2019.08.05,

Ստուգված է

Ի՞նչ է պետք իմանալ Ստամբուլյան կոնվենցիայի մասին. 6 փաստ

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Արդեն մի քանի շաբաթ է մեդիան ակտիվորեն քննարկում է Ստամբուլյան կոնվենցիան, որը Հայաստանը ստորագրել է դեռ 2017 թ․։ Ուսումնասիրելով կոնվենցիան և դրա քննադատությունը, Media.am-ը առանձնացրել է այս թեմայի կարևոր փաստերը։

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան» ստորագրվել է 2011 թ․ Ստամբուլում։ Ստորագրման վայրի անվանմամբ այն հաճախ կոչվում է Ստամբուլյան կոնվենցիա։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թ․, իսկ Հայաստանը այն ստորագրել է 2017 թ․։ Ստորագրման ժամանակ կոնվենցիան հասարակական լայն քննարկման առարկա չդարձավ, փոխարենը մեծ աղմուկ հանեց դրա վավերացումը, որը դեռ պետք է կայանա։ 

Կոնվենցիան վավերացրել է 33 պետություն։ Այն վավերացրած երկրների ցանկում է հարևան Վրաստանը։ Ադրբեջանը և Ռուսաստանը կոնվենցիան չեն ստորագրել։ Բուլղարիայում էլ լայնածավալ քննադատությունը ավարտվեց դրա հակասահմանադրականության ճանաչմամաբ։ 

Ընդհանուր առմամբ 11 պետություն ստորագրել, բայց դեռ չեն վավերացրել կոնվենցիան։ 

Սեռական կողմնորոշումը փաստաթղթում հիշատակվում է մեկ անգամ․ նշվում է, որ բռնության զոհերի իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի առանց խտրականության որևէ խմբի նկատմամբ, լինեն դրանք փախստականներ, սոցիալապես անապահով մարդիկ թե սեռական փոքրամասնություններ։ 

Կոնվենցիայի նախաբանում սահմանվում են դրանում օգտագործվող եզրույթները։ 

Ընտանիքի որևէ մոդելի սահմանում կոնվենցիան չի տալիս, ավելին՝ տեքստում չկա նույնասեռական ընտանիքների մասին դրույթներ։  

«Երրորդ սեռ» եզրույթը կիրառվել է կոնվենցիայի քննադատների կողմից թե՛ Բուլղարիայում, թե՛ այլ երկրներում։ Այժմ այն տարածված է նաև հայկական մեդիա միջավայրում․ 

«168 ժամ» թերթը նույնիսկ մեղադրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին նախարարությունում «երրորդ սեռի վարչություն» ստեղծելու մեջ։ 

Նախարարությունը հերքեց լուրը, այն անվանելով «բացարձակ սուտ»։  

«Գենդեր» և «գենդերային պատկանելություն» եզրերը չեն նշանակում «երրորդ սեռ», այլ այն սոցիալական դերերը, որ հասարակությունը սահմանում է մարդկանց համար՝ կախված նրանց կենսաբանական սեռից։ Օրինակ, այն, որ տնային գործերի և երեխայի խնամքի հիմնական բեռը ընկնում է կնոջ վրա պայմնավորված է կնոջը հատկացվող սոցիալական դերով։ 

2018 թ․ Եվրոպայի խորհուրդը նույնիսկ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ, կոչ անելով չաղավաղել կոնվենցիայի բովանդակությունը. «Չնայած դրա հստակ նշված նպատակներին, մի շարք կրոնական և ծայրահեղ պահպանողական խմբավորումներ կեղծ տեղեկություններ են տարածում Ստամբուլյան կոնվենցիայի և հատկապես կոնվենցիայի տեքստում ներառված «գենդեր» հասկացության վերաբերյալ»:

Կոնվենցիայի քննադատությանը միացել է Հայ առաքելական եկեղեցին, քաղաքական և հասարակական գործիչներ։ Օրինակ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նույնիսկ ստեղծեց դրա դեմ ստորագրահավաք հայտնի change.org հարթակում։ Change.org-ը, սակայն, ջնջեց ստորագրահավաքը, ինչից հետո ստեղծվեց հատուկ կայք՝ nostambul.am, որի արտաքին տեքստը նման է change.org-ին։ 

ԱՄՆ-ում բնակվող կրոնական ակտիվիստ Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան միջոցառում ստեղծեց՝ «Միասնական Աղոթք Ընդդեմ Ստամբուլյան Կոնվենցիայի» անվանումով։ Հյուսիսային պողոտայում էլ արդեն մի քանի օր շարունակվում է կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը։ Այս վերջին ակցիան կազմակերպել է ազգայնական ուղղվածություն ունեցող «Կամք» նախաձեռնությունը։ 

Հայաստանը ստորագրել և վավերացրել է բազմաթիվ միջազգային փաստաթղթեր, որոնցից հերթականը Ստամբուլյան կոնվենցիան է։ Առանց վավերացման այն չի կարող լիարժեք գործել, մինչդեռ փաստաթուղթը սահմանում է կանանց և երեխաների դեմ բռնությունը բացառելու համար համապարփակ մատեցում։ Այսինքն, այն ավելի մանրամասն է սահմանում բռնությունը բացառելուն ուղղված քայլերը քան առանձին պետությունների նախկինում գոյություն ունեցող օրենքները։ 

Ստամբուլյան կոնվենցիայի տեքստի հետ կարող են ծանոթանալ բոլոր ցանկացողները․ այն բավականին կարճ է և հասանելի է հայերեն, ռուսերեն և բնօրինակ՝ անգլերեն տարբերակներով։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *