Երկրաբանական ֆոնդի տվյալները բաց են, հանքավայրերի իրական սեփականատերերինը՝ դեռևս ոչ

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հայաստանի ընդերքի մասին տվյալներից օգտվելու համար այսուհետ անհրաժեշտ չի լինի ծառայությունների համար գումար վճարել:  

www.geo-fund.am կայքում կարելի է ծանոթանալ Հայաստանի մետաղական, ոչ մետաղական, ստորերկրյա ջրերի ավելի քան 1400 հանքավայրերի և հանքերևակումների մասին տեղեկությանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդական, «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի ղեկավար Լիլիա Շուշանյանի խոսքով, կառավարությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ վերոնշյալ ծրագրի շրջանակներում ի թիվս Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի անդամակցելուն օժանդակելուն, իրականացնում է երկրաբանական ֆոնդի թվայնացում:

Դա, ըստ նրա, նպաստելու է ոլորտի թափանցիկությանը, ինչն էլ իր հերթին կարող է բերել հաշվետվողականության բարձրացման:

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2002 թվականին: Այնտեղ պահվում է ՀՀ ընդերքի մասին գրեթե ողջ ինֆորմացիան:

«Եթե ժամանակագրական տեսանկյունից նայենք, ֆոնդում պահվում են հանրապետության տարածքում դեռևս նախորդ դարից մինչ օրս կատարված ընդերքի երկրաբանական գրեթե բոլոր ուսումնասիրությունները, հանքավայրերի  շահագործման ընթացքում ստացված  ամբողջ երկրաբանական և այլ տեղեկատվությունը: Եվ պարզ է, որ թղթային տարբերակներով պահվող նյութերի ֆիզիկական պահպանումը ժամանակի ընթացքում վտանգվել է»,- ասում է Լիլիա Շուշանյանը:

Նա հստակեցնում է, որ թվայնացմամբ այսօր ոչ միայն լուծվում է այդ արժեքավոր նյութերի պահպանման խնդիրը, այլև կառավարությունը մեկ քայլ առաջ է անում և դրանք առցանց հասանելի դարձնում հասարակությանը՝ օգտակար աղբյուր լինելով հասարակական կազմակերպությունների, լրագրողների, գործարարների, ուսանողների և հետազոտողների համար:

«Նման պորտալի առկայությունը մեծ արժեք է ցանկացած հասարակության համար, և այսպիսի կայքեր դժվարությամբ կգտնեք այսօր անգամ զարգացած երկրներում»,- ասում է Լիլիա Շուշանյանը:

Նրա խոսքով՝ թվայնացված միլիոնավոր էջերը պորտալում տեղադրվում են  առանց սահմանափակումների և անվճար, այնինչ այսօր ֆոնդի ընթերցասրահում որևէ նյութ կարդալու համար քաղաքացին պետք է վճարի 4500 դրամ: Հաշվի առնելով պորտալում զետեղվող տվյալների հսկա շտեմարանը` նյութերի ուսումնասիրության դյուրինությունն ապահովելու նպատակով ստեղծվել է նաև ինտերակտիվ քարտեզ և համապատասխան նյութերը (տրված իրավունքներ, հաշվետվություններ՝ իրենց քարտեզներով, գծագրական փաթեթներով և այլն) համակարգված ձևով ամրակցվել են ՀՀ համապատասխան տարածքներին:  

Միասնական պորտալում կա նյութերը ներբեռնելու, տպելու և տարածելու հնարավորություն:

Geo-fund.am-ում կարելի է գտնել նաև հանքերի և հանքերևակումների անձնագրերը: Տրամադրված իրավունքների բաժնում ոլորտում աշխատող ընկերությունների արտոնագրերի համարներն են, տրամադրման ու վավերականության ժամկետները:

Թվայնացման աշխատանքները շարունակվում են, և 2017 թվականի վերջին ֆոնդն ամբողջությամբ թվայնացված կլինի:

«Այսօր երկրում ոլորտի թափանցիկության և կառավարման բարելավման ուղղությամբ միաժամանակ մի քանի գործընթացներ են գնում, որոնք լրացնում են միմյանց: Օրինակ՝ Ֆոնդում առկա են նաև հանքարդյունաբերության ոլորտի պայմանագրեր, որոնք նույնպես կթվայնացվեն, և եթե ԱՃԹՆ (EITI) խումբը որոշի, որ այդ պայմանագրերը նույնպես պետք է հրապարակվեն, ապա դրանք արդեն պատրաստ կլինեն պորտալում հրապարակման համար»,- ասում է Շուշանյանը:

ԱՃԹՆ-ով ստանձնած պարտականություններից են նաև հանքարդյունաբերության ոլորտի ֆինանսական տվյալներ բացելն ու ոլորտի իրական սեփականատերերին բացահայտելը։

Լիլիա Շուշանյանի խոսքով՝ geo-fund.am-ը ԱՃԹՆ խմբի համար կարող է միայն օգտակար աղբյուր լինել, իսկ  ԱՃԹՆ-ն հավանաբար առանձին կայք կունենա:

Ամեն դեպքում, լրագրողական հետաքննությունների համար օգտակար տեղեկատվությունը պետք է խմբագրված չլինի ու ամբողջովին բաց լինի:

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *