Սեպտեմբերի երկրորդ կեսին երկու ուժայինների ղեկավարները փոխվեցին․ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ պաշտոնանկ արվեց։ Մեկ այլ նախկին ոստիկանապետ էլ նախնական վարկածով ինքնասպան եղավ։ Մի շարք մեղադրանքներ առաջադրվեցին, այդ թվում նախկին ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին։ Վարչապետ Փաշինյանը Վանաձորում ասուլիս տվեց, մի քանի օր անց էլ մեկնեց ԱՄՆ, իսկ Քոչարյանը մնաց կալանքի տակ։ Այս առիթներով տարածվեցին կեղծ ու մանիպուլյատիվ լուրեր, մեկնաբանություններ։
Լոս Անջելոսի հանրահավաքը ու հավաքվածների թիվը
Սեպտեմբերի 21-ին վարչապետ Փաշինյանը 6-օրյա աշխատանքային այցով Գյումրիից մեկնեց ԱՄՆ։ Պաշտոնական այցի գլխավոր առիթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան էր։ Սակայն, մինչև Նյու Յորք հասնելը պատվիրակությունը եղավ Լոս Անջելոսում, որտեղ վարչապետը տվեց ասուլիս ու նույն օրը՝ սեպտեմբերի 22-ին արեց հանրահավաք։
Այս առիթով Tert.am կայքի համասեփականատեր Միհրան Հակոբյանը նույն կայքում գրեց, որ Կալիֆորնիայում «1 միլիոն հայեր են ապրում»։ Նմանատիպ պնդում է կատարում նաև 168.am կայքը։ Այս թվերը հրապարակվում էին, ցույց տալու համար հանրահավաքի սակավամարդությունը։
Fip.am-ը պարզում է, որ հրապարակված թվերը իրականությանը չեն համապատասխանում։ Սրա հիմքում ԱՄՆ մարդահամարի բյուրոյի 2017 թ. տվյալներն են հայաձայն որի ԱՄՆ-ում բնակվում է գրեթե կես միլիոն հայ (485,970)։ Հայերի թիվը մի փոքր բարձր է ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն, սակայն ոչ մի դեպքում չի հասնում մեկ միլիոնի։
Ինչ վերաբերում է հանրահավաքին, ըստ Los Angeles Daily News-ի՝ դրան մասնակցել է մոտ 10,000 մարդ։ Իսկ «սակավամարդության» մասով Փաստերի ստուգման հարթակը համեմատության համար նշում է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսի հանրահավաքներին մասնակցել է 12,000-16,000 մարդ, որն ամերիկյան լրատվամիջոցները բնորոշել էին որպես խոշոր։
Մոմե արձանները
ԱՄՆ այցի հետ կապված մյուս շահարկումը Թրամփների հետ արված Փաշինյանի և Աննա Հակոբյանի լուսանկարն էր։ Սա կասկածի տակ դնողներ եղան, ասելով, թե ոչ թե իրական մարդկանց, այլ Թրամփների մոմե արձանի հետ է արված լուսանկարը։ Օրինակ, Զաքար Խոջաբաղյան ֆեյսբուքյան օգտատերը իր գրառման մեջ համեմատում էր ՀՀ վարչապետի և մի քանի այլ երկրի առաջնորդների լուսանկարները և գտնելով դիրքերի նմանություն, ակնարկում, թե Փաշինյանը և տիկինը նկարվել են ոչ թե իրական մարդկանց, այլ նրանց մոմե արձանների հետ։ Զավեշտալին այն է, որ կայքերը, օրինակ lurer.com, yerkir.am, վերատպել են մեկը մյուսի բովանդակությունը, ուշադրություն չդարձնելով, որ ակտիվ հղումը տանում է ոչ թե Զաքար Խոջաբաղյանի, այլ Գևորգ Էմին-Տերյանի էջ, որտեղ նման բովանդակություն չկա։
Հայկ Հարությունյանի սպանությունն ու հավաստի աղբյուրները
Սեպտեմբերի 24-ին Բջնիի իր ամառանոցում հայտնաբերվեց Մարտի 1-ի գործով վկա, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մարմինը։ Նախնական վարկածը՝ ինքնասպանություն: hayeli.am և armlur.am կայքերը գրեցին, որ ինքնասպանությունը պայմանավորված է ճնշումներով՝ նրան ստիպել են կեղծ ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Media.am-ը գրում է, որ նախկին ոստիկանապետի մահվան մասին առաջին սեփական նյութը հրապարակել է hayeli.am-ը. հղում տալով իր աղբյուրներին՝ մեջբերել է նրա վերջին խոսքերը: Այս նյութի հրապարակումից ժամեր անց hayeli.am-ը նորից անդրադարձավ թեմային՝ այս անգամ հղում տալով armlur.am-ին՝ գրելով, որ Հարությունյանն իր առանձնատանը միայնակ չի եղել և կրկին մեջբերեց նրա վերջին խոսքերը:
Չնայած այդ տեղեկությունը պաշտոնապես հերքել են Քննչական կոմիտեից, ապատեղեկատվություն որակելով hayeli.am նյութը, սակայն այս պաշտոնական հաղորդագրությունը սոցիալական ցանցերում այնքան տարածում չունեցավ, ինչքան սեփական աղյուրներին հղում անող կայքերինը:
Այս պարզաբանումից ժամեր անց Քննչական կոմիտեն hayeli.am ու armlur.am կայքերի խմբագրություններին գրություն ուղարկեց՝ գործով պարզաբանման համար նրանց հարցաքննելու: Ինչին հաջորդեց armlur.am-ի մեկ այլ հրապարակում, որտեղ խմբագրությունը պնդում է, թե տեղեկատվության աղբյուրի բացահայտում չի լինելու ոչ մի դեպքում: Իսկ աղբյուրը չբացահայտելու իրավական հիմքերի մասով մեջբերվեց «ԶԼՄ մասին» օրենքը։
Սակայն սրանից օրեր անց Հանրային Հեռուստաընկերության տաղավարում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր, լուրի հեղինակ Քնար Մանուկյանը ըստ էության խոստովանեց, որ իր աղբյուրը հենց Հայկ Հարությունյանն է, նյութի հեղինակն էլ՝ ինքը։ Պարզվեց նաև, որ մահվանից առաջ արված այս հայտարարությունը իրականում արվել է ոչ թե անմիջապես, այլ անորոշ ժամանակ առաջ։
Փաշինյանի մասով կեղծ փաստաթուղթը
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հերքել է լուրը, թե Փաշինյանը հոգեկան խնդիրների պատճառով է խուսափել զինվորական ծառայությունից։ Վարչապետի առողջական վիճակի մասին շրջանառվում էր փաստաթուղթ, որն իբրև 2001 թվին Կրասնոդարի քաղաքային հոգեբուժարանը ուղարկել է նույն քաղաքի դատախազությանը։
Ինչպես տեղեկացնում է infocheck.am-ը, այն կեղծ է ու առնչություն չունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Ապացուցելու համար ասածի ճշմարտությունը, հոդվածի հեղինակը ուշադրություն է հրավիրում լուսանկարին․ «Կեղծված փաստաթղթում օգտագործվել է հենց ստուգման գրքույկից վերցրած լուսանկարը»։ Իսկ 1991 թվի ստուգման գրքույքը 2018 թվին վարչապետը ինքն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։
Հարթակը նաև հիշեցնում է նմանօրինակ կեղծ այլ փաստաթղթերի շրջանառության մասին։ Օրինակ, 2018 թվի օգոստոսին հերքվեց լուրը և կեղծիքներով փաստաթուղթը, թե Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության գործակալ է։ Այս տարի շրջանառվեց Փաշինյանին վերագրվող կեղծ նամակ՝ Արցախը հանձնելու պատրաստակամության մասին` ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։
Կոնսերվատորիային ոչ հարիր միջոցառումը
Analitik.am-ի սեպտեմբերի 17-ի «Սատանիստները՝ Կոնսերվատորիայում. Տեսանյութ» հրապարակման հաջորդ օրը Կոնսերվատորիան հրապարակեց հաղորդագրություն` կայքի տարածածը ապատեղեկատվություն որակելով։
Կայքը տարածել էր իր ստացած տեղեկությունը, թե «կոնսերվատորիայում տեղի է ունեցել փակ խնջույք, որին մասնակցել են, ըստ ականատեսների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, սատանիստական աղանդի անդամներ»: Ու իրենց աղբյուրին հղում տալով գրում են, թե «խնջույքն անցկացվել է կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հովանու ներքո, ով շենքն ամբողջ գիշեր տրամադրել է խնջույքի մասնակիցներին»: Ավելին, ասվում է, որ կոնսերվատորիայում վերջին շրջանում փորձ է արվում քարոզչություն կատարել ԼԳԲՏ անձանց, սատանիստական ուղղվածության ինչ-որ խմբերի մասով:
Կոնսերվատորիայից հերքման հաղորդագրության մեջ ասվում է, որ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը դրանում տեսնում է միտումնավոր վարք՝ ուղղված իր անձի վարկաբեկմանը: Նաև նշվում է, որ ներկայացված փաստերը խեղաթյուրված են. «սատանիստական» կամ «ԼԳԲՏ» որակումը չի համապատասխանում իրականությանը։
Այո, ԵՊԿ-ի նկուղային տարածքը տրամադրվել է ռեկտոր Հովհաննիսյանի բանավոր համաձայնությամբ՝ հաշվի առնելով Ad libitum ուսանողական-մշակութային նախաձեռնության միջոցառումների փորձը, սակայն, սեպտեմբերի 14-ի միջոցառումը ռեկտորի հրահանգով վաղաժամկետ կասեցվել է միջոցառման որոշ մասնակիցների ԵՊԿ-ի ոգուն ոչ հարիր վարքագծի պատճառով:
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: