sara_petrosyan

Կառավարության առաջարկած ռեֆորմների լուսաբանումը մեդիայում ավելի շուտ նման է ռեֆորմների գովազդի, ոչ թե իրական լուսաբանման: Պատճառներից մեկն այն է, որ լրագրողների համար դա գրավիչ ոլորտ չէ: Շատ լրագրողներ գերադասում են գնալ խորհրդարան կամ կառավարություն, վազել տարբեր պաշտոնյաների հետևից, մի բան իմանալ և արագ որևէ լուր գրել:

Լուրջ և հետևողական լուսաբանման պակասը մեր մամուլի առաջնային խնդիրներից է: Նկատելի է, որ շատ լրագրողներ չեն փորձում ոլորտն ուսումնասիրել ու հետաքննել տեղի ունեցող փոփոխությունները: Իսկ նրանք, ովքեր գրում են ռեֆորմների մասին, մեծ մասամբ սղագրում են այս կամ այն պաշտոնյայի ասածները, որտեղ քննադատական հայացք չես գտնի:

Ի վերջո, պետք է գնալ մարզեր՝ տեսնելու համար, թե իրականում ինչ ձևավորվեց ռեֆորմից հետո, ինչ փոխվեց և ինչպիսի խնդիրներ ծագեցին:

Երբ մենք դա չենք անում, փաստացի նպաստում ենք ներկայիս քարացած վիճակի շարունակությանը:

Ես ինքս բավականին ինտենսիվ զբաղվել եմ ռեֆորմներով, որոշ բարեփոխումներ արվել են նաև իմ առաջարկների հիման վրա:

Տեղական ինքնակառավարման ոլորտում ներդրվեց թափանցիկ և հրապարակային կառավարումը, մինչ այդ ոչ մի համայնք չուներ իր կայքը, ու որևէ մեկի մտքով չէր անցնում, որ ՏԻՄ մարմինների գործունեությունը պետք է թափանցիկ և հաշվետվողական լինի:

Հայտնի չէր, թե ինչպես են դրանք կայանալու՝ վարչարարության բարելավման, օրենքների փոփոխման, հրապարակայնության առումով:

Հիմա համամասնության կարգով տարբեր գյուղերից ավագանիներ ընտրվեցին: Օրինակ՝ Տաթևի համայնքում Շինուհար գյուղից հինգ-վեց մարդ ընտրվեց, ինչը նշանակում է, որ նրանք կարող են ցանկացած հարցում լուրջ հակակշիռ լինել (եթե, իհարկե, ուզեն): Համենայնդեպս, ավագանու ինստիտուտը կայացնելու լավ նախադրյալ է ստեղծվել, քանի որ շահերի բախումներն են նպաստում զարգացմանը:

Բայց ձևական աշխատողներին կրճատելու, ծառայություններ մատուցելու ու նոր մոտեցումներով կառավարելու իմաստով, դեռ ոչինչ չի արվել: Եթե ամեն ինչ պետք է մնա հին ձևով, խոշորացնելու կամ չխոշորացնելու իմաստը կորում է:

Այս պահի դրությամբ բազմաթիվ խնդիրների կողքին լուծված չեն պարզագույն հարցերը, օրինակ, գույքի ընդունումն ու հանձնումը: Պարզապես ստեղծվել է ընդհանուր վարչական մարմին և վերջ:

Համենայնդեպս, մեր երազածը դա չի եղել: Հույս ունենանք, որ նոր ձևավորվող 14 համայքներում, տեղի ունեցող միավորումը արհեստական չի լինի:

Ռեֆորմների էությունը բացատրող նախնական հանդիպումներում շատ էին խոստումներն ու լավ կյանքի քարոզչությունը: Բայց դա չէր գործում. գյուղերում մարդիկ այնքան բան են տեսել, որ խոսքերից չեն շոյվում ու գայթակղվում: Համայնքների խոշորացման տեղական հանրաքվեն էլ արվեց այնպես, ինչպես արվում են Հայաստանի բոլոր ընտրությունները:

Տեսնում ենք, որ պահպանվել է այն վարչական ապարատը, որը կար նախկինում: Նոմենկլատուրային համակարգը, որը բաղկացած էր համայնքի ղեկավարների ազգուտակից, նույն կերպ էլ գործում է: Պարզ է, որ եթե համայնքների ղեկավարները 20 տարի զբաղեցրել են այդ պաշտոններն ու բյուջե ձևավորելն իրենց համար ձևական բնույթ է կրել, ապա շարունակելու են աշխատել նույն ոճով:

Մի քանի համայքներ կան, որոնք հրաշալի կառավարում ունեն, և ցանկալի է այդ մասին պատմել լրատվական դաշտում:

Զարմանալի է, բայց տասը տարի առաջ մեր մամուլը զգալիորեն ավելի առաջադեմ էր, քան իշխանության բոլոր ճյուղերը: Այն ավելի ազատ էր, ազդեցիկ և զարգացած, իսկ հիմա վարչարարական համակարգը՝ չինովնիկները, լրատվադաշտը հավասարեցրին իրենց մակարդակին:

Լրատվական դաշտը աղտոտվեց. ամեն օր ստեղծվում էին լրատվական կայքեր, շրջանառվության մեջ էին դրվում կեղծ տեղեկությունները: Եվ դրանով դաշտը վարկաբեկեցին ու անլրջացրին՝ հասցնելով նրան, որ հիմա մատների վրա կարելի է հաշվել այն լրագրողներին, որոնք հարգում են իրենց մասնագիտությունն ու սեփական ազգանունը, որով ստորագրում են:

Շատ ցավալի է… Նույնն էլ տեղի ունեցավ մարզերում: Ժամանակին մենք ակտիվ աշխատում էինք մարզային լրագրողների հետ, ձևավորում էինք լրագրողական խմբեր, որոնք հստակ ընկալում էին, որ փոփոխություններն իրենց բնակավայրերում նաև իրենցից են կախված: Նրանց ասելիքը տեղ էր հասնում ու արդյունք ունենում:

Ցավոք, վերջին երկու տարիներին մարզային լրագրողների ներդրումը նվազեց, շատերը մեկուսացան, դադարեցին լուսաբանել խնդիրները: Նաև տուրք տվեցին կոնյուկտուրային՝ չուզենալով որևէ մեկի կողմից թիրախավորվել կամ քննադատվել: Ոմանք էլ անթաքույց մերձեցան իշխանությունների հետ:

Լրագրողական հետաքննության հաղթանակի մի օրինակ էր Գառնիի դեպքերը: Բայց դա ավելի շուտ բացառություն էր: Գառնին իմ ծննդավայրն է, և ես հետևողականորեն լուսաբանում էի ամբողջ պրոցեսը. փաստեր էի փնտրում, մասնագետների հետ էի հանդիպում՝ փորձելով հասկանալ ծրագրի էությունը:

Հաղթանակը տեղի ունեցավ նաև այն բանի շնորհիվ, որ հարցը հաջողվեց հանրայնացնել: Խնդիրն ու բողոքը հայտնվեց բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, անգամ կարիք չէր լինում հայտնել, որ որևէ ակցիա կամ քննարկում է կազմակերպում, լրատվամիջոցներն արդեն հետևում էին ամենօրյա ընթացքին ու սպասում զարգացմանը:

Իրականում մարդկանց հետաքրքրելը, որևէ հարցի վրա բևեռլն ու «արթնացնելը» արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Գառնու օրինակում դա մեծ նշանակություն ունեցավ: Անգամ այն լրատվամիջոցները, որոնք հիմնականում կառավարության անդամների ցուցումով են ինչ-որ բան գրում և հաղորդում, թեև ակտիվ ընդգրկվեցին լուսաբանմանը, միևնույն է, պարտվեցին այս լրատվական պայքարում:

Պաշտոնյաները գալիս էին Գառնի՝ իրենց հետ բերելով մի քանի հեռուստաալիքների խմբեր ու փորձելով քարոզչությունն անել, բայց մինչև վերջ չէին կարողանում պահպանել իրենց ասելիքը՝ զիջելով մյուս լրատվամիջոցներին:

Կարծում եմ՝ սա այն դեպքերից է, երբ որոշ հեռուստալրագրողներ՝ զուգահեռներ տանելով, պետք է հասկանան, թե որքան են նահանջել: Ընդ որում՝ այդ նահանջը տեղի է ունենում ամեն օր: «Արմենիա» և «Հ1» հեռուստաալիքները մոնտաժի միջոցով հեռուստաշոու էին սարքում, միևնույն ժամանակ ուղիղ եթերում լայն քննարկումներ էր կազմակերպում «Շանթ»-ը: Եվ կարծում եմ՝ արժե, որ ալիքներն իրենց առջև դնեն վարկանիշը վերանայելու խնդիրը:

Ստացվել է այնպես, որ իշխանությունները մամուլի աշխատողների մի տիպար են ստեղծել ու ուզում են համոզել, որ դա լուրջ ուժ չէ, քանի որ աշխատում է ձևական մոտեցմամբ: Լրագրությունը կարծես դարձել է մոդելային բիզնեսի պես մի բան: Եթե լրագրողը մտերմանում է այս կամ չինովնիկի կամ օլիգարխի հետ ու կապեր ստեղծում, ուրեմն առաջադեմ ու պահանջված է: Համենայնդեպս, այդպիսի լրագրողի կերպարն է դրվում շրջանառության մեջ:

Հետաքրքիր է, որ վերջերս տեղի ունեցած «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության ընթացքում մենք մեծարեցինք լուրջ հետաքննություն անցկացրած լրագրողին, իսկ մեր ամենօրյա կյանքում նրանց արածը չենք նկատում:

Իշխանությունների քարոզչության արդյունքը իրականում դա էր՝ նսեմացնել լրատվամիջոցների ազդեցությունն ու կարևորությունը:

Ափսոսում եմ, որ շատ լրագրողներ իսկական հետաքննական լրագրության վայելքը չեն ապրել: Շատ երկրներում լրագրող համարվում է միայն նա, ով հետաքննությունն է անցկացրել: Արձանագրողը դեռ լրագրող չէ:

Եվ տպավորություն է, որ մենք «Հետք»-ում աշխատում ենք մի դաշտում, իսկ մյուսները՝ բոլորովին այլ: Կարծես իրար հետ կապ չունենք:

Սառա Պետրոսյան
«Հետք»-ի լրագրող