«Ստիպողաբար» պատվաստման մասին կեղծ տեղեկություն 5-րդ ալիքի եթերում

06.05.2019, Ստուգված է

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

«Գարդասիլ» անվանումը կրող պատվաստանյութը, որը պաշտպանում է արգանդի պարանոցի քաղցկեղ առաջացնող պապիլոմավիրուսից, թեժ քննարկումների թեմա է։ Հայաստանում և աշխարհի շատ երկրներում դրա վերաբերյալ տարածված են տարբեր ենթադրություններ և մտահոգություններ։

Մայիսի 2-ին այդպիսի  ենթադրություններ և մտահոգություններ հավաքել էր 5-րդ ալիքը՝ «Ստիպողական պատվաստու՞մ. պոլիկլինիկայում լռում են» ռեպորտաժում։ Նյութում հնչած տեղեկությունը, սակայն, կեղծ էր։

Չստուգված ենթադրությունը սուտ դուրս եկավ

Ռեպորտաժը հայտնում է, որ Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի 13-14 տարեկան աշակերտուհիներին ստիպողաբար և խաբեությամբ պատվաստում են «Գարդասիլով»։ Պնդումները հիմնված են Աբովյանի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վրեժ Աղաջանյանի պատմածի վրա։ Տեսանյութում ուսուցիչը պատմում է, որ աշակերտուհիները նրանից թույլտվություն են խնդրել դասից դուրս գալ և գնալ պատվաստվելու։ Ըստ ուսուցչի, երեխաներին պոլիկլինիկայում խաբել են, որ պատվաստում են տուբերկուլոզի դեմ, իսկ իրականում ներարկել են «Գարդասիլ»։

Լրատվամիջոցը մեջբերում է Աղաջանյանի խոսքերը․ «Սա մեծ տերությունների կեղտոտ խաղն է»։

Ֆիզկուլտուրայի ուսուցիչը տեսանյութում պնդում է, որ դեռ 2005-ին Հայաստանը մեծ «գրանտ» է վերցրել, մեծ քանակությամբ դեղ ներկրել, «հիմա նույնիսկ մարդ ունենք, որ ասում են դեղերը ժամկետանց են»։

Ավելի ուշ ֆիզկուլտուրայի ուսուցիչը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ իր ասածը իրականությանը չէր համապատասխանում․ «Աղջիկները, որոնց մասին ես բարձրաձայնում էի, փաստորեն ցանկանալով դասից «ազատվել», ինձ պատճառ են բերել պատվաստումը [․․․]»։

Վրեժ Աղաջանյանի ենթադրությունը ստիպողաբար պատվաստման մասին, որի վրա հիմնվել է 5-րդ ալիքի ռեպորտաժը պատրաստող թիմը,  չի հաստատվել։ 5-րդ ալիքն իր ռեպորտաժում հնչած ոչ ճշմարիտ տեղեկությունները չի հերքել։

Վրեժ Աղաջանյանն ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր է։ Իր Ֆեյսբուքի էջի նկարներում երևում է, որ նա տոնում է հեթանոսական աստված Միհրի տոնը, իսկ ֆեյսբուքյան ընկերները նրան անվանում են «Քուրմ Վարուժ»։

Աղաջանյանը պատվաստումների մասին բացասական գրառումներ և դավադրության տեսությունն է տարածում արդեն մի քանի տարի։ Օրինակ, 2014 թ․ նա կոչ է արել զենքով պայքարել պատվաստումների դեմ (որոնք ավելացրել են հացի մեջ, որպեսզի աղջիկներին չբեր սարքեն, իսկ տղաներին՝ ամուլ)։

Աղաջանյանի էջի ուսումնասիրությունը բացահայտում է կապեր ազգայնական և պահպանողական ակտիվիստների հետ։ Օրինակ, ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունմանը ամենաեռանդուն դիմադրողներից մեկը՝ ազգայնական գրող Լիա Ավետիսյանը նրա պատին հրապարակել է 5-րդ ալիքի ռեպորտաժը՝ գովաբանելով Աղաջանյանի՝ իրականությանը չհամապատասխանող, պնդումները։

ԱՆ իրազեկումը տարիքային սահմանափակում չունի

«Ստիպողական պատվաստու՞մ. պոլիկլինիկայում լռում են» ռեպորտաժում լրագրողը ուսուցիչների մասին ասում է՝ «գարդասիլի մասին առաջին անգամ մեզանից են լսում»: Հետո ուսուցչն ասում է, որ եթե դպրոցում պատվաստում անեին, նախ իրենց կզգուշացնեին։

Ռեպորտաժի հաջորդ հատվածում հեղինակը հայտնում է, թե աշակերտներին Առողջապահության նախարարությունից հրավիրում են պատվաստման ու կադրում աշակերտը կարդում է պատվաստման իրազեկման մասին բջջային հաղորդագրությունը։

Լրագրողի պնդմանը, թե 13-14 տարեկան աշակերտուհիներին նաև մի քանի անգամ պատվաստվելու կոչով բջջային հաղորդագրություն է ուղարկվել, Առողջապահության նախարարությունից արձագանքեցին, որ հաղորդագրությունները ուղարկվել են «Յուքոմ» և «Վիվասել-ՄՏՍ» օպերատորների բոլոր բաժանորդներին՝ առանց տարիքային սահմանափակման։

Հաղորդագրությունները ուղարկվել են  «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառման շրջանակներում, որը տարբեր երկրներ նշում  են ապրիլի 25-30-ը։

Նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ անչափահասների պատվաստումը կատարվում է ծնողների կամ օրինական ներկայացուցչի համաձայնության դեպքում։

Չնայած ԱՆ-ի այս պազաբանումների, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հեռուստատեսության ահազանգն ընդունել է վարույթ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում։ «Հույս ունեմ վարույթի ընթացքում ձեռք բերված արդյունքները նույնպես կհրապարակվեն և լայնորեն կլուսաբանվեն»,- գրել է նա։

Դեղերը ժամկետանց չեն

«Գարդասիլի» ժամկետանց լինելու մասին լուրերը ստուգելու համար Media.am-ը դեռ օրեր առաջ հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն։ Նախարարությունից հայտնել են, որ 2017-ին Հայաստան ներկրված «Գարդասիլի» պիտանելիության ժամկետն է 12.10.2019, իսկ 2018-ին ներկրվածինը՝ 17.04.2020։

Առաջիկայում  Media.am-ը առավել մանրամասն կանդրադառնա այս, ինչպես նաև «Գարդասիլի» վերաբերյալ մի շարք այլ հաճախ ծագող հարցերին։

5-րդ ալիքը հերքումը անվանում է լրատվամիջոցի նկատմամբ ճնշում գործադրելու փորձ

«Ստիպողական պատվաստու՞մ. պոլիկլինիկայում լռում են» ռեպորտաժում ոչ մի բժիշկ կամ հետազոտող չի խոսում։ Լրագրողը հայտնում է, որ պոլիկլինիկայում հրաժարվեցին հարցերին պատասխանել, իսկ հեռախոսազանգերը Առողջապահության նախարարություն (ԱՆ) մնացին անպատասխան։

Հեռուստաընկերությունը պնդում է, որ նախարարությունը անարդյունավետ է աշխատում իրենց հետ. ալիքի ստեղծման օրվանից լրագրողները չեն կարողանում ուղիղ կապ հաստատել Արսեն Թորոսյանի հետ։ Որպես ապացույց բերվում է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հետ զրույցի ձայնագրությունը, որում Նիկողոսյանը ասում է, որ նախարարը զբաղված է և չի կարող հարցազրույց տալ։

Նիկողոսյանը Media.am-ին հայտնեց, որ ձայնագրությունը նոր չէ․ խոսակցությունը կայացել է մոտ երկու ամիս առաջ։ Մայիսի 2-ի սյուժեի օրը նա 5-րդ ալիքի «Հայլուր» լրատվականի լրագրողների՝ իրեն ծանոթ հեռախոսահամարներից զանգ չի ստացել։ Ըստ Նիկողոսյանի՝ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնում նույնպես 5-րդ ալիքից ռեպորտաժի թեմայի վերաբերյալ զանգ չեն ստացել։

Հեռուստաընկերությունը նշում է, որ ԱՆ-ն խեղաթյուրել է ռեպորտաժի վերնագիրը՝ բաց թողնելով հարցական նշանը։ Նախարարությունը իսկապես կիսատ և առանց հարցական նշանի էր վերատպել վերնագիրը։

Հարցական նշան կիրառելը լրատվամիջոցին չի ազատում ճշգրիտ և ստուգված տեղեկություն հայտնելու պարտականությունից։

5-րդ ալիքը պարբերաբար անդրադառնում է «Գարդասիլին»

Մայիսի 2-ին հրապարակված նյութից հետո «Հայլուր» լրատվականը հարցազրույցի է հրավիրել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանին, որը աշխատում է որպես նյարդավիրաբույժ։ Խաչատրյանը պնդում է, որ ԱՆ-ն «Գարդասիլը» անվանում է հակաքաղցկեղային դեղ, ինչը սուտ է․ սա հակավիրուսային դեղ է։

Մարինա Խաչատրյանի՝ եթերում հնչեցրած պնդումը կեղծ է։ ԱՆ կայքում տեղադրված ձեռնարկներում և մեթոդաբանական նյութերում «Գարդասիլը» անվանվում է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ։ Պապիլոմավիրուսի դեմ պայքարելով՝  պատվաստանյութը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացումը: Քաղցկեղի այս տեսակի առաջացման ամենատարածված պատճառներից է հենց պապիլոմավիրուսը։

Մարինա Խաչատրյանը եթերում կրկնում է «Գարդասիլի» մասին տարածված սպեկուլյացիաները, որոնք նույնն են տարբեր երկրներում։ Դրանք բազմիցս հերքվել են փաստերի ստուգման հեղինակավոր կազմակերպությունների կողմից։  

«Գարդասիլը» շարունակում է լինել բազմաթիվ մեդիա նյութերի թեմա։ Կարևոր է, սակայն, հիշել՝ այն առնչվում է հանրային առողջությանը, որտեղ մանիպուլյացիան և ոչ մասնագիտական միջամտությունը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների։

Կարինե Ղազարյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?