2020.05.05,

Ստուգված է

ՏՏ ոլորտի հայտնի գործիչը՝ միֆերի ակտիվ տարածող

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Մայիսի 4-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի՝ կորոնավիրուսի մասին իր խոսքով «անհեթեթ պնդումներին»։

Վարդանյանը կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր է տարածում արդեն տևական ժամանակ։ Media.am-ը ուսումնասիրել է Վարդանյանի գործունեությունը և պարզել, որ Հայաստանի ՏՏ ոլորտի հայտնի գործիչներից մեկը տարածում է նույնիսկ իր մասնագիտությանը վերաբերող միֆեր։

Բազմիցս հերքված պնդումները

Արսեն Թորոսյանի քննադատական գրառման առիթ էր հանդիսացել Կարեն Վարդանյանի 1in.am-ին տված հարցազրույցը։ Հարցազրույցում Վարդանյանը պնդել էր, թե համաշխարհային կազմակերպությունները դավադրություն են կազմակերպել, որպեսզի վաճառեն պատվաստանյութեր։

Վարդանյանը մեղավոր է ներկայացնում միջազգային կազմակերպություններին, դավադրության տեսությունների սիրելի հերոսին՝ Ջորջ Սորոսին, ինչպես նաև ՏՏ ոլորտի ամենահայտնի գործարարներից մեկին՝ Բիլ Գեյթսին։ Հարցազրույցը հեռացվել է 1in.am-ի կայքից, բայց պահպանվել է լրատվամիջոցի YouTube-յան ալիքում։

Այս պնդումներին անդրադառնալով՝ Արսեն Թորոսյանը գրել էր․ «Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից»։

Վարդանյանը ամիսներ շարունակ ակտիվորեն տարածում է կորոնավիրուսի մասին ամենատարբեր միֆեր։ ՏՏ ոլորտի փորձագետ լինելով՝ նա տարածել էր նույնիսկ 5G հեռահաղորդակցման տեխնոլոգիայի մասին անհիմն պնդումներ։

Միայն մայիս ամսվա առաջին հինգ օրերի ընթացքում Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել էր կորոնավիրուսի մասին միֆեր պարունակող շուրջ 30 գրառում։ Նա նաև հաճախ է ելույթ ունենում «Լրատվական ռադիոյի» եթերում։

Վարդանյանը հիմնականում կրկնում է աշխարհի տարբեր երկրներում տարածված և բազմիցս հերքված պնդումները կորոնավիրուսի համավարակի մասին։ Նա համարում է, որ Հայաստանի ԱՆ-ի վրա ճնշում է գործադրում Առողջապահության միջազգային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Վարդանյանը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ համավարակի վերաբերյալ տարվող քաղաքականությունը։ Թրամփը դադարեցրեց ԱՀԿ  ֆինանսավորումը, համարելով, որ ոչ թե Միացյալ Նահանգների իշխանությունները, այլ հենց ԱՀԿ-ն է մեղավոր այդ երկրում վարակվածության բարձր ցուցանիշի համար։ Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է շուրջ 70 հազար մարդ, ինչը առայժմ աշխարհում ամենավատ ցուցանիշն է։

Արսեն Թորոսյանի գրառումը քննադատվեց, իսկ Կարեն Վարդանյանը թվերը «գցեց բռնեց»

Նախարար Թորոսյանի գրառումը միանշանակ չընկալվեց․ նրան մեղադրեցին Վարդանյանի առողջական վիճակի մասին ոչ հրապարակային տվյալների բարձրաձայնման մեջ։

Armdaily.am-ին տված հարցազրույցում Վարդանյանն ինքն ասաց, որ նախարարը բժշկական էթիկա է խախտել․ «Ես չեմ գնացել չէ՞ իր էպիկրիզը նայել ու բարձրաձայնել, թե պարոն Թորոսյանն ինչ հիվանդություններով է տառապում»։

Վարդանյանի առողջական խնդիրների մասին տեղեկություն հանրայնորեն հասանելի է․ մի քանի տարի առաջ Ֆեյսբուքում ընթանում էր դրամահավաք՝ արտերկրում Վարդանյանի բուժման ծախսերը հոգալու համար։ Դրամահավաքը ուներ նաև առանձին ֆեյսբուքյան էջ։

Նախարարի գրառմանը պատասխանող հարցազրույցում Վարդանյանը նորից կրկնել էր մի շարք կեղծ պնդումներ։ Մասնավորապես.

  • ասել էր, թե հարազատներին գումար են առաջարկում մահվան պատճառը կորոնավիրուս նշելու համար։ Այս պնդումները «Փաստերի ստուգման հարթակը» հերքել էր, անվանելով այն «փչացած հեռախոսի էֆեկտ»։
  • պնդել էր, որ Բիլ Գեյթսին Հնդկաստանում դատում են «400 հազար երեխայի պատվաստանյութի միջոցով պարալիչ գցելու» մեղադրանքով։ Ամերիկյան հայտնի Snopes փաստերի ստուգման նախաձեռնությունը պարզել է, որ Հնդկաստանում Գեյթսի դեմ դատական գործ չկա։ Պարալիզացումը պոլիոմելիտ կոչվող հիվանդության ծանր հետևանքներից է։ Պոլիոմելիտի վիրուսը տարածված էր տասնյակ երկրներում մինչև պատվաստանյութի հայտնվելը։ Բիլ Գեյթսի հիմնադրամը աջակցում է աշխարհում պոլիոմելիտի դեմ իմունիզացիայի ծրագրերին։
  • հաշվարկել էր, որ Հայաստանում 60 000 մարդ է մահանալու, ինչը ծրագրված է Բիլ Գեյթսի կողմից։ Որևէ ապացույց իր պնդումներին Վարդանյանը չէր ներկայացրել։ Ավելին՝ 60 000 թիվը նա ստացել էր «գցել բռնելով»։ Նախ պնդել էր, որ  ԱՄՆ-ում բնակչության 10%-ը արդեն գործազուրկ է, ճիշտ այդքան էլ Հայաստանում կլինի՝ 60 000 (սա ՀՀ բնակչության 2%-ն է)։ Ըստ Վարդանյանի՝ այդ մարդիկ այնուհետև մահանալու են թերսնուցումից ու դեղի գումար չունենալուց։ Թե ինչպես է նա կատարել այս հաշվարկները որևէ կերպ չէր պարզաբանվում։

Ի՞նչ կազմակերպություն է ղեկավարում Կարեն Վարդանյանը

2007-ից ի վեր Կարեն Վարդանյանը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենն է։ Միության անդամ են ՏՏ ոլորտի տասնյակ  կազմակերպություններ, իսկ դրա նախագահն է Ucom ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

ԱՏՁՄ-ի կողմից համակարգվող ծրագրերից են DigitecExpo ամենամյա ցուցահանդեսը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը, 2019-ին Հայաստանում անցկացված WCIT համաշխարհային ՏՏ կոնֆերանսը։

ԱՏՁՄ-ն բազմիցս ֆինանսավորում է ստացել տարբեր միջազգային կազմակերպություններից։ Դոնորների շարքում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Եվրոպական միությունը, ինչպես նաև ՀՀ Կառավարությունը։

Վարդանյանը կոնֆլիկտ է ունեցել ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հետ

Արսեն Թորոսյանը առաջին նախարարը չէ, ում հետ Կարեն Վարդանյանը կոնֆլիկտ է ունենում։ Մի քանի ամիս առաջ Վարդանյանը հայտարարել էր, որ կառավարությունը դադարեցրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը։

Նրա հայտարարությանը արձագանքեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ «այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ում կազմակերպությունը ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար»։ Դիմելով ԱՏՁՄ աշխատակիցներին Հարությունյանը հավելել էր, որ Վարդանյանի «նման պահվածքը ձեզ այլևս անվստահելի գործընկեր է դարձնում»:

2019-ին կառավարությունը 834 միլիոն դրամ էր հատկացրել դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների ստեղծմանը։ Կարեն Վարդանյանը պնդել էր, թե ստացված գումարները վերաբերվում են 2019, այլ ոչ թե 2020 թվականին։ Նա ընդունել էր, որ 2020 թվականի բյուջեով 671 միլիոն դրամ է հատկացված «Արմաթ» լաբորատորիաներին, սակայն դա համարել էր նախորդ տարում ստեղծված լաբորատորիաների ծախսերը հոգալու գումար։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *