«Վարչապետը ճիշտ էր» և «վարչապետից նեղացած չէ» արտահայտությունները նույնը չեն, հոմանիշ էլ չեն, ավելին, բացարձակ տարբեր մտքեր են։
Այս արտահայտությունները, սակայն, փոխարինել են մեկը մյուսին Հանրային հեռուստաընկերության«Լուրեր» լրատվականի ցերեկային և երեկոյան թողարկումներում։
Երկու մտքերն էլ վերագրված են կուրթանեցի Մեխակ Առաքելյանին, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մարտի 7-ին աղմկոտ հանդիպում ունեցավ Գյուլագարակ համայնքում ԱՅՈ-ի քարոզարշավի ժամանակ։ Տան խնդրով էր մոտեցել ու ի պատասխան վարչապետից լսել․ «Ոտքդ, ձեռքդ տեղը, առողջությունդ տեղը տղա ես: Քո տան հարցն առաջին հերթին դու պիտի լուծես»։
Վարչապետը նաև բերել էր տուն ստեղծելու սեփական օրինակը, թվարկել իշխանության ստեղծած հնարավորություններն ու հռետորական հարց հնչեցրել․ «Հազար ներողություն, որ տենց եմ ասում, բայց մի քիչ էլ արժանապատվության հարց ա․․․ Առողջ տղամարդը կգա, ուրիշ առողջ տղամարդու կասի իմ տան հարցը լուծի՞, իմ հացի հարցը լուծի՞»։
https://www.youtube.com/watch?v=TTgvN3G8ifw
Այս միջադեպը լայնորեն տարածվեց, քննադատվեց կամ էլ գովերգվեց՝ ըստ ճաշակի ու քաղաքական հետաքրքրությունների։ Թեմայի երկրորդ շնչառությունը մարտի 11-ի news.am-ի անդրադարձն էր։ Լրատվական կայքը գտել էր տղային ու պարզել, որ առաջին հայացքից առողջ երևացող մարդն այնքան էլ առողջ չէ։ Առողջ չեն նաև ընտանիքի մյուս անդամները։
Այս լուսաբանումն էր, որ սոցցանցերում ալեկոծեց շատերի սրտերը։ Օգնության նախաձեռնություններ եղան։ Լավ նորությամբ երիտասարդի մոտ գնաց Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը։ Վարչապետի ներողությունն էլ Հայաստանի հարավից հասավ հյուսիս՝ Սյունիքի քարոզարշավի ելույթի ընթացքում։
Media.am-ը արդեն անդրադարձել է թեմայի լուսաբանումներին, սակայն, մեր ուշադրությունը գրավեց Հանրայինի «Լուրեր»-ի ռեպորտաժի խմբագրման տրամաբանությունը։
Ինչ լուսաբանեց և ինչ խմբագրեց Հանրայինը
Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականը թեմային անդրադարձավ մարտի 11-ի ժամը 13։00-ի թողարկման ժամանակ (7 րոպե)։ Նույն նյութը կրկնվեց հաջորդող երկու թողարկումներում, նաև տեղադրվեց «Լուրեր»-ի ֆեյսբուքյան էջում ու հավաքեց շուրջ 211 հազար դիտում մարտի 12, 14։00-ի դրությամբ։
Իսկ «Լուրեր»-ի երեկոյան 19։00-ի (18։19 րոպե) և գլխավոր թողարկման ժամանակ (21։29 րոպե) եթեր գնաց նյութի արդեն խմբագրված տարբերակը:
Երկու տարբերակներում էլ ռեպորտաժի սկզբում լրագրողը պատմում է երիտասարդի ու նրա ընտանիքի սոցիալական, առողջական խնդիրների մասին, իսկ շարունակության մեջ հավաստիացնում, որ տեղի ունեցածը չի խանգարելու նրան նորից ընտրել Փաշինյանին։
Նյութն ամփոփվում է լրագրողական տեքստով, թե Մեխակը «խնամքով պահում է վարչապետի տված իր բաժին հպարտ քաղաքացու անձնագիրը» ու հեռախոսի էկրանին էլ, չնայած նեղվածությանը, Փաշինյանի նկարն է՝ «հեղափոխության վիրավոր օրերից»։
Հետևելով լուսաբանումներին media.am-ը նկատեց հետևյալ փոփոխությունները․
- Նյութի առաջին տարբերակում լրագրողն իր տեքստում ընտանիքի խնդիրները թվարկելուց հետո մեջբերում է Մեխակ Առաքելյանի խոսքը, թե «բայց, միևնույն է, ասում է վարչապետը ճիշտ էր»։ Այս «վարչապետը ճիշտ էր» արտահայտությունը երեկոյան թողարկումների տարբերակում փոխվում և դառնում է «վարչապետից չի նեղացել»։
Այս տեքստին հաջորդում է Մեխակի ուղիղ խոսքը, որը ևս որոշակի փոփոխության է ենթարկվել․
- Նյութի առաջին տարբերակում «ինքը ինձ հաղթեց, բայց ոչինչ, ես էլի պարոն Փաշինյանին ընտրելու եմ։ Թեկուզ ինձ ոչ մի բան էլ չլինի, էլի էս դոմիկում ապրեմ, բայց ես էլի պարոն Փաշինյանին ընտրելու եմ» հատվածին ավելացվել է․ «Այո, այո, տասը անգամ էլ եթե հնարավորություն լինի, տասը անգամ էլ ընտրելու եմ, բայց ձայնը մի հատ ա»։
- Օրվա զարգացումներին զուգահեռ ռեպորտաժում ներառվել է «Լուսավոր Հայատսան»-ի և «Իմ քայլ»-ի պատգամավորների այցն ու օգնության լուրերը։
Լրագրողական տեքստում Մեխակին վերագրվող մեջբերման փոփոխությունը կարող է թվալ աննշան (եղածը մեկ բառ է), բայց այստեղ կա իմաստային հստակ տարբերություն։ Իսկ միջադեպի այսպիսի շեշտադրումներով լուսաբանումը առավել խնդրահարույց է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի համատեքստում։
Վարչապետի և Մեխակ Առաքելյանի միջադեպին ևս Հանրային հեռուստաընկերությունը անդրադարձել է պոստֆակտում՝ իրադարձությունից օրեր անց, երբ կար մեծ աղմուկ, իսկ որ ավելի կարևոր է, արդեն հայտնի էր իշխանական կողմի արձագանքը (առաջին դեպքը չէ, երբ Հանրայինի «Լուրերը» նման կերպ են վարվում)։ Մարտի 7-ին տեղի ունեցած միջադեպը դուրս է մնացել նույն օրվա՝ մարտի 7-ի, մարտի 8-ի կիրակնօրյա ամփոփիչ, մարտի 9-ի և մարտի 10-ի թողարկումներից։
Ի դեպ, այս միջադեպի նախորդող օրը՝ մարտի 6-ին ևս քարոզարշավի ընթացքում տեղի էր ունեցել միջադեպ, այս անգամ Երևանում։ Մի աղջիկ մետրոյում պատռել և Փաշինյանի վրա էր նետել իրեն տված ԱՅՈ-ի թռուցիկը։ Այս դեպքը քննարկվել ու քննադատվել էր, Փաշինյանն էլ արձագանքել էր, սակայն, թեման ոչ մի կերպ չի արտացոլվել Հանրային հեռուստաընկերության «Լուրերում»։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: