2020.03.11,

Քննադատ

Կուրթանեցի Մեխակի տարբեր երանգները

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանն արդեն հայտնի է և վստահ, որ օգնությունը չի ուշանա:

Մարտի 10-ին Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ նա մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրեց, որ օգնի տուն ունենալու հարցում: Վարչապետը հանդիմանեց, որ առողջ տղամարդը ինքը պետք է իր ընտանիքի խնդիրը լուծի:

Այն ժամանակ ո՛չ վարչապետը, ո՛չ լսարանը դեռ չգիտեին, որ տղամարդը առողջ չէ: Այդ մասին չհուշեցին նաև Կուրթան գյուղի բնակիչները:

Սոցիալական բարդ կյանքով ապրող մարդկանց պատմությունները լրատվամիջոցներում շատ են: Բայց այս մեկն ուրիշ է, որովհետև գլխավոր դերակատար դարձավ վարչապետը, և դեպքն էլ տեղի ունեցավ ԱՅՈ-ի քարոզարշավի ընթացքում:

Ժամերի տարբերությամբ հրապարակվող ամեն նոր տեսանյութ կուրթանեցուն քաղաքական նոր դիտանկյունից էր ներկայացնում:

News.am-ն առաջինն էր, որ խոսեց Մեխակի ու նրա մոր հետ: Ռեպորտաժից տպավորությունն այնպես էր, որ Մեխակը նեղացած է Նիկոլ Փաշինյանից: Նա պատմեց իր առողջական խնդիրների, անարդյունավետ արտագնա աշխատանքի ու տան սարսափելի պայմանների մասին: Նաև երազանքի, որ մի փոքր տնամերձ հողակտոր ունենա ու կարողանա կարտոֆիլ աճեցնել:

Հետո ասաց, որ չկարողացավ նույնը ասել վարչապետին, կաշկանդվեց.

«․․․Ես պապանձվեցի, խոսքերս դուրս չեկավ, ինքն ինձ հաղթեց էլի, ինքն ինչ պետք էր ասեց, ես էլ որ բան չխոսացի, տենց էլ ինքը սկսեց, թե առողջ տղա ես ինչի՞ չես աշխատում․․․»:

Սոցիալական ցանցերը երեկ երեկոյան ողողվեցին հիմնականում Մեխակին սատարող մեկնաբանություններով։ Քաղաքական ենթատեքստն անպակաս էր:

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Մեխակից, հետո դեպքերը սկսեցին զարգանալ շատ արագ:

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը գնաց կուրթանեցու հետ հանդիպման:(*) Նա հայտնեց, որ լավ լուր ունի, իրեն դիմել են տարբեր քաղաքացիներ և պատրաստակամություն հայտնել օգնել Մեխակի ընտանիքին: Իսկ թե ովքեր են աջակիցները և ինչպես են օգնելու, Փաշինյանը գաղտնի պահեց լրատվամիջոցներից:

Հանրայինի ռեպորտաժը կրկնեց այն, ինչ գիտեինք՝ առողջական խնդիրներ, անմարդկային կենցաղային պայմաններ, անաշխատունակություն, նաև այն, որ որոշ սատարողներ արդեն ուզում են կապ հաստատել Մեխակի հետ և ցանկանում են նրան աջակցել:

Լրագրողն իր նյութում հայտնեց, որ չնայած տհաճ խոսակցությանը, Մեխակը պահում է վարչապետի տված իր բաժին հպարտ քաղաքացու անձնագիրը:

«Երիտասարդը նեղվել, բայց և բջջայինի էկրանից Փաշինյանի նկարը չի ջնջել»,- լսարանին ուրախ ձայնով տեղեկացրեց Հանրայինի լրագրողը:

«Եթե ես էլի էս դոմիկում ապրեմ, ես պարոն Փաշինյանին ընտրելու եմ»,- ավելացրեց ռեպորտաժի հերոսը:

Ժամեր անց մեկ այլ տեսանյութ առաջարկեց 168.am-ը՝ ««Ջղայնացավ վրես ու բրախեց – գնաց»․Կուրթանցի Մեխակի ընտանիքի պատմությունը» վերնագրով:

Եթե Հանրայինի ռեպորտաժում Մեխակ Առաքելյանն արդեն սրտապնդվել էր, 168.am-ը նորից ստիպեց վերհիշել տհաճ խոսակցությունը, թե ինչպես է երիտասարդը «քոռուփոշման» տուն գնացել: Ռեպորտաժը նախորդների համեմատ ավելի ընդգրկուն էր, օրինակ, մեջբերված էր Նիկոլ Փաշինյանի և Մեխակ Առաքելյանի հանդիպման ավելի երկար տեսանյութ:

Ավագանու ներկայացուցիչը ռեպորտաժում ասաց․ «Քննարկել ենք ազատ տնամերձ տարածք հատկացնելու հարցը, բայց չկա նման ազատ տարածք: Համայնքի ղեկավարն առաջարկեց, որ միգուցե համայնքի միջոցներով գնեն մի տնամերձ: Պետք է քննարկել, չի լինի էտ հարցը կարճ ժամանակում լուծվի, առաջիկայում կքննարկենք»:

Հող գտնելու և համայնքի խնայողություններով այն գնելու կամ կառավարման համակարգի ոչ էֆեկտիվ աշխատանքը թողած՝ մեդիան Մեխակին մեկ քաշում է դեպի ԱՅՈ-ն, մեկ դեպի ՈՉ-ը:

Ընթերցողին և հերոսին թողնում խճճված, բազմաթիվ հարցերով և անվճռական:

Խղճահարությունը, աղքատությունը, արժանապատվությունը գործիք են, որը օգտագործվում է կախված պահի թելադրանքից ու գործիքը բանեցնողից:

Գայանե Ասրյան

(*) Հոդվածի այս նախադասությունը փոփոխվել է։ Առաջին տարբերակը ձևակերպված էր այսպես «ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը գնաց կուրթանեցու հետ հանդիպման, հետը տանելով Ազատության և Հանրայինի լրագրողներին»։ Նախադասության «հետը տանելով Ազատության և Հանրայինի լրագրողներին» հատվածը խմբագրությունը ջնջել է տեքստից, քանի որ փաստացի ոչ թե պատգամավորն է լրագրողին տարել Կուրթան գյուղ, այլ լրագրողներն են գնացել թեմայի մասին նյութ պատրաստելու ու այդ պահին պատգամավորը եկել է գյուղ։
Փոփոխությունը կատարվել է 2020թ․ մարտի 11-ին, ժամը 20:50-ին։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *