«1000 դրամների» հիմնադրամի եկամուտների մասին վարչապետը, Ֆինանսների նախարարությունը, ԱԺ պատգամավորը և այդ հիմնադրամի տնօրենը իրարամերժ թվեր են նշում։ Ավելի քան երեք շաբաթ Media.am-ը պետական մարմիններից փորձում էր պարզել, թե ինչու՞ են պաշտոնյաները միմյանցից կտրուկ տարբերվող տվյալներ հնչեցնում։
Թվերը չեն համընկնում
Սեպտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ 2018-ի մայիսից պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը Հայաստանում աճել է 63,200-ով, դառնալով 601,524:
Հաջորդ օրը Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետին հարցրեց, թե ինչու 63 000 նոր գրանցված աշխատողների համար 1000 դրամները չեն վճարվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։
«Ինչու՞ 63 միլիոն դրամ յուրաքանչյուր ամիս չի փոխանցվում հիմնադրամին», – ասաց Ուրիխանյանը։
Ի պատասխան վարչապետը նշեց, որ 2019-ի հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ իրականացրած պարտադիր վճարները 347.8 մլն դրամով (այսինքն՝ ամսական միջինում շուրջ 58 մլն դրամով) ավել են եղել քան 2018-ի նույն ժամանակահատվածում։
Վարչապետը հավելեց, որ նոր գրանցված աշխատողների թիվը պատմական է․ առաջին անգամ Հայաստանում այն գերազանցել է 600,000-ը։ Հետագայում վարչապետը նորից անդրադարձավ հարցին՝ ճշգրտելով աշխատողների թիվը, բայց անտեսելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին հատվածը։
Տիգրանը Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքեց․ «Ո՞րտեղ են գումարները, եթե իսկապես բացահայտվել է հիսուն հազարից ավելի աշխատատեղ: Զարմացած եմ վարչապետի պատասխանից, քանի որ նորից մտա պետական 1000plus.am կայք և տեսա, որ գումարները չկան»։
Ուրիխանյանը տեղադրեց հիմնադրամի վերջին հաշվետվությունը, որտեղ իսկապես չէին երևում շուրջ 63 մլն դրամից ավելի փոխանցումներ։
Ավելին, «1000 դրամների» հիմնադրամի փոխանցումների 347.8 մլն դրամով աճի մասին վարչապետի նշած տեղեկությունը չի համընկնում հիմնադրամի կողմից հնչեցվող թվի հետ:
Սեպտեմբերի 13-ին տված ասուլիսում հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն ասաց, որ 2019-ի առաջին կիսամյակում Պետական եկամուտների կոմիտեն նրանց միջինում 20,000 վճարում ավել է իրականացրել (այսինքն փոխանցումները աճել են ամսական միջինում 20 մլն դրամով)։
Որտե՞ղ են գումարները․ Տիգրան Ուրիխանյանի հարցի հետքերով
Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառած վնասի հատուցման նպատակով պետբյուջե փոխանցվող գումարն ունի հատուկ անվանում՝ դրոշմանիշային վճար։
1000 դրամը դրոշմանիշային վճար է։ Դրա հավաքագրումը և հիմնադրամ փոխանցումը այդքան էլ պարզ գործընթաց չէ։
Media.am-ի հարցմանն ի պատասխան, Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանեց գործընթացի մանրամասները։
Նախ, ՊԵԿ-ն այս վճարի միակ հավաքագրողը չէ․ այն չի զբաղվում սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության ներքո գրանցված աշխատողների, օրինակ՝ ուժային կառույցների աշխատողների, դրոշմանիշային վճարներով։
Այսինքն, ՊԵԿ-ի հավաքագրած և հիմնադրամ փոխանցվող գումարները նույնը լինել չեն կարող։
Այնուամենայնիվ, ՊԵԿ-ը մնում է վճարի խոշորագույն հավաքագրողը։ Հավաքագրման որոշակի փուլում հարկային մարմինը փոխանցման հանձնարարական է ներկայացնում Ֆինանսների նախարարություն, այն էլ իր հերթին գումարը փոխանցում է հիմնադրամ։
Կազմակերպությունները (հարկային գործակալները) 1000 դրամները վճարում են ամեն ամիս՝ մինչև ամսի 20-ը, իսկ վճարումները ինքնուրույն կատարող անձիք՝ տարեկան կտրվածքով՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը։
Կարևոր է, որ մինչև տնտեսվարողը հարկային մարմին չփոխանցի իր բոլոր գրանցված աշխատողների դրոշմանիշային վճարները, հիմնադրամ փոխանցում չի կատարվում։
Օրինակ, եթե ընկերությունն ունի 100 աշխատող, բայց փոխանցել է ոչ թե 100,000, այլ 99,000 դրամ, ապա այդ գումարը չի երևա ՊԵԿ-ի փոխանցման հանձնարարականի մեջ։
Այսինքն, եթե նույնիսկ մի քանի հազար դրամ պակաս է վճարվել, տվյալ ընկերության համար պարտադիր ամբողջ գումարը չի լինի հիմնադրամ կատարվող փոխանցումների ցանկում այնքան ժամանակ, մինչև ընկերությունը պակասորդը չմարի։
Հիմնադրամ փոխանցումները կատարելու գործընթացը փուլային է, ոչ համաժամ։
Սրանով կարող էր պայմանավորված լինել այն փաստը, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիմնադրամի տնօրենի հաշվետվության մեջ չէր տեսել ամսական շուրջ 63 մլն դրամի ավելացում։
Պետական մարմիններն ու հիմնադրամը իրար հակասող գումարներ են նշում
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետը նշել էր, որ 2019 թ․ առաջին կիսամյակում 347.8 մլն դրամով ավելացել է «1000 դրամների» հիմնադրամին փոխանցված գումարը։
Մինչդեռ հիմնադրամի տնօրենի պնդմամբ՝ իրենց ավելացումը եղել է ամսական միջինում 20 մլն դրամով (այսինքն, վեց ամսավա մեջ ոչ թե 347.8 մլն այլ 120 մլն)։
Այդ կտրուկ տարբերության մասին Media.am-ի հարցին ի պատասխան ՊԵԿ-ը հորդորեց դիմել Ֆինանսների նախարարություն։
Նախարարությունից մեզ տրամադրեցին 2018-ի և 2019-ի առաջին կիսամյակներին պետբյուջե մուտքագրված և հիմնադրամ փոխանցած գումարների ցանկը։
Այս աղյուսակներում չի կարելի գտնել ո՛չ վարչապետի նշած 347.8 մլն դրամը, ո՛չ էլ Վարուժան Ավետիքյանի նշած 120 մլն դրամի ավելացում։
Ինչպես կարելի է տեսնել առաջին աղյուսակում, 2018-ի հունվար-հունիս ամիսներին Ֆինանսների նախարարությունը հիմնադրամին փոխանցել է 3,445,556.89 հազար դրամ (այսինքն շուրջ 3.446 միլիարդ դրամ)։
2019-ի հունվար-հունիս ամիսներին փոխանցումներն իսկապես աճել են, կազմելով 3,717,999.30 (շուրջ 3.718 միլիարդ դրամ)։
Այս թվերի տարբերությունը կազմում է շուրջ 272.44 միլիոն դրամ։ Այսինքն, ըստ Ֆինանասների նախարարության, այս տարվա առաջին կիսամյակում 272.44 միլիոն դրամով է աճել հիմնադրամ փոխանցված գումարը՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
Պետական բյուջե մուտքագրված ընդհանուր գումարների տարբերությունը կարելի է տեսնել երկրորդ աղյուսակում։
Այստեղ երևում է, որ 2018-ի հունվար-հունիս ամիսների համեմատ այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե մուտքագրված դրոշմանիշային վճարները աճել են 569.8 միլիոն դրամով։
Իրար հակասող թվերը պետական մարմիններից պարզաբանում չստացան
Ֆինանասների նախարարությանը ուղղված հարցը Media.am-ը տվեց նաև ՀՀ վիճակագրական կոմիտեին։ Հոդվածի հրապարակման պահին որևէ պատասխան չէինք ստացել։
Միաժամանակ հարցում ուղարկելով վարչապետի աշխատակազմ` խնդրեցինք պարզաբանել, թե ո՞րն է Փաշինյանի նշած 347.8 մլն դրամ աճի մասին տեղեկության աղբյուրը։
Պատասխանի համար սահմանված 5-օրյա ժամկետի լրանալուց հետո աշխատակազմից տեղեկացրեցին, որ հարցված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում:
Այսպիսով, մեզ հաջողվեց պարզել, որ «1000 դրամների» հիմնադրամ գումարների փոխանցումը փուլային գործընթաց է, ինչով էլ կարող է պայմանավորված լինել այն, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չէր կարողացել ավելացած աշխատողների թվին համապատասխան գումարային աճ գտնել հիմնադրամի հրապարակած հաշվետվության մեջ։
Սակայն չհաջողվեց պարզել, թե ինչու են այս թեմայով հիմնադրամի տնօրենի և վարչապետի հնչեցրած թվերը կտրուկ տարբերվում իրարից։
Ավելին, «1000 դրամների» վճարների մասին Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկությունը հակասում էր թե՛ վարչապետի, թե՛ հիմնադրամի տնօրենի պնդումներին։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: