2020.03.20,

Նյուսրում

Կառավարությունը «մեղմել» է լրատվամիջոցների արտակարգ դրությունը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Կառավարությունը փոփոխել է  արտակարգ դրության ժամանակ լրատվամիջոցներին ուղղված դրույթներից մեկը՝ թույլ տալով օգտագործել կորոնավիրուսի թեմայով միջազգային պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկությունները:

Լրատվամիջոցները կարող են հղում տալով հրապարկել օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերի, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերի գրառումները: Նախկինում նման աղբյուրով հրապարակումները արտակարգ դրության ռեժիմով արգելվում էին։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին Կառավարության որոշման «Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներ» անվանված գլուխը շարունակում է խմբագիրների ու լրագրողական կազմակերպությունների քննադատության թիրախում մնալ։

Կառավարության այս որոշումից առաջ հայտարարություն էին տարածել լրագրողական կազմակերպությունները  և կոչ արել Կառավարությանն ու Պարետատանը անհապաղ ուժը կորցրած ճանաչել արտակարգ դրություն ժամանակ լրատվամիջոցներին ուղղված 23, 24, 25 և 26 կետերը:

Նրանք առաջարկում են մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում, որը կհստակեցնի հնարավոր սահմանափակումները և կնպաստի լրատվամիջոցների կողմից մասնագիտական գործունեության պատշաճ իրականացումը:

Մարտի 18-ին էլ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ նույն թեմայով գրավոր նամակ էին ուղղել արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանին և բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք խանգարում են այս օրերին նրանց աշխատանքին:

Արտակարգ դրության ժամանակ լրատվամիջոցների աշխատանքի համար միջազգային պաշտոնական տեղեկատվության աղբյուրները բացելու մասին Կառավարության այս որոշումը հենց լրագրողական համայնքի հետ քննարկումների արդյունք է։

Սակայն լրատվամիջոցները Պարետատան հետ քննարկելու այլ կետեր էլ ունեն։ Հակասական է կետը, համաձայն որի սահմանափակման են ենթակա  «ակնհայտ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումները, տեղեկատվական նյութերը, հարցազրույցները, հաղորդումները»:

Կառավարության որոշումը լրատվամիջոցներին անհանգստացնող հիմնական հարցերը անպատասխան է թողել։

«Կառավարության այս փոքր փոփոխություններն անմենևին համարժեք չեն խնդրի ծանրության հետ: Անհրաժեշտ է շարունակել կառուցողական աշխատանքը, և եթե Կառավարությունը այդքան արհեստավարժություն չունի, կարող է դիմել լրագրողական կազմակերպությունների և անկախ փորձագետների օգնությանը»,-ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա ասում է, որ լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումները հստակ չեն, անորոշ են․ «Այս որոշման մեջ  ներկայացված է Կառավարության վերջին երկու տարվա վրդովմունքը լրատվամիջոցների հանդեպ: Այն սթափ որոշում չէ և կոշտ արգելքներով լրջորեն սահմանափակում է այս իրավիճակում լրատվամիջոցների աշխատանքը: Ոստիկաններն իրենց են վերապահում որոշել, թե որ հրապարակումն է խուճապ առաջացնում, որը՝ ոչ։ Կամ որ հրապարակումը կարող է հասնել իր լսարանին»:

Ըստ նրա, անհրաժեշտ էր կանոնակարգել լրատվամիջոցների և տեղեկատվական աղբյուրների խնդիրը:

Հստակեցնել, որ այս իրավիճակում պետք է բացառել «մեր աղբյուրներից ստացած», «մեր ունեցած տեղեկություններով»  և նման չճշգրտված տեղեկությունների հրապարակումը:

Մելիքյանն ասում է, որ կարող էր պահանջ լինել, որ լրատվամիջոցներն այս աղբյուրներից ստացած տեղեկությունները անպայման ճշտեին պաշտոնական աղբյուրներից և նոր միայն հրապարակեին` խուճապից խուսափելու համար․

«Խուճապը սուբեկտիվ ընկալում է և կարող է հակասական լինել: Օրինակ, մեկը մի դեղատան դիմակ չգտնելով կարող է խուճապահար լինել, իսկ մեկ ուրիշն այլ դեղատանը փնտրել դիմակ»։

Լրագրողական կազմակերպությունները հույս ունեն, որ իրենց հայտարարությանը Կառավարությունը կարձագանքի և հնարավոր կդառնա արտակարգ դրության ժամանակ լրատվամիջոցների համար ավելի նպաստավոր և հստակ աշխատանքային դաշտ ստեղծել:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *