2020.01.25,

Ստուգված է

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հասավ Դրեզդենի օպերա

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի ելույթը Դրեզդենի պետական օպերայում կայանալիք Զեմպերօպերի պարահանդեսին (SemperOpernball) չեղարկվել է կազմակերպիչների կողմից, քանի որ երեկոյի աստղը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է նույն բեմում ելույթ ունենալ հայուհու հետ։

Այս մասին հայտնեց Մանթաշյանին ներկայացնող Agence Massis Opéra գործակալությունը։

Սակայն պարահանդեսի կազմակերպիչները հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ Մանթաշյանի գործակալության հետ, հավանաբար, սխալ են հասկացել իրար։ Միջոցառման հիմնադիր Հանս Յոահիմ Ֆրեյը հայտարարեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ Մանթաշյանի հետ ելույթի մասին պայմանավորվածություն չի եղել։

Յուսիֆ Էյվազովը նույնպես հերքեց տեղեկությունը և ասաց, որ նախկինում ելույթ է ունեցել հայազգի արտիստների հետ։

Որևէ ապացույց ո՛չ մեկ, ո՛չ մյուս կողմը չներկայացրեցին։ Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Agence Massis Opéra-ն կներկայացնի այն նամակը, որտեղ գրված է չեղարկման պատճառը, գործակալությունը պատասխանեց, որ նամակագրությունը անձնական բնույթի է և հրապարակման ենթակա չէ։

Չնայած ուղիղ ապացույցների բացակայությանը՝ դեռ դեկտեմբերին կազմակերպիչները նշել էին, որ Մանթաշյանը ելույթ է ունենալու։ Ավելի վաղ ռուսական ТАСС գուծակալությունը նույնպես հայտնել էր, որ Մանթաշյանը պետք է երգեր պարահանդեսին։

Մանթաշյանի ելույթի չեղարկման դեմ բողոքի ալիք բարձրացավ

Սոպրանո Հասմիկ Պապյանը սատարեց Ռուզան Մանթաշյանին իր ֆեյսբուքյան էջում. «Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել»,-գրեց նա։ Հաջորդ օրերին Պապյանը բազմիցս անդրադարձավ թեմային, նրա գրառումները լայն արձագանք ստացան թե՛ սոցցանցերի օգտատերերի, թե՛ լրատվամիջոցների կողմից։

Հունվարի 19-ին Պապյանի բողոքի ձայնին միացավ նաև ռուսաստանաբնակ հայտնի գրող Նարինե Աբգարյանը. «Կատարվածի պատճառը հայերի նկատմամբ Ադրբեջանի կառավարության վարած  ֆաշիստական […] քաղաքականությունն է»։ Աբգարյանի այս գրառումը հավաքեց շուրջ 5,500 հավանում։

Հունվարի 22-ին Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը նամակ ուղարկեց Բունդեսթագ՝ գերմանացի գործընկերների ուշադրությունը հրավիրելով խնդրին։

Մանթաշյանին սատարեցին նաև մի շարք գերմանացի օպերային արտիստներ։ Օպերային մեկնաբան Վադիմ Ժուրավլյովը իր Յութուբյան ալիքում այս թեմայով տեսահոլովակ հրապարակեց։

Ձախից աջ՝ Յուսիֆ Էյվազով, Սաթի Սպիվակովա, Աննա Նետրեբկո, Վլադիմիր Սպիվակով, Հիբլա Գերզմավա։ Լուսանկարը Յուսիֆ Էյվազովի ֆեյսբուքյան էջից:

Հայազգի դերասանուհի, հայտնի ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան, սատարեց Յուսիֆ Էյվազովին։ Ինստագրամի իր էջում Սպիվակովան գրեց, որ ուզում է պաշտպանել Էյվազովին, քանի որ համոզված է, որ նրա դեմ մեղադրանքները սուտ են։

Հայկական, ռուսական մամուլը, ինչպես նաև որոշ եվրոպական պարբերականներ անդրադարձան թեմային։ Միաժամանակ, սոցցանցերում տարածվեց ապատեղեկատվություն. հունվարի 14-ին հայկական սունկ կայքերը վերատպեցին «փորձագետ Կարեն Հովհաննիսյանի» ֆեյսբուքյան գրառումը այն մասին, թե «կազմակերպիչները որոշում են ընդունել, որ ադրբեջանցուն կուղարկեն այլ վայրում երգելու»:

Զեմպերօպերի հիմնադիրը աշխատում է Ռուսաստանում

Զեմպերօպերի պարահանդեսը անցնում է ամեն տարի։ Միջոցառման տոմսերի գինը €550-ից €2,380 է։ Դրա հիմնադիրը գերմանացի դիրիժոր և մենեջեր Հանս Յոահիմ Ֆրեյն է։

Ֆրեյը աշխատում է Սոչիում. նա ռուսաստանյան «Տաղանդ և հաջողություն» կրթական հիմնադրամի և «Սիրիուս» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարն է։ Այս երկու կազմակերպությունները հիմնադրվել են ջութակահար Սերգել Ռոլդուգինի կողմից և մի քանի միլիարդ ռուբլի են ստացել Ռուսաստանի պետական բյուջեից։

Embed from Getty Images

Հանս Յոահիմ Ֆրեյը և Վլադիմիր Պուտինը Զեմպերօպերի պարահանդեսին:

Սերգել Ռոլդուգինը Պուտինի մտերիմ ընկերն է։ Նա միլիարդատեր է, որին պատկանող ընկերությունները կառավարվել են Պուտինի հետ փոխկապակցված «Ռոսսիա» բանկի միջոցով։ Ռուսական մամուլը Ռոլդուգինին անվանում է Պուտինի փողերի «պահապանը»։ Ռոլդուգինի անունը շրջանառվել է Ռուբեն Վարդանյանի գլխավորած «Տրոյկա դիալոգ» ընկերության միջոցով փողերի լվացման սկանդալի ժամանակ։

Էյվազովը աշխարհահռչակ օպերային երգչուհու ամուսինն է

Յուսիֆ Էյվազովը հայտնի տենոր է, Ադրբեջանի ժողովրդական արտիստ։ Նա ամուսնացած է միջազգային օպերային աստղ Աննա Նետրեբկոյի հետ։ Նետրեբկոն ռուս ամենապահանջված օպերային արտիստներից է։ Նախագահական ընտրությունների ժամանակ Աննա Նետրեբկոն եղել է Վլադիմիր Պուտինի վստահված անձը։

Էյվազովը ելույթ է ունենում ամենահեղինակավոր բեմերում՝ Լա Սկալայում, Մետրոպոլիտեն օպերայում, Բոլշոյ թատրոնում և այլն։ Իսկ Ռուզան Մանթաշյանը երիտասարդ սոպրանո է, համարվում է հայազգի ամենախոստումնալից օպերային արտիստներից մեկը։ Ինստագրամում իր հրապարակման մեկնաբանություններում Էյվազովը նույնիսկ հեգնել էր. «Հիմա գոնե մեկը նրան [Մանթաշյանին] կճանաչի»։ Ավելի ուշ մեկնաբանությունը հեռացվեց։

Տասը օր ծավալվող սկանդալը ավարտվեց հունվարի 23-ին. Agence Massis Opéra-ն հայտարարեց, որ փետրվարի 7-ին Ռուզան Մանթաշյանը ելույթ կունենա Դրեզդենում Զեմպերօպերի պարահանդեսին։

Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Սա հաղթանա՞կ է, կհարցնեն շատերը: Այո՝ անկասկած»: Նա շնորհակալություն հայտնեց Նարինե Աբգարյանին ու մյուս բոլոր սատարողներին և կոչ արեց երիտասարդ արվեստագետներին. «Պահպանեք ձեր ոգու ամրությունը»։

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հաճախ է ներթափանցում մշակույթի և սպորտի ոլորտներ

Ռուզան Մանթաշյանի ելույթի չեղարկումը առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը քաղաքական դաշտից տեղափոխվում է այլ ոլորտներ։

2019-ի օգոստոսին հայազգի շախմատիստուհի Մարիա Գևորգյանի մասնացությունը Թուրքիայում ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային մրցույթին կասեցվեց  ադրբեջանի հավաքականի պահանջով։ Այս անգամ նույնպես կազմակերպիչը նամակ էր գրել հայ մասնակցին այն մասին, որ ադրբեջանցիները հրաժարվում են ելույթ ունենալ նրա հետ։

Եվս մեկ միջազգային սկանդալ էր ծավալվել 2019-ի մայիսին, երբ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չմեկնեց Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *