2020.03.28,

Ստուգված է

«Այստեղ փաստերը նշանակություն չունեն»․ սեքսի ու կորոնավիրուսի չեղած կապը հայկական մեդիայում

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան

Լրագրող, սկսնակ նշանագետ

Մարտի 28-ին Hraparak.am-ը գրեց, թե Չինաստանում գտել են կորոնավիրուսի զրոյական պացիենտին․ նա վարակվել էր չղջիկների հետ սեքսի արդյունքում։

 

Որպես այս զարմանալի նորության աղբյուր «Հրապարակը» նշում էր Worldnewsdailyreport.com կայքը։ Չնայած երկար ու լուրջ անվանմանը, սա հումորային կայք է, որը ծաղրական լուրեր է թողարկում։

Հումորային հոդվածը «Հրապարակը» ներկայացրեց որպես իրական լուր

Worldnewsdailyreport.com (WNDR) կայքի նորություններից մեկը ասում է, որ «Կանիբալը 7 տարում կերել է 23 պիցցայի առաքիչ, 6 Եհովայի վկա և 2 փոստատար»։ Մեկ այլ լուր էլ հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի գիտնականները պարզել են, որ «ուղտերի հերպեսով» հիվանդ մարդիկ իմունիտետ ունեն կորոնավիրուսի դեմ։

Կայքի հումորային լինելը բավականին դժվար է չնկատել․ էջի վերևում առանձին գրված է․ «World News Daily Report. Այստեղ փաստերը նշանակություն չունեն»։ Կայքի «Մեր մասին» բաժինը նույնպես ծաղրական տեքստ է պարունակում։ Այստեղ ասվում է, թե կայքը «լուսաբանում է բիբլիական հնագիտության նորությունները և երկրագնդի վրա տեղի ունեցող այլ խորհրդավոր իրադարձություններ»։

«Հրապարակ»-ի տեղադրած թարգմանությունում բնագիրը որոշ տեղերում խմբագրված է։*

WNDR-ի օրիգինալ հումորային հոդվածում նշվում էր նաև, թե Չինաստանի իշխանությունները կոչ են արել ժամանակավորապես խուսափել կենդանիների հետ սեքսից։ «Հրապարակ»-ի ներկայացրած թարգմանությունում «ժամանակավորապես» բառ չկա և կառուցված է ավելի լուրջ նախադասություն․ «Չինաստանի իշխանությունները նախազգուշացրել են, որ հարկ է խուսափել կենդանիների, հատկապես՝ չղջիկների հետ սեքսուալ հարաբերություններից»։

Մինչդեռ անգլալեզու կայքում ասվում է․ «WNDR-ը ամբողջական պատասխանատվություն է ստանձնում է իր հոդվածների երգիծական բյութի […] համար։ Այս կայքի հոդվածներում հայտնվող բոլոր կերպարները (նույնիսկ իրական մարդկանց վրա հիմնված) ամբողջությամբ հորինված են, և նրանց ու որևէ կենդանի, մահացած կամ անմահ մարդու միջև նմանությունը մաքուր հրաշալիք է»։

Զրոյական պացիենտի մասին հայերեն տեքստը տարածեցին նաև 7or.am-ը, irakanum.am-ը, մի շարք սունկ կայքեր։ «Հրապարակը», սակայն, շուտով հեռացրեց նյութը կայքից։

Ձեռնաշարժությունը չի պաշտպանի ձեզ կորոնավիրուսից

«Հրապարակի» հոդվածը միակը չէր, որ կորոնավիրուսի համավարակը կապում էր սեքսուալ ենթատեքստի հետ։ Այսպես, Lurer.com-ը գրեց, թե «Ձեռնաշարժությունը կարող է պաշտպանել կորոնավիրուսից», քանի որ այն բարձրացնում է իմունիտետը։

Ձեռնաշարժության մասին միֆերը բազմաթիվ են․ մեկ այն հայտարարում են առողջության համար խիստ վտանգավոր (ինչը  այդպես չէ), մեկ բացահայտում, թե այն օգնում է ազատվել քթի խցանումից (նույնպես սխալ է)։

Ձեռնաշարժությունը չի կարող պաշտպանել ձեզ կորոնավիրուսից։ Ավելին՝ վիտամինները և օգտակար սնունդը կարող են բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, բայց չեն կարող պաշտպանել վիրուսից։

Կարինե Ղազարյան

* Հոդվածից հանվել է «Հրապարակ»-ում ներկայացված թարգմանության սխալ լինելու մասին երկու պնդում։ Պարզվել է, որ թարգմանության այդ կտորները համապատասխան էին WNDR-ի բնագրին։ Փոփոխությունը կատարվել է 2020թ․ մարտի 28-ին, ժամը 20:25-ին։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *