2020.04.01,

Ստուգված է

Մարտի 15-31-ի կեղծ ու հերքված լուրերը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Մարտի երկրորդ կեսին առանձնակի ակտիվ էին սոցցանցերում կիբերհանցագործության խայծերը։ Շրջանառվեցին նոր տեսակի կորոնավիրուսի մասին քաղաքային լեգենդներ ու լոկալ և համաշխարհային կեղծ լուրեր։ Այս ընթացքում պարզվեց, որ Չինաստանից նոր համավարակ չի տարածվում, իսկ տարածված COVID-19-ն էլ չղջիկի հետ սեքսի արդյունք չէ։

70-ամյա գյումրեցին կորոնավիրուսից չէր մահացել

Մարտի 26-ին politik.am կայքը լուր տարածեց թե Գյումրիում յոթանասուննանց քաղաքացի է մահացել, որն «ըստ նախնական սիմպտոմների» հիվանդ է եղել կորոնավիրուսով: Լուրի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցը տարածեց հերքումը։ Իսկ մինչ այդ, լուրը հերքեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը։

Ալինա Նիկողոսյանի գրառման մեկնաբանություններից պարզ է դառնում, որ նույն կառույցից՝ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ից tert.am-ի հետ զրույցում պարզաբանել են, որ կորոնավիրուսով վարակվածության մասին «առայժմ ստույգ ոչինչ չգիտենք, ուղղակի զուտ խոսակցություն է»։ Նիկողոսյանն էլ, politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի մեկնաբանությանը պատասխանելով, գրել է․ «Փաստորեն դուք էլ «զուտ խոսակցությունները» տարածող եք դառնում»:

Կաթողիկոսը Հայաստանը չի լքել

Մայր Աթոռից մարտի 17-ին հերքեցին CivilNet.am-ի արդեն իսկ հեռացված լուրը, իբրև ստեղծված իրավիճակից ելնելով, Ամենայն հայոց կաթողիկոսը լքել է երկիրը։ Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանեց, որ լուրի համար հիմք է ծառայել լրատվամիջոցին փոխանցված մի լուսանկար։ Ու թեև նյութը հեռացված է, սակայն, լուսանկարը պահպանված է յութուբյան տեսանյութում։

Քահանան տեղեկացրեց, որ կաթողիկոսը գտնվում է Մայր Աթոռում, «որտեղ անցնող օրվա ողջ ընթացքում բոլոր եպիսկոպոսների հետ միասին քննարկվել են ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու հնարավորությունները»։

Ձրի փող ինտերնետում չկա

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մարտի երկրորդ կեսին իր ֆեյսբուքյան էջում մի քանի անգամ անդրադարձավ կիբերհանցագործությունների խայծերին։ Մի դեպքում տեղեկացնեց՝ «Հենոյի, Սիրուշոյի և այլ հայտնի մարդկանց անունից տարածվում են կեղծ շահումների խաբեությունները», մեկ այլ դեպքում՝ Թանկյան «Սերժի անունից են մարդկանց «նվերներ» բաժանում», անգամ տեսանյութ նկարահանեց կոչով՝ «ինտերնետ խաբեբաներից հեռու մնացեք» ու հիասթափեցրեց՝ «Ժող ջան, ինտերնետում գումար չեն շահում, ժառանգում, թարգեք փողային հրաշքների հավատալ»։

Կիբերհանցագործությունների այս դեպքերին, երբ օգտագործում էին Քիմ Քարդաշյանի պատկերը, մանրամասն անդրադարձել է media.am-ը ու հուշել մի քանի քայլ, որոնցով առաջնորդվելու դեպքում կարող եք խուսափելու նման խարդախություններից։

Սխալ թարգմանությունը հեռացվեց 1lurer.am-ից

Հանրային հեռուստաընկերությանը պատկանող 1lurer.am կայքը մարտի 26-ին «Ինքնամեկուսացումը անօգուտ է վարակի դեմ պայքարի համար․ ԱՀԿ» վերնագրով նյութ տարածեց ու մի քանի րոպե անց ստիպված եղավ հեռացնել հրապարակումը՝ սխալ թարգմանության պատճառով։

Պարզվում է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը ոչ թե ասել էր ինքնամեկուսացումն անօգուտ է, այլ տանը մնալը և բնակչության շարժի կանգնեցումը «իրենք իրենցով չեն վերացնում համավարակը»։ Դրանք ժամանակ շահելու և առողջապահական համակարգի վրա ճնշումը նվազեցնելու համար են։

Խնդրահարույց նյութին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ  «Փաստերի ստուգման հարթակ»-ի գլխավոր խմբագիր Անի Գրիգորյանը` հրավիրելով կայքի պատասխանատուի և պարետի ուշադրությունը։ Այս գրառման մեկնաբանությունների քննարկումներից հետո է, որ կայքը հեռացրեց նյութը։

Հանթավիրուսը նոր համավարակի սկիզբ չէ

Չինաստանում մեկ մարդու մահվան պատճառ դարձած հանթավրուսի մասին տեղական լրատվամիջոցի թվիթը առիթ տվեց հայկական լրատվամիջոցներին սենսացիոն լուրեր տարածել, թե «մինչ աշխարհը ծնկի է եկել կորոնավիրուսից, Չինաստանի Յունան շրջանում նոր վիրուս է հայտնվել ու արդեն հասցրել մարդու մահվան պատճառ դառնալ»։

Լրատվական կայքերը 70 տարուց ավել գոյություն ունեցող վիրուսն անվանեցին «նոր» ու իրար կրկնող բովանդակություններին տվեցին մեծամասամբ խուճապային և մոլորեցնող վերնագրեր։ Այս լուրին անդրադարձավ media.am-ը ու պարզեց, որ խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ սա նոր տեսակի վիրուս չէ, նոր համավարակի առիթ հազիվ թե դառնա, քանի որ դրա մարդուց մարդ փոխանցվելու հավանականությունը շատ փոքր է։

Կորոնավիրուսը չղջիկի հետ սեքսի պտուղ չէ

Մարտի 28-ին Hraparak.am-ը գրեց ու մի շարք կայքեր էլ վերատպվեցին, թե Չինաստանում գտել են կորոնավիրուսի «զրոյական պացիենտին», որը վարակվել էր չղջիկների հետ սեքսի արդյունքում։ Նյութում նաև ներառված էր Չինաստանի իշխանությունները կոչը՝ ժամանակավորապես խուսափել կենդանիների հետ սեքսից։ Լուրի աղբյուրը Worldnewsdailyreport.com կայքն էր, որը ինչպես պարզվում է ծաղրական լուրեր է թողարկում։

Կայքի էջի վերևում՝ անվան կողքին, գրված է․ «World News Daily Report. Այստեղ փաստերը նշանակություն չունեն», իսկ «Մեր մասին» բաժինը ծաղրական տեքստ է՝ կայքը «լուսաբանում է բիբլիական հնագիտության նորությունները և երկրագնդի վրա տեղի ունեցող այլ խորհրդավոր իրադարձություններ»։ Ավելին, կայքի ներքևի հատվածում ասվում է․ «WNDR-ը ամբողջական պատասխանատվություն է ստանձնում է իր հոդվածների երգիծական բյութի […] համար»։

Անհայտ ծագման հարցումները

«5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվականի մարտի 17-ի գլխավոր թողարկմանը ներկայացված Արցախի ընտրությունների վերաբերյալ հարցման արդյունքները, ինչպես պարզեց «Փաստերի ստուգման հարթակ»-ը, ոչ թե «միջազգային հայտնի սոցիոլոգիական» կամ «ռուսական հայտնի ընկերություն»-ն էր կատարել, այլ կուսակցությունների մեկի շտաբը։

Ռեպորտաժի ավարտին հնչեցվող թվիթերյան Компромат СНГ և Хроники Армении էջերը Fip.am-ը չի գտնում, փոխրաենն այս անուններով ալիքներ հանդիպում է Տելեգրամում։ Դրանցից Хроники Армении ալիքում գտնում է ռեպորտաժում հիշատակված հարցաթերթիկի նմուշն ու 2 էջից բաղկացած հարցման արդյունքները։ Հարցաթերթիկի նմուշում հստակ նշված է, որ հարցումն իրականացնում է քաղաքական կուսակցություններից մեկի շտաբը, սակայն չի նշվում, թե հատկապես որ ուժի՝ պատասխանների վրա չազդելու համար։

Ֆեյսբուքում տարածվող ապատեղեկատվությունները

Մարտի երկրորդ կեսին ֆեյսբուքյան կեղծ և իրական օգտատերերը, էջերը  և գողացված հաշիվները ապատեղեկատվություններ և խուճապ առաջացնող հաղորդագրություններ էին տարածվում։ Media.am-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը․

  • Կեղծ էին հայկական զինված ուժերում կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքով գրանցված մահերի մասին հաղորդագրությունները։ Դրանք տարածվում էին ինչպես շարքային օգտատերերի, այնպես էլ ՊՆ խոսնակի լուսանկարով էջից։ Տարածվող հաղորդագրությունները մեկ տեղում է հավաքել infocheck.am-ը։
  • Հաջորդ լայնորեն տարածվող տեղեկությունը քաղաքային լեգենդներն էին, իբրև տունը ախտահանելու անվան տակ գալիս, ձեզ թմրեցնում և տունը թալանում են։ Այս տեղեկությունները հայկական տիրույթում տարածվել էին հիմնականում ռուսական աղբյուրներից։
  • Viber-ին կամ այլ մեսինջերներին եկող հաղորդագրությունը, թե կորոնավիրուսով վարակվելու մեջ եք կասկածվում և «հերթական աշխատակազամը» ձեզ կմոտենա, իրականում պարզվում է, չի մոտենա, քանի որ սա ոչ պաշտոնական, անհայտ ծագման կեղծ հաղորդագրություն է։
  • Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ «վաղուց» գոյություն ունեցող «մատչելի» դեղն էլ պարզվում է իրականում չի բուժում այս վիրուսը։ Իսկ COVID-19-ի դեմ պատվաստանյութ չկա, ինչպես իր գրառումը խմբագրելով ինքն իր հարցին պատասխանեց Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Արծրունին։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *