Մայիսի առաջին կեսին նորից տարածվեցին կեղծ լուրեր «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի, «Գարդասիլ» պատվաստանյութի մասին։ Նախարարություններից էլ հերքումներ տարածեցին։
«Հրապարակ»-ի անանուն սահմանադրագետի պնդումը
«Հրապարակ» օրաթերթը մայիսի 2-ին, հղում անելով ԲՀԿ իր աղբյուրին, գրում է, թե այս կուսակցության պատգամավորները վայր կդնեն իրենց մանդատները, եթե այդպես ասի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այնուհետ, թերթը «հայտնի սահմանադրագետներից մեկից» այս առիթով մեկնաբանություն է հրապարակում․ «Սահմանադրությունն ամրագրում է, որ պառլամենտի 30 տոկոսը պետք է լինի ընդդիմությունը, անգամ առանց «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի՝ մանդատների վայր դնելու դեպքում պառլամենտը կդառնա հակասահմանադրական ․․․ Հակասահմանադրական այդ իրավիճակը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների»։
Սակայն, fip.am-ը պարզում է, որ այս պնդումը սխալ է․ ՀՀ Սահմանադրությամբ հստակ ամրագրվում են այն բոլոր դեպքերը, երբ Ազգայի ժողովը կարող է արձակվել՝ եթե երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրում, կամ եթե երկու անգամ անընդմեջ հավանության չի արժանացնում կառավարության ծրագիրը։ Այն, որ ընդդիմությունը պետք է կազմի խորհրդարանի ⅓-ը, կարգավորվում է Ընտրական օրենսգրքով։
5-րդ ալիք vs «Գարդասիլ»
5-րդ ալիքի մայիսի 2-ի «Ստիպողական պատվաստու՞մ. պոլիկլինիկայում լռում են» ռեպորտաժի ոչ ճշմարիտ փաստարկներին ադրադարձել է media.am-ը։
Ռեպորտաժի պնդումը, թե Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի 13-14 տարեկան աշակերտուհիներին ստիպողաբար և խաբեությամբ պատվաստում են «Գարդասիլ»-ով, հիմնված էր ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վրեժ Աղաջանյանի պատմածի վրա։ Սակայն նա, ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ իր ասածը իրականությանը չէր համապատասխանում։
Կեղծ էր նաև լրագրողի ասածը, թե 13-14 տարեկան աշակերտուհիներին մի քանի անգամ պատվաստվելու կոչով բջջային հաղորդագրություն է ուղարկվել։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հաղորդագրությունն ուղարկվել է «Յուքոմ» և «Վիվասել-ՄՏՍ» օպերատորների բոլոր բաժանորդներին՝ առանց տարիքային սահմանափակման։
Սուտ էր նաև «Գարդասիլ»-ի ժամկետանց լինելու մասին լուրերը․ media.am-ի հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2017-ին Հայաստան ներկրված «Գարդասիլ»-ի պիտանելիության ժամկետն է 12.10.2019, իսկ 2018-ին ներկրվածինը՝ 17.04.2020։
Արդեն գոյություն չունեցող սկզբնաղբյուրի կեղծ լուրը
Երևանի ավագանու նախկին ադամ Մարինա Խաչատրյանը սեղմում էր Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի ձեռքը, որը մայիսի 9-ին տարածված լուրի համաձայն 28 օր ժամանակ էր տվել «Բաց հասարակության հիմնադրամներ»-ին փակվելու համար։
Լուրը գրել ու վերատպել էին հայկական մի քանի լրատվականներ, մի քանիսն էլ հերքումներ էին տարածել։ Հերքումներն ու լուրը տարածվել էին նաև 2017-ին, երբ դրա մասին գրել էր սկզբնաղբյուր Yournewswire.com-ը։ Պարզվում է, դեռ այն ժամանակ, երբ լուրը տարածվել էր, հիմնադրամը անգամ գրասենյակ չէր ունեցել այս երկրում։
Չնայած լուրը հեռացված է, իսկ կայքի անունը՝ փոխված, բայց սա չխանգարեց հայկական լրատվամիջոցներին հղումն անել արդեն գոյություն չունեցող հարթակի արդեն գոյություն չունեցող լուրին։ Ի դեպ, որպես կեղծ լուր տարածող կայք հայկական լրատվամիջոցների սկզբնաղբյուրը հայտնվել է cbsnews.com-ի ցուցակում, իսկ poynter.org-ը դեռ 2018-ին գրել է, որ սա կեղծ լուրեր և դավադրության տեսություններ տարածող ամենահայտնի հարթակներից է աշխարհում։
Հերքում, հերքում ու նորից հերքում
Մայիսի 6-ից ՀՀ ԿԳՆ մամուլի խոսնակ նշանակված Անժելա Կժդրյանը պաշտոնին նշանակվելուց հետո երեք լուրի հերքման առիթ ունեցավ․
- Խոսնակը հերքում է մայիսի 7-ին Politik.am-ի լուրը, թե «Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Արցախում»։ Հերքման հիմքում հենց կայքի հրապարակած տեսանյութն է, որտեղ ԿԳ նախարարն ասում է, որ այս ոլորտում իրավական խնդիրներից խուսափելու նպատակով հստակեցումների կարիք կա։ Ի դեպ, այս տեսանյութը հատված է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի «Այլախոհանոց» հաղորդումից, որը հրապարակվել է 2015 թվին։
- Նա գրում է, որ իրականությանը չի համապատասխանում «Ժամանակ» օրաթերթում մայիսի 8-ին հրապարակված «Հրահանգ» անունով հոդվածը, որտեղ ասվում է, թե բոլոր տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարը հրահանգ է իջեցրել մարզպետներին։ Իսկ որպես նպատակ թերթը գրում է․ «Պատճառաբանությունն այն է, որ իրենք ծառայել են ՀՀԿ-ական իշխանությանը: Իշխանությունը «Իմ քայլին» ծառայողների բանակ է ստեղծում՝ չվստահելով նախկիններին»:
- Վերջին հերքումն էլ մայիսի 14-ին է հրապարակված։ Առիթը «Իրավունք» թերթի «ԿԳ նախարությունում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ» հրապարակումն էր։ Մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ «նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռևս այս տարվա սկզբին։ Ավելին՝ այս պահին նախարարության գլխավոր քարտուղարը գտնվում է արձակուրդում»։
Եվս մեկ հերքում էլ հրապարակել է ԿԳ նախարարը։ Մայիսի 13-ին 168.am-ում իր և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին ասվում է, թե «ՔՊ-ում քննարկվում է երկու նախարարների գործադիրի կազմից հանելու հարցը»։ Լուրին ԿԳ նախարարն այսպես է արձագանքում․ «Եթե այս ֆանտազիան նորարարությունների ոլորտում օգտագործեին, ապա ոլորտում ահագին առաջընթաց կունենայինք»։
Հիվանդը չի մահացել Սանավիացիայի ուղղաթիռում
Առողջապահության նախարարությունից հերքեցին «Ժողովուրդ» թերթի մայիսի 2-ի այն հրապարակումը, թե Սանավիացիայի ուղղաթիռը հարմարեցված չէ բժշական ծառայություններ մատուցելու համար։ Լուրի առիթը դրանից օրեր առաջ այս ուղղաթիռով Վանաձորի բժշկական կենտրոնից Երևան տեղափոխված մարդու մահն էր։ Սրա վերաբերյալ թերթն ասում է, տեղեկություններ էին ստացել, թե իրականում հիվանդը մահացել է ոչ թե հիվանդանոցում, այլ ուղղաթիռի մեջ՝ ճանապարհին։
Լուրն ամբողջությամբ հերքում է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, ասելով, թե․ «Պացիենտը տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» և հետազոտությունների իրականացման փուլում արձանագրվել է սրտի կանգ»։ Իսկ ուղղաթիռի մասով, գրում է․ «ըստ «Airbus Helicopters» ընկերության կողմից (որպես արտադրող) հաստատված թռիչքային ձեռնարկի` նախատեսված է բժշկական նպատակներով շահագործման համար, իսկ պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը կազմակերպվում է շտապ բժշկական օգնություն և սպասարկում ու երրորդ մակարդակի վերակենդանացման ծառայության վերակենդանացման բրիգադների միջոցով»:
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: