Հոկտեմբերի 7-ին Media.am-ը անդրադարձավ «1000 դրամների» հիմնադրամին կատարվող վճարումների և գրանցված աշխատողների թվի աճի անհամապատասխանությանը։ Մենք պարզեցինք, որ այդ թվերը պարտադիր չէ, որ համընկնեն, բայց նաև նկատեցինք, որ վարչապետը և Ֆինանսների նախարարությունը իրար հակասող տվյալներ են հնչեցնում։
Հրապարակումից մի քանի շաբաթ անց մենք նոր տեղեկություններ ստացանք վարչապետի աշխատակազմից։
Աշխատողների թիվը ուղիղ կապված չէ «1000 դրամների» հիմնադրամ փոխանցումների հետ
«1000 դրամների» հիմնադրամին վճարվող գումարների և նոր գրանցված աշխատողների թվի անհամապատասխանության մասին ԱԺ պատգամավորները մեկ անգամ չէ, որ հարց են բարձրացրել․ այս թեմայով խոսել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը և «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Սակայն այսպիսի հարցադրումն ինքնին սխալ է, քանի որ չի կարելի ավելացած աշխատողների թիվը չափել «1000 դրամների» հիմնադրամին կատարված վճարումների թվով։ Հիմնադրամին գումար է փոխանցվում փուլային կերպով, և այդ գումարի հավաքագրողը մեկ մարմին չէ։ Հետևաբար, աշխատողների թիվը և հիմնադրամին փոխանցված վճարները ուղիղ համեմատական չեն։
«1000 դրամներ»․ տվյալների խառնաշփոթ
Հիմնադրամին փոխանցված գումարի և նոր գրանցված աշխատողների թվի հարաբերակցության մասին հերթական հարցին պատասխանելով, վարչապետը հայտարարել էր, որ 2019 թ․ առաջին կիսամյակում 347.8 մլն դրամով ավելացել է «1000 դրամների» հիմնադրամին փոխանցված գումարը։
Այս հայտարարությունից մի քանի օր անց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն ասաց, որ ավելացումը եղել է ամսական միջինում 20 մլն դրամ (այսինքն, վեց ամսվա մեջ ոչ թե 347.8 մլն, այլ 120 մլն)։
Բայց հոկտեմբերի 14-ին հիմնադրամի հրապարակած հաշվետվության տվյալները հակասում էին Ավետիքյանի հայտարարությանը։ Այսպես, ըստ նոր հաշվետվության՝ աճը կազմել էր շուրջ 17 մլն դրամ։
Այս հակասության պատճառները պարզելու համար Media.am-ը դիմեց Ֆինանսների նախարարություն, որի տրամադրած տվյալները չհամընկան ո՛չ վարչապետի, ո՛չ էլ հիմնադրամի հնչեցրած թվերի հետ։
Միաժամանակ մենք հարցում ուղարկեցինք վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել, թե որն է Փաշինյանի հայտարարած թվերի աղբյուրը։ Աշխատակազմից տեղեկացրեցին, որ պատասխանելու համար հավելյալ 30 օր ժամանակ է պահանջվում։
Թարմ տվյալներ
Հոկտեմբերի 23-ին Media.am-ը ստացավ վարչապետի աշխատակազմի պատասխանը, ըստ որի՝ Փաշինյանի հայտարարության մեջ հնչած տվյալները տրամադրվել են Ֆինանսների նախարարության կողմից (և ոչ թե հիմնադրամի)։
Ընդ որում, 347.8 մլն դրամով ավելացման մասին հայտարարությունը արվել է նախարարության հավաքագրած օպերատիվ (այսինքն՝ ընթացքում արագ հավաքվող) տվյալների համաձայն։
Աշխատակազմից մեզ տրամադրեցին նաև Ֆինանսների նախարարության հավաքագրած ավելի թարմ տվյալները։ Ըստ այդմ՝ «2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին հիմնադրամ իրականացրած պարտադիր վճարները 2018-ի նույն ժամանակահատվածում իրականացված վճարները գերազանցել են 488 մլն դրամով, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսներին տարբերությունը կազմել է 648 մլն 810 հազար դրամ»։
Ֆինանսների նախարարությունը ավելի վաղ Media.am-ին տրամադրել էր ուրիշ տվյալներ նույն՝ 2019 թ․ հունվար-հուլիս ամիսներին արձանագրված աճի վերաբերյալ։ Ըստ մեզ տրամադրած տեղեկության՝ աճը կազմել էր 272.44 մլն դրամ։
Տվյալների հակասական լինելու պատճառը մնում է չպարզաբանված
Այսպիսով, հիմնադրամին վճարվող գումարի մասին տրամադրվող տվյալները պարունակում են մի քանի հակասություն․
⛔ Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հայտարարել էր, որ մինչև 2019 թ․ հունիս ամսական միջինում 20 մլն դրամ (այսինքն, վեց ամսվա մեջ 120 մլն) ավելացում է եղել։ Սակայն այս հայտարարությունից մեկ ամից անց հրապարակված հաշվետվության մեջ ավելացումը կազմում էր ընդհամենը 17 մլն դրամ ամբողջ կիսամյակի համար։
⛔ Փաշինյանը խոսում էր 347.8 մլն դրամ ավելացման մասին։ Այս տեղեկությունը, ըստ վարչապետի աշխատակազմի, տրամադրել էր Ֆինանասների նախարարությունը։ Բայց նախարարության՝ Media.am-ին տրամադրած տվյալների մեջ երևում է շուրջ 272.44 մլն դրամ ավելացում:
Վարչապետի աշխատակազմից մեզ տեղեկացրեցին, որ տվյալները հավաքագրվել են օպերատիվ կերպով: Այսինքն, կարելի է ենթադրել, որ իրար հակասող թվերը ընթացիկ հավաքագրման արդյունքն են․ դրանք անընդհատ թարմացվում են։ Սակայն հարցը, թե ինչո՞ւ կա այսպիսի կտրուկ անհամապատասխանություն, մնում է չպարզաբանված։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: