Մարտի 20-ին Ֆեյսբուքում հայտնվեց «COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ» էջը։ «Փաստահավաք խումբ» բառակապակցությունը շատերս ենք լսել։ Օրինակ, մարտի 1-ի մասին լուրերում։ Այս նոր փաստահավաք խմբի հիմնադիրներից երկուսը, սակայն, բազմիցս հայտնել են փաստերով չհիմնավորված տեղեկություն։
Խումբը խոստանում է հավաքել կորոնավիրուսի մասին փաստեր, որոնք չեն հնչում արտակարգ դրության ժամանակ իշխանությունների հայտարարած պաշտոնական գրաքննության պատճառով։ Փաստերը հրապարակվելու են արտակարգ դրությունից հետո։ Խմբի անդամները կոչ են անում քաղաքացիներին «անգամ ամենաչնչին կասկածների մասին տեղեկացնել»։
Խմբի կազմում ընդգրկված անդամներից երկուսը նախկինում չստուգված և մոլորեցնող լուրեր են տարածել։ Համավարակի ժամանակ առողջությանը վերաբերող մանիպուլյատիվ տեղեկությունը կարող է վնասել տեղեկությունը ստացողներին։ Այս հանգամանքը հաշվի առնելով, Media.am-ը ներկայացնում է կորոնավիրուսի մասին փաստահավաք խմբի նախաձեռնողներին։
Անի Հովհաննիսյան
Վերջին մեկ տարվա ընթացքում միայն Media.am-ը ստիպված է եղել 15 անգամ անդրադառնալ Անի Հովհաննիսյանի ղեկավարած Analitik.am կայքի տարածած ոչ ճշմարիտ տեղեկությանը։ Կայքը հաճախ է հրապարակում «սենսացիոն», բայց չճշտված լուրեր։
Հովհաննիսյանը նաև ծայրահեղ պահպանողական «Վետո» խմբի անդամ է։ «Վետո»-ն ղեկավարում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, PR մասնագետ Նարեկ Մալյանը։
2017 թ․ Անի Հովհաննիսյանը դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեղադրանքով։ Նա Ուրիխանյանից պահանջել էր ամսական 300,000 դրամ վճարել՝ պատգամավորի և նրա մերձավորների մասին վարկաբեկող տեղեկությունները չհրապարակելու դիմաց։
Գևորգ Գրիգորյան
Գրիգորյանը մասնագիտությամբ բժիշկ է։ Նա հաճախ է քննադատում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, սակայն քննադատությունը առավելապես էմոցիոնալ է և չփաստարկված։
Քաղաքական խիստ դիրքորոշում ունեցող մեկ այլ բժշկի՝ Մարինա Խաչատրյանի պես նա հաճախ է հայտնում գիտականորեն սխալ, իսկ երբեմն՝ պացիենտի առողջության համար պոտենցիալ վնասակար տեղեկություն։
Օրինակ, չնայած Գրիգորյանը հայտարարել է, որ «պատվաստումները կյանք են փրկում և հնարավոր չէ պատկերացնել առողջապահություն՝ առանց պատվաստանյութերի», նա նաև ասել է, թե մարդու պապիլոմավիրուսի պատվաստումը փորձարկվել է ընդամենը 150 հոգու վրա։ Պնդումը սխալ է․ պատվաստանյութը փորձարկվել է տասնյակ հազարավոր մարդկանց վրա և համարվում է քաղցկեղը կանխարգելող վստահելի միջոց։
Գրիգորյանը ղեկավարում է «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» նախաձեռնությունը։ Նա դժգոհել էր, որ Առողջապահության նախարարությունը չի համագործակցում նախաձեռնության հետ, չնայած նախարարությանը մշտապես ուղարկում են իրենց առաջարկությունները և հետազոտությունների տվյալները։
Մարտի 17-ին Գրիգորյանը «Ինքնամեկուսացվածները», դիտե՛ք ֆեյսբուքի եթերում» մակագրությամբ լուսանկար է հրապարակել Antifake.am կայքի խմբագիր Նարեկ Սամսոնյանի հետ։
Antifake.am-ը ներկայանում է որպես լուրերի ստուգման հարթակ։ Fip.am Փաստերի ստուգման հարթակը մի քանի անգամ անդրադարձել է կայքի տարածած ապատեղեկատվությանը։
Ամերիկյան DFRLab հետազոտական կենտրոնի հրապարակած հոդվածում նշվում է, որ Antifake.am-ը ներկայանում է որպես անկախ և ոչ կողմնակալ լրատվամիջոց, սակայն առավելապես կենտրոնացած է Փաշինյանին քննադատելու վրա։
Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, պաշտպանում է «Վետո» խմբի հիմնադիր Նարեկ Մալյանի շահերը։ Բացի այդ, նա նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի փաստաբանն է։
Փանոսյանը կալանավորվել էր պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով․ Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար լինելու տարիներին նա զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը։
2008-2009 թվականներին Աթանեսյանը եղել է նաև Նիկոլ Փաշինյանի և «Հայկական ժամանակ» թերթի շահերի պաշտպանը։
Այժմ Աթանեսյանը ապրիլի 5-ին նախատեսված ու հետաձգված սահմանադրական հանրաքվեին դեմ արտահայտվող «Ոչ» ճամբարի նախաձեռնող խմբի անդամ է։
Այսպիսով, կորոնավիրուսի մասին փաստահավաք խմբի երեք անդամներից երկուսը կապ ունեն ծայրահեղ պահպանողական «Վետո» խմբի հետ։
Փաստահավաք խմբի ստեղծման անհրաժեշտությունը անդամները բացատրում են նրանով, որ արտակարգ դրության ժամանակ քաղաքացին զրկված է «իրեն մատուցված լուրերի արժանահավատությունը ստուգելու հնարավորությունից»։ Խմբի անդամներից Անի Հովհաննիսյանը և Գևորգ Գրիգորյանը պարբերաբար հայտնել են չճշտված կամ մանիպուլյատիվ տեղեկություն։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: