2020.06.07,

Ստուգված է

Կորոնամիֆեր․ մայիսի 30 – հունիսի 5

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Media.am-ը ներկայացնում է համավարակի մասին անցած յոթ օրվա ընթացքում տարածված ապատեղեկատվությունները և դավադրության տեսությունները։ Չստուգված և ոչ արժանահավատ բովանդակությունը տարածվել է ոչ միայն սոցցանցերում, այլև լրատվական կայքերի կողմից։

Hayeli.am․ մեկ վերնագրում երկու ապատեղեկատվություն

Հունիսի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ ծանր հիվանդության հետևանքով մահացել է Սաթենիկ Սաֆարյանը։

Այս գրառումը տարածել էին բազմաթիվ լրատվականներ։ Hayeli.am-ը, սակայն, մեկ ցավակցական տեքստ փոխանցելիս հասցրել էր միայն վերնագրում երկու ապատեղեկատվություն թույլ տալ։

Նյութը վերնագրված էր․ «Կորոնավիրուսից մահացած 33-ամյա քաղաքացին ազատամարտիկի աղջիկ է. Հարությունյան»։

❌ Հարությունյանը չի ասել, թե մահացածը 33 տարեկան է
❌ Հարությունյանը չի ասել, թե կորոնավիրուսն էր մահվան պատճառը

Կայքը, ըստ էության, Արցախում գրացնված մահվան դեպքը կապել էր նույն օրը երեկոյան Առողջապահության նախարարի հայտնած դեպքի հետ։ Թորոսյանը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսից 33-ամյա մարդ է մահացել, որն ուներ քրոնիկական հիվանդություններ։

Hayeli.am-ը ոչ մի փաստարկ չուներ այս կապը ստեղծելու։ Ավելին, փաստերը հակառակի մասին էին վկայում։ Նախ, Սաթենիկ Սաֆարյանը ոչ թե 33 տարեկան էր, այլ` 26։ Վերջինս ուներ քաղցկեղ, որի բուժման համար 2020-ի տարեսկզբին դրամահավաք էր կազմակերպվել։

Hayeli.am-ը նյութը ավելի ուշ հեռացրել է։

«Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»

Հունիսի 1-ին ֆեյսբուքում տարածվեց հավակնոտ լուրը, թե կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում:

Լուրի աղբյուրը 1in.am կայքի լարգրող Գոհար Հայրապետյանն էր։ Վերջինս պնդել էր, թե 2016 թվին Ինդոնեզիայում ապրող պրոֆեսոր Յոզեֆ Բաբիբկյանը 5 տարբեր բուսական յուղերից ստեղծել է հակաբորբոքային հավելուկ, որը կանխարգելում է տարբեր տիպի վիրուսային պրոցեսներ, «իսկ 2020 պարզվեց, որ նաև կորոնավիրուսը: Այն ոչ միայն կանխարգելում է կոնորավիրուսը, այլև վարակվելու դեպքում օգնում է շատ թեթև տանել հիվանդությունը»:

Ըստ Հայրապետյանի “Health Tone” հավելուկն ընդունվել է իբրև օժանդակ միջոց նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում: Իսկ դրա էֆեկտիվությունը ցույց տալու համար բերել էր իրենց խմբագրության օրինակը, որտեղ վարակի դեպք չի արձանագրվել։

Բուսական հավելուկը նա նաև անվանել է դեղ։ Այս գրառումը կիսվել է 235 անգամ (հունիսի 06, 14։00)։

Այս լուրերին արձագանքել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, տեղեկացնելով, որ ««Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում։ [․․․] Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց»։

Հիվանդանոցից նաև տեղելակցրել են, որ «որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը»:

«Կորոնավիրուսը նոր աշխարհակարգ հաստատելու համար է»

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություններ տարածող ակտիվ էջերից «Կորոնովիրուս = դարի աֆերա»-ն պնդել է, որ 2012 թվականիի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը բեմադրվել է համաճարակը։

Բացման արարողության մի դրվագն ուղեկցվում է մեկնաբանություն – նկարագրությամբ, թե անհոգ ապրող մարդկության մոտ մի օր հայտնվում է վիրուս, որն այնքան վտանգավոր չէ, «ինչքան նրա պատճառով առաջացած խուճապը»։ Բժիշկները անզոր են դրա դեմ պայքրում, փոխարենը «Սատանայի» կամակատարները բերում են «մի քանի հարկանի սահմանափակումներ։ Եվ ահա հայտնվում է ինքը՝ «Սատանան»։ Նա իր դիրիժորի փայտիկով կառավարում է»։

Ըստ մեկնաբանության, համավարակը մարդկանց պատվաստելու համար է, որից հետո «ծնվում է «նոր կյանք»՝ նոր աշխարհակարգ»։

Այս մեկնաբանությանը բացի դավադրության տեսությունից նաև խեղաթյուրում է փաստերը։

2012-ի Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում մեկնաբանված է, որ բացման արարողության այս արարը հարգանքի տուրք էր` նվիրված «բրիտանական երկու մեծագույն նվաճումներին»՝ մանկական գրականությանը և Ազգային առողջապահական ծառայությանը։

Կորոնավիրուսի մասին դավադրության տեսույթուններ տարածող այս էջը բացվել է 2020 թվի ապրիլի 3-ին։ Ինչպես Ֆեյսբուքն է ցույց տալիս, այն կառավարում է 5 անձ, որոնք բոլորն էլ Ռուսաստանից են։

Այս դավադրության տեսության սոցցանցերի հայկական տիրույթ ներթափանցման ռուսական հղումների մասին գրել է «Փաստերի ստուգման հարթակ»-ը։ Իսկ բացման արարողության և համավարակի միջև կապի անգլալեզու բովանդակությանն անդրադարձել է Reuters գործակալությունը՝ այն համարելով կեղծ լուր։

Аnalitik.am-ի նյութը ավելի շատ հորինվածք էր, քան`  իրականություն

Analitik.am կայքը հունիսի 1-ի հրապարակումը, թե «Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները» գրեթե ամբողջությամբ սուտ դուրս եկավ։

Ըստ նյութի, հրապարակման օրը իրենց խմբագրություն է դիմել 8 օր բարձր ջերմող, 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Սաթիկ Ստեփանյանը։ Վերջինս իբրև տեղեկացրել է, որ ջերմում է նաև ամուսինը, իսկ ինքն ունի կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ։

Կինը բողոքել է «սարսափելի անուշադիր» առողջապահական համակարգից, քանի որ 3 ժամ արևի տակ սխալ տեղ է հերթ կանգնել` բուժքրոջ անուշադրության պատճառով։ «Ավելի ուշ էլ պարզվեց, որ ռենտգեն անող բժիշկը գնացել է տուն»:

Այս լուրը տարածվել է լրատվական կայքերում և հասել մինչև Արմնյուզ ՀԸ-ի վազող տող։

Media.am-ը հունիսի 4-ին անդրադարձել է հրապարակմանը, որի հեղինակ Գայանե Մկրտչյանի հարևանուհին է Analitik.am-ի նյութի հերոսը։ Պարզվում է, նյութում հորինվածքը գերակշռել է իրականությանը։ Մկրտչյանի հետ զրույցում հարևանուհին տեղեկացրել է․

❌ Ոչ մի լրագրողի չի դիմել և մեկնաբանություն չի տվել։ Հերթի մեջ երկար սպասելուց հետո վատ է զգացել, բարձրաձայն վրդովված խոսել է, գուցե լրագրողն էլ հերթի մեջ է եղել։
❌ Ոչ թե 8, այլ 2 օր ջերմելույց հետո է դիմել հիվանդանոց։
❌ Ամուսինը չի ջերմում։
❌ Ճիշտ է, դժգոհել է հերթում երկար կանգնելուց, բայց Առողջապահական համակարգից վերաբերմունքից չի դժգոհել․ «ես շատ շնորհակալ եմ, նշանակում արին…»։

Analitik.am-ի նյութի հեղինակ Օֆելի Իսրայելյանը հաստատել է, որ կնոջ հետ իրոք չի զրուցել, ուղղակի «տարածքում է եղել»: Ու ստացվում է, որ բացի վերը թվարկածից սուտ ու հորինվածք է կնոջը վերագրված խոսքը, թե

❌ «Ունեմ գլխացավ, համի զգացողության կորուստ և այն բոլոր ախտանիշերը, որոնք բնորոշ են նոր կորոնավիրուսին»:
❌ Իբրև թե, նա դիմել է ԱԻՆ և Առողջապահության նախարարության թեժ գծերին, սակայն ոչ մի բան դեռ չի ձեռնարկվել։

Նման ապատեղեկատվություն տարածող Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանը «COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ»-ի անդամ է, որի նպատակն էր հավաքել կորոնավիրուսի մասին չհնչած փաստերը։

Իսկ 2017-ին Անի Հովհաննիսյանը 1.5 տարվա ազատազրկման է դատապարտվել` ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեղադրանքով։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *