2019.07.16,

Ստուգված է

Հուլիսի 1-15 շրջանառված կեղծ և հերքված լուրերը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Հուլիսի առաջին կեսի կեղծ ու հերքված լուրերում են հայտնվել ՄԻԵԴ-ի «բացառիկ» որոշումը, Փաշինյանի անունից գրված կեղծ նամակը, արագ իջած, բայց ոչ ընկած վերելակը․․․ Այս շրջանում թեժ քննարկվող թեմաներից էր Սևանա լճի ծաղկման հնարավոր պատճառներն ու լուծումները, սակայն այս մասով դեռ չկան հստակ հերքումներ կամ հաստատումներ։

Բացառիկը չափազանցություն է

Analitik.am կայքը հուլիսի 15-ին լուր էր հրապարակել, թե «Եվրոպական դատարանը բացառիկ որոշում է կայացրել Մանվել Գրիգորյանի վերաբերյալ»։ «Բացառիկ» որակումը կայքը վերցրել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքից․ «Անկախ նրանից, թե ինչ հանցանքի մեջ է մեղադրվում մարդը, եթե ՔԿՀ-ն չունի անհրաժեշտ պայմանները, չպետք է տեղափոխել: Այդ նախաձեռնությունը ճիշտ չէր: Դա էր պատճառը, որ Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրեց 39 հոդվածով միջամտություն, որը բացառիկ դեպքերում է անում»։

Բացառիկ որակված միջանկյալ միջոց ձեռնարկելու մասին որոշում ՄԻԵԴ-ը Հայաստանի առնչությամբ կայացրել էր նաև մի քանի ամիս առաջ՝ հունվարի 17-ին՝  Սամվել Մայրապետյանի գործով։

Նման որոշումը ՄԻԵԴ-ը կայացնում է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, երբ կան անդառնալի վնասի վերահաս ռիսկեր։ media.am-ը անդրադարձել էր նախորդ դեպքին ու պարզել, որ Հայաստանից 2016-2018 թվականների ընթացքում ՄԻԵԴ միջանկյալ միջոց ձեռնարկելու համար ներկայացվել է 579 հայտ, որից բավարարվել է` 5-ը: Ստացում է, որ ոչ թե Գրիգորյանի մասով կայացված միջանկյալ միջոց կիառելու որոշումն է բացառիկ, այլ նման որոշում կայացվում է բացառիկ դեպքերում։

Դերասանը չէր մահացել

Հուլիսի 14-ին լուր տարածվեց, թե  մահացել է դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը, որը ավելի ուշ պարզվեց, որ կեղծ է։ 

Media.am-ը գրում է, որ դերասանի մահվան լուրը, որը ուղեկցվում էր Ղևոնդյանի կենսագրական տվյալներով, տարածել են Aysor.am, Tert.am, Yerkir Media, Asekose.am և մի շարք այլ կայքեր։ 

Սակայն ավելի ուշ Ղևոնդյանի ընտանիքի անդամները և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից լուրը հերքեցին: Լրատվականները իրար հետևից սկսեցին հեռանցնել տեղեկությունը կամ հերքում հրապարակեցին, մեջբերելով Ղևոնդյանի որդու գրառումը․ «Իմ հայրը դեռ ողջ է։ Խնդրում եմ մի տարածեք սխալ ինֆորմացիա։ Նա ծանր հիվանդ է , կոմայի մեջ և դեռ պայքարում է կյանքի համար»։

Փաշինյանի անունից կեղծ նամակ ՆԱՏՕ-ին

Մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանը հուլիսի 3-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր սոցցանցերում տարածվող վարչապետ Փաշինյանի անունից ՆԱՏՕ-ի ղեկավարությանը ուղղված նամակի կեղծ լինելու մասին։

Անգլալեզու նամակի բովանդակությունը Մարտիրոսյանը այսպես է սեղմ ամփոփում․ «Թե բա՝ ուզում ենք NATO-ի հետ ավելի սերտ կապեր ունենալ, բայց հասկանում ենք, որ Արցախն է խնդիրը, դրա համար մեկ տարվա ընթացքում կհանենք այնտեղից զորքերը»։

Թեև նա տեղեկություն չունի, թե ով է հեղինակել և տարածել կեղծ նամակը, բայց ավելի ուշ հրապարակած իր փոդքասթում ասում է, որ այստեղ տեսնում է ռուսական հետք։

Մի քանի հերքումներ

1․ Կեղծ էր տեղեկություն, թե «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի շրջանակում հուլիսի 11-ին ցուցադրվելու է ադրբեջանական ֆիլմը։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրում է, որ ֆիլմը նկարահանված չէ որևէ պետական ֆինանսավորմամբ, ապաքաղաքական է, միայն գյուղը, որտեղ կատարվել են նկարահանումները, գտնվում է Ադրբեջանում։ Իսկ փառատոնի կազմակերպչական տեղեկացրել են, որ խնդրո առարկա դարձած «Մոլոկաններ» ֆիլմը ամբողջությամբ նվիրված է ազգային փոքրամասնություն հանդիսացող մոլոկաններին, ֆիլմի ռեժիսորն է ազգությամբ կալմիկ, ՌԴ քաղաքացի Սագլարա Տյուրբեևան։ 

2. Երևանի քաղաքապետարանից հերքեցին, թե Դավթաշենում վերելակ է ընկել․ «Նախնական տեղեկություններով վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այս սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Դեպքի հավանական պատճառը հոսանքի տատանումն է եղել, ավելին՝ խոսնակը տեղեկացնում է, որ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն, վերելակը տեխնիկական խնդիրներ չունի։

3. Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն էլ հուլիսի 3-ին հերքեց 168.am-ում հրապարակված լուրը, թե «Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին»։ Խոսնակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հունիսի 14-ին Հայկ Սեխիլյանը նամակ է գրել Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին, այնուհետ խոսնակը կապ է հաստատել Հայկ Սեխիլյանի հետ, տեղկացել առողջական վիճակից և բուժման հնարավորություններից։ «Արդեն իսկ կապ ենք հաստատել մի շարք կազմակերպությունների, բժշկական կենտրոնների հետ, ներկայացրել ենք Սեխիլյանի առողջական վիճակն ու փորձել ենք  գտնել աջակցության որևէ տարբերակ։ Ներկայում էլ շարունակում ենք ջանքերը Հայկ Սեխիլյանին օգնելու համար», – ասված է հաղորդագրության մեջ։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *