2020.03.16,

Ստուգված է

Մարտի 1-15-ը կեղծ ու հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Մարտի սկզբին ապատեղեկատվության գլխավոր թեման կորոնավիրուսն էր, սակայն մեդիան տարածեց նաև կեղծ լուրերի թիրախ դարձած ԼԳԲՏ անձանց և Ստամբուլյան կոնվենցիայի մասին թեզեր։

Կորոնավիրուսը՝ ապատեղեկատվության ու մանիպուլյացիայի թեմա

Մի քանի կայք գրեց, թե Ֆրանսիայում ապաքինվել են բոլոր հիվանդները։ Դա այդպես չէ․ մարտի 16-ի առավոտվա դրությամբ այնտեղ 5437 COVID-19 վարակակիր է գրանցված եղել, որոնցից ապաքինվել է 12-ը։  Հիվանդների, մահացության և ապաքինումների քանակի մասին ճշգրիտ տեղեկություն միշտ կարելի է գտնել ինտերակտիվ քարտեզի վրա։

Hayeli.am-ը գրեց, թե «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակված երեխա կա։ Ավելին՝ ըստ կայքի երեխային չէին մեկուսացրել՝ վտանգելով մնացածների կյանքը։ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքեց այս տեղեկությունը։

Լայն տարածվեցին նաև վիրուսի դեմ պայքարելու ժողովրդական միջոցները։ 168.am-ը, օրինակ, խորհուրդ տվեց վիրուսների դեմ պայքարել սխտորով։

Քաղաքական ուժերն էլ համաճարակը նորից օգտագործեցին իշխանությանը անգործության մեջ մեղադրելու համար, հայտարարելով թե «մատը մատին չտալով» վիրուսը բերեցին, իսկ իրենք փախան մեկուսացվելու։

Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուս չէր կասկածվում

Վրացական և ադրբեջանական որոշ ռուսալեզու կայքեր գրեցին, թե Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի ախտանիշներ կան։ Հայաստանի Առողջապահության նախարարությունը հերքեց տեղեկությունը, նշելով, որ անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան։ «Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտություններ և այժմ իրեն լավ է զգում», – նշված է հայտարարության մեջ։

Արցախում վիրուսի գրանցված դեպք դեռ չկա

Արցախի ղեկավարը նույնպես դարձավ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության զոհ։ Ֆեյսբուքում Բակո Սահակյանի կեղծ էջը տեղեկություն տարածեց, թե Արցախի 11 քաղաքացիների և 27 զինծառայողների մոտ կան վիրուսի ախտանիշներ։

Բակո Սահակյանը պաշտոնական ֆեյսբուքյան էջ չունի։ Հետագայում կեղծ էջը ջնջվեց սոցցանցից։

Մի քանի օր անց նույն լուրը տարածվեց այլ կեղծ էջերից։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը նշում է, որ լուրերը տարածվում են Ադրբեջանից։

«Իրավունք»-ը նորից ոչ ճշգրիտ տեղեկություն հայտնեց Ryanair-ի մասին

«Իրավունք» թերթը պնդեց, թե Ryanair ավիաընկերությունը հրաժարվում է փոխհատուցել կորոնավիրուսի պատճառով չեղարկված տոմսերը։

Իտալիայի կառավարության՝ ուղևորափոխադրումները սահմանափակելու որոշումից հետո Ryanair-ը չեղարկել էր մարտի 13-ից ապրիլի 8-ը դեպի Իտալիա բոլոր չվերթները։ Սակայն ընկերությունը հնարավորություն է տալիս փոխանակել կամ փոխհատուցում ստանալ չեղարկված տոմսերի համար։

«Իրավունք»-ը հաճախ է քննադատում Ryanair-ին։ Օրինակ, թերթը մի շարք հոդվածներ է հրապարակել՝ բարձրաձայնելով ընկերության նախկին աշխատակից Սարգիս Սիմոնյանի մտահոգությունները, որոնց մեջ, սակայն, ոչ ճշգրիտ և մանիպուլյատիվ թեզեր են հնչում։

Կորոնավիրուսով առաջին պացիենը ֆեյսբուքյան գրառում չէր արել

Մարտի 14-ին Arbi Davit անունով ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրեց կորոնավիրուսի մասին, մասնավորապես նշելով․ «վիրուսը փորձեց վնասել ինձ, ընտանիքս և իմ մի քանի ընկերներին»:

Մի շարք լրատվամիջոցներ այս գրառումից ենթադրեցին, թե գրողը Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն է։ Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը, 1in.am-ը, Blognews.am-ը, ինչպես նաև մի շարք սունկ կայքեր նույնությամբ վերատպեցին գրառումը։ «Ժողովուրդ» օրաթերթը նյութը վերնագրեց «Կորոնավիրուսից բուժված հայ երիտասարդը կիսվում է իր փորձառությունով»։

Պարզվեց, սակայն, որ օգտատերը կորոնավիրուսի կրող չէր՝ վարակվածը նրա մտերիմն էր։ Որոշ լրատվականներ հեռացրեցին ֆեյսբուքյան գրառումը կայքից, մյուսներն էլ խմբագրեցին այն։

Զինված ուժերում կորոնավիրուսով վարակի դեպք դեռևս չկա

Մարտի 15-ին Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ սոցցանցերում և մամուլում տարածվող տեղեկությունը, թե «Պաշտպանության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսով վարակված 10 զինծառայողների մասին» կեղծ է։

Խոսքը ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ Պաշտպանության նախարարության մասին էր, ինչը արտացոլված չէր վերնագրում։

Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված չէ

Մարտի 3-ին «Հրապարակ» թերթը գրեց, թե Ռուսաստանը 5 տարով կասեցրել է Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և ռազմական գործիչ Սամվել Բաբայանի մուտքը երկիր։

Թերթը որևէ ապացույց չէր բերում, միայն նշում էր, որ ուշ ժամի է տեղեկությունը եկել, դրա համար հարցում չեն կատարել պաշտոնական աղբյուրներին։

Չստուգված նյութը վերատպեցին aysor.am-ը, ankakh.com-ը, 24news.am-ը և մի շարք այլ լրատվականներ։

Մայիլյանը ապատեղեկատվություն անվանեց լուրը։ Տեղեկությունը հերքեցին նաև Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունից։

Ստամբուլյան կոնվենցիայի մասին ապատեղեկատվությունը չի դադարում

Համացանցում նորից շրջանառվեց Alternativ.am կայքի հոդվածը այն մասին, թե Լևոր Տեր-Պետրոսյանի որդին ֆինանսավորում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը։ Ըստ կայքի, նա «ոչ ավել և ո՛չ պակաս ամսական 100,000 ամերիկյան դոլար է հատկացնում տխրահռչակ կոնվենցիայի վավերացման և ԼԳԲՏ համայնքի քարոզին ուղղված աշխատանքների իրականացման համար»։

Որևէ ապացույց կայքը չի բերում, միայն հղում է անում «հավաստի աղբյուրներին»։

Ստամբուլյան կոնվենցիան հաճախ է դառնում ապատեղեկատվության առարկա։ Media.am-ը կոնվենցիայի մասին կարևոր փաստերը հավաքել է այստեղ։ 

Ստամբուլյան կոնվենցիայի հետ մեկտեղ, ԼԳԲՏ անձիք նույնպես շարունակեցին մնալ ապատեղեկատվության և շահարկումների թիրախ։ Ֆեյսբուքյան ֆեյք էջերը ակտիվորեն կապում են «Այո»-ի քարոզարշավը ԼԳԲՏ հարցերի հետ, պնդելով, թե հանրաքվեի ջատագովները նույնասեռականություն են «քարոզում»։

Գյումրիում ծեծի ենթարկված աղջիկը խնամքի տանը հաշվառված չէր

Ֆեյք օգտատերերի գրառումները շարունակեցին տեղ գտնել հայտնի լրատվական կայքերում։ Այդպես, լրատվամիջոցները՝ հիմնվելով մեկ ֆեյսբուքյան հրապարակման վրա գրեցին, թե Գյումրիում սպանված 46-ամյա կնոջ աղջիկը հաշվառված է եղել խնամքի տանը։ Ըստ գրառման՝ երեխան վերադարձել է «անբարենպատ ընտանիք» քանի որ նախարար Բաթոյանը «սորոսականների լոբբինգով փակեց խնամքի կենտրոնները»։

Նախարարությունից հերքեցին տեղեկությունը, նշելով, որ հաշվառված չի եղել որևէ խնամքի կենտրոնում։ Սակայն լրատվականներից ոչ բոլորը հեռացրեցին լուրը։ Օրինակ, Lurer.com-ը հրապարակեց հերքումը կեղծ լուրի հետ մեկտեղ և հավելեց, թե համացանցում նախարարության և մարզպետարանի հերքումները «սուտ» են անվանում։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *