակել եք, ընենց էլ տակից դուրս եկեք (եթե կարող եք)…??»։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *