2020.05.16,

Ստուգված է

Մայիսի 1-15-ը կեղծ ու հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Մայիսի առաջին կեսին լրատվականները վերատպեցին Արթուր Ալեքսանյանի կեղծ էջից արված մեկնաբանությունը, խեղաթյուրեցին Լանսարոտեի կոնվենցիայի բովանդակությունը և շարունակեցին տարածել կեղծ լուրեր կորոնավիրուսի մասին։

Արթուր Ալեքսանյանի անունով ֆեյքի մեկնաբանությունը տարածվեց լրատվականներում

Մայիսի 5-ին 1in.am-ը հայտնեց, որ ըմբշամարտիկ, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը իր զորակցությունն է հայտնել Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին։

Առիթը Artur Aleksanyan անունով օգտատերի ֆեյսբուքյան մի մեկնաբանությունն էր․ «Գուրգեն, չհանձնվես! #Respect #Solidarity», գրել էր օգտատերը։ Լուրը տարածեցին նաև մի շարք այլ կայքեր՝ Zham-am-ը, YN.am-ը, armlife.am-ը և այլն։

Ավելի ուշ Արթուր Ալեքսանյանը 1lurer.am-ին հաղորդեց․ «փաստում եմ, որ երեկ իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հեղինակը ես չեմ»։

Վստահելի աղբյուրի չստուգված տեղեկությունը սխալ դուրս եկավ

Մայիսի 5-ին բազմաթիվ լրատվական կայքեր գրեցին, թե ԱՄՆ Մինեսոտա նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետությունը։

Տեղեկության աղբյուրը Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանի ֆեյսբուքյան գրառումն էր։ Ղավալյանը հայտնեց, որ տեղեկությունը վերցրել էր ամերիկահայ լոբբիստներից։

Ո՛չ Ղավալյանը, ո՛չ լրատվականները լուրը տարածելուց առաջ չէին ստուգել այն։ Միայն ավելի ուշ Ղավալյանը գրեց, որ Մինեսոտա նահանգի սենատի կայքում բանաձևի վերջնական տարբերակը չկա, այդ իսկ պատճառով նա փակում է իր նախորդ գրառումը։

ԱԱԾ-ում «բունտ» չկար

Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակումից հետո որոշ լրատվականներ գրեցին, թե ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և նրա տեղակալները հրաժարական են տվել՝ ի նշան բողոքի։

«ԱԱԾ-ում բունտ է հասունանում», գրեց news.am-ը, որին հղում տալով լուրը հայտնեց նաև analitik.am-ը։ Տեղեկությունը տարածեցին նաև սունկ կայքերը և ադրբեջանական մամուլը։

ԱԱԾ-ից հերքեցին լուրը՝ նշելով, որ շարունակում են բնականոն աշխատանքը։ Բարձրաստիճան ԱԱԾ-ականներ հրաժարական դեռ չեն ներկայացրել։

Լանսարոտեի կոնվենցիան՝ շահարկումների թիրախ

Մայիսի 11-ին Ազգային ժողովը վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Լանսարոտե քաղաքում ընդունված այս կոնվենցիան Հայաստանը ստորագրել էր դեռ 2010 թվականին։

Ինչպես և ԵԽ մեկ այլ՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեպքում, այս փաստաթուղթը հայտնվեց շահարկումներ և կեղծ լուրեր պարունակող տեղեկատվական գրոհի տակ։

Բազմաթիվ քաղաքական գործիչներ, լրատվականներ և ծայրահեղ պահպանողական խմբեր հայտարարեցին, որ կոնվենցիան ապազգային է և վտանգներ է պարունակում։ 5-րդ ալիքը հայտարարեց, թե այսպիսով երեխաները դպրոցում «սեռական դաստիարակություն» պետք է ստանան, իսկ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կրկին մտահոգվեց ընտանիքի ինստիտուտի ոչնչացմամբ։

Այս պնդումների մի մասը իրականությանը չեն համապատասխանում, մի մասն էլ խեղաթյուրված է ներկայացվում։ Կոնվենցիան սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու՝ պետության կողմից կիրառվող  մեխանիզմների մասին է։

«Փաստերի ստուգման հարթակը» մանրամասն անդրադարձել է կոնվենցիայի բովանդակությանը։ Կոնվենցիան հակիրճ ներկայացրել է նաև panarmenian.net-ը։ Կոնվենցիան հայերեն լեզվով կարելի է կարդալ այստեղ։ 

Կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի պակաս նորից չկար

Մայիսի առաջին կեսին չէին դադարում կեղծ լուրերը կորոնավիրուսի մասին։ Միֆեր տարածելու գործում հատկապես ակտիվ էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Մայիսի 4-ին նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում մեղադրեց Վարդանյանին «անհեթեթ պնդումներ» տարածելու մեջ։ Media.am-ը մանրամասն անդրադարձավ Վարդանյանի պնդումներին և պարզեց, որ նա միֆեր է տարածում նույնիսկ իր մասնագիտության մասին։

Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր, բժիշկ Հայկ Մանասյանը առողջապահության նախարարին հայտարարեց «դրսի ուժերի գործակալ», Սոսո Պավլիաշվիլին վստահեցրեց, որ կորոնավիրուսը ստեղծվել է արհեստականորեն, իսկ հետախույզ Գևորգ Գևորգյանը համավարակը համարեց հողերը հանձնելու դավադիր ծրագրի մի մաս։

Մի շարք լուրեր էլ փնտրում էին ֆիզիոլոգիական տարբեր հատկանիշների ու կորոնավիրուսի կապը։ Այդպես, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, կրկնելով ռուս բժշկի կարծիքըպնդեց, թե արյան 2-րդ խումբ ունեցողները ավելի խոցելի են կորոնավիրուսի հանդեպ։ Նա նաև հայտնեց, որ հայերի 80%-ն ունի արյան 2-րդ խումբ։

News.am-ը կորոնավիրուսի դեմ խոցելիության մեկ այլ պատճառ էր գտել․ տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը։ Այս բոլոր պնդումները չեն ապացուցվում գիտական տվյալներով։

ՀՎԿ ազգային կենտրոնի քննադատությունը հիմնված է ռուսական քարոզչական պատումի վրա

Համավարակի մասին ամենատարածված պնդումներից մեկը ռուսական քարոզչական պատումն է այն մասին, որ ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն է հենց տարածում վարակը։

Մայիսի 7-ին Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը նույնիսկ ցույց կազմակերպեց ՀՎԿ ազգային կենտրոնի դեմ։

Media.am-ը ուսումնասիրեց ցույցին հնչած հայտարարությունները և ի մի բերեց տարիներ շարունակ ՀՎԿ ազգային կենտրոնի մասին տարածվող կեղծ լուրերը։

Առաջին ալիքի հաղորդավարի լուսանկարը տարածվում է դրամաշորթության վտանգ պարունակող հրապարակման մեջ

Համացանցում տարածվում է Հանրային հեռուստաընկերության լրատվական տաղավարից մի լուսանկար և կոչ արվում անցնել հղումով՝ շահում ստանալու համար։ Լուսանկարում պատկերված է հաղորդավար Մերի Ներսիսյանը։

Հանրային հեռուստաընկերությունից հայտնեցին, որ հղումը որևէ կապ չունի հեռուստաընկերության կամ Մերի Ներսիսյանի հետ։

Հանրայինից նաև կոչ արեցին օգտատերերին չանցնել հղումով։ Հղումի անվանումից և հեշտ շահումի խոստումից կարելի է եզրակացնել, որ խոսքը խարդախության մասին է, և օգտատերերից կարող է խաբեությամբ գումար կորզվել։

Մարտին Media.am անդրադարձել էր Ֆեյսբուքում լայն տարածվող խարդախության դեպքերին։ Համավարակի պատճառով ստեղծված արտակարգ պայմաններում կարևոր է զգուշանալ՝ կեղծ լուրերից և խարդախությունից խուսափելու համար։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *