Header

«Լրատվամիջոցները չեն պատկերում ընդհանուրը, միայն մասնավոր դեպքերը»

Mobile

Պաշտոնական գեղեցկացված ինֆորմացիան կարիք ունի կազմաքանդվելու և նորից հավաքվելու որպես ստուգված տեղեկություն:

«ԱԼՏ» հեռուստաընկերության կայքում մենք փորձ արեցինք պարզելու, թե որտեղից են ծնվում գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական տվյալները, որոնք աննախադեպ տնտեսական աճ են ցույց տալիս: Հրապարակեցինք «Բանականության սահմանն անցած թվերը» վերլուծությունը, որտեղ Արմավիրի մարզի օրինակով ցույց տվեցինք, թե ինչպես են թվերը ուռճացվում:

Փաստորեն արդեն մի քանի տարի է, ինչ մեր պետության տնտեսական աճը ապահովել է գյուղատնտեսությունը: Այսինքն, մի բնագավառ, որը անհնար է հաշվարկել էֆեկտիվության տեսակետից: Այստեղ թվերը պարզապես նկարվում են՝ անցնելով բանականության սահմանը:

Թվերը նկարելն ունի իր մեխանիզմները: Ասենք, մարզպետարաններին հանձնարարվում է, որ հարկավոր է ապահովել այսինչ թիվը (և նշանակություն չունի, որ այդ տարի կարկուտ է եղել և բերքի մեծ մասը վնասվել է): Մարզպետերն էլ գյուղապետերին են հանձնարարում, թե ո՛ր մշակաբույսի հաշվետվությունը որքան պետք է լինի: Այդ հաշվետվությունը փոխանցվում է Վիճակագրական ծառայություն ու դառնում մարզպետարանների համար հղման աղբյուր, քանի որ արդեն ներկայացվում է որպես փաստ:

Ընդ որում՝ կարող են նույնիսկ ուրախությամբ ասել, որ իրենց համար էլ անակնկալ էր, թե ինչպես գյուղատնտեսությունը ապահովեց 12% տնտեսական աճ:

Մենք հետազոտություն արեցինք կոնկրետ մեկ գյուղում, որտեղ հնարավոր է ըստ ջրբաշխի տվյալների՝ հստակ պարզել, թե որքան ոռոգման ջուր է ծախսվում ցորենի աճեցման համար

Ընտրեցինք ցորենը, քանի որ ցորենն իր ողջ ցանքաշրջանառության ժամանակ ընդամենը երեք ջուր է ջրվում (իսկ բանջարաբոստանային կուլտուրաները 10-15 անգամ), և ջրի ծախսը մոտովորապես կազմում է 60-70 հազար դրամ:

Պարզեցինք, որ Այգեվան գյուղում մշակվել է 18 հեկտար հացահատիկային կուլտուրա, իսկ Վիճակագրական ծառայության տվյալներով՝ 25 հեկտար: Պարզ թվաբանությամբ՝ մշակվող տարածքներն ուռճացվել են 38,9 %-ով:

Առավելագույն թվերով են հաշվում նաև բերքատվությունը (1 հեկտարից 45 ցենտներ): Վիճակագրական ծառայությունը տրված հեկտարները բազմապատկում է 45-ով և ստանում բերքատվության ցուցանիշ: Թիվը վերցնում է օդից ու գրանցում, գրում, մեջբերում…

Հաշվի չեն առնում իրականությունը: Ասենք, պարարտանյութերը, որոնք սովորաբար մի տեսակի են լինում՝ վերլուծված չէ, թե ինչպիսին է դրանց ազդեցությունը: Իրականում, երբ մի տեսակի պարարտանյութ է օգտագործվում, բերքատվությունը միշտ ընկնում է:

Հետաքրքիր է, որ թվեր նկարողներն արդեն իրենք են հավատում իրենց հնարած թվերին:

Իրականում տարածվում է կեղծ տեղեկություն, իսկ դա քրեական հանցագործություն է:

Եվ երբ այդ մասին բարձրաձայնում ես, հույս ունես, որ գյուղապետերը ոչ թե սիրով կհամաձյանվեն կեղծ տվյալները հաղորդել, այլ գոնե կգրեն ճշտին մոտ սուտ, ոչ թե երեք անգամ ավելացնելով թվերը:

Նույնիսկ ջրօգտոգործող ընկերությունների միջոցով են ցանքատարածքների ծավալներն ավելացնում և կրկնակի հաշվառում դրանք: Օրինակ, հաշվառված ցորենի թվին տարեվերջին գումարվում է աշնանացանի տարածքի թիվը, և եթե ցորենի բերքահավաքից հետո աշնանը նույն տեղում աշնանացան ցորեն է ցանվում, ստացվում է մեկ տարածքի կրկնակի հաշվառում:

Նպատակ է դրված ցուցադրել տնտեսական աճ, և դա արվում է գյուղատնտեսության միջոցով, քանի որ այլ բնագավառներում նման աճ ցուցադրելը շատ դժվար է: Օրինակ, արտադրության աճի դեպքում հարկավոր է հարկային մուտքերի ավելացումն էլ ցույց տալ, ինչը բարդ է: Երևի մտածում են, որ հարկերից ազատված գյուղատնտեսությունը կապահովի 12% տնտեսական աճ և հնարավոր կլինի «համոզել», որ ողջ հանրապետությունն ունի միջինը 3 % տնտեսական աճ:

Կարելի է մտածել, որ ապրում ենք հնարված իրականության մեջ և անցել ենք ողջամտության սահմանը:

Ասենք, Սովետի ժամանակ Արմավիրի մարզում մշակվում էր երկու անգամ ավելի շատ հող, քան հիմա: Բայց ըստ թվերի ստացվում է, որ հիմա՝ երկու անգամ կրճատված մշակվող հողատարածքներն ավելի շատ պտուղ ու բանջարեղեն են տալիս, քան այն ժամանակ: Այդպիսի բան պատկերացնու՞մ եք:

Բերքատվության այնպիսի ցուցանիշներ են նկարում, որ մարդու ծիծաղն է գալիս: Օրինակ, ծիրանի բերքատվությունը 100 հեկտար տարածքում հասցված է 120 տոննայի: Մինչդեռ այդպիսի բան պարզապես չի կարող լինել, փաստացի 30 տոննա էլ չի կազմում: Անգամ արտահանվող պտուղ-բանջարեղենի ծավալներն են զգալիորեն կրճատվել:

Բայց ցորենի ծավալներն ավելի կարևոր են, քանի որ դրանց շնորհիվ կարելի է որոշել բնակչության մոտավոր քանակը: Ներմուծված հացահատիկի ծավալները հայտնի են, և եթե դրանց գումարվի արտադրության ներքին ծավալները, կտեսնենք մարդկանց տեղաշարժերի դինամիկան և արտագաղթի միտումները:

Ինչու՞ են գյուղապետերը կեղծում տվյալները: Կարծում եմ՝այսպիսի պահվածքը պարզ բացատրություն ունի. գյուղապետերը չեն ուզում մարզպետի հետ պրոբլեմներ ունենալ ու կատարում են նրա հանձարարությունները՝ չգիտակցելով, որ կեղծ փաստաթղթի տակ են ստորագրում:

Իսկ այդ փաստաթղթի կեղծ լինելը դժվար է ապացուցել, քանի որ թվերը սովորաբար տրվում են անհարմար ժամանակահատվածներում: Օրինակ, ցորենի բերքահավաքը կատարվում է երրորդ եռամսյակում (հուլիս-օգոստոս), իսկ հաշվետվությունը տրվում է ավելի ուշ՝ հոկտեմբերին, երբ արդեն ապացուցելի չէ, թե ինչ էր ցանված այդ տարածքում:

Մտահոգիչն այն է, որ գյուղացին չի կարող աշխատել: Նա ավելի շուտ ստիպված է զբաղվում հողագործությամբ, քանի որ այլ ելք չունի: Գյուղացին իր ստացած եկամուտով մի կերպ է կարողանում իր վարկի տոկոսները փակել և ընչաքաղց վիճակում է: Շատերը նույնիսկ անցյալ տարվա իրենց բերքի վճարները չեն ստացել:

Գյուղատնտեսությունը մահանում է:

Մեր կայքում հրապարակումներ ենք անում, ստեղծել ենք նաև գյուղատնտեսության ոլորտի մասին գրող լրագրողների համար օգտակար բառարան, փորձում ենք համագործակցել այլ լրատվամիջոցների հետ:

Բայց որպես օրենք տեսնում ենք, որ շատ լրատվամիջոցները հեշտ ճանապարհով են գնում: Ընդ որում՝ կարող են նաև որևէ գյուղապետի կամ մարզպետի քննադատել, բայց դրանք մնում ենք եզակի դեպքեր, որոնք չեն կարող բնութագրել ամբողջական աղետալի իրավիճակը:

Լրատվամիջոցները չեն պատկերում ընդհանուրը, միայն մասնավոր դեպքերը:

Խաչիկ Դանիելյան
Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության տնօրեն

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *