Հոկտեմբերի երկրորդ կեսին քննարկվող լուրերից էր RyanAir-ի բյուջետային ավիաընկերության տոմսի գինը։ Փորձ արվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեկան ոչ առողջ վիճակի մասին լուրեր մեդիա դաշտ նետել։ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարություններն էլ հերքվեցին, մի հերքում էլ տարածեց “System Of A Down”-ը։
Էժան թռիչք դեպի Եվրոպա
Հոկտեմբերին հայտարարվեց, որ 2020 թվից RyanAir իռլանդական բյուջետային ավիաընկերության միջոցով Հայաստանից հնարավոր է էժան գնով հասնել Եվրոպա։ Տոմսի գինն էլ միջինը 35 եվրո է։ Ու մինչ մարդիկ արդեն ճամպրուկներն էին կապում, լուր տարածվեց, թե էժան թռիչքներն իրականում այնքան էլ էժան չեն` կա պետական սուբսիդավորում։
Այս մասին գրեց ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը, պարզաբանելով՝ «RyanAir»-ին Տաթևիկ Ռևազյանը կարողացել է Հայաստան բերել, քանի որ ավիաընկերության համար չեղարկվել է օդանավակայանի վճարները: Այսինքն, մեկ ուղևորի համար նախատեսված ղօդանավակայանի 76 դոլար կազմող վճարը պետբյուջեն կհոգա։ Ավելին, 2015-ին RyanAir-ի հետ նման բանակցություններ եղել են, սակայն, այս պայմանին չի համաձայնել նախորդ իշխանությունը։ Այս թեմայով ֆեյսբուքյան նմանաբովանդակ գրառում արեց նաև «Քաղաքացու որոշում» կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը ու պարզ լեզվով ասաց․ «չթռնողներն էլ են վճարելու նրանց թռիչքների համար»։ Երկու գրառումները լայնորեն վերահրապարակվեցին ու դարձան լրատվական առիթ։
Սակայն, միայն հաջորդ օրը պարզվեց, որ լուրն իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հոկտեմբերի 17-ին Արմենպրեսի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղարը։ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է, թե Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթեր կազմակերպելու նպատակով բացի վարչապետի նշած արտոնությունից, որևէ այլ ֆինանսական օժանդակություն ավիաընկերությանը չի ցուցաբերել: Իսկ Գյումրիի պարագայում գործելու են լրացուցիչ ֆինանսական խթաններ։ Խթանների բովանդակության մասով մանրամասներ չկան:
SOAD-ի 2015-ի համերգը անվճա՞ր, թե՞ վճարված էր
Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» թերթը գրեց, թե “System of a Down” ռոք խումբը Ցեղասպանության 100-ամյակի առիթով Երևանում տված համերգի համար 1,2 միլիոն դոլար հոնորար է ստացել (ռուսահայ գործարարից)՝ առանց մասնավորեցնելու նրա ով լինելը։
Թերթը անդրադարձել է 2020-ին սպասվող համերգին ու գրել, թե «Այս անգամ ևս Սերժ Թանկյանը մեծ հոնորարի դիմաց կերգի Հայաստանում»։ Սպասվող համերգը և մեծ հոնորարը թերթը դնում է Ամուլսարի հանքի շահագործման կոնտեքստում՝ ակնարկելով թե այսպես լռեցրել են Թանկյանին։ «Նկատեք` համերգի մասին հայտարարությունից հետո Թանկյանն այլևս չի խոսում Ամուլսարի շահագործման անթույլատրելիության մասին։ Սա համերգ-բարտեր է հայաստանյան իշխանությունների և նրա միջև»,- գրել է թերթը:
Լուրը հենց նույն նյութում հրապարակված մենաբանության մեջ հերքել էր վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, իսկ թե որտեղից են տրամադրվելու համերգի միջոցները` հարցը առաջարկել էր ուղղել կազմակերպիչներին:
Իսկ 2015-ի համերգի հոնորարի լուրը ավելի ուշ հերքվել է նաև ռոք խմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջումը, ավելին, պարզաբանվել է հովանավորի տված գումարը ինչ ծախսերի համար է օգտագործվել։ SOAD-ը անդրադարձել է նաև իրենց գործունեության քաղաքականացման լուրին՝ «Ցավալի է, որ ամեն ինչ քաղաքականացվում է աշխարհում, որտեղ արվեստը վարկաբեկվում է քաղաքական նպատակներով, ինչի համար օգտագործվում է ապատեղեկատվությունը կամ այլ կերպ հայտնի` կեղծ լուրը»:
Վերմիշյանի կենսագրական կեղծ տվյալները
«Պետք է հարց տանք․ ի՞նչ երկիր ենք, ու՞մ համար ենք էս երկիրն ուզում՝ հնդիկների, պակիստանցիների, թե ինտելեկտուալ մարդկանց համար»։ Հոկտեմբերի 24-ի կառավարության նիստի ժամանակ արված ռասիստական այս հայտարարությունը media.am-ի համար դարձավ լրատվական առիթ՝ ստուգելու մտքի հեղինակի՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կենսագրական մանրամասները։
Օրինակ, Վերմիշյանը Կառավարության մեկ այլ նիստի ժամանակ հայտարարել էր, թե «5 միլիոնից ավել շինություններ» է կառուցել։ Media.am-ը պարզ հաշվարկով պարզում է, որ սա իրատեսական չէ. եթե 5 միլիոնը բաժանենք նրա ապրած 55 տարվա վրա, կստացվի, որ ծնված օրվանից սկսած Վերմիշյանը օրական շուրջ 249 շինություն է նախագծել։ Հոդվածում նաև պարզ է դառնում, որ ռուսական Օրյոլի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հրաժարական է տվել դժգոհության և բողոքի ալիքից հետո։
Նյութում նաև անդրադարձ է արված Կառավարության կայքում Վերմիշյանի կենսագրության մեջ առկա մի քանի մոլորեցնող պնդումներին։
Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությունը
Մի շարք լրատվամիջոցներ և հասարակական-քաղաքական գործիչներ պարբերաբար շրջանառում են վարչապետ Փաշինյանի հոգեկան առողջության խնդիրներ ունենալու թեման։ Օրինակ, այս տարվա մայիսին Politik.am-ը գրում է, թե «Ավելի քան 1200 քաղաքացի պահանջում է, որպեսզի Փաշինյանը հոգեկան առողջության թեսթ հանձնի»։ Իսկ արդեն հոկտեմբերի 28-ին yerevan.today-ը հրապարակում է «Ի՞նչ է փոխանցում Աննա Հակոբյանը վարչապետին, դեղերը՞» նյութը։
Նույն նյութում հրապարակված տեսանյութում երևում են վարչապետի ու նրա կնոջ հոկտեմբերի 26-ին «Վանաձոր Արմենիա» առողջարան այցը։ Տեսանյութում սլաքներով ցուցադրվում է, որ Աննա Հակոբյանը ձեռքի փոքր չափի պարունակությունը դնում է Փաշինյանի տաբատի գրպանը։ Այս մոնտաժված դրվագը կայքը ներկայացնում է հետևյալ կերպ․ «Ուղիղ եթերում կատարվում է հետևյալը․ վարչապետի տիկինը պայուսակից հանում է ինչ-որ բան ու համոզվելով, որ իրեն ոչ ոք չի նայում, լարված ու թաքուն տեղադրում է ամուսնու գրպանը։ Վարչապետը ցույց չի տալիս, որ ինչոր բան է դրվում գրպանը․ ենթադրում ենք՝ գիտի, թե ինչ է»։
Դեղերի կասկածի համար որպես հիմք բերում են օդում կախված կասկածները, որ վարչապետն ինչ-որ դեղեր է ընդունում, իսկ Աննա Հակոբյանն անձամբ է հետևում, որ դեղերը ժամանակին ամուսինը ընդունի։ Սակայն, ամբողջական տեսանյութը նայելիս, այլ պատկեր ենք տեսնում․ մոնտաժված տեսանյութում չի ցուցադրվում, որ Վանաձորի տոնի կրծքանշանը մեքենայից իջնելիս չի ստացվում ամրացնել Աննա Հակոբյանի բաճկոնին։ Այն նա չի կարողանում նաև տեղավորել պայուսակում ու հենց այս կրծքանշանն է, որ ավելի ուշ տեղադրում է ամուսնու գրպանում։
Ի դեպ, այս միջադեպը ոչ ճշգրիտ է ներկայացրել վարչապետի տիկնոջ մամուլի խոսնակը lurer.com-ի հետ զրույցում, ասելով, թե կրծքանշանը վարչապետը չի ամրացրել ու այդ պահին տիկինը մտցրել է նրա գրպանը։ Սա էլ առիթ է դարձել yerevan.today-ի համար մեկ այլ հոդվածում խոսնակին ստիպված սուտ խոսելու մեջ մեղադրելու համար։
Բաբլոյանի հարցաքննությունն ու հերքված հայտարարությունները
Տեղեկատվության ստուգման կենտրոնն անդրադարձել է հոկտեմբերի 23-ին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը, թե «Ինձ երեկ վիրահատությունից հանել են, տարել են հարցաքննության, որից հետո նորից հետ եմ եկել ու շարունակել վիրահատությունը»։ Բաբլոյանին հարցաքննել էին Հատուկ քննչական ծառայությունում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի գործի շրջանակներում։
Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, անդրադառնալով տարածված տեղեկությանը, հայտնում է, որ Բաբլոյանը հարցաքննության ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին, ավելին, հարցաքննությունը ևս նրա խնդրանքով ընդհատվել՝ հաջորդ օրը ներկայանալու պայմանով։
Նույն ճեպազրույցում ԱԺ նախկին նախագահը անում է մեկ այլ խնդրահարույց հայտարարություն, թե ինքը խախտում է թույլ տվել՝ աջակցելով Նիկոլ Փաշինյանին իշխանության գալ. «Ես օֆիցիալ հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել։ Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»։
Սակայն, ավելի ուշ Բաբլոյանը փաստաբանի հետ խորհրդակցությունից հետո ինքն իր հայտարարության ճշմարտությունը հերքում է․ «Փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են: Իմ կողմից տրված հարցազրույցի մասով ավելացնելու այլ բան չունեմ»:
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: