2019.10.27,

Ստուգված է

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի ինքնակենսագրության հետքերով

Հոկտեմբերի 24-ին կայացած կառավարության նիստի ժամանակ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտարարեց․ «Պետք է հարց տանք․ ի՞նչ երկիր ենք, ու՞մ համար ենք էս երկիրն ուզում՝ հնդիկների, պակիստանցիների, թե ինտելեկտուալ մարդկանց համար»։

Նիկոլ Փաշինյանը ընդհատեց Վերմիշյանին, նշելով․ «կոռեկտ արտահայտություն չեք անում»։ Վերմիշյանը ինքն իրեն շտկեց. «Այսինքն՝ ցածր կրթական ցենզ ունեցող մարդկանց, թե ինտելեկտուալների համար»։ Քննադատության ալիքից հետո նույն օրը Վերմիշյանը ներողություն խնդրեց այս արտահայտությունների համար։

Դեպքը սոցցանցերում Վերմիշյանի աշխատանքի շուրջ քննարկումների առիթ դարձավ։

Media.am-ը նույնպես վերհիշեց Վերմիշյանի՝ Կառավարության մեկ այլ նիստին արած հայտարարությունը այն մասին, որ նա «5 միլիոնից ավել շինություններ» է կառուցել։

Մենք ստուգեցինք Վերմիշյանի պնդումները և պարզեցինք, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահը ոչ հավաստի ձեռքբերումներ է ինքն իրեն վերագրել, իսկ ռուսական Օրյոլի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հրաժարական է տվել դժգոհության և բողոքի ալիքից հետո։

Մոլորեցնող կենսագրություն

Մի քանի ամիս առաջ, երբ կառավարության նիստին քննարկվում էր Վերմիշյանի թեկնածությունը Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնում, վարչապետը խնդրեց նրան ներկայանալ։ Վերմիշյանը հայտարարեց․ «Նախագծել և կառուցել եմ 5 միլիոնից ավել շինություններ տարբեր երկրներում, այդ թվում՝ օդանավակայան Դոմոդեդովո, Սոչիի ծովային նավահանգիստը, մեծ օբյեկտներ, քաղաքներ Սուդանում, Էրիթրեայում»։

Այս կենսագրության ավելի սեղմ տարբերակը ներկայացված է կառավարության կայքում։

Վերմիշյանի ինքնակենսագրականը մի քանի մոլորեցնող պնդումներ է պարունակում․

⛔ Վերմիշյանը չէր կարող 5 միլիոնից ավել շինություն նախագծել։ Սա չափազանց շատ է․ այս թիվը  նրա ապրած 55 տարվա վրա բաժանելիս ստացվում է օրական շուրջ 249 շինություն՝ ծնված օրվանից սկսած։

Հնարավոր է, որ ճարտարապետը նկատի ուներ 5 միլիոն քառակուսի մետր տարածք զբաղեցնող շինություններ, ինչի մասին նա ավելի վաղ էր խոսել։ Սակայն սա նույնպես տարօրինակ թիվ է։ 5 միլիոն քառակուսի մետրը հավասար է 5 քառակուսի կիլոմետրի։ Բայց Վերմիշյանը հայտարարել էր, որ քաղաքներ է նախագծել Սուդանում և Էրիթրեայում, իսկ դրա համար 5 քառակուսի կիլոմետրը չափազանց փոքր տարածք է․ համեմատության համար՝ Երևանի տարածքը 223 քառակուսի կիլոմետր է։

⛔ Ասելով, որ Սուդանում և Էրիթրեայում քաղաքներ է նախագծել, Վերմիշյանը չի պարզաբանում, որ այդ քաղաքները երբևէ չեն կառուցվել։ Դրանք նախագծային տարբերակ են եղել, որոնք կարելի է տեսնել Դավիթ Անդրեասյան անունով օգտատերի՝ Behance սոցիալական ցանցի էջում։ 

⛔ «Դոմոդեդովո» օդանավակայանի վերակառուցումը սկսվել է դեռ 2004-ին և տևել է մի քանի տարի։ Այդ ընթացքում օդանավակայանում աշխատանքներ են տարել բազմաթիվ մեծ ու փոքր ընկերություններ։ Սակայն Վերմիշյանի հարցազրույցներից բացի բաց աղբյուրներում գրեթե չկա տեղեկություն «Դոմոդեդովո» օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալների վերակառուցման  աշխատանքներին նրա կամ նրա ղեկավարած Vek Project ընկերության մասնակցության մասին։ Media.am-ին հաջողվեց գտնել միայն մեկ հիշատակում։

Ըստ «Деловой авиационный портал» կայքի՝ երկրորդ տերմինալի կառուցապատողը «Экопроект-Плаз» ընկերությունն էր։ Նույն տեղեկությունն է հաղորդում նաև Sia.ru կայքը։

Գլխավոր ճարտարապետից դժգոհության ալիքը

Նախքան Հայաստանում պետական պաշտոն ստանձնելը Վերմիշյանը աշխատել էր նաև որպես Ռուսաստանի Օրյոլի շրջանի գլխավոր ճարտարապետ։

Այս պաշտոնը ստանձնելուց հետո Վերմիշյանը հայտարարել էր, որ հրաժարվել է իրեն հասանելիք սոցիալական արտոնություններից, որպեսզի այդ գումարը գնա կարիքավոր քաղաքացիներին։ «Орловские новости» պարբերականը նշում է, սակայն, որ որևէ արտոնություն Վերմիշյանին չէր հասնում։

Պաշտոնավարման ընթացքում նա հեղինակել էր Օրյոլ քաղաքի ամենահին փողոցներից մեկի վերակառուցման նախագիծը։ Վերմիշյանը հայտարարել էր, որ այդ փողոցը պետք է դառնար «աշխարհի ամենագեղեցիկ փողոցներից մեկը»։

Բայց վերակառուցումը նախատեսում էր պատմական սալահատակի ապամոնտաժում, ինչի դեմ քաղաքացիները բողոքի ակցիաներ անցկացրեցին, հաջորդ օրը բողոքի ակցիա անցկացրեցին տեղի քաղաքական գործիչները։ Change.org հարթակում հատնվեց Վերմիշյանի հրաժարականը պահանջող միջնորդություն։

Արդյունքում հին սալահատակը որոշեցին պահպանել, բայց վերակառուցումը իրականացվեց անորակ և նախնական նախագծին ոչ համապատասխան՝ առաջացնելով բողոքի և քննադատության ալիք։ Այստեղ կարելի է կարդալ քաղաքում ապրող բլոգերի պատմությունը փողոցի վերանորոգման ընթացքի մասին։

Երկու տարվա պաշտոնավարումից հետո՝ 2017-ին Վերմիշյանը հրաժարական տվեց։

Հայաստանում Վերմիշյանը կոնֆլիկտ ունեցավ գործող պաշտոնյաների հետ

Հրաժարականից հետո Վերմիշյանը վերադարձավ Հայաստան և նշանակվեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական։ Այնուհետև, 2019 թ․ մարտի 21-ին նա նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի ղեկավար։

Կարճ ժամանակ անց Վերմիշյանը կոնֆլիկտ ունեցավ այդ ժամանակ Ա․ Թամանյանի թանգարանի տնօրեն Ռուբեն Արևշատյանի հետ։ «[…] առաջին իսկ հանդիպումից հասկանալի դարձավ, որ կոմիտեի նախագահը, իմ առաջարկած թանգարանի զարգացման քաղաքականությանը հակադրեց կոշտ թայֆայականությունը», – հայտարարել էր Արևշատյանը։

Վերջինիս խոսքով՝ Վերմիշյանը նրան առաջարկել էր ընտրել իր և Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի միջև․ «Իմանալով իմ ընկերական հարաբերությունները Սարհատ Պետրոսյանի հետ, որի հետ նա ի սկզբանե ուներ լարված հարաբերություններ, առաջարկեց ինձ ընտրել, թե որ կողմում եմ։ Ինչին ստացավ շատ կտրուկ պատասխան, որ ինձ նման հարցերով այլևս չդիմի»։

Հոկտեմբերի 18-ին Սարհատ Պետրոսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ուղիղ մեղադրանքներից խուսափելով, նա նշեց․ «Քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների»։

Պետրոսյանը կրկնեց Ռուբեն Արևշատյանի՝ քաղաքաշինության կոմիտեի գործելաոճին տված որակավորումը․ «[լինելով] Մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար՝ այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը»։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

4 Responses to “Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի ինքնակենսագրության հետքերով”
  1. Արուս says:

    Ես կարդում եմ ձեր գրածը, ուստի կուզենայի, որ այն նաև ճիշտ կետադրված լինի. հայերենում նախադաս և հետադաս դերբայական դարձվածները տրոհվում են ԲՈՒԹ-ով, ոչ երբեք ՍՏՈՐԱԿԵՏ-ով («Արդյունքում հին սալահատակը որոշեցին պահպանել, բայց վերակառուցումը իրականացվեց անորակ և նախնական նախագծին ոչ համապատասխան, (հետադարձ դարձված է, պիտի լինի ԲՈՒԹ) առաջացնելով բողոքի և քննադատության ալիք; [լինելով] Մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, (նախադաս դարձված, ԲՈՒԹ) այլևս չեմ կարող հանդուրժել »:
    Նկատեք նաև, որ բացահայտիչը բացահատյալից տրոհվում է ԲՈՒԹ-ով, իսկ մնացած անդամներից` ստորակետով (բացառությամբ սեռական հոլովով դեպքի). Երկու տարվա պաշտոնավարումից հետո՝ 2017-ին (այստեղ ստորակետ) Վերմիշյանը հրաժարական տվեց։

    Մեկնաբանությունս հրապարակելու կարիք չկա, բայց կցանկանայի, որ տեքստի կետադրությունը վերանայվեր, ուղղվեր:

  2. Սաշուր Քալաշյան says:

    Վահագն Վերմիշյանի հետ աշխատանաքային կամ ընկերակցային որևէ հարաբերություններ նախկինում չեմ ունեցել: Նրա հետ աշխատանքային իմ շփումները տեղի են ունեցել միմիայն իր ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվելու ժամանակամիջոցում պաշտոնական հանդիպումներում կայացած և մասնագիտական ոլորտին վերաբերող քննարկումների ընթացքում: Այնուամենայնիվ այդ սակավաթիվ շփումները բավարար եղան, որ պեսզի ինձ մոտ առաջանան որոշակի տարակուսանքներ, իր կողմից ներկայացվող մասնագիտական ու վարչարարական զարմանահրաշ կենսագրության արժանահավատության վերաբերյալ:
    Ինչպե՞ս կարող է ճարտարապետը ներկայանանալ իբրև տարբեր երկրներում կառուցած քաղաքների ու միլիոնավոր անանուն շենքերի ու շինությունների հեղինակ , չունենալով ու չներկայացնելով դրանց վերաբերյալ որևէ հավաստի փաստարք և ինչու՞ հսկայական այդ փորձառության առկայության պարագայում նրան պետք է վանեին Օրյոլ քաղաքում իր զբաղեցրած պաշտոնից:
    Ինչպես կարելի է մեկնաբանել այն իրողությունը, երբ կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու պահից ցայսօր ջանք ու եռանդ չի խնայում ամեն գնով խաթարելու Հայաստանի ճարտարապետներին համախմբող Պալատի կանոնադրական գործառույթների իրականացումն ու պառակտելով մեր մասնագիտական հույժ կարևոր միասնականությունը:
    Ինչպես կարող էր պետական պաշտոնյան, դուրս գալով իրեն լիազորությունների սահմաններից ու ցուցաբերելով ակնառու թայֆայականություն , սույն թվի հուլիսի 12-ին իր իսկ ստորագրությամբ վավերացնել դրական եզրակացություն` Երևան, Մամիկոնյանց 42/1 հասցեում, դեռևս 2013թ. քաղաքաշինական օրենքների կոպիտ խախտումների պատճառով կասեցված ու կիսավարտ բազմահարկ բնակելի շենքի շինարարությունն ավարտելու համար, որի հետևանքով ներկայումս ընթանում է դատաքննություն:
    Կարծում եմ այս ամենը ոչ թե պատահականություն է , այլ մասնագիտական թերիմացություն ու արդյունքում`առչի ծառայություն և անձանբ Հանրապետության Վարչապետին ու հերթական մասնագիտական մեր բնագավառին:

  3. Ruzanna Ghazaryan says:

    Այստեղ գրվածը հաստատող որևէ պաշտոնական լուր, լինք, հղում, կարող եք նշել?.- ՙՙՊաշտոնավարման ընթացքում նա հեղինակել էր Օրյոլ քաղաքի ամենահին փողոցներից մեկի վերակառուցման նախագիծը։ Վերմիշյանը հայտարարել էր, որ այդ փողոցը պետք է դառնար «աշխարհի ամենագեղեցիկ փողոցներից մեկը»։

    Բայց վերակառուցումը նախատեսում էր պատմական սալահատակի ապամոնտաժում, ինչի դեմ քաղաքացիները բողոքի ակցիաներ անցկացրեցին, հաջորդ օրը բողոքի ակցիա անցկացրեցին տեղի քաղաքական գործիչները։ Change.org հարթակում հատնվեց Վերմիշյանի հրաժարականը պահանջող միջնորդություն։

    Արդյունքում հին սալահատակը որոշեցին պահպանել, բայց վերակառուցումը իրականացվեց անորակ և նախնական նախագծին ոչ համապատասխան, առաջացնելով բողոքի և քննադատության ալիք։ Այստեղ կարելի է կարդալ քաղաքում ապրող բլոգերի պատմությունը փողոցի վերանորոգման ընթացքի մասին։ՙՙ

  4. Կարինե Ղազայան says:

    Հարգելի Արուս,

    Շնորհակալություն մեկնաբանության համար։ Անպայման կներառենք ձեր նշումները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *