2020.01.24,

Ստուգված է

Շամշյանն առաջինը հայտնեց կեղծ լուրը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հունվարի 24-ի առավոտյան Shamshyan.com կայքը լուր տարածեց այն մասին, որ ՊԲ զորամասերից մեկում հայտնաբերվել է  երկու զինծառայողի դի։

Լուրն արագ տարածվեց համացանցում։ Այն վերատպեցին Galatv.am-ը, «Հայկական ժամանակ» թերթը և մի շարք այլ լրատվականներ։ Տեքստը նույնությամբ վերատպեցին նաև սունկ կայքերը։

Սակայն հրապարակումից կարճ ժամանակ անց տեղեկությունը հերքեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Պարզվեց՝ զոհ չկա, երկու զինվոր է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում են։

Լրատվականները հեռացրեցին կեղծ լուրը։ Գագիկ Շամշյանի կայքում հոդվածը խմբագրվեց՝ զոհերի մասին տեղեկությունը փոխարինվեց վիրավորների մասին տեքստով։ Խմբագրման  մասին որևէ նշում կայքում չկա, սակայն հին տարբերակի վերնագիրն այս հոդվածը գրելու պահին դեռ կարելի էր տեսնել «Օրվա թեմաներ» բաժնում։

Լուրը վերատպած սունկ կայքերը, ի տարբերություն լրատվականների, հոդվածը չհեռացրեցին, բայց դրանցից մի քանիսը ավելացրեցին  նշում, որ տեղեկությունը հերքվել է։

Կեղծ լուրն արագորեն տարածվեց նաև Ֆեյսբուքում։ Օրինակ, 69,000 հետևորդ ունեցող Orva Lurer խմբում, որը ներկայանում է որպես «Լրատվական խումբ` օրվա նորությունների համար»: Խմբի 16 համակարգողներից երկուսը իրարից մի քանի րոպե տարբերությամբ կիսվել են Shamshyan.com-ի հոդվածով և այդ հոդվածի՝ Newsarminfo.com սունկ կայքում տեղ գտած վերատպումով։

Լուրը տեղադրվեց նաև «Ավանդական Հայաստան Традиционная Армения» խմբում և շուրջ 7,500 հետևորդ ունեցող Info Media էջում, որը ներկայանում է որպես լրատվական էջ և տարածում սունկ կայքերի նյութերը։

Լուրը հերքելու հետ մեկտեղ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրառում արեց՝ կոշտ քննադատելով Գագիկ Շամշյանին և նշելով, որ նա վնաս է տալիս երկրին։

Մի քանի ժամ անց Հովհաննիսյանը հրապարակեց ևս մի գրառում՝ Շամշյանի աղբյուրներին անվանելով «սրբապիղծ»։*

Shamshyan.com-ը հայտնի է վթարներին և դժբախտ պատահարներին արագ արձագանքով։

Կարինե Ղազարյան

Հոդվածը խմբագրվել է հունվարի 28-ին: Հոդվածում նախադասությունը, թե Արծրուն Հովհաննիսյանը «սրբապիղծ» է անվանել Շամշյանին, սխալ էր: Հովհաննիսյանն այդպես էր որակել Շամշյանի աղբյուրներին:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *